ՎԱՐԴՈՒՀԻ ՔՈՒՇԵՐԵԱՆ
Երբ որեւէ ազգ հեռանում է իր աւանդներից, ինչպէս օրինակ՝ իր մայրենի լեզուից, նա աստիճանաբար կորցնում է իր ինքնութիւնը, որովհետեւ լեզուն նաեւ տուեալ ազգը բնորոշող կարեւոր գործօններից է: Հայաստանում օտարալեզու դպրոցների ստեղծման ծրագիրը ձուլման քաղաքականութիւն է, կամ՝ առանց ֆիզիքական ոչնչացման, հոգեպէս եւ բարոյապէս ազգը վերացնելու ցեղասպանութեան մի այլ տեսակ: Տարիներ անց, օտարալեզու դպրոցն աւարտած հայ երիտասարդը, իր ազգային ակունքներից հեռացած լինելով՝ իր հոգեկերտուածքով տարբեր է լինելու: Կը ստեղծուի հայի նոր կերպար, ով անունով հայ է, բայց հոգով եւ իր մտածելակերպով՝ օտար:
Այս գործընթացը աշխարհայնացման հերթական քայլերից մէկն է, որ ծրագրուած է դրսից եւ իրագործւում է քաղաքական նկատառումներով, որովհետեւ լեզուն քաղաքական գործօն է: Ցաւալին այն է, որ պետական քաղաքականութեան ոլորտում, լեզուի նման կարեւորագոյն խնդրի լուծման գործընթացը չի ընթանում ազգային շահերին համապատասխան: Լեզուի հարցը պէտք է դասել հայրենի կառավարութեան առաջնահերթութիւնների օրակարգում:
Լեզուական աղաւաղումների եւ ինքնութեան մասին տագնապում են նաեւ օտար լեզուագէտները, որոնց կարծիքով, հին հասարակութեան հիմքերը եւ հաւատի համակարգը քայքայուել են. հնում, երբ ընտանիքները եւ աւանդոյթները ամուր էին, երիտասարդ մարդիկ չէին հարցնում իրենց ինքնութեան մասին: Այժմ, երիտասարդները ընկել են ինքնութեան փնտռտուքի մէջ՝ որոնելով իրենց «ես»ը:
Այսօր էլ այժմէական են հնչում անցեալ դարի նշանաւոր գրող եւ «էսսէիստ» Ճորճ Օրուէլի լեզուի մասին դիտարկումները, որ գրել է դեռեւս անցեալ դարի երեսնական թուականներին, նկատի ունենալով անգլերէնի աղաւաղումները: Նրա կատարած հետեւութիւնների համաձայն, երբ քաղաքականութիւնը անկման մէջ է, նոյնպիսի անկում է ապրում եւ լեզուն, որի պատճառները քաղաքական եւ տնտեսական են, որովհետեւ ոչ թէ այն պատճառով, որ լեզուն վատ ազդեցութեան տակ է, կամ կախում ունի այս կամ այն գրողից, այլեւ՝ քաղաքական պատճառներով: Մտահոգուելով այն ժամանակուայ անգլերէնի խաթարման մասին, յատկապէս օտար բառերի այնտեղ մուտք գործելու մասին՝ նա գրում էր. «Անգլերէնը դարձել է տգեղ եւ անճիշդ, որովհետեւ մեր մտածումներն են դարձել անխոհեմ: Ամէն ինչ կապուած է քաղաքականութեան հետ»:
Արդի ժամանակաշրջանում, ընդհանրական դարձած յոռի երեւոյթներից մէկն էլ հասարակութեան բարոյական հիմքերի խարխլումն է, որի աղէտալի հետեւանքները զգալի է այսօր հասարակութեան բնականոն զարգացման տարբեր ոլորտներում, նաեւ՝ լեզուի հարցում: Մարդիկ հակուած են դէպի վաղանցիկ հաճոյքները՝ փառք, հարստութեան կուտակում եւ վայելքներ: Ազգային արժէքների պահպանումը ընկել է երկրորդ պլան: Յիշենք Գարեգին Նժդեհի ոսկի ասոյթներից մէկը. «Անտարբերութիւն, յոռետեսութիւն, բարոյական մահացում. ժողովուրդների անձնասպանութեան դանդաղ ձեւեր են սրանք»:
Գալով լեզուի մասին օրինագծի նախաձեռնութեան եւ օտարալեզու դպրոցների հաստատման վերաբերեալ ապազգային որոշումներին, ապա, քանի ուշ չէ, դրանք կասեցնելու ուղղութեամբ տարուող աշխատանքը կը լինի միակ ճիշդ եւ խելամիտ որոշումը: Սակայն, նախքան այդ, դեռեւս անցնող տարիների ընթացքում, սփիւռքի եւ կրթութեան նախարարութիւնները կարող էին իրականացնել երկու կարեւոր միջոցառում. առաջին՝ հայրենիքում համատարած բնոյթ կրող հայերէնի նահանջը կասեցնելու նպատակով միջոցներ ձեռնարկելը, սկսած՝ լրատուութեան մէջ (հեռուստացոյց, լրագրութիւն), գրաւոր եւ բանաւոր խօսքում օգտագործուող աղարտուած հայերէնի մաքրազտումով եւ վերջացրած՝ պաստառների եւ ցուցանակների վրայ վխտացող անգլերէն վերտառութիւնները հայերէնով փոխարինելով, ինչպէս նաեւ՝ դպրոցական դասագրքերի վերանայման մասին որոշումներ առնելով: Այս առումով, հարկաւոր է մշտարծարծ պահել լեզուական հարցերի քննարկումները եւ համապատասխան քայլեր ձեռնարկելը:
Երկրորդ կարեւոր քայլը կը լինէր Մեսրոպեան միասնական ուղղագրութեան անցնելու որոշում կայացնելը, որ մինչեւ այժմ պէտք է արուած լինէր՝ որպէս ազգային միասնականութեան ամրապնդման ուղղութեամբ առնուելիք քաղաքական նշանակութիւն ունեցող կարեւորագոյն քայլ:
Աւելի քան մտահոգիչ է լեզուի մասին օրինագծի նախաձեռնութիւնը հայրենի կառավարութեան կողմից, որ բոլորովին հաշուի չառնելով հայրենի ժողովրդի բողոքի ձայնը՝ մտադիր չէ յետ կանգնել ազգավնաս սոյն որոշումը գործադրութեան մէջ դնելու քայլից: Այս հարցում անելիք ունեն հայրենի եւ Սփիւռքի մտաւորականները, ովքեր միասնական ուժերով պարտաւոր են բողոքի իրենց ձայնը բարձրացնելու սոյն ազգավնաս որոշման դէմ, Հայաստանում օտարալեզու դպրոցների տարածման որոշումը բեկանելու պահանջով:
Լիայոյս ենք, որ ինչպէս միշտ, այս անգամ եւս, մեր ժողովուրդը կը գտնի ինքնիրէն թափ տալու, վերանորոգուելու եւ մի նոր զարթօնք ապրելու ճանապարհը: