ԽՈՐԷՆ ԱՐԱՄՈՒՆԻ

1992 թուականին, Էջմիածնի վեհարանում, հարցազրոյց ունեցայ Վեհափառ հայրապետ՝ Վազգէն Ա. ամենայն հայոց կաթողիկոսի հետ: Լուսահոգի կաթողիկոսը հաւատ ունէր ՀՀ առաջին նախագահ՝ Լեւոն Տէր Պետրոսեանի հիմնադրած Հայկական Հիմնադրամի ապագայ յաջողութիւններին ու համոզուած էր, որ մօտ ապագայում իւրաքանչիւր հայ, որպէս ազգային տուրք, իր չնչին իսկ ներդրումով մասնակից կը դառնայ այդ հիմնադրամի գոյատեւմանն ու նպատակների իրագործմանը: Խեղճ կաթողիկոսը հո Աստուած չէր, որ իմանար առաջինը հենց ինքը՝ հիմնադրամի հիմնադիրը աւազակապետութիւն որակելով իրեն փոխարինած վարչակազմին, կը հրաժարուի իր լուման ներդնելու սրբազան այդ գործը փառքով պսակելու համար:
Տարիներ շարունակ, անձամբ ես, երբեմն էլ իմ ընտանիքով, Համահայկական Հիմնադրամի թելեթոններին, 12 ժամ շարունակ հեռախօսների ենք պատասխանել եւ ուշի ուշով հետեւել ենք դրամահաւաքի ընթացքին վազող տողերով հրապարակուող բարեգործութեանը մասնակցող կազմակերպութիւնների եւ անհատների անուններին, որոնք անկախ նրանից, թէ ով ինչքան է նուիրաբերել, բոլորն էլ յարգանքի են արժանացել նաեւ երեւոյթին հետեւող մեր բոլոր հայրենակիցների կողմից:
Փառք ու պատիւ բոլոր նուիրատուներին:
Վերջին մի քանի տարիներին հեռուստամարաթոնին հետեւել եմ տանից, հեռուստացոյցի առաջ նստած, թէյ, սուրճ, գարեջուր ու վիսկի ըմպելիս: Ուշադիր հետեւելով վազող տողերին, յաճախ եմ հանդիպել ծանօթ անուների ու մտքիս մէջ մի հարց է ծագել՝ «Ո՞ւր են մեր լաւ տղերքը»: Այսինքն հիմնադրամի հիմնադիր Լեւոն Տէր Պետրոսեանը, նրան յաջորդող ու ներկայ նախագահները: Հարց տուող կը լինի. «Գուցէ վրիպե՞լ ես, նրանց անունները չես նկատել»: Հաւատացնում եմ նման հարցադրումներ անողներին, որ եթէ որեւէ պաշտօնեայ, չնչին իսկ նուիրատուութեամբ իր մասնակցութիւնը բերեր Հայաստան Հիմնադրամին, նրանց անունները ոչ միայն կը գրուէին վազող տողերի վրայ, այլ կը բարձրաձայնուէր ու հեռուստամարաթոնին յաջորդող օրերին կը յայտնուէին թէ սփիւռքի, թէ հայրենի պարբերականներում:
Ճիշդ է, մեր նախագահների աշխատավարձը չենք կարող համեմատել ԱՄՆի նախագահ՝ Բարակ Օբամայի աշխատավարձի հետ, բայց համոզուած եմ, որ գոնէ աւելին են ստացել ու ստանում են, քան սփիւռքահայ թօշակառու իրենց պապիկներն ու տատիկներն են ստանում, որոնք էլ 10-20 դոլար եւ աւելի են նուիրում: Այդ ինչպէ՞ս է, որ մեր թոռնիկները կարող են իրենց գանձանակները ջարդել ու ինչ-ինչ նպատակների համար հաւաքած չնչին լումաները հասցնել հեռուստակայան: Ինչ է, մեր առաջին ու նրան յաջորդող նախագահները թոռնիկներ չունե՞ն, կամ իրենք , որեւէ բանկում մի «փոքրիկ« գանձանակիկ չունե՞ն: Չէ, չէ, քաւ լիցի պէտք չէ այդ «փոքրիկ» գանձանակիկը ջարդել, հանաք եմ անում:
Այս հարցը գնալով ինձ աւելի շատ հետաքրքրեց ու որոշեցի լուրջ հետամուտ լինել ու իմանալ, թէ իրօ՞ք մեր պետական այրերից քանի՞ հոգի են իրենց նիւթական ներդրումը ունեցել Հայաստան Հիմնադրամին: Իհարկէ, էականը ոչ թէ գումարի չափն է, այլ տալու ցանկութիւնը, ոգին:
Գուցէ ես իրաւունք չունեմ քիթս խոթելու հիմնադրամի հաշիւների ու նուիրատուների անուանացանկի մէջ: Բայց ոչ, այդ իրաուունքը տրուած է ոչ միայն ինձ, այլ ցանկացած մարդու, այնուամենայնիւ, ես չխորացայ մանրուքների մէջ, ուղղակի յիշեցի, որ նախագահական վերջին ընտրութիւնների քարոզարշաւին, Լ. Տէր Պետրոսեանի թիմակից, նախկին վարչապետ Արամ Սարգսեանը, արտասուքը աչքերին, լացակումած յայտարարեց. «Լեւոն Տէր Պետրոսեանը Երեւանում անգամ մի խանութ չունի»: Ես էլ մտածեցի ՝ ոչինչ, մենք էլ կը սպասենք մինչեւ Լեւոնը դառնայ դուքանչի, կամ գոյութիւնը պահելու համար լքի հայրենիքը, դառնայ «նարինջ ուտող» ու նոր:
Չեմ ուզում որեւէ նախագահի հայրենասիրութեան վրայ լաքա (արատ-Խմբ.) դնել, ուզում եմ հաւատալ, որ դրամահաւաքի օրը նրանք կամ քաղաքում չեն եղել, կամ հեռախօսները ծածկոյթից դուրս է եղել: Համ էլ մեր նախագահները ե՞րբ են տուել, որ հիմի տան, մեր նախագահները շինող են՝ երկիրը: Ռուսաստանում տուող տղերք կան, ամէն տարի նրանց հախից լաւ էլ գալիս են, ուրիշ ի՞նչ ենք ուզում:
Սահմանադրական դատարան, գործադիր իշխանութիւն, օրէնսդիր իշխանութիւն, դատական իշխանութիւն, մարզպետներ դուք ձեր տասնեակ նախարարներով ու ազգային ժողովի 131 անդամներով, երբեւէ մտածե՞լ էք որ դուք էլ էք հայ եւ Հայաստան Հիմնադրամը նաեւ ձեզ է սպասում:
Մի ժամանակ ասում էին՝ «Սփիւռքը կթան կով ա», բայց արի ու տես, հայրենի ժողովրդին էլ են դարձրել այդպիսին, շուտով մեր պատգամաւորներին, նախարարներին, դատաւորներին ու մարզպետներին, որպէս կթուորներ շքանշանների կ՛արժանացնեն: Որ գիւղացու երեսին ուզում ես նայիր, կովի հայեացք են ձեռք բերել, չեն ծիծաղում, չեն ժպտում, չեն խօսում, եթէ առաջ ուտում էին, հիմա՝ արոջ են անում, ինչեր ասես, որ չեն ծամում:
Ասում են, հայրենի մեր արուեստագէտներն ու շոումենները տասներկու ժամ շարունակ, առանց հանգստի, այնքան լաց եղան, խնդրեցին, աղաչեցին, պաղատեցին, որ իրենք էլ հաւատացին, որ հայրենիքը՝ Արցախն ու Հայաստանը, իրօք թշուառութեան մէջ է, ու իրենց հասանելիք բոլոր գումարները, այսինքն՝ ամբողջ աշխատավարձը, տեղում նուիրեցին միջոցառմանն ու համեստօրէն խնդրեցին իրենց անուները չգրեն վազող երիզի վրայ: Հաւատո՞ւմ էք:
Լաւ, հանաքը մի կողմ, Հայաստանի ու Արցախի աշխատավարձ ստացող պատուիրակութիւնից անգամ մէկի մտքով չի՞ անցնում, որ սփիւռքահայ դպրոցական մի աշակերտի նուիրած գումարի անգամ մէկ տասերորդը նուիրի իրենց երկրի հիմնադրամին: Արցախի նախագահը, հոգեւոր առաջնորդը, խորհրդականները, Բիզնես քլասով Լոս Անջելըս հասած հայաստանեան մեր պատուիրակութիւնը ամէն ինչ անում է մեր երեխաների ուղեղի մէջ մտցնելու, նրան, հաւատացնելու, որ իրօք հայրենի իրենց քոյրերն ու եղբայրները թշուառութեան մէջ են, վատ են ապրում, օգնութեան կարիք ունեն, ջրի, ասֆալտի, դպրոցի ու հիւանդանոցի կարիք ունեն: Հետաքրքիր է, այս նոյն հարցերը իրենց երեխաների մօտ շօշափո՞ւմ են, իրենց երեխաները այս դառը իրականութիւնից տեղեա՞կ են, թէ՞ մի քանի դոլարի համար մեր երեխաներին են մղկտացնում, ինչպէս ասում են՝ ջիգարներն են քեբաբ անում: Տեսնես իրենց երեխաները գիտե՞ն, որ աղէտի գօտում դեռ մի քանի հազար երեխայ է տնակներում ապրում, որը բոլորովին կապ չունի Արցախի խմելու ջրին, թերեւս կապ ունենայ, բայց գիտե՞ն: Լոս Անջելըս հասած այդ պատուիրակութիւնը ինչո՞ւ մի քանի լումայով օրինակ չի ծառայում իր երեխային: Ինչի՞ց են ամաչում, այս պարագայում տալը ամօթ բան չէ:
Գոնէ մի անգամ այս «մտածող» ղեկավարների մտքով չի՞ անցել, որ էս տուողներն էլ արժանապատուութեան զգացում ունեն, թասիբ ունեն, վիրաւորուել գիտեն:
Ինչքա՞ն պիտի սփիւռքը տա ու դուք շինէք՝ երկիրը:
Հայրը որդուն ուղարկում է ախպար հարեւանից դռել (ըսել կ՛ուզէ drill-Խմբ.) ուզելու: Երեխան առաւօտը շուտ, արեւմտահայ հարեւանի դուռը թակում է: Հարեւանը դուռը բացում է.
Ջուջուխ, առտու կանուխ մեր տանը ի՞նչ կ՛ընես:
_ Պապաս դռել է ուզում,- կարկամած ասում է երեխան:
_ Է, պապադ դռել կուզէ՝ թող դռէ, ճանըմ, ասանք բան տեսած չկայի, ամէն առտու կանուխ մարդու քունէն հանեն ու դռել ուզեն, դռել կուզէք՝ դռէք, կը բաւէ ճանըմ: