ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ

Ժամանակը միշտ կարծել է, թէ խլում է իմ կեանքը, վայրկեաններով, րոպէներով,ժամերով ու օրերով, շաբաթներով, ամիսներով, տարիների թաւալով… Կարծում է թէ խլել է իմ մանկութիւնը, քնքշանքը, պատանութեան խենթ խոյանքը, երիտասարդութեան երազանքը, հասունութեան բաղձանքը… ժամանակը միշտ այդպէս է ապուշ եղել դարերով: Ե՛ս եմ քամել իմ մանկութեան կաթնաղբիւրի քաղցր հիւթը, համբուրել եմ պարմանութեան սուրբ սէրերիս ջերմ շուրթը, սաւառնել եմ երիտասարդութեան երազներիս ճախրանքով, նուաճել եմ հասունութեան փորձառոյթս հաճոյքով, ճիգ ու ջանքիս յոգնութիւնով, վաստակով… Մինչդեռ ապուշ ժամանակը դեռ կարծում է կեանքս է խլել խաբկանքով…
Ա Պ Ա Հ Ո Վ Ա Շ Խ Ա Ր Հ
(Չանաստեղծութիւն)
Ահա երազանքիս ու բաղձանքիս կապոյտ թռչունը որ թռչկոտում է երփնաւէտ հորիզոնում, որ բախտիս ճառագայթների վրայ է թառում, քաղցրալուր մեղեդիներ է ճռուողում… Իմ սուրացող երեւակայութեամբ ես բազմապատկում եմ նրան իննով — հարստանում եմ իննը թռչուններով… Նախախնամական մղումով թռչուններիս կերակրում եմ կուտով… Թռչուններ եւ կուտ: Դա արդէն մի աշխարհ է: Բայց ահա քչքչացող առուակի ափերով դանդաղկոտ անցնում է մի կրիայ… Դա էլ իմաստաւորում է աշխարհը մի այլ ծաւալով: Հիմա ամէն բան ապահով է արդէն. թռչուն, կուտ ու կրիայ… Ձգտում, հաց ու համբերութիւն:
Ա Մ Ե Ն Ա Մ Ե Ծ Մ Ի Ա Ւ Ո Ր Ը
(Չանաստեղծութիւն)
Հարցնում է.
_ Ութն է մեծ թէ՞ իննը: Նայում եմ ու ժպտում հասկացողութեամբ: Չի բաւարարւում, կրկնում է հարցը շեշտադրութեամբ.
_ Կատակ չեմ անում, ասա, ուզում եմ փաստես:
_ Ես չեմ կարող փաստել, այդպէս կանխատեսուել է սկզբից, երբ հնարուել են՝ իննը մեծ է համարուել ութից:
_ Ես հիմա ուզում եմ փաստել, միայն թէ անմիջապէս պատասխանիր հարցումներիս:
_ Լաւ: Ասում եմ:
_ Ութը քանի՞ կ՛ուզի, որ դառնայ տասը:
_ Երկու:
_ Իննը քանի՞ կ՛ուզի, որ դառնայ տասը:
_ Մէկ:
_ Երկուն է մեծ թէ՞ մէկը:
_ Երկուն: Ասում եմ:
_ Ուրեմն` ութն էլ մեծ է. թուաբանական հակախնդրային փաստով:
Ես շարունակում եմ շնչել հանդարտութեամբ:
_ Աշխարհքի ամենամեծ միաւոր թիւը իննը չէ:
Ա Ռ Ա Ջ Ի Ն Ս Է Ր
Այն օրերում արբունքի բոյրը դիպել էր պնչիս, արբած էի հպարտութեամբ ու նուիրումով, ձգտումով ու սիրով… Գարունը կրծքիս վրայ էր ծաղկում, ամառը քրտնում էր անութներումս. — հովը, — շոգը, դուր էին գալիս սրտիս… Սիրուց էր: Որ ճառագայթի ի՞նչ գոյնով էր երանգուած, որ կարմիրի ուրախութի՞ւնն ունէր, թէ կապոյտի հեռու երա՞զը… Չէի զանազանում. դրանց խառնուրդով էին մանուշագունւում հանդիպումներիս երեկոները…
Ընդոստ թրթիռը մղում էր ինձ հերոսութեան, որ անվստահութեամբ էր գունաթափւում, բայց յաղթում էր անկեղծութիւնս տղայական ու պարզունակ. ընդոստ թրթի~ռը սրտիս, թունդ էր առնում… Թրթիռներ կան, որ աւելի են ցնցում քան երկրաշարժը… Առաջի~ն սիրոյ թրթիռը… Արեւը շողաւորում էր օրը, ճառագայթի ողորկի վրայ սահում էր ցանկութիւններիս փայլը զիզի ցոլանքով, այնպէս լցւում էի պայծառութեամբ… Երփներանգ վարդաթերթերը ծածանւում էին վճիտութեան ալիքների վրայ, հոսում էին կաթիլների հետ գրկախառն… Գրկախառն… Ուզում էի շնչել բոյրը, զգալ ջերմութիւնը փափուկ ու սորուն, փափուկ… Կուրծքս տարածւում էր հորիզոնով, ուզում էր հասնել ուզածիս, ոսկէ երազին… Տրոփը ղողանջում էր սրտիս երաժշտութեամբ, հասնում էր շնչատութեան ու հեւքի, հեւքի… Հեռաւորութեան կապոյտը վարդագունւում էր ծագող ցոլքերվ, ես ամբողջանում էի զգացումներով, ու չէի հասկանում թէ ի՞նչ եմ ուզում… Շատ բան չէի ուզում, բայց ուզում էի վերջնականը, որ այնպէ~ս անորոշ էր, բայց հարազատ էր ու մտերիմ սրտիս միջուկում… Որից բխում էր ու ոռոգում էր գիրկս երջանկութեամբ… Ու չէի զգում, որ առաջինն է, միայն սիրում էի անսկիզբ ու անաւարտ…
Ո Ր Պ Է Ս Ա Մ Ե Ն Ա Ց Ա Ն Կ Ա Լ Ի
Կոկոնող օրերի ալութեամբ փայլում են վարդագոյն այտերդ, խնձորով հասուն են շուրթերդ, նուռներով լեցուն են կուրծքերդ, այս բոլոր համերով արբեցած էլ ո՞րտեղ քաղհանեմ տենչերդ: Գիտես, որ քեզ համարում եմ ամենացանկալին, սիրաբանութեան ամենահրաշալի մտապատկերներով, որ իրականանում են քո գրկում, որ իրականանում են իմ գրկում գրկախառնութեամբ, սիրուըտոցային ամենատաք սեղմումներով… Գրկել ես իմ կեանքի տարածքը եօթներանգ ծիածան կամարով, լաւ կեանքի ժպտադէմ հայեացքը փռւում է իմ սրտի տաճարով: Արեւի լուսահասութեան ծաւալում չկան հեռաւորութիւններ. կորութիւնները եւ խորութիւնները սեղմւում են իրար փափկութեամբ ու ջերմութեամբ, համալրութեամբ են հասունանում, հասնում են ցանկալիութեան ամենալրիւ յագուրդին: Թող, ուրեմն, որ ըմպումը լինի ամբողջական, առանց կաթիլ կորուստի. չէ՞որ մեղրը քամւում է վարդից կայլակ առ կայլակ մեղուի շօշափուկների փայանքով… Ողողիր, ողողիր ինձ ամբողջական ըմպումով, որ արբեցումների ամենակատարեալը լինի… Հարբեցրու սկզբից մինչեւ աւարտ չթուլացող մղումով, մինչեւ վերջին հեւք. մինչեւ վերջնական փայլատակում… Ապա… Թող անդորրութիւնը իջնի անցեալ ու գալիք անդոհանքներին, որ շահուել են սրտագին ջանքով ու հաւատքով… Շահուել են ի բաւարարութիւն բազում նուիրաբերումների, բազում կարօտների… Եւ մի՛ ափսոսիր զոհաբերութիւններիս, այլ հպարտացիր հերոսութիւններովս, որոնցով ձգտել եմ քեզ, հասել եմ, — համբուրել… Համարելով քեզ ամենացանկալին… Գիտե՞ս, այդտեղ է, որ բեկւում է տրամաբանութիւնս, խափանւում է յանգ ու վանկ բնականութեան կարիքով, որպէսզի դիմանամ… Այդտեղից էլ սկիզբ է առնում իմ լուրջ ու վերապահ առօրեան… Թող տեւեմ դրանով, բայց ապրեմ քեզնով…
Գլենդել, Կալիֆորնիա