Աշտարակի մէջ ՀՅԴի կազմակերպութեամբ տեղի ունեցած հաւաքին (տես կողքի լրատուութիւնը) որդեգրուած են տասը բանաձեւեր. ստորեւ՝ այդ բանաձեւերը.
1. Մարզպետների գործունէութեան նկատմամբ քաղաքական եւ հասարակական վերահսկողութեան համակարգի ստեղծում, մարզպետների պատասխանատուութեան շրջանակի սահմանում: Օրէնքի մակարդակով տարածքային կառավարման համակարգի գործունէութեան սկզբունքների սահմանում:
2. Մարզերի իրական վիճակից եւ հնարաւորութիւններից բխող զարգացման ծրագրերի մշակում եւ գործադրում՝ յստակ ժամկէտներով, ֆինանսաւորման աղբիւրներով եւ ծախսերի ուղղութեամբ: Նման ծրագրերի մշակման ժամանակ լայնօրէն կիրառել մարզերի մասնագիտացման սկզբունքը:
3. Մարզերում տնտեսական գործունէութեան համար բարենպաստ միջավայրի ձեւաւորում, այդ թւում՝ ներդրումների խրախուսում, փոքր եւ միջին ձեռնարկատիրութեան խրախուսմամբ աշխատատեղերի ստեղծում, անհրաժեշտ ենթակառուցուածքների ձեւաւորում:
4. Մարզերում հարկային վարչարարութեան թուլացում, հարկային արտօնութիւնների տրամադրում:
5. Գիւղատնտեսական գործունէութեան համար տրամադրուող վարկերի տոկոսադրոյքի սուբսիդաւորում (վճարման դիմաց հատուցում-Խմբ.), առանց գրաւի գիւղատնտեսական վարկերի տրամադրման մեխանիզմի ստեղծում:
6. Մարզերում նախադպրոցական հաստատութիւնների ցանցի ընդլայնում: Մարզի երիտասարդացման եւ յետագայ արտագաղթի կասեցման նպատակով մարզերում առանձնայատուկ երիտասարդական քաղաքականութեան իրականացում, այդ թւում՝ մարզի, յատկապէս հեռաւոր եւ բարձր լեռնային շրջանների բնակավայրերի, երիտասարդների պետական պատուէրի շրջանակներում բուհերում սովորելու արտօնում՝ իրենց հայրենի բնակավայր վերադառնալու եւ այնտեղ գործունէութիւն ծաւալելու պայմանով:
7. Աւելացնել մարզերում բնակուող անապահով քաղաքացիների բժշկական ծառայութիւնների պետպատուէրի ծաւալները:
8. Գիւղի վրայ թանկացումների բեռի կործանարար ազդեցութիւնը կանխելու նպատակով վարել առանձնացուած սակագնային քաղաքականութիւն՝ գազի եւ ջրի մատակարարման ոլորտում:
9. Գիւղատնտեսութեան խրախուսման եւ գիւղացու գործունէութիւնը շահութաբեր դարձնելու նպատակով սահմանել հիմնական գիւղատնտեսական արտադրանքի՝ ցորեն, խաղող, կաթ, նուազագոյն գնման շեմ:
10. Հսկողութիւն սահմանել մարզերում քաղաքացիական ծառայութեան համակարգի օրէնսդրութեան պահանջների կիրառման նկատմամբ: