ԳԱՅԻԱՆԷ ՂԱԶԱՐԵԱՆ
Դարերով պարտութիւններ տեսած, զօրք ու զէնքով տկար, հողատարածքով նահանջող հայ ազգի, միաժամանակ մշակութային յարատեւ գրոհներ ու նուաճումներ ունեցող հայ ազգի չորս զաւակները՝ Ոսկան, Զարեհ, Մչօ եւ Տիգրան գեղանկարիչները, իրենց հերթական ցուցահանդէսն ունեցան 2010ի Հոկտեմբերի 15-17ը։ Սարոյանական մեծութիւն եւ Արշիլ-կորքիական ամրութիւն ունեցող ազգի չորս անկոտրում որդիներ, որոնք այս Խաղաղ կոչուող ովկիանոսի ափին իրենց ժամանակաւոր կացարաններն են գտել, եւ որոնց հոգիներն այս Խաղաղն աւելի է ալեկոծել։ Այս անարգել թուացող ազատութեան մոլորեցնող անսահմանութիւնը որքան մեծ ուժ է պահանջում։ Իսկ այդ մեծ ուժը, պարզւում է, մենք ունենք։ Իսկ ինչպէ՞ս է պարզւում։
Ամերիկայի Միացեալ Նահանգներ կոչուող այս հսկայ տարածքում մէկ էլ այսպիսի ցուցահանդէսներ են բացւում. մէկն իր շուրջն է հաւաքում եւս երեքի, եւ ուժ են դառնում, գոյների, պատկերների, իրենց ապրածի ու իրենց երազած ապրելիքի վերարտադրութիւնը թղթի ու կտաւի վրայ համարձակօրէն մեզ են ներկայացնում։ Գիտէք, թէ միտքն ու ապրումը գործ դարձնելու համար ի՛նչ վիթխարի ջանք է հարկաւոր։
Ահա Ոսկան նկարիչն իր ազնիւ կերպարով, կտաւների իր շարքով, որ իր կերպարի նման համոզիչ է, փորձում է իրականութիւնից վերցնել հնարաւոր լաւագոյնը։ Եթէ մարդը պայծառ է իր գոյների ու պատկերների արտայայտման մէջ, երբեք չի նշանակում, որ չարն ու թշնամանքը նրան խնայել են ու վրիպելով՝ անցել են կողքից: Տառապանք չտեսած մարդը այսքան լաւատես չէր կարող լինել։ Միայն կոտրուելու սպառնալիքները յաղթահարած մարդը կարող էր այսքան ամուր ու հաստատ կանգնել իր կտաւներով ու յայտարարել, որ ինքը յամառ է, որովետեւ իր գործը բարի է, եւ իր փորձը բարութիւն արթնացնելն է։
Ոսկանի հետ էլ ահա վտիտ, զգայուն, թւում է եղէգի պէս հիմա-հիմա ճկուող Զարեհը, որ պարզւում է՝ ամենադիմացկուններից է. չի կոտրւում, եւ կա՛յ, եւ միշտ լինելու է, որովհետեւ բաւական չէ, որ հաւատում է իր արածին, մեզ էլ հաւատացնում, որ արուեստն ու իրականութիւնը, նիւթն ու հոգին միասին են։ Ասում է՝ արուեստն այլեւս սեթեւեթելու, սենտիմենտալիզմի դրսեւորման հրապարակ չէ, այլ իրականութեան ու ընթացքի «խրոնիկա», վաւերացում։ Կարծես կտաւից, թղթից կերպարները պոկուել ու դուրս են եկել փողոց։ Զարեհ մարդը, որին մենք հանդարտ, բարեկիրթ ու նրբավար գիտենք, կոտրել է գեղեցկաբանութեան սահմանը, դիտողին հաճոյանալու ոչ մի միտում չունենալով՝ մտածելու տեղիք է տալիս, երբեմն նոյնիսկ յեղափոխական բռնկումներով։
Մչօ Մկրտիչ։ Եւս մի անկոտրում մարդ։ Երբեմն կարծր, բիրտ, երբեմն՝ թափանցիկ, յուզական։ Ինչ հակասութիւններ են. վրձինն անճանաչելիօրէն փոփոխական, երբեմն բնական, երբեմն բնազանց, անվերջ նորի փնտռտուքներով, իսկ կարեւորը՝ աննահանջ։
Եթէ հարցնենք՝ ինչո՞ւ է նկարում, կը ժպտայ ու գուցէ պատասխան չգտնի։ Ես կը փորձեմ պատասխանել իր փոխարէն. որովետեւ կեանքն իր կոպիտ պահանջներն ունի. ապրում ես նիւթի աշխարհում ու յաճախ քաոսային վիճակներում ես յայտնւում, որ կարող է քեզ լափել, կուլ տալ։ Իսկ ճշմարիտ ապրելու պահանջը ժամանակ առ ժամանակ կոկորդիցդ բռնում ու քեզ բերում է ճերմակ կտաւի առջեւ, ու այդ կտաւն էլ դառնում է այն հայելին, որտեղ մաքրւում ու յստակւում է Մչօն։ Մչօ ժպտում է՝ ի համաձայնութիւն։
Իսկ Տիգրանին մաքրուելու գաղափարը չի մտահոգում։ Տիգրանը հմայուած հոգի է։ Չարենցն իր բանտարկուած ընկեր Բակունցին այսպէս է գրել. իսկ հիմա ես Տիգրանին եմ ուղղում այդ խօսքերը.
Ես քեզ օրհնում եմ արդ իմ անաղարտ երգով,
Այս ամէնի համար, եւ քո եղերական
Տառապանքի համար, որ արդ կրկին
Վեհութիւն է խառնում քո անաղարտ երգին։
Ես քեզ պարզում եմ ձեռք եղբայրական,
Եւ ներբողում եմ քեզ, ահա, կրկին անեղծ,
Իմ շրթերով ինչպէս օրեր առաջ,
Երբ դեռ դու այր էիր մի անարատ,
Եւ ես ընկերն էի քո բանաստեղծ։
Տիգրանի բնորդներն ու ստեղծած կերպարները հեղինակային բռնութեան չեն ենթարկւում, կտաւներից չեն ըմբոստանում, այլ խոնարհ ենթարկւում են Տիգրանի վրձնին։ Նայում ես՝ տրամադրութիւն է. մի քիչ էլ ես նայում՝ կեանքի պատմութիւն է. աւելի երկար ես նայում՝ քո էութիւնից մի բան ես գտնում, եւ հէնց դա էլ ամենակարեւորն է։ Կտաւներում Տիգրանը չի փիլիսոփայում, սէր չի խոստովանում, գեղեցիկը չի գովազդում, ատելութիւն չի սերմանում, սակայն կրակէ բոցերի փոխարէն, մարմրուն մոխիր է մատուցում, որից ջերմանում ես երկար ու ներդաշնակ։ Իսկ մեր ժողովրդական իմաստնութիւնն ասում է՝ երկինքը գոռում է, ուրեմն անձրեւ չի լինելու։ Տիգրանի կտաւները չեն գոռում, բայց արտերի ուզած խաղաղ անձրեւ են խոստանում դիտողին:
Իսկ հիմա, որպէս համաշխարհային արուեստի նկատմամբ խանդով լցուած արուեստաբան՝ իմ պահանջն ու խնդրանքը. որովհետեւ ժամանակները կոսմիկական են, իրականութիւնն էլ իր խորութեամբ ու ընթացքով անկառավարելի է թւում, գիտակցութեան ու կեցութեան հակասութիւնն էլ գնալով մեծանում է, եկէք խիզախութիւն ունենանք ընդլայնելու մեր մտաւոր տարածքները, որ Մեծն Արուեստը մեզ մօտենալուց չվախենայ։ Յաջողութիւն եւ անկոտրում ճանապարհ ձեզ, տղաներ, եւ բոլոր նրանց, ովքեր հերոսաբար ճամբայ են ելել ու հաւատում են արուեստի ուժին։ Խրախուսենք թէ ոչ՝ նրանք գնալու են իրենց ընտրած ուղիով, իսկ մենք միայն շահելու ենք նրանց գոյութիւնից։