
ԹԵՀՐԱՆ, «Ալիք».- «Իրանի Իսլամական խորհրդարանում իրանահայութեան պատգամաւորների պահանջով՝ ուսումնադաստիարակչութեան նախարարութեան կողմից երկու միլիարդ ռիալ (երկու հարիւր հազար տոլար-Խմբ.) յատկացուեց հայոց դպրոցներին», կը գրէ մեր պաշտօնակից «Ալիք» օրաթերթը:
Իր շահեկանութեան համար ստորեւ կը հրատարակենք «Ալիք»ի տեղեկագրութիւնը այս մասին.
Թուականիս Հոկտ. 18ի առաջին էջում տպագրեցինք Իսլ. խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր ճրտգ. Գէորգ Վարդանեանի գրասենեակից ստացուած տեղեկութիւնը՝ ուսումնադաստիարակչութեան նախարարութեան կողմից հայոց դպրոցներին յատկացւած երկու միլիարդ ռիալի կապակցութեամբ:
Իսլ. խորհրդարանում իրանահայութեան երկու պատգամաւորների, ԹՀ Թ Կրթական խորհրդի ատենապետի եւ ուսումնադաստիարակչութեան նախարարութեան պատկան պատասխանատուների եւ նախարարի տուած յանձնարարութիւնների մասին լուրը տպագրում ենք ամբողջութեամբ:
«Ամռան երկրորդ կէսից սկսեալ՝ Կրթական խորհրդից ստացուած տեղեկութիւնների համաձայն եւ կրթական ասպարէզում առգոյ մտահոգութիւնների փարատման նպատակով՝ ուսումնադաստիարակչութեան Թեհրանի գերատեսչութեան տնօրէն դոկտ. Էազարլուի հետ հանդիպումներ նախատեսուեց, որոնց ընթացքում նրա ուշադրութեանը յանձնուեցին հայոց դպրոցներին առնչուող հետեւեալ խնդիրները.
* Կրթական, գրասենեակային եւ սպասարկման օղակներում աշխատող մարդուժի տրամադրման խնդիրը.
* 33 հոգուց քիչ աշակերտներով դասարանների կազմութեան համար ստացուած արտօնութեան գործադրումը.
* Տեսուչների նշանակման գործընթացում Կրթական խորհրդի հետ խորհրդակցութեան անհրաժեշտութիւնը.
* Թեհրանի մակարդակում միատարր քաղաքականութեան կիրառումը եւ շրջանների տեսուչների կողմից արտօնութիւնների իւրովի մեկնաբանման վերացումը:
Կայացած մի քանի հանդիպումներն անցան ըստ ամենայնի ջերմ ու մտերմիկ մթնոլորտում, որտեղ Թեհրանի գերատեսչութեան տնօրէնը ընդհանուր համաձայնութիւն տուեց դժուարութիւնների վերացման նկատմամբ:
Բանակցութիւնների արդիւնքում՝ դպրոցական նոր տարեմուտի սկզբնական օրերում ներկայացուած յստակ դժւարութիւններին տրուեցին համապատասխան լուծումներ ու իրապէս վերացան որոշ դպրոցների նկատմամբ առաջացած լուրջ խնդիրները, որոնցից էին.
* «Գոհար» դպրոցի արձանագրութիւնների համար տրուած սահմանափակումների վերացումը.
* «Ռոստոմ» տարրական դպրոցում երկու առաջին դասարանների կազմութեան արտօնութիւնը եւ ընդհանրապէս բոլոր շրջաններում տարրականի առաջին դասարանի համար 15 հոգանոց, իսկ դրանից բարձր դասարանների համար 20 հոգանոց դասարանների կազմութեան արտօնութեան իրականացման պարագան.
* «Ն. Գիւլբենգեան» տարրական դպրոցի դասարանների կազմութեան հետ կապուած հարցերը
* Մի շարք նմանատիպ խնդիրներ՝ կապուած դասարանների ու օղակների կազմութեան հետ.
* Անկախ դպրոցի աշակերտութեան թուից՝ գրասենեակային մարդուժի տրամադրումը:
Իհարկէ, ի նկատի առնելով, որ երկրի մակարդակում ուսումնադաստիարակչութեան համակարգը ձեռնամուխ է դարձել հիմնական փոփոխութիւնների եւ ուժերի վերադասաւորման գործընթաց է ապրում, դեռեւս ի շարս բոլոր կրթական կենտրոնների՝ մեր որոշ դպրոցները եւս ամբողջովին չեն լրացրել իրենց պահանջների բաւարարման ցուցակը, որի համար լիայոյս ենք, որ պատկան դպրոցների տեսչական կազմի եւ Կրթական խորհրդի հետեւողական աշխատանքների շնորհիւ՝ յաջողենք նախարարութեան մակարդակում համապատասխան պատասխանատուների հետ կատարուած համաձայնութիւնների լոյսի տակ վերջնական արդիւնքներ ստանալ:
Դպրոցների հետ առնչուող հարցերը ելնելով իրենց բարդ ու բազմերանգ բնոյթից՝ կարօտ են բազմամակարդակ եւ տարբեր պատասխանատու անձնաւորութիւնների հետ խորհրդակցական ու բացատրական հանդիպումների. հետեւաբար որոշ խնդիրների յարմար լուծումներ տալու նպատակով՝ թուականիս Սեպտեմբերի 22ին հանդիպում կազմակերպուեց ուսումնադաստիարակչութեան նախարարի վարչական հարցերով տեղակալի հետ, որին ներկայ էին Իսլամական խորհրդարանում իրանահայութեան պատգամաւորներ՝ ճրտգ. Գէորգ Վարդանեանն ու Ռոբերտ Բէգլարեանը եւ Կրթական խորհրդի ատենապետ Հրայր Շահնազարեանը: Հանդիպումը տեւեց բաւական երկար, բայց եւ գործնական, որտեղ ներկայացուեցին չորս հիմնական հարցեր.
1- Ի նկատի առնելով հայոց դպրոցների իւրայատուկ կարգավիճակն ու թեմական կառոյցի սահմանափակ նիւթական կարողութիւնը՝ դրանց ծախսերի ամբողջական գոյացման խնդրում, ակնկալւում էր նախարարութեան օժանդակութիւնը:
2- Հայոց դպրոցների տնօրինման ասպարէզում առաւելագոյն անկախութիւնն ունենալու նպատակով մտածւում է ստեղծել ոչ-շահադիտական դպրոցներ, որոնց արտօնութիւնը ամենադժուար պայմաններով է տրամադրւում եւ ընդհանրապէս մերժւում ներկայացուած հայցերը:
3- «Մարի Մանուկեան» դպրոցում 11 հոգանոց փորձառական չորրորդ դասարանի կազմութիւնը արգելակւում է շրջանի տեսչութեան կողմից եւ ընդհանրապէս 6րդ շրջանի տեսչութիւնը առաւելագոյն համագործակցութիւնը չի ցուցաբերում շրջանում առկայ հայոց դպրոցների հետ:
4- Երեսուն տարիներից յետոյ, բարեբախտաբար, մեզ յաջողւեց վերացնել ուսումնադաստիարակչութեան նախարարութեան մէջ փոքրամասնութիւնների պաշտօնական վարձման նկատմամբ առգոյ չգրուած, բայց եւ գործադրուող արգելքներն ու այս տարի մուտքի քննութեանը մասնակցեցին մեր սիրելի հայրենակիցներից ոմանք, սակայն մի երկու-երեք անձնաւորութիւնների հետ կապուած, սիրելիները գիտական քննութիւններում յաջողելով հանդերձ դժուարութիւնների էին հանդիպել յաջորդ փուլերում, որի համար ակնկալւում էր բարեացակամ լուծումների կիրառումը:
Ներկայացուած բոլոր խնդիրների շուրջ կայացած մանրամասն խորհրդակցութիւնների արդիւնքում՝ նախարարի տեղակալ Քիարաշին խոստացաւ անձամբ ստանալ նախարար Հաջի Բաբայիի հաամապատասխան հրահանգ-արտօնութիւնները, իսկ տեղի վրայ հեռախօսային կապով Թեհրանի 6րդ շրջանի տեսուչ Շամլուին կարգադրեց համագործակցել հայոց դպրոցների դժուարութիւնների վերացման գործընթացին: Հանդիպումն աւարտուեց սիրալիր ու յուսալի մթնոլորտում եւ պրն. Քիարաշին խոստանալով շուտափոյթ անդրադարձ կատարուած համաձայնութիւնների նկատմամբ՝ հրաժեշտ տուեց համայնքիս ներկայացուցիչներին:
Նախարարի տեղակալը իր խօսքի տէրն էր եւ տուած խոստման համաձայն՝ չուշացաւ իրանահայութեան պատգամաւորների կողմից ներկայացւած նամակի պատասխանը: Անցեալ շաբաթուայ ընթացքում տեղեկացուեց, որ պրն. Քիարաշիի միջոցով ուսումնադաստիարակչութեան նախարար դոկտ. Հաջի Բաբային, ի պատասխան պատգամաւորների պահանջի, հրահանգ-նամակներ է յղել հարցերի կարգաւորման ուղղութեամբ, ըստ որոնց՝
1- Երկու միլիարդ ռիալի (երկու հարիւր միլիոն թումանի) յատկացում է կատարուել հայոց դպրոցներին՝ որպէս նպաստ, որը կը տրամադրւի դպրոցներին նրանց բանկային հաշուի խողովակով:
2- Թեհրանի գերատեսչութեանը հրահանգուած է «Մարի Մանուկեան» միջնակարգ դպրոցում փորձառական չորրորդ դասարանի կազմութեան համար չխնայել որեւէ միջոց՝ անկախ դասարանի աշակերտութեան թուից:
3- Ոչ-շահադիտական դպրոցների արտօնութիւնը քննարկող տեղակալութեանը հրահանգուած է հայցեր ստանալու դէպքում՝ առաւելագոյն օժանդակութիւնն ու դիւրութիւններն ստեղծել՝ պահանջը բաւարարելու նպատակով:
4- Պետական պաշտօնեայ դարձնելու քննութեան գիտական փուլում յաջողած անձնաւորութիւններին յաջորդ փուլերում օժանդակելը եւ քննարկման ժամանակ հայկական մշակութային իրականութիւնները նկատի ունենալը յանձնարարուած է համապատասխան պատասխանատուներին:
Այսպիսով՝ ուրախութեամբ պէտք է յայտնել, թէ մէկ անգամ եւս Իրանի Իսլամական Հանրապետութեան մեր բանիմաց ու մանրանկատ պետական այրերը ցոյց տուեցին, թէ կարեւորում են իրանահայութեան հայեցի դաստիարակութեան գերխնդիրը եւ պատրաստ են օժանդակել առկայ դժուարութիւնների վերացմանը:
Դպրոցների հաշուային տւեալները արդէն իրանահայութեան պատգամաւորների նամակով ներկայացուած են նախարարութեանը եւ լիայոյս ենք, որ առաջիկայ օրերի ընթացքում դպրոցները ստանան կատարուած յատկացումը՝ աւելի դիւրին պայմաններում մեր սիրասուն բալիկներին ու նոր սերունդին կրթական ասպարէզում ծառայելու նպատակին յատկացուելու համար:
Եւ, իհարկէ, պէտք է շարունակել մեր միասնական ու հետեւողական աշխատանքները՝ մնացեալ դժ-ուարութիւնները եւս իրենց յարմարագոյն լուծումներով վերացնելու տեսլականով լիցքաւորուած»:
ԵՐԱԽՏԱՊԱՐՏ ՅԱՐԳԱՆՔՆԵՐՈՎ՝
ՀԻՒՍԻՍԱՅԻՆ ԻՐԱՆԱՀԱՅՈՒԹԵԱՆ
ՊԱՏԳԱՄԱՒՈՐԻ ԳՐԱՍԵՆԵԱԿ