Այս փաստարկները «Մենք դէմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնութիւնը տրամադրած էր Ազգային Ժողովի պատգամաւորներուն, որոնցմէ 69ը թեր քուէարկեց այս ազգավնաս օրինագծին:
Ստորեւ կը ներկայացնենք այդ փաստարկները, որոնք տակաւին շատ հեռու են սպառիչ ըլլալէ:
Օտարալեզու դպրոցների մասին օրինագիծը
– Հակաօրինական է, քանի որ մասնաւոր դպրոցների թուի սահմանափակումը ստեղծում է մենաշնորհ, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրութեան 33.1 յօդուածին:
– Հակաօրինական է, քանի որ հակասում է ՄԱԿի Կրթութեան բնագաւառում խտրականութեան դէմ կոնվենցիային (ուխտին-Խմբ.): Կոնվենցիայի 5րդ յօդուածի բ. մասը նշում է, որ «էական նշանակութիւն ունի, առաջին հերթին, ծնողների՝ իրենց երեխաների համար հանրային իշխանութիւնների կողմից պահուող ուսումնական հաս-տատութիւններից բացի՝ այլ ուսումնական հաստատութիւններ ընտրելու ազատութեան յարգումը»: Ի տարբերութիւն բուհական (համալսարանական-Խմբ.) կրթութեան, երբ Կոնվենցիայի 4րդ յօդուածը պահանջում է միայն «բարձրագոյն կրթութիւնը դարձնել բոլորի համար հաւասարապէս մատչելի՝ ըստ իւրաքանչիւրի ընդունակութիւնների», այսինքն՝ թոյլ է տալիս ընտրութիւն ըստ ընդունակութիւնների, դպրոցների դէպքում իրավիճակն այլ է: Կոնվենցիան այս դէպքում պահանջում է «միջնակարգ կրթութիւնը՝ իր տարբեր ձեւերով, դարձնել բոլորի համար հնարաւոր եւ մատչելի»: Քանի որ տուեալ դպրոցը կարող է ունենալ միայն սահմանափակ քանակութեամբ աշակերտներ, ապա օտարալեզու դպրոցների քանակը որեւէ թուով սահմանափակելու դէպքում խախտւում է օտարալեզու դպրոցների, որպէս միջնակարգ կրթութեան ձեւերից մէկի՝ բոլորի համար հասանելի լինելու սկզբունքը:
– Հիմնուած է այն սխալ տեսակէտի վրայ, թէ իբր միջազգային ծրագիրը կարող է իրականացուել միայն օտար լեզուով, այն դէպքում, երբ միջազգային կրթական ծրագրերի ամէնից արդիւնաւէտ ու անվտանգ ձեւը նրա թարգմանութիւնն է մայրենի լեզուով, ինչը թոյլ է տալիս այդ առաջատար փորձի անկաշկանդ տարածումն ամբողջ կրթական համակարգով:
– Հակասում է կրթական ոլորտի զարգացման ընդունուած միջազգային մօտեցումներին, որոնց բնորոշ է որակեալ կրթութեան ապահովումը բոլորի համար՝ մայրենի լեզուի հիման վրայ: Օտարալեզու դպրոցների դէպքում որակեալ կրթութիւնը, ներառեալ օտար լեզուների լաւ իմացութիւնը, կը դառնայ նրանց բնորոշ յատկանիշ:
– Վտանգաւոր է հայերէնի ապագայի համար, քանի որ ստեղծում է օտարալեզու վերնախաւ ու համընդհանուր «վազք» դէպի օտարալեզու դպրոցներ՝ դրանով խիստ նուազեցնելով հայերէնի վարկանիշը ու դարձնելով այն ստորին խաւի լեզու: Նման իրավիճակ արդէն իսկ ստեղծուել է արեւմտահայերէնի դէպքում, որին ՅՈՒՆԵՍԿՕն տուել է վտանգուած լեզուի կարգավիճակ, հիմնականում այն պատճառով, որ ծնողները գերադասում են երեխաներին տալ օտարալեզու կրթութիւն՝ Սփիւռքի երկրներում:
– Չի լուծում սոյն օրինագծի առջեւ դրա հեղինակի՝ վարչապետի դրած հիմնական ռազմավարական խնդիրը, այն է՝ Հայաստանին բոլոր անհրաժեշտ լեզուներին (այդ թւում՝ թուրքերէնին, պարսկերէնին, վրացերէնին, արաբերէնին, չինարէնին եւ այլն) տիրապետողներ ունենալու հարցը, որը կարող է լուծուել պարզապէս տուեալ լեզուի առաւել խորութեամբ դասաւանդման միջոցով: Ըստ պրն. Աշոտեանի, հէնց այդ միջոցն օգտագործուելու է թուրքերէնի դասաւանդման դէպքում: Նոյն եղանակը պէտք է օգտագործուի նաեւ մնացած բոլոր լեզուների դասաւանդումը բարելաւելու համար:
– Վտանգաւոր է ազգային անվտանգութեան համար, քանի որ խաթարում է հայերէնի դիրքերը որպէս բանակի միասնական լեզուի:
– Կը նպաստի արտագաղթի աճին, քանի որ իր ապագայի մասին որոշումների կայացման տարիքում աշակերտը կը յայտնուի օտարալեզու մշակոյթի ուժգին ազդեցութեան տակ, ինչը մեծ հաւանականութեամբ նրան կը մղի դէպի արտասահման:
– Կը թուլացնի երկիրը՝ բաժանելով հասարակութիւնը մի քանի լեզուական եւ մշակութային հատուածների: