ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
«ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹԻՒՆԸ՝ ՍԻՐՏՍ Է, ՄԱՅՐՈՒԹԵԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ…»
«Ով երգ ունի իր սրտում ու սովոր է գեղեցկի՝ նա պարտաւոր է ձեզ բիւր, հազար սոնետ նուիրել»:

Չարենցի այս խօսքերը կը գտնէին հասցէատիրոջը ի դէմս՝ մեղմ, բայց միաժամանակ կրքոտ աչքերով, կեանքի իւրաքանչիւր ակնթարթն ապրող, սիրող ու նուիրաբերող հայ կնոջ` Մերի Ափիկի:
Դերասանուհի, սցենարիստ, բեմադրիչ, հասարակական գործիչ Մերի Ափիկը ծնուել է Իրանում ու մինչեւ 18 տարեկանն արուեստագէտի բուռն կեանքով ապրել ու ստեղծագործել այդ երկրում: «Մեծացել եմ արուեստագէտների ընտանիքում եւ կարծում եմ մասնագիտութիւն ընտրելու հարցում այլընտրանք չունէի», նշում է իրանահայ արուեստագէտը: Մերի Մելիք-Ազարեանը պէտք է ընտրեր բեմական անուն եւ երկարահունչ ազգանունը փոխարինում է մոր՝ իրանական կինոյի, թատրոնի ու հեռուստատեսութեան ճանաչուած դերասանուհի Ափիկ Իւսուֆեանի անունով:
Մերի Ափիկի յաջողութիւնները սկսւում են 9ը տարեկանում, երբ հրաւիրում են վարելու «օքթոպուս» հեռուստահաղորդումը, ինչը նրան դարձնում է պատանիների կուռքն ու խորհրդանիշը: Պատանի արուեստագէտը միաժամանակ յաճախում է երաժշտութեան, թատրոնի, բալետի դասընթացների: «Մայրս ցանկանում էր, որ ընտրէի բալետը եւ սկսեցի սովորել Պարսկաստանի Ազգային բալետի ինստիտուտում», յիշում է Ափիկը: «Իմ կերպարի առանձնայատկութիւնն այն էր, որ ունենալով առաւել եւրոպական արտաքին, միաժամանակ չափազանց կրակոտ էի»: Ափիկի թատերական ներկայացումներին յաճախում

են Իրանի Շահն ու թագուհին: Մերի Ափիկն իր կրթութիւնն ու փորձառութիւնը ստանում է ժամանակի տաղանդաւոր ու հանրաճանաչ մասնագէտների կողմից՝ Մայա Պլիսեցկայեայ, Մորիս Բեժար, Փիթեր Բրուք «հազուադէպ է լինում, երբ միանգամից հնարաւորութիւն է ընձեռւում անցնել նման դպրոցներ», նշում է արուեստագէտը: Տասներեք տարեկանում Ափիկը նկարահանւում է պարսիկ ռեժիսոր Սադէք Հեդայաթի՝ «Դաշ Աքոլ» ֆիլմում, որտեղից սկսւում է նրա մուտքը նաեւ կինոաշխարհ: Արուեստի այս ժանրում Ափիկի յաղթանակը՝ 1977 թուականին «Փակուղի» ֆիլմի համար «լաւագոյն դերասանուհու» մրցանակն էր Մոսկուայի Միջազգային կինոփառատօնից: Մերի Ափիկը Իրանում առաջին կինն էր ու նաեւ առաջին հայուհին, որ ստանում է այս պատուաւոր պարգեւը:
ԱՄԵՐԻԿԱ
Իրանի յեղափոխութիւնն ընդհատում է Մերի Ափիկի յաղթարշաւը՝ միաժամանակ նոր էջ բացելով նրա կեանքում:
«Տասնութ տարեկան էի եւ ունէի ամէն ինչ՝ փառք, յաջողութիւն, լուսաւոր ապագայի տեսլական եւ յանկարծ այդ ամէնը կորաւ մի ակնթարթում: Օտարութեան մէջ ստիպուած էի ամէն ինչ նորից սկսել՝ միաժամանակ փորձելով պահպանել արժէքներս, սկզբունքներս ու արժանապատուութիւնս»: Միացեալ Նահանգներում Մերի Ափիկն շարունակում է իր դերասանական գործունէութիւնը՝ նկարահանուելով աղմկայարոյց քաղաքական՝ «Առաքելութիւն» եւ «Փակուղի» ֆիլմերում: Մասնակցում է NBC-ի «Հրեշտակի թեւերին» հեռուստասերիալում եւ թողարկում «Մտքի խաղեր» (Mind Games) ֆիլմը: Ափիկը բազմաթիւ նախագծեր է ստեղծել երեխաների համար:
Միացեալ Նահանգներում, Մերի Ափիկը մասնակցում է նաեւ հայ համայնքի մշակութային կեանքին՝ բեմադրելով եւ խաղալով տարբեր ներկայացումներում: Աջակցում է Արփա միջազգային կինոփառատօնին:
ԹԱՏՐՈՆ

Դերասանուհին իր տարերքը համարում է թատրոնը, ինչի միջոցով կարողանում է իրականացնել մտայղացումներն ու առաջադրելով խնդիրների լուծման իր տարբերակները: Զբաղուելով նաեւ հասարակական գործունէութեամբ ու ներգրաւուած լինելով կանանց իրաւունքների պաշտպանութեան հարցերում, Ափիկը իր մտահոգութիւնները բարձրաձայնում է բեմադրութիւնների միջոցով: «Beneath The Vail»՝ Մերի Ափիկի գրած ու բեմադրած ներկայացման գլխաւոր հերոսը, լրագրողուհի է, ով գրում է արեւելքի կանանց խնդիրների մասին. արեւելեան երկրներում ու Իրանում կանանց բռնութիւնների մասին պատմող իրական դէպքեր, որ իրականում համամարդկային են: Թատերախաղը առաջին անգամ ներկայացուել է 2005 թուականին՝ Լոս Անջելեսի միջազգային թատերական փառատօնում ու արժանացել է քննադատների մրցանակին (Critics Choice):
Ցուցադրուել է Վաշինգտոնում Քէնեդիի կենտրոնում, Լինքոլն մշակութային կենտրոնում, Սան Ֆրանցիսկոյում եւ այլ քաղաքներում: Ներկայացմանը աջակցել են յայտնի կանայք, այդ թւում՝ Լօռա Բուշը, Յորդանանի թագուհին, Իրանի նախկին թագուհին, սենատորներ, կոնգրեսականներ, դեսպաններ: Բեմադրութեանը անդրադարձել են հանրայայտ պարբերականներ:
«Beneath The Vail»ը Գլենդէյլի հանդիսատեսին նախատեսւում է ներկայացնել գարնանը:
ԻՄ ՍԻՐՏԸ ԼԵՌՆԵՐՈՒՄ Է

«Ուժը հողից է գալիս: Երբեք չլինելով Հայաստանում, մշտապէս խորը զգացական կապ եմ ունեցել հայրենիքիս հետ: Ընտանիքս սերտօրէն կապուած էր Իրանի «Արարատ» միութեան ու իրանահայ համայնքի հետ եւ մանկութեան ու պատանեկութեան տարիներիս օդն էր ներծծուած հայկականով», յիշում է Ափիկը: «Մայր հայրենիքի կարօտը ուղեկցել է ինձ ողջ կեանքիս ընթացքում: Այն փոխանցել եմ նաեւ որդիներիս. այսօր երկու տղաներս էլ քաջատեղեակ են մեր ազգի պատմութիւնից եւ նրանց հետ միասին պատրաստւում եմ այցելել Հայաստան», յուզմունքով նշում է Ափիկը:
ՀԱՅ ԿԻՆ
Հայկական ինքնութիւնը՝ սիրտս է, մայրութեան գաղափարը, ծնելը, տալը, երեխաներին կրթելը: Կարծում եմ, հայ կանայք զարմանահրաշ են՝ լաւագոյն մայրեր են, ինչն աստուածային շնորհ է:
ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹԻՒՆԸ

Նուիրաբերել, կրթել, տիրապետել տալու արուեստին: Լինել մեծահոգի, ժպտալ ու դրական երանգներ հաղորդել՝ սերունդների համար ապահովելով աւելի լաւ աշխարհ: Առանց այս յատկանիշների, մենք ոչնչացնում ենք աշխարհի լոյսը: Իւրաքանչիւրն իր առաքելութիւնն ունի ի ծնէ: Ես աշխարհ եմ եկել կրթելու, ինձ տրուած բացառիկ փորձը փոխանցելու:
Յ. Գ. Մերի Ափիկի հետ հանդիպման ողջ ընթացքում այն զգացողութիւնն ունէի, թէ ներկայ եմ բեմադրութեան, որի գլխաւոր հերոսուհին իր անկեղծութեամբ, հաւատով ու սիրով Գեղեցիկի անմոռանալի ակնթարթներ պարգեւեց :