«ԹԱՏՐՈՆԸ ՊԷՏՔ Է ԼԱՅՆԱԽՈՀՈՒԹԻՒՆ ՍՈՎՈՐԵՑՆԻ»
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Հայ թատերական գործիչները, բեմադրիչները ճանաչուած ու ընդունելի են եղել ոլորտի համաշխարհային ընտանիքում: Այսօր էլ աւանդոյթները շարունակում են տաղանդաւոր հայ երիտասարդները, որ սինթեզելով ազգային առանձնայատկութիւնները համաշխարհային միտումների հետ՝ իւրայատուկ ոճով իրենց նոր խօսքն են ասում՝ արժանի տեղը գրաւելով կինօ եւ թատերական աշխարհի խոշորագոյն կենտրոններից մէկում:
«Արուեստը հայելի չէ, որ արտացոլում է իրականութիւնը, այլ մուրճ՝ ինչի միջոցով պէտք է ձեւաւորել այդ իրականութիւնը», Բերտհոլտ Բրեխտի այս խօսքերը մեծ ազդեցութիւն են ունենում 17ամեայ Արմինա Լա Մաննայի համար, իրականում վճռելով նաեւ նրա ապագան: «Ցանկանում էի արուեստի միջոցով մուտք գործել քաղաքականութեան ոլորտ՝ իմ պատկերացրած փոփոխութիւններն իրականացնելու համար, սակայն հասկացայ, որ արուեստն առաւել զօրեղ է՝ բազմաթիւ հնարաւորութիւններով ու աւելի ազնիւ», պատմում է բեմադրող ռեժիսոր, սցենարիստ Արմինա Լա Մաննան:
Հայաստանում ծնուած Արմինան վեց տարեկանում ներգրաւում է Հենրիկ Իգիթեանի Գեղագիտութեան ազգային կենտրոնում, որտեղ խաղում է համաշխարհային դասականների ստեղծագործութիւններում, երգում, պարում, մասնակցում բեմադրման աշխատանքների: Հիւրախաղերով մասնակցում է միջազգային փառատօնների: Այնուհետեւ, մասնակցում է Մոսկուայի «Առլեկին» թատրոնի բեմադրութիւններին: Ամերիկեան հիւրախաղերը ճակատագրական են լինում Արմինայի ընտանիքի համար. Խորհրդային Միութեան փլուզման պատճառով, նրանք ստիպուած են լինում մնալ Միացեալ Նահանգներում: Արմինան դասեր է վերցնում Գլենդէյլի հանրային քոլեճի թատերական բաժնում, այնուհետեւ՝ ուսումնասիրում աստղաֆիզիկա, սակայն վերջնական ընտրութիւնը ռեժիսուրան (բեմադրութիւն) էր: Իր առաջին ներկայացումը Արմինան բեմադրում է 19 տարեկանում, Գլենդէյլի քոլեճում. այն բազմաթիւ դրական արձագանգների է արժանանում: Այնուհետեւ մասնագիտական առաւել խորը գիտելիքներ ստանալու նպատակով, նա ուսումը շարունակում է Ֆիլադելֆիայի համալսարանում՝ ստանալով բեմադրող ռեժիսորի որակաւորում: Այստեղ Արմինա Լա Մանան գրում եւ բեմադրում է իր առաջին պիեսը (թատերախաղը)՝ «Պուշկինը Բոլդինոյում», Ֆրանսիական թատերական փառատօնի ժամանակ. անիկա մեծ յաջողութիւն է ունենում: «Հրաշալի ներկայացում… ընդհանուր առմամբ՝ ուրախ ու գրաւի»չ, «Խելացի միտք», գրում են ամերիկեան «Բրոդսթրիթ Ռեւիու» եւ «Ֆիլադելֆիա Ինքուայրըր» պարբերականները: Ֆիլադելֆիայում ուսանելու տարիներին, Արմինան եւս ութ ներկայացումներ է յաջողութեամբ բեմադրում ու ներկայացնում:
Արմինայի մեծ նախագծերից մէկը «Ֆոնթէյն» թատրոնի պատուէրով է լինում: Երիտասարդ արուեստագէտը բեմադրում է «Little Armenia» խորագրով ներկայացումը, որ անոր թատրոնի 20ամեայ գործունէութեան ընթացքում ամենահաճախելին է լինում:
ԹԱՏՐՈՆ

«Գերադասում եմ քաղաքական ժանրը, քանզի կարծում եմ, որ թատրոնը պէտք է կապ ունենայ իրականութեան, ընթացող գործընթացների հետ, բեմում մեկնաբանի դրանք, նաեւ խթանի ու մարդկանց իրազեկի՝ առաջադրելով հարցադրումներ: Թատրոնը պէտք է համաքայլ լինի կեանքի ընթացքին, եւ մարդուն ինքն իր հետ երկխօսելու առիթ տայ՝ միաժամանակ չպարտադրելով լուծումներ: Թատրոնը պէտք է լինի չհամակերպուող, մատնանշի այլընտրանքներն ու լայնախոհութիւն սովորեցնի», թատրոնի դերի մասին իր տեսակէտն է ներկայացնում Արմինան:
Երիտասարդ արուեստագէտը կարծում է, որ թատրոնը չպէտք է դիդակտիկ (didactic) լինի, այլ խորհելու առիթ տայ: «Տնտեսական ճգնաժամի առաջին զոհը մշակոյթն է լինում եւ արուեստագէտների մեծամասնութիւնը ստիպուած դիմում է կոմերցիոն թատրոնին ու ենթարկւում հասարակութեան պահանջին: Սկսւում է իրականութեան աղաւաղում եւ անգիտութիւնը ի վերջոյ ոչնչացնում է համապատասխան արձագանգելու կարողութիւնը:
ԲԱՐՔԵՐ, ԻՆՔՆՈՒԹԻՒՆ, ՀԱՅ ԿԻՆ…
Արմինա աւելացնում է. «Կարեւոր է, որ մարդիկ կարողանան հասկանալ միմեանց եւ ընդունեն տարբերութիւնները: Ինձ համար ցաւալի է իւրաքանչիւր խտրականութիւն: Մտահոգւում եմ, երբ կրօնը, հոգեւոր ոլորտը վաճառւում է, քաղաքականացւում եւ դառնում զանգուածներին ղեկավարելու, վերահսկելու միջոց: Չեմ ընդունում, որ մարդն աղաւաղում է հաւատը: Ես հաւատում եմ մարդու ներուժին, կարողութիւններին, ու կարծում եմ, որ իւրաքանչիւր մարդ պէտք է անպայման ինչ որ բան անի իր կեանքում:
Հայկական ինքնութեան առանձնայատկութիւնները մշտապէս տարբերում են ինձ գործընկերներիցս: Բեմադրութիւնների ժամանակ ներկայ օտարազգիներ միշտ զարմանում են աշխատելու ժամանակ ներդրուած անսահման լիցքերից: Կարծում եմ, իւրաքանչիւր գործին անկեղծօրէն նուիրուելը բնորոշ է միայն հային, եւ այս յատկանիշն ինձ տարբերում է միւս ռեժիսորներից:
«Հայ կինը հոգի է, ինչի ամենաակնառու դրսեւորումը՝ երեխայի նկատմամբ վերաբերմունքն է»:
ՄՈՒՐՃ-Sphyra Project
Արմինայի խօսքով, «Ինձ համար անհաւատալի եւ օտար էր հանգամանքը, որ բացայայտեցի Ֆիլադելֆիայի համալսարանում դասաւանդելուս տարիներին. ուսանողների մեծամասնութիւնը երբեւէ թատրոն չէր յաճախել, ինչը խօսում է այդ աւանդոյթի բացակայութեան մասին»:
Արուեստի նկատմամբ երեխաների մօտ հետաքրքրութիւն առաջացնելու նպատակով, Արմինան գործընկերոջ հետ ստեղծում է «Sphyra Project» գեղագիտական կենտրոնը, որ տարին մի քանի անգամ սեմինարների շարք է կազմակերպում հայ մանուկների համար: «Յունարէն «Sphyra» նշանակում է՝ «մուրճ», ինչը խորհրդանշում էր մեր նպատակը՝ կերտել միջավայր, որտեղ կ՛օգնենք երեխային պարզելու իր նախասիրութիւնները», նախագծի մասին պատմում է Արմինան: Չորս անգամեայ հանդիպումների ընթացքում երեխաներին առաջարկւում է նկարչութեան, երաժշտութեան, թատրոնի մասին դասընթացներ: Արդիւնքում՝ երեխաները աւելի հեշտ են կողմնորոշւում ընտրութեան հարցում:
ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԻՒՆ, ԾՐԱԳՐԵՐ…
Արմինա Լա Մաննա աշխատում է միաժամանակ մի քանի ուղղութիւններով՝ նկարահանւում է ֆիլմերում, սցենարներ գրում, խմբագրում Հոլիվուդեան ֆիլմերի համար, դրամայի (drama) դասընթացներ է անցկացնում «Լարք» հայկական կոնսերվատորիայում (երաժշտանոց): Արմինան, մասնագիտութեան շրջանակներում իր ներդրումն է ունեցել Հայ Դատի յանձնախմբի աշխատանքներում:
Արմինան կարեւոր է համարում Հայոց Ցեղասպանութեան հարցի իրազեկման աշխատանքները, եւ այդ թեմայով այժմ գրում է մի պատմութիւն, որ հետագայում նախատեսում է վերածել ֆիլմի:
Արմինայի երազանքն է ստեղծել թատերախմբեր, որ նոյն ներկայացումներով հանդէս կը գան միաժամանակ Հայաստանի, Միացեալ Նահանգների ու Ռուսաստանի հանդիսատեսի առաջ:
Արմինա Լա Մաննան հաստատուն քայլերով իր տեղն է գրաւում ոլորտի ամերիկեան աշխարհում, այդուհանդերձ, հայրենիքի կարօտը սրտում՝ մտադիր է մի օր վերադառնալ ու ներդրումը ունենալ Հայաստանում: