ՋՈՆ ՀԻՒԶ
«Արմէնիանաուի» խմբագիր

Կորցրած հնարաւորութի՞ւն. «Լինսի»ի փակումը ոմանք համարում են որպէս մեղադրանք
Սփիւռքահայ յայտնի խմբագիրը հրապարակաւ փորձել է հերքել այն ենթադրութիւնը, թէ անցեալ շաբաթ ամերիկահայ միլիարդատէր բարեգործ Քըրք Քըրքորեանը դադարեցրել է Հայաստանին օգնութիւն տրամադրել այն մտավախութեամբ, որ Հայաստանին նուիրաբերած աւելի քան 1 միլիարդ դոլարը արդիւնաւէտ չի օգտագործուել:
«Լինսի» բարեգործական հիմնադրամի լուծարման եւ 200 մլն դոլարը Կալիֆորնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճիւղում (UCLA) ստեղծուած «Երազի հիմնադրամին» (Dream Fund) փոխանցելու մասին լուրին հրապարակումից յետոյ «Կալիֆորնիա կուրիէր» շաբաթաթերթի խմբագիր Յարութ Սասունեանը հրաժարուել էր մեկնաբանութիւններ տալ «Արմէնիանաուին»՝ ասելով. «Ես «Լինսի» խօսնակը չեմ»:
Սակայն այն յօդուածից յետոյ, որում «Լինսի»ի հիմնադրամի եւ տեղական իշխանութիւնների միջեւ առկայ բարդ յարաբերութիւնների մասին հարցեր էին շօշափւում, հիմնադրամի աւագ փոխնախագահ Սասունեանը պատասխանել է «Արմէնիանաուին», «Առաւօտ» օրաթերթին, իսկ շաբաթավերջին հարցազրոյց տուել տեղական հեռուստաընկերութիւններից մէկին՝ ասելով, որ «Լինսի» հիմնադրամը ոչ տարաձայնութիւն, ոչ էլ մտավախութիւններ ունի Հայաստանին իր տրամադրած գումարները տնօրինելու առնչութեամբ:
Երբ հարցրել են, թէ ինչու՞ է հիմնադրամը լուծարւում եւ, հետեւաբար, դադարեցւում Հայաստանին օժանդակութիւնը, որն աւելի քան մէկ տասնամեակ ուղղուած է եղել երկրի սոցիալական կեանքի գրեթէ բոլոր ոլորտներին, Սասունեանն անվարան պատասխանել է. «Միայն պրն Քըրքորեանը կարող է պատասխանել այդ հարցին: Ես պրն. Քըրքորեանը չեմ եւ իրաւունք չունեմ պատասխանելու նրա փոխարէն»:
Հարցից խուսանաւած խմբագիր-խորհրդատուն, սակայն, չյապաղեց «շտկել ոչ ճիշտ տեղեկութիւնը»՝ կապուած հասարակական լայն հնչեղութիւն ստացած այն կարծիքի հետ, թէ Քըրքորեանը դադարեցրել է Հայաստանին գումարներ տրամադրել, քանի որ դժգոհ է, թէ ինչպէս են տեղական պաշտօնեաները տնօրինում դրանք:
Ասել, թէ «Լինսի»ի գումարները ոչ նպատակային են օգտագործուել, ինչպէս ենթադրում են քաղաքական ընդդիմութեան անդամները եւ այլք, «սխալ պնդում է,- ասում է Սասունեանը,- «Լինսի»ի ոչ մի յատկացումն էլ ոչ նպատակային չեն օգտագործուել»:
Ապա նա շարունակել է քննադատել՝ «բացարձակապէս սխալ» անուանելով այն յայտարարութիւնները, թէ 2001-2003 թթ. «Լինսի»ի 170 մլն դոլարի ծրագիրը (որն օգտագործուել է ճանապարհաշինութեան եւ յայտնի մշակութային օջախների վերանորոգման համար), շատերի կարծիքով, դարձել է հարուստների տօն, որոնք առիթից օգտուելով «փողեր են լուացել» եւ լցրել իրենց գրպանները:
Այն ժամանակուայ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշէս Թումանեանը ազատուել էր հիմնադրամի հայաստանեան համակարգողի պաշտօնից այն բանից յետոյ, երբ նախագահի վերահսկողական ծառայութիւնը ստուգումներ էր անցկացրել: Անդրադառնալով այս խնդրի վերաբերեալ հրապարակումներին՝ Սասունեանն ասել է, որ Թումանեանն աշխատանքից ազատուել է «իր ստեղծած անկախ քաղաքական կուսակցութեան պատճառով եւ «Լինսի»ի ծրագրերի հետ որեւէ կապ չունի»: Նրա աշխատանքից հեռանալն այսպէս էր պատճառաբանուած նաեւ պաշտօնական հաղորդագրութիւնում:
Սասունեանն անդրադարձել է նաեւ դպրոցի նախկին տնօրէն, ներկայումս «Ժառանգութիւն» խմբակցութեան պատգամաւոր Անահիտ Բախշեանի այն մեղադրանքներին, թէ «Լինսը» գումարներ էր յատկացրել 17 դպրոցների վերանորոգման համար, մինչդեռ փաստացի ընդամէնը 10ն են լիովին վերանորոգուել:
«Սա ճիշդ չէ: Ծրագրով նախատեսուած էր ընդամէնը 10 դպրոց վերանորոգել, եւ 10ն էլ, իհարկէ, վերանորոգուել են: Եւս 7 դպրոց երբեք ծրագրուած չի եղել վերանորոգել: Ի սկզբանէ, Լինսի հիմնադրամի կողմից փոխըմբռնման յուշագրում աւելի շատ թուով դպրոցներ էին նշուել՝ նկատի ունենալով լրացուցիչ դպրոցների վերանորոգման հնարաւորութիւնը, եթէ որեւէ խնայողութիւններ առաջանար, կամ եթէ Լինսի հիմնադրամը որոշեր աւելացնել ծրագրի ֆինանսաւորումը», ասել է Սասունեանը:
Սասունեանն ասում է նաեւ, որ պատգամաւորը «լրիւ սխալ է» իր համոզման մէջ, թէ կառավարութիւնը չի իրականացրել իր պարտաւորութիւնը՝ չլրացնելով դոլար-դրամ տատանումների հետեւանքով առաջացած տարբերութիւնը, այն ժամանակ, երբ դպրոցների վերանորոգման նախագծի համար «Լինսի» հիմնադրամը գումար էր տրամադրել:
«Կառավարութիւնը, անշուշտ, բաւարար գումար է տրամադրել պետբիւջէից դրամ-դոլար տատանման հետեւանքով առաջացած ճեղքը ծածկելու համար, որպէսզի ծրագրուած 10 դպրոցների վերանորոգման աշխատանքները աւարտին հասցուէին»:
«Լինսի» աշխատանքներին ծանօթ աղբիւրներից «Արմէնիանաուին» տեղեկացրել են, որ վերջին տարիներին Հայաստանում իրականացրած բարեգործական ծրագրերի ընթացքում հիմնադրամի ներկայացուցիչները տարաձայնութիւններ են ունեցել տեղական իշխանութիւնների հետ՝ կապուած ծրագրի աշխատանքների իրականացման հետ, որոնց պատճառով նրանք մի քանի անգամ հանդիպել են այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարեանի հետ՝ յայտնելով իրենց դժգոհութիւնը:
Այդպիսի օրինակ է եղել յայտնի այն միջադէպը, երբ ճանապարհներն ու մայթերը երկրորդ անգամ են վերանորոգուել՝ հաւանաբար լրացուցիչ ծախսերով, քանի որ առաջին անգամ աշխատանքները պատշաճ մակարդակով չեն կատարուել:
Մինչ լրատուամիջոցներն ու հասարակութիւնը մտորում են այն հարցի շուրջ, թէ ինչու է 93ամեայ միլիարդատէրը իր վերջին օգնութիւնը տրամադրել Հայաստանին, Սասունեանը զգուշացնում է՝ զերծ մնալ ենթադրութիւններից:
Անդրադառնալով այն փաստին, որ լուծարումից առաջ՝ Փետրուարի սկզբին, «Լինսը» Միացեալ հայկական հիմնադրամին էր նուիրաբերել 10.5 մլն դոլար, Սասունեանն ասել է. «Ես չեմ տեսնում հիասթափութեան որեւէ նշոյլ: Եկէ՛ք զերծ մնանք չհիմնաւորուած կամ հասարակ փաստերի հիման վրայ արուած սխալ, հապճեպ ընդհանրացումներից: Ոչ մի յետին միտք չկայ»: