«ԻՄ ՍԵՐՈՒՆԴԸ ՄԵԾ ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԻ Է ՀԱՍԵԼ ԱՅՍ ԵՐԿՐՈՒՄ ԵՒ ԱՅԺՄ ՄԵՆՔ ՊԷՏՔ Է ՄՏԱԾԵՆՔ, ԹԷ ԻՆՉՊԷՍ ՕԳՏԱԿԱՐ ԼԻՆԵԼ ՀԱՄԱՅՆՔԻՆ»

Ազգերի ապագայի տեսլականը ձեւաւորում են երիտասարդները: Յաւերժ է այն ժողովուրդը, ում սերունդները հաւատարիմ են ազգային ինքնութեանն ու մրցունակ են համաշխարհային գործընթացներում: Այս առումով, հայը կարող է հաւատալ լուսաւոր ապագային, քանզի հայրենիքից հեռու էլ հայ երիտասարդները, կրում են հայկականը սրտում, պատրաստ՝ դիմակայելու ու յաղթահարելու ազգի ու հայրենիքի առաջ նոր ժամանակների մարտահրաւէրները միաժամանակ՝ լինելով յաջողակ ու արժանաւոր անդամ այն երկրում, որտեղ ծնուել ու մեծացել են:
Երիտասարդ Ալինա Ազիզեանի կենսագրութիւնը խօսուն է եւ հպարտութեան զգացում առաջացնող. միաժամանակ այն յաջողութեան պատմութիւն է, լաւագոյն օրինակ ամերիկահայ երիտասարդների համար: «Յաջողութիւնը հնարաւոր է, եթէ զբաղւում ես սիրած գործով, յամառ ես ու նպատակային ցանկութիւններում», յաջողութեան իր բանաձեւն է ներկայացնում Ալինա Ազիզեանը:
Ալինա Ազիզեանը ծնուել է Միացեալ Նահանգներում, Իրանից ներգաղթեալների ընտանիքում: Սովորել է Գլենդէյլի Հանրային Քոլեջում, Բերքլիի համալսարանն աւարտել քաղաքագէտի որակաւորմամբ, այնուհետեւ Բոստոնի համալսարանում ուսանել իրաւաբանութիւն՝ մասնագիտանալով միջազգային իրաւունքի ոլորտում: Հայկական բազմաթիւ կազմակերպութիւնների անդամ է, այդ թւում՝ Հայ իրաւաբանների միութեան:
ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹԻՒՆ

Ալինան առաւել խորութեամբ գիտակցում է իր ազգային պատկանելիութիւնը Բերկլիի համալսարանում ուսանելու տարիներին, երբ հայ ընկերների հետ միասին համախմբւում են գաղափարի շուրջ. «ընդգրկուեցի համալսարանի հայ ուսանողական միութեան խորհրդում ու սկսեցինք Հայոց Ցեղասպանութեան իրազեկութիւնը բարձրացնելու նպատակով տարբեր արշաւներ կազմակերպել: Նախաձեռնեցինք հանդիպումներ քաղաքային խորհրդի անդամների հետ, ցոյցեր անցկացրեցինք քաղաքապետարանի առաջ եւ ի վերջոյ՝ բանաձեւ անցկացրեցինք քաղաքային խորհրդում», յիշում է Ալինան:
Նա սկսում է յաճախել նաեւ Հայ Դատի Յանձնախմբի տուեալ շրջանի մասնաճիւղ, ծանօթացել է կազմակերպութեան աշխատանքներին եւ դարձել ակտիւ մասնակից՝ մասնաւորապէս երիտասարդներին կրթելու եւ իրազեկելու ծրագրերում:
«Ուրախալի էր յատկապէս այն հանգամանքը, որ համալսարանում, տարբեր երկրներում ծնուած հայ երիտասարդները համախմբուած էին, միասնական, ինչն առաւել արդիւնաւէտ էր դարձնում իւրաքանչիւր նախաձեռնութիւն», նշում է Ալինան:
Ալինա Ազիզեանը հայկական գործունէութիւնից զատ, ուսմանը զուգընթաց, ստանձնում է Սան Մատէոյի վարչաշրջանի դեմոկրատական կուսակցութեան նախընտրական արշաւի գրասենեակի պատասխանատուի պաշտօնը: Գործունէութեան երեք ամիսների ընթացքում Ալինան ղեկավարելով շուրջ հինգ հարիւր կամաւորների՝ աննախադէպ յաջողութիւն է արձանագրում. արշաւը համարւում է ամենայաջողուածներից:
Հայ երիտասարդի անձնական ու մասնագիտական յատկանիշները գնահատւում են, եւ Ալինային առաջարկում են Ամերիկայի Հայ Դատի Յանձնախմբի Գլենդէյլի մասնաճիւղի տնօրէնի պաշտօնը: «Ուրախ ենք, Ալինա Ազիզեանին տեսնելու մեր թիմում: Ղեկավարելու նրա փորձն ու գիտելիքները նաեւ տեղային հարցերի շուրջ, հզօր խթան են մեր կազմակերպութեան համար», նշուած է յանձնախմբի ուղերձում: Ալինան երկու տարի պատուով գլխաւորում է գրասենեակը՝ նախաձեռնելով ու իրականացնելով համայնքին անհրաժեշտ բազմաթիւ միջոցառումներ:
Ալինան, այնուհետեւ որոշում է շարունակել ուսումը, եւ Բոստոնի համալսարանում ուսանում իրաւաբանութիւն, միաժամանակ աշխատանքի է անցնում Նեյբորհուդ Լիգըլ Սերվիսըս (Neighborhood Legal Services)՝ ցածր եկամուտ ունեցողերին իրաւական ծառայութիւն տրամադրող ընեկրութիւնում:
ՅԱՋՈՂՈՒԹԵԱՆ ԲԱՆԱՁԵՒ

«Պէտք է զբաղուել սիրած գործով եւ միշտ դիտել յաջողութեան հասած տարբեր տարիքի մարդկանց, որոնցից կարելի է անընդհատ սովորել: Հասակակիցներդ քեզ կարող են նոր ուղիներ յուշել ներկայ զարգացումների մասին, կայացած մարդկանց ուղին յուշում է ապագայի տեսլականներ: Կարծում եմ, հարկաւոր է լինել յամառ ու ստեղծող, ու պայքարել նպատակին հասնելու համար», յաջողութեան իր պատկերացումներն է կիսում Ալինան. «Առաջին աշխատանքս դեմոկրատական կուսակցութեան համար էր, երբ քսանմէկս նոր էր լրացել եւ ամենակրտսերն էի գրասենեակում: Ողջ պատասխանատուութիւնն իմ ուսերին էր, եւ ես էի որոշում կայացնողը: Դա մի մարտահրաւէր էր, ինչը ես յաջողութեամբ յաղթահարեցի ու հասկացայ, որ յարգանքի արժանանում ես աշխատանքի շնորհիւ»:
ՀԱՅՐԵՆԻՔ
2005 թուականին առաջին անգամ այցելել է Հայաստան եւ հիացել: Ալինա. «Հայրենակիցներս շատ ջերմ էին, հիւրասէր, մեծահոգի, նուիրուած ու հայրենասէր: Մարդիկ, որ չնայած դժուարութիւններին շարունակում են ապրել ու շէնացնել մայր հողը: Ինձ համար յատկապէս գնահատելի են հայկական ընտանեկան աւանդոյթները: Կարծում եմ, հայրենիքի հետ կապն անհրաժեշտ է իւրաքանչիւր հայի համար, քանզի հողն է սնում եւ ուժ տալիս: Մտադիր եմ ինչ որ շրջան անպայման ապրել Հայաստանում»:
ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹԻՒՆ
Հայրենիքի, լեզուի ու մշակոյթի նկատմամբ սէրը ձեւաւորւում է ընտանիքում: «Ես հայ եմ եւ երեխաներս էլ պիտի կրթուեն հայեցի», հաւաստիացնում է Ալինան: Հայրենիքից հեռու, հայկականը պահելու գրաւականներից մեկն էլ կապն է համայնքի հետ», նշում է Ալինան, որ համագործակցում է հայկական բազմաթիւ կազմակերպութիւնների, մշտապէս մասնակցում հայկական միջոցառումների, արձագանգում լրատուամիջոցներում հայկական թեմաներին:
ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ, ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՒԷՐՆԵՐ
Ապագան երիտասարդների ձեռքում է նաեւ, ովքեր կրթուելով, տեղեակ լինելով համաշխարհային զարգացումներին պէտք է ձեւաւորեն նոր ուղիներ: «Զարգացող, հզօր տնտեսութիւն, կարծում եմ սա է Հայաստանի առաջնահերթութիւնը: Պէտք է ներդրումներ կատարել Հայաստանում եւ սփիւռքի հիմնական ներուժը պէտք է հէնց այդ ուղղութեամբ կենտրոնացուի», նշում է Ազիզեանը: «Իւրաքանչիւր հայ պէտք է հայ լինի իր գործողութիւններում, իր մասնագիտական ոլորտում ներդրում ունենալով հայութեան համար: Մենք պէտք է օգնենք միմեանց եւ դա չափազանզ կարեւոր է: Իմ սերունդը մեծ յաջողութիւնների է հասել այս երկրում եւ այժմ մենք պէտք է մտածենք ինչպէս օգտակար լինել համայնքին: Կարծում եմ, ժամանակն է օգտագործել մեր երիտասարդների, պատանիների իրական ներուժը: Այդ առումով, օրինակ, Հայ իրաւաբանների միութիւնը, որ բաւական ազդեցիկ ուժ է այսօր, խթանում է նաեւ երիտասարդներին եւ մեծ աշխատանք է կատարում համայնքի համար:
ՀԱՅ ԿԻՆ
Ալինա. հայ կանայք շատ ազդեցիկ են եւ գնալով առաւել մեծ յաջողութիւններ են արձանագրում թէ՛ Հայաստանում, թէ՛ Սփիւռքում: Այսօր հայ կինը բազմակողմանի զարգացած է եւ կարողանում է յաջողակ լինել թէ մասնագիտական առումով, թէ ընտանիքում, որպէս մայր ու կին, թէ ներդրում ունենալ հասարակական-համայնքային կեանքում: Սփիւռքահայ բազմաթիւ կազմակերպութիւնների շարժիչն այսօր կանայք են, եւ թերեւս անգնահատելի է հայ մօր դերը, որ թերեւս ամենամեծ ներդրումն ունի յատկապէս օտար ափերում՝ զաւակներին հայեցի կրթութիւն տալու հարցում:
ԿԱՏԱՐԵԼՈՒԹԵԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Ալինա Ազիզեանի կերպարն ընդհանրացնելու համար, թերեւս հարկ կը լինի նշել, որ նա վարոււմ է առողջ կենսակերպ` զբաղուելով վազքով, լեռնագնացութեամբ, Բիքրամ Եոգայով, զբօսանքներով սիրելի շան հետ: «Ազատ ժամանակ գտնելու դէպքում միանում եմ հայկական որեւէ նոր կազմակերպութեան», նշում է Ալինա Ազիզեանը, ով շարժման, նուիրաբերելու մէջ է գտնում խաղաղութիւնը:
2009 թուականին Ալինան ընտրուել է Տիգրան Թեւրիզեան Հիմնադրամի անդամ (Dickran Tevrizian Fellow): Լոս Անջելեսի վարչաշրջանի Նեյբորհուդ Լիգալ Սերվիսըս (Neighborhood Legal Services) ընկերութեան շրջանակներում ԱՄՆ վարչական դատարանի նախկին դատաւոր Տիգրան Թեվրիզիանը նախաձեռնել է այս հիմնադրամը՝ այսպիսով իր ներդրումը ունենալով հայ համայնքային կեանքում:
Ալինա Ազիզեանը, այս պաշտօնի շրջանակներում համագործակցելով շրջանի հայ համայնքի խնդիրներով զբաղուող կազմակերպութիւնների հետ, համապատասխան իրաւաբանական օգնութիւն է տրամադրում հայ համայնքի ցածր եկամուտ ունեցող անհատներին: Հայ Դատի յանձնախմբի եւ Հայ իրաւաբանների միութեան հետ տարին մի քանի անգամ Գլենդէյլում անվճար իրաւաբանական խորհրդակցութիւն է տրամադրում հայ համայնքին: