
ԱՍԹԱՆԱ.- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեան Հինգշաբթի օր, ելոյթ ունենալով ԵԱՀԿի գագաթնաժողովին՝ ներկայացուց Հայաստանի դիրքորոշումը Արցախի հարցի կապակցութեամբ, եւ պատասխանելով Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջերս աւելի իսկ յաճախակի դարձած պատերազմը վերսկսելու սպառնալիքներուն՝ յայտարարեց, որ եթէ Ատրպէյճան յարձակի Արցախի վրայ, ապա Հայաստան պիտի իրաւականօրէն ճանչնայ Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան անկախութիւնը եւ իր բոլոր միջոցներով պիտի պաշտպանէ Արցախի ժողովուրդի անվտանգութիւնը:
Ստորեւ կը հրատարակենք նախագահ Սարգսեանի ելոյթի կարեւորագոյն մասը.
«ԵԱՀԿ տարածքում բնակուող ժողովուրդները յոյսով եւ սպասումով են հետեւում Հելսինկեան Եզրափակիչ ակտում ընդգրկուած սկզբունքների ամբողջական կիրառմանը: Նրանցից է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որը եւս կարող է ակնկալել այդ նոյն սկզբունքների ու պարտաւորութիւնների իրականացումը, որոնք համընդհանուր են՝ անկախ երկրի չափերից, բնակչութեան քանակից եւ բնական պաշարներից:
«Լեռնային Ղարաբաղը 1991թ. Սեպտեմբերին հռչակեց իր անկախութիւնը, որին յաջորդեց նոյն թուականի Դեկտեմբերին կայացած Լեռնային Ղարաբաղի անկախութեան հանրաքուէն՝ լիովին համապատասխանելով միջազգային իրաւունքի նորմերին եւ Խորհրդային Միութեան գործող օրէնսդրութեանը: Դրան յաջորդած ԽՍՀՄ փլուզման արդիւնքում ձեւաւորուեցին նաեւ երկու իրաւահաւասար պետական կազմաւորումներ՝ Ադրբեջանի Հանրապետութիւնը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը:
«Ադրբեջանի կողմից էթնիկական զտումների քաղաքականութեան եւ Ինքնորոշուած Ղարաբաղի դէմ 1992 թուականին սանձազերծուած զինուած ագրեսիային (յարձակումին-Խմբ.) ի պատասխան, Լեռնային Ղարաբաղը՝ չճանաչուած, բայց լեգիտիմ (օրինական-Խմբ.) պետութիւնը, ոչնչացման վտանգի առջեւ կանգնած ժողովրդին փրկելու համար պարտադրուած եղաւ դիմել ինքնապաշտպանութեան, ինչը ամբողջութեամբ համապատասխանում էր միջազգային իրաւունքի նորմերին (չափանիշներուն-Խմբ.):
«Չհասնելով ռազմական ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հայաթափմանը՝ Ադրբեջանը ստիպուած եղաւ 1994 թուականի Մայիսին ստորագրել կրակի դադարեցման եռակողմ համաձայնագիր՝ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի հետ: Զինադադարը կարող էր սկիզբ դառնալ տարածաշրջանում ժողովուրդների շահերից բխող երկարատեւ խաղաղութեան հաստատման համար:
«Բայց Ադրբեջանն անցած 16 տարիները բանակցութիւնների քօղի տակ, ի հակառակ Մինսկի խմբի ջանքերի, օգտագործեց նոր ռազմական արկածախնդրութիւն նախապատրաստելու համար: Բաքւում համարում են, որ մոռացուել է ղարաբաղեան հակամարտութեան պատճառահետեւանքային կապը: Երբ այսօր Ադրբեջանը խօսում է Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական բանակի հսկողութեան տակ գտնուող տարածքների վերադարձի անհրաժեշտութեան մասին, մոռանում է, որ հնարաւոր չէ վերացնել իր իսկ ծաւալած ագրեսիայի հետեւանքներն, առանց վերացնելու հակամարտութեան պատճառը:
«Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
«Ադրբեջանը եւրոպական մայրցամաքում ինձ յայտնի միակ երկիրն է, որը հպարտութեամբ է խօսում իր ռազմական բիւջէի բազմապատկման մասին: Եւրոպայում սովորական սպառազինութիւնների թոյլատրելի սահմանների շեշտակի խախտման դէմ ոչ միայն չեն ձեռնարկւում անհրաժեշտ միջոցներ, այլեւ իրականացւում է այդ տեսակի սպառազինութիւնների վաճառք, այդ թւում եւ ԵԱՀԿ անդամ-պետութիւնների կողմից: Այս ամէնը համեմւում է Ադրբեջանի ղեկավարութեան բացայայտ հայատեաց ելոյթներով, թշնամանք, ագրեսիա, բռնութիւն սերմանող կոչերով: Բանը հասել է նրան, որ Ադրբեջանի պաշտօնեաները որեւէ առիթ բաց չեն թողնում ասելու, որ Հայաստանի մայրաքաղաք Երեւանը գտնւում է, այսպէս կոչուած, «պատմական ադրբեջանական հողերի» վրայ: Իսկ վերջերս «ԵՈՒՆԵՍԿՕ»ում վիճարկում էին խաչքարի՝ հայկական քրիստոնէական արուեստի գլուխգործոցի, հեղինակային իրաւունքները եւ պնդում, որ խաչքարը ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական արուեստի նմուշ: Միայն տարակուսել կարելի է, թէ ինչու այդ դէպքում, ընդամէնը 5 տարի առաջ, այդքան վայրագաբար ոչնչացուեց այդ արուեստի խոշորագոյն յուշարձաններից մէկը՝ æուղայի միջնադարեան հայկական գերեզմանատունը՝ հազարաւոր խաչքարերով, որի տեղում կառուցուեց ռազմական հրաձգարան: Ի դէպ, դա, արդէն մեր օրերում, դարձաւ Ադրբեջանի կազմում ամենաբարձր մակարդակի ինքնավարութիւն ունեցող Նախիջեւանում հայկական մշակութային ժառանգութեան ի սպառ ոչնչացման երկարատեւ եւ հետեւողական քաղաքականութեան գագաթնակէտը:
«Յարգելի՛ գործընկերներ,
«Ադրբեջանի փորձերը ուժի սպառնալիքով կորզելու միակողմանի զիջումներ ոչ միայն ի սկզբանէ դատապարտուած են ձախողման, այլեւ շարունակում են մնալ փոխզիջումային տարբերակով խնդրի կարգաւորման հիմնական խոչընդոտը: Իսկ վերջին մէկ շաբաթուայ մէջ ես կրկին համոզուեցի, որ այս փուլում Ադրբեջանը հետաքրքրուած չէ Լեռնային Ղարաբաղի պրոբլեմի (խնդրի-Խմբ.) լուծմամբ: Նրա միակ նպատակը Հայաստանին առաւելագոյն վնաս հասցնելն է:
«Հայաստանը կտրականապէս չի ընդունում Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողութիւնների վերսկսման տարբերակը: Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիան վերսկսելու դէպքում Հայաստանը չի ունենայ այլ ընտրութիւն, քան ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը դէ իւրէ եւ իր բոլոր հնարաւորութիւնները ներդնել Արցախի ժողովրդի անվտանգութեան ապահովման համար:
«Լեռնային Ղարաբաղն ապագայ չունի Ադրբեջանի կազմում, եւ, ինչպիսին էլ լինի լուծումը, այն պէտք է բխի հէնց Ղարաբաղի ժողովրդի կամքից: Դա է ժողովուրդների ինքնորոշման իրաւունքի առանցքը: Ադրբեջանը չունի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ յաւակնութիւնների ո՛չ իրաւական, ո՛չ քաղաքական եւ ո՛չ էլ բարոյական հիմք»: