ԳԼԵՆԴԷԼ.- ՀՅԴ 120ամեակի տօնակատարութեան հանդիսութիւնների շրջանակում Ուրբաթ, Դեկտեմբերի 3ի երեկոյեան ժամը 7:30ին, Գլենդէլի Ս. Աստուծածին եկեղեցւոյ սրահում տեղի կ՛ունենայ կլոր սեղանի շուրջ քննարկում՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցութեան դերակատարութիւնը պետական կառոյցներում» նիւթի շուրջ:
Միջոցառմանը, որը կազմակերպուել է USC համալսարանի Հայագիտական ուսումնասիրութիւնների կենտրոնի եւ Armenian Review պարբերաթերթի համատեղ ջանքերով, ելոյթ կ՛ունենան Հայաստանի, Արցախի, Լիբանանի եւ Իրանի խորհրդարանների դաշնակցական պատգամաւորներ: Իրենց աշխատանքային դաշտի վերաբերեալ զեկուցական ելոյթների ընթացքում նրանք անդրադառնալու են իրենց գաղթօջախների պետական կառոյցներում Դաշնակցութեան ծաւալած քաղաքական գործունէութեանն ու դերակատարութեանը՝ Հայ Դատի հետապնդման ուղղութեամբ: Միջոցառմանը առիթ կը տրուի նաեւ ներկաներին, որ իրենց հարցերն ուղղեն պատգամաւորներին:
Համայնքիս բոլոր անդամները սիրով հրաւիրւում են ներկայ գտնուելու սոյն կարեւոր քննարկմանը: Միջոցառման աւարտին կը լինի նաեւ հիւրասիրութիւն: Յաւելեալ տեղեկութիւնների համար կարող էք դիմել ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէի Հանրային կապի գրասենեակ PublicRelations@ARF1890.com հասցէով եւ կամ հեռաձայնելով (818) 243-7059 թիւին:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.