Հայ իրաւաբանական միութիւնը Նոյեմբեր 18ին, պատուեց Լոս Անճելըս վարչաշրջանի Գերագոյն դատարանի գլխաւոր դատաւոր Չարլզ ՄքՔոյն ու Լոս Անճելըսի քաղաքային խորհուրդի անդամ Փօլ Գրիգորեանը: «Լրանում է Չարլզ ՄքՔոյի պաշտօնավարման ժամկէտը եւ մեր կազմակերպութիւնը պատւում է յարգարժան դատաւորին՝ ցուցաբերած բարձր մակարդակի ղեկավարութեան ու իրաւաբանի իր կոչմանը նուիրուածութեան համար, Փօլ Գրիգորեանին էլ՝ համայնքում ծաւալած ակտիւ գործունէութեան համար», նշում է միութեան փոխնախագահ Կարօ Ղազարեանը:
Չարլզ ՄքՔոյ, իր խօսքին մէջ յայտնեց. «Շատ զգացուած եմ Հայ իրաւաբանական միութեան այս նախաձեռնութիւնից: Նման կազմակերպութեան գնահատականը ինձ համար շատ մեծ նշանակութիւն ունի»:
Իսկ Փօլ Գրիգորեանի խօսքն էր. «Ինձ համար մեծ պատիւ է այս կազմակերպութեան կողմից նման վերաբերմունքը: Հայ իրաւաբանական միութիւնը մեծ ծառայութիւններ է մատուցում հայ համայնքին, եւ արհեստավարժութեան, մասնագիտական բարձր արժէքներին նուիրուածութեան վառ օրինակ է»:
Հայ իրաւաբանական միութիւնը պարբերաբար պատւում է շրջանում աշխոյժ գործունէութիւն ծաւալող անհատներին: Առիթով կազմակերպուած միջոցառումների մշտական հիւրերի թւում են լինում հայ ու օտարազգի դատաւորներ, փաստաբաններ, ինչը յարմար առիթ է նաեւ միմեանց հետ շփուելու, տեղեկութիւններ փոխանակելու:
«Նման հանդիպումների ժամանակ, ներկայ են լինում նաեւ մեր կազմակերպութեան անդամները, երիտասարդներ, ում համար սա հիանալի առիթ է ոլորտի յայտնի մարդկանց հետ շփուելու: Մենք ներկայացնում ենք նաեւ մեր հայկական հարցերը, ինչպէս օրինակ՝ Հայոց Ցեղասպանութեան հետ կապուած դատական հայցերը», նշում է միութեան նախագահ Էդուին Մինասեան:
Հայ իրաւաբանական միութիւնը ստեղծուել է 1989ին՝ նպատակ ունենալով հայկական ծագումով իրաւաբանների եւ հետաքրքրուած անհատների համախմբել մասնագիտական եւ այլ հարցերի շուրջ, միաժամանակ օգնելու յաղթահարել հայ համայնքին յուզող օրէնքի հետ կապուած խնդիրները: Կազմակերպութիւնը ակտիւօրէն համագործակցում է նաեւ Հայաստանեան գործընկերների հետ՝ ժողովրդավարական հիմնարկների կայացմանն ու զարգացման աջակցելու, եւ այլ անհրաժեշտ հարցերում:
Միութեան գործունէութիւնից յատկանշական է հայ համայնքի համար պարբերաբար կազմակերպուող անվճար խորհրդակցութիւնը՝ Հայ Դատի յանձնախմբի աջակցութեամբ, եւ դպրոցներում անցկացուող կրթական ծրագրերը: Էդուին Մինասեան տեղեկացրեց, թէ միութեան անդամներից կազմուած խումբը վերջերս է վերադարձել Հայաստանից, որտեղ հանդիպել է Սահմանադրական դատարանի նախագահի հետ: Հայաստանցի գործընկերների հետ աշխատել են մասնաւորապէս ընտանեկան բռնութիւնների դէմ օրէնքների մշակման հարցերում:
Հայ իրաւաբանական միութեան կազմում մեծ թիւ են կազմում փորձառու եւ յաջողութիւնների հասած երիտասարդներ, ի դէմս միութեան կառավարող խորհրդի անդամ, հանրային միջոցառումների պատասխանատու Յովհաննէս Մարգարեանի, ով ակտիւօրէն ներգրաւուած է Հայ իրաւաբանական միութեան աշխատանքներում:
(Թղթակցութիւն)