ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ վերջերս տեղի ունեցած աստրախանեան հանդիպումը, որը յատուկ նուիրուած էր ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորմանը, շարունակում է մնալ ինչպէս հայրենական, այնպէս էլ արտասահմանեան քաղաքագէտների ու փորձագէտների ուշադրութեան կենտրոնում։ Եռակողմ հանդիպման մասին կարծիքների սպեկտորը (շրջագիծը-Խմբ.), որն ինչպէս սովորաբար, լայնատարած է, վկայում է ղարաբաղեան կարգաւորման հեռանկարների համար Աստրախանի հանդիպման նշանակութեան փորձագիտական գնահատականների ոչ միանշանակութեան մասին։
Իսկ ինչը՞ կարելի է, փորձագէտների կարծիքով, դասել աստրախանեան հանդիպման ակտիւին կամ պասիւին (օգուտին, կամ վնասին-Խմբ.)։ Ոմանք գտնում են, որ Աստրախանը Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանութեան եւ կողմերի շփման գծում չդադարող միջադէպերի համատեքստում (ծիրէն ներս-Խմբ.) դարձել է կարեւոր ձեռքբերում։ Աւելին, ինչպէս գտնում են հայ փորձագէտներից ոմանք, դա եղել է հարուած Ադրբեջանին, քանի որ Աստրախանի հռչակագիրն ամրապնդել է իրեն նախորդած Մայնդորֆի հռչակագրի դրոյթները, որը կողմերին միանշանակ կոչ է արել հիմնախնդիրը լուծել բացառապէս խաղաղ ճանապարհով եւ զուտ միջազգային իրաւունքի շրջանակներում։ Բայց եթէ խիստ օբյեկտիւ (առարկայական-Խմբ.) լինենք, ապա աստրախանեան հանդիպման իրական ձեռքբերումը կարելի է համարել պայմանաւորուածութիւնը ռազմագերիների եւ զոհուածների դիակների փոխանակման մասին, ինչը, սակայն, բաւարար չէ կարգաւորման գործընթացում ճեղքում եւ միջազգային իրաւունքի շրջանակներում հարցի լուծում արձանագրելու համար։ Ի հաստատումն ասուածի կարելի է վկայակոչել ուրիշ՝ Աստրախանում ընդունուած փաստաթղթի գործունութիւնն առաւել իրատեսօրէն, եթէ չասենք՝ քննադատօրէն ընկալած փորձագէտների կարծիքը։ Մասնաւորապէս, լիովին տեղին է արտայայտուել միտքն այն մասին, որ աստրախանեան հռչակագիրը, չգիտես ինչու, անուանուած է «մարդասիրական, ասես այն ընդունել են ոչ թէ պետութիւնների, այլ հասարակական կազմակերպութիւնների ղեկավարներ»։ Եւ իրօք, ասուածն իր իմաստն ունի։ Չէ որ ռազմագերիների փոխանակումը, գլխաւորապէս, համապատասխան կառոյցների, մասնաւորապէս՝ ԿԽՄԿի առանձնաշնորհն է, եւ բացառապէս մարդասիրական հարցով պայմանաւորուածութիւն ձեռք բերելը ներկայացնել որպէս նշանակալի յաջողութիւն բանակցային գործընթացում՝ հազիւ թէ արժէ եւ, առնուազն, լուրջ չէ։
Եւ ահա թէ ինչու։ Ոչ միայն աստրախանեանը, այլեւ նրան նախորդած բոլոր հանդիպումներն ամենայն ակնբախութեամբ ցուցադրել են Ադրբեջանի՝ որպէս բանակցութիւնների գծով զուգընկերոջ անկարողութիւնը՝ ընդունակ լինելու վարել դրանք եւ կատարել ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները։ Դրա ցայտուն օրինակն են ՔԻ Վէսթը աւագ Ալիեւի օրօք, իսկ համեմատաբար վերջերս էլ Մայնդորֆն ու Սանկտ Պետերբուրգը՝ արդէն կրտսեր Ալիեւի օրօք։ Իսկն ասած, Ադրբեջանից այլ բան սպասել հնարաւոր էլ չէ։ Որքան հանդիպումներ էլ, ինչ մակարդակով եւ ինչ ձեւաչափով էլ անցկացուեն, արդիւնքը լինելու է մէկը՝ արդիւնքի բացակայութիւն։ Պէտք է խոստովանել, որ Ադրբեջանն իր դիրքորոշումից երբեք չի հրաժարուի, որի իսկական էութիւնը կայանում է պանթիւրքիստական գաղափարի եռանդագին առաջմղման մէջ, որի իրացմանը, ինչպէս կարծր ընկոյզ, խոչընդոտում է Ղարաբաղը։ Եւ որին արտասահմանեան քաղաքական շատ գործիչներ մատների արանքով են նայում՝ անշրջահայեացօրէն համարելով, թէ նա վտանգ չի ներկայացնում։ Տուեալ դէպքում անհրաժեշտութիւն չկայ խորանալ շօշափուած թեմայի մէջ։ Սոսկ նշենք, որ այսօր սահմանում շարունակուող պատերազմը, Ղարաբաղի եւ Հայաստանի տնտեսական շրջափակումը, քարոզչական զրպարտութիւնները եւ, վերջին հաշուով, ԼՂՀի՝ որպէս հակամարտութեան լիիրաւ կողմի հետ բանակցութիւնների սեղանի մօտ նստել չկամենալը հաստատում են վերը ասուածները եւ տեղ չեն թողնում կարգաւորման գործընթացի ռացիոնալ-գործնական ելքի նկատմամբ լաւատեսութեան համար։
Լեռնային Ղարաբաղի՝ որպէս հակամարտութեան կողմի, լիիրաւութեան մասին յիշեցումը տուրք չէ վերլուծական բառապաշարի կարծրատիպին, որը յատուկ է ադրբեջանա-ղարաբաղեան յարաբերութիւնների վերաբերեալ մեկնաբանութիւններին։ Այսօր շատերն ասես մոռացել են ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի որոշումը, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղը վաղուց արդէն պէտք է անմիջականօրէն մասնակցէր բանակցութիւններին։ Իսկ իրականում գործը խօսքերից այն կողմ չի անցնում։ Ահա եւ օրերս, դարձեալ աստրախանեան հանդիպման առնչութեամբ, Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Եովանովիչը նկատել է, որ «մի ինչ-որ փուլում Լեռնային Ղարաբաղը ներգրաւուելու է բանակցային գործընթացի մէջ»։ Ըստ որում նա ինքն էլ վերապահել է, թէ «դրան պէտք է համաձայնեն բոլոր կողմերը՝ ներառեալ Ադրբեջանը»։
Ճիշտն ասած, ամերիկեան դեսպանից այս մէջբերումն իր մէջ նենգութեան տարրեր է պարունակում, քանզի այդ նոյն մէջբերման երկրորդ մասը լիովին բացառում է առաջին մասում պարունակուող դրոյթի իրագործելիութիւնը։ Այն պարզ պատճառով, որ պաշտօնական Բաքուն հազիւ թէ համաձայնի բանակցութիւններին ԼՂՀի մասնակցութեանը, եւ Հայաստանի հետ այս կամ այն փաստաթղթի ստորագրման ժամանակ ամէն կերպ ջանալու է դրանից հանել Լեռնային Ղարաբաղի բուն սուբյեկտութիւնը (դերակատարութիւնը-Խմբ.)։ Իսկ դա նշանակում է միայն մի բան՝ այդպիսի փաստաթղթերն ապրիորի (ի նախագունէ-Խմբ.) իրական գործուն ուժ չեն ունենալու։
Ղարաբաղեան թեման քննութեան առնելու ժամանակ հէնց այս հանգամանքի վրայ պէտք է ուշադրութիւն դարձնեն ԵԱՀԿի՝ Դեկտեմբերի սկզբին սպասուող՝ Աստանայի գագաթնաժողովի մասնակիցները։ Հակառակ դէպքում այնտեղ ընդունուած ցանկացած համաձայնագիր՝ բանաւոր թէ գրաւոր բնոյթի, ունենալու է, լաւագոյն դէպքում, միայն ու միայն մարդասիրական բնոյթ, ինչը միանշանակ կերպով երաշխաւորում է բառավարժանքների յարատեւ շարունակում։ Երկրագնդի աշխարհագրական որ կէտում էլ դրանք կատարուեն…
Լէոնիդ Մարտիրոսեանը «Ազատ Արցախ» պաշտօնաթերթի գլխաւոր խմբագիրն է: