ՆՈՐ ՋՈՒՂԱ, «Ալիք».- Հայ կնոջ տարւան նուիրուած միջոցառումների շարանում, Հոկտեմբերի 1ի առաւօտեան, Հայ ՄՄ «Արարատ» միութեան փոքր սրահում, կայացաւ կանանց լսարանի բացումը, որին ներկայ էին համայնքի իգական սեռի ներկայացուցիչները:
Կանանց համար նախատեսւած այս լսարանը իր աշխատանքը շարունակելու է մինչեւ դեկտեմբեր ամիսը եւ այն անդրադառնալով կանանց հոգեկան ու ֆիզիկական խնդիրներին՝ հայ կանանց առիթ է ընձեռուելու իրենց ընտանիքների առողջութիւնը առաւել պահպանելու համար:
Սոյն լսարանի բացումը կատարուեց Տէրունական աղօթքով, այնուհետեւ յանուն Հայ կնոջ տարուայ միջոցառումների կազմակերպիչ յանձնախմբի ողջոյնի եւ բարիգալստեան խօսքով հանդէս եկաւ նոյն յանձնախմբի անդամուհի Վարդուհի Քալանթար Օհանեանը, որն ակնարկելով լսարանի կազմակերպման նպատակներին՝ ներկայացրեց լսարանի դասախօս գինեկոլոգ (կանացի հիւանդութիւնների մասնագէտ) դոկտ. Անդրանիկ Մինասքանեանի կենսագրութիւնը:
Ծրագրի բացումից յետոյ՝ անցնելով լսարանի բնականոն ընթացքին՝ խօսքը տրուեց դոկտ. Մինասքանեանին: Նա էլ իր հերթին ողջունելով ներկաներին՝ համեմատութիւններ անցկացրեց այսօրուայ եւ անցեալի կանանց դերակատարութեան մասին, այնուհետեւ դասախօսի միջոցով զրոյցը ծաւալուեց առողջապահական խնդիրների շուրջ եւ ցուցադրուեց կանանց խնդիրներին առնչուող մի տեսանիւթ:
Յատկանշական է, որ դոկտ. Անդրանիկ Մինասքանեանը սոյն լսարանի աւարտին յայտարարեց, որ Հայ կնոջ տարուայ առթիւ իրեն դիմող առաջին յղութիւնն ունեցող հայ կնոջ բոլոր բժշկական զննումները եւ ծննդաբերութիւնը լինելու են անվճար: