Գրական Հիմնադրամ՝ Ռիթա Սապունճեան-Տեմիրճեանի Մահուան Յիշատակին
Ռիթա Սապունճեան-Տեմիրճեանի յիշատակը անմահացնելու եւ մշտավառ պահելու նպատակով, Համազգայինի Արեւմտեան Ամերիկայի շրջանային վարչութիւնը, Տեմիրճեան ընտանիքի համագործակցութեամբ, կեանքի է կոչել գրական մի հիմնադրամ, որի նպատակն է՝ խրախուսել եւ նիւթապէս օժանդակել արեւմտահայ գրականութեան արդի նուիրեալներին:
Այս հիմնադրամը հազար դոլար է նուիրելու արեւմտահայ գրականութեամբ զբաղուող այն գրողներին, որոնք դիմում են կատարում շրջանային վարչութեան եւ իրենց դիմումը վաւերացւում է շրջանային վարչութեան կեանքի կոչած յանձնախմբի որոշումով։
Վերոյիշեալ նուէրը յանձնւում է գրողին, իր գործի տպագրութեան ծախսերը հոգալու նպատակով:
Նպաստին արժանանալու համար, գրական գործը պիտի լինի գեղարուեստական գրականութիւն՝ վէպ, վիպակ, բանաստեղծութիւնների հաւաքածոյ կամ թատերգութիւն, եւ գրուած՝ արեւմտահայերէնով: Աշխատութիւնները կ՛արժեւորուեն իրենց գեղարուեստական արժանիքների հիման վրայ, որոնք կ՛որակաւորուեն պատկան յանձնախմբի միջոցով:
Գործը պատրաստ պիտի լինի տպագրութեան համար եւ առկայ պիտի լինեն տպագրութեան մնացեալ նիւթական պայմանները:
Դիմումնագիրները ընդունւում են շարունակաբար, ամբողջ տարուան ընթացքին:
Հետաքրքրուողները նամակով պիտի դիմեն Համազգայինի Արեւմտեան Ամերիկայի շրջանային վարչութեան՝ ներկայացնելով իրենց անունը, ազգանունը, հասցէն, հեռաձայնի թիւը եւ ելեկտրոնային հասցէն: Դիմումնագրին պէտք է կցուեն չորս օրինակ գրական գործից, եւ տպագրութեան ծախսերի մանրամասն հաշուեցոյցը:
Համազգայինի Արեւմտեան Ամերիկայի շրջանային վարչութեան հասցէն է՝ P.O.Box 4732, Glendale, California 91222:
—————————————————————————————————
Մշակոյթի Ջահակիր Հայուհիներ
Ընդառաջելով Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. կաթողիկոսի պատգամին, որուն համաձայն՝ 2010 տարին հռչակուած է Հայ Կնոջ Տարի, Համազգայինի Կլենտէյլի «Յովհաննէս Թումանեան» մասնաճիւղը խանդավառուեցաւ մեծարելու հարաւային Քալիֆորնիոյ մշակոյթի ջահակիր 10 հայուհիներ:
Տասը ջահակիր հայուհիներն են՝ Ալիսիա Կիրակոսեան, Անի Յովակիմեան, Թալին, Լոռի Թաթուլեան, Ժանէթ Քասունի, Սիրուն Երէցեան, Սիւզի Դարբինեան, Շուշիկ Արսլանեան, Նորա Պայրամեան եւ Սալբի Քերքոնեան:
Ձեռնարկը տեղի պիտի ունենայ Հոկտեմբեր 24ին, երեկոյեան ժամը 5ին Կլենտէյլի «Գարամանուկեան» երիտասարդաց սրահին մէջ: Ձեռնարկին ընթացքին տեղի պիտի ունենայ գեղարուեստական յայտագիր: Հիւրասիրութիւնը՝ թէյասեղանով:
Տոմսերու համար կարելի է դիմել հետեւեալ թիւին՝ 818-859-2287, կամ htglendale@yahoo.com ելեկտրոնային հասցէին:
————————————————————————————————–
Ծանօթանանք «Վիզա» Խմբին
««Վիզա»ն իմ ճանաչած ամենաիւրօրինակ եւ հետաքրքիր խմբերից մէկն է։ Նրանք հրաշալի աշխատանք են կատարում արեւելեան եւ արեւմտեան երաժշտութիւնը միաձուլելու իմաստով։ Նրանց համերգները աշխոյժ են եւ հաճելի», ասել է Սերժ Թանքեանը «Վիզա» խմբի մասին։
«Վիզա»ն իր միջազգային «ռաք» երաժշտութեամբ նոր թափ է ներարկել համաշխարհային երաժշտութեան ոլորտում։ Նրանց լսելիս թուում է, թէ Արեւելեան Եւրոպայի ու Միջին Արեւելքի անապատներից է գալիս նրանց ձայնը։ «Վիզա»ն (Viza), նախկինում՝ (Visa), կազմուած է տարբեր ազգութիւնների երաժիշտներից, որոնք ի մի են հաւաքուել Լոս Անջելըսում։ Նրանք օգտագործում են բազմատարր երաժշտական գործիքներ՝ դուդուկից եւ ուդից սկսեալ, մինչեւ ծանրագոյն «ռաք»ի նուագարանները։
Խմբի ղեկավարն է K՛noup-ը, ով անվախ կերպով ղեկավարում է «Վիզա»ն՝ բեմը թնդացնելով իր վարակիչ ոգեւորութեամբ։ Նրանք արդէն հրապարակել են բազմաթիւ երգեր, որոնք իրենց երկրպագուներն են գտել հայ թէ օտար երիտասարդների մօտ յատկապէս։ Նրանց համերգները ԱՄՆ եւ Գանատայի տարածքում, միշտ էլ շատ յաջող են ընթանում։ Անցնող Օգոստոսին նաեւ հայրենիքում նրանց ելոյթները մեծ ընդունելութեան արժանացան։
«Վիզա»ն աշխատում է 2000 թուից սկսեալ։ Ներկայիս խմբի manager-ն է՝ Սերժ Թանքեանը։
—————————————————————————————————
Մի Երեկոյ՝ «MOCA»ում
Համազգայինի Արեւմտեան Ամերիկայի շրջանային վարչութեան եւ «Մոզայիկ 4» յանձնախմբի նախաձեռնութեամբ, Հինգշաբթի, Սեպտեմբերի 9ին, երեկոյեան ժամը 5-8ը, Ժամանակակից արուեստի թանգարանի (MOCA) բացօդեայ տարածքում տեղի ունեցաւ բացառիկ մի երեկոյ, ուր աշխարհահռչակ գեղանկարիչ Արշիլ Կորքիի ցուցահանդէսը դիտելու եկած արուեստասէրները առիթն ունեցան մտերմիկ մթնոլորտում վայելելու նաեւ «Մոզայիկ 4»ի մասնակից երկու խմբերի՝ Armenian Public Radio եւ A Splinter-ի, կատարումները: Ներկայ էին մեծ թուով հայ եւ օտար արուեսատասէրներ: Գնահատելի երեւոյթ էր մանաւանդ մեծ թուով երիտասարդների եւ ուսանողների ներկայութիւնը, որն ինքնին վկայում էր «Մոզայիկ»ի երիտասարդական ոգու եւ այդ ժանրին հոգեհարազատ լինելու մասին:
Կորքիի աշխատանքների այս բացառիկ ցուցահանդէսը, ուր ի մի են հաւաքուել արուեստագէտի զանազան թանգարաններում պահպանուող գործերը, անցնող տարուայ ընթացքին շրջել է Ֆիլատելֆիա, Լոնդոն եւ Լոս Անջելըս քաղաքներում: Ցուցահանդէսի բացումը Լոս Անջելըսի Ժամանակակից արուեստի թանգարանում, կատարուեց Յունիսի 6ին եւ շարունակուեց մինչեւ Սեպտեմբերի 20ը: Ցուցադրութեան էին դրուել Կորքիի շուրջ 180 աշխատանքները, հիմնականում՝ կտաւներ եւ գծագրութիւնները:
Անմոռանալի ու խիստ տպաւորիչ էր մանաւանդ արուեստագէտի գլուխգործոց՝ «The Artist and His Mother» զոյգ կտաւները, որտեղ նկարիչը տարբեր տարիքներում նկարել է նոյն նիւթը, ուր կարելի է նշմարել հասունացող մարդու մօտ չխամրող վիշտը ու մշտարթուն յիշողութիւնը:
—————————————————————————————————–
Ծանօթանանք «Մոզայիկ 4»ի Խմբերին
Հարցեր՝ Ուղղուած «Armenian Space Station» Խմբին
– Ո՞րն էր ձեր խմբի առաջին ելոյթը:
– Մեր առաջին ելոյթը տեղի ունեցաւ Հայաստանում, 1500 հանդիսատեսների ներկայութեամբ: Մենք մաս էինք կազմում «Արեւորդի» փառաօնին, որի նպատակն էր տարածել բնապաշտպանական գաղափարները Հայաստանի մանուկների մօտ: Մեզ համար երազային իրադէպ էր լինել հայրենիքում եւ ելոյթներ ունենալ: Այս անմոռանալի յուշը մեզ հետ կը մնայ մինչեւ յաւիտեան:
– Որո՞նք են ձեր ապագայ ծրագրերը:
– «Մոզայիկ 4»ից յետոյ, մենք «սթիւտիօ» ենք վերադառնալու եւ զբաղուելու ենք նոր երգեր գրելով եւ ձայնագրելով: Մենք փորձելու ենք բոլոր տեսակէտներից գերազանցել ինքներս մեզ: Մեր նոր երգերը լինելու են աւելի գիժ, աւելի ծանր եւ աւելի գեղեցիկ:
Հարցեր՝ Ուղղուած «A Splinter» Խմբին
– Ի՞նչ տեսակ երաժշտութիւն էիք լսում հասակ առնելիս:
– Ես (Աշոտ Թադէոսեան) սիրում էի Ռուբէն Հախվերդեանին եւ «Բիթըլ»ներին: Առաջին համերգը որտեղ ես ներկայ եմ եղել, դա Ռուբէնի մենահամերգն էր, Երեւանի մի գրադարանում: Սովետական ֆիլմերի եւ երաժտութեան մէջ միշտ ներկայ «քլասիք» երանգը իր խոր ազդեցութիւնն է թողել իմ վրայ: Ամերիկա գալով՝ ընդլայնուեց իմ երաժշտական ճաշակը ու նաեւ ծանօթացայ աշխարհի երաժշտութեանը: Կարելի է ասել, որ մեր խմբի բոլոր անդամներն էլ ազդեցութիւն են կրել զանազան ժանրերից, որպէս օրինակ՝ քլասիք, քլասիք ռաք, արաբական եւ հարաւ-ամերիկեան երաժշտութիւնից:
– Ձեր խմբի երկրպագուների համար ի՞նչ անակնկալներ ունէք:
– Մեր երգերը սիրողները կարող են գտնել իրենց պատմութիւնները մեր երգերի մէջ: Եղանակներ, որոնք օրերով կը հնչեն նրանց մտքերում: Նաեւ կը գտնեն հիւմորախառն երգեր: Մենք փորձում ենք խնդալ ամէն ինչի վրայ, նոյնիսկ արցունքների ընդմիջից: Մանաւանդ սիրում ենք կատակել ու խնդալ հենց մեր վրայ:
Հարցեր՝ Ուղղուած «Echocell» Խմբին
– Ինչպիսի՞ պայմաններում էք ստեղծագործում:
– Զանազան մթնոլորտներում: Յանկարծ մեքենայ վարելիս մի երգ է ծնւում մտքումս: Հէնց այդ պատճառով էլ միշտ ձայնագրութեան ինչ որ մի սարք ունեմ ինձ հետ: Ընդհանրապէս երգը ծնունդ է առնում մի «մելոդի»ից, յետոյ գրում եմ բառերը: Պատահում է, երբ մի ընկերոջ հետ խօսելիս նրանք մի բան են ասում որն ինձ հետաքրքրական է թւում: Անմիջապէս գրի եմ առնում եւ դա կարող է մի օր երգ դառնալ: Օրինակ «Soul Hangover»ը այդպէս ծնուեց: Ես մի մօտ ընկերոջ հետ խօսում էի հեռախօսով եւ նա ասաց երգի մէջ գործածուող բառերից մի քանիսը: Ես անմիջապէս անցայ այդ երգի բառերի շարադրմանը: Նաեւ սիրում եմ միասնաբար աշխատել երգեր գրելիս: Մի քանի մտքերի բախումից միշտ աւելի լաւ գաղափարներ են ծնւում: Դա գոնէ իմ փորձառութեամբ: Իմ գրած երգերը իմ կեանքի գրքի դրուագներն են: Դրանք նմանում են նրան, որ դու կեանքիդ վայրկեանները ուլունքների պէս դնում ես շշի մէջ ու ծածկում շշի բերանը: Այնուհետեւ միշտ կարող ես վերադառնալ եւ վերապրել այդ պահը:
– Ձեր երկրպագուները ինչպիսի՞ երգերի պիտի սպասեն:
– Միաժամանակ իւրօրինակ, գրաւիչ, ազդող, հաճելի եւ «էլեգանտ» են մեր երգերը:
Հարցեր՝ Ուղղուած «Armenian Public Radio» Խմբին
– Ինչպէ՞ս կազմաւորուեց ձեր խումբը:
– Ես (Մհեր) քաջալերուեցի, երբ անցեալ տարի Վիգէն Դարբինեանի համերգն էի կազմակերպում: Կապուեցի Սարոյին, ով իմ զարմիկն է: Մենք անցեալին միասին համագործակցել էինք զանազան խմ-բերի հետ: Արդէն մի առ ժամանակ էր, ինչ ես հեռացել էի «Էլեմենտ» խմբից եւ պատրաստ էի մի նոր աշխատանքի: Ռայանի հետ արդէն նուագակցել էինք մի ռաք-խմբում եւ ես հաւանում էի իր գործը: Մեր համագործակցութիւնը հէնց սկզբից լաւ ստացուեց:
– Ինչպիսի՞ պայմաններում էք ստեղծագործում:
– Երբ կատարում ես լաւ ներդրում, ստացւում է լաւ արտադրութիւն: Ուրեմն, եթէ ես ուզում եմ ստանալ հայկական լաւ երաժշտութիւն, դա յաջողւում է ընտանեկան յաճելի մթնոլորտում՝ հայկական համադամ ճաշերի շուրջ բոլորուած: Լինելով ակոստիկ նուագախումբ՝ մենք համարեա ամէն տեղ կարող ենք փորձեր անել, ուրեմն հաւաքւում ենք իրար տներում, մեր ընտանիքների շուրջ: Ծնողները մեզ կերակրում են, եւ դա լաւագոյն պայմաններն են, ուր կարող ես աշխատել:
—————————————————————————————————
«Մոզայիկ 4»ի Համերգը
Կիրակի, 2010ի Հոկտեմբերի 17ին, երեկոյեան ժամը 6ից սկսեալ, «Ֆորտ» բացօդեայ ամֆիթատրոնում տեղի է ունենալու «Մոզայիկ 4»ի համերգը: «Մոզայիկ» անուանումը խորհրդանշում է երաժշտական տարբեր ժանրերի ներկայացուցիչների միասնական եւ միատեղ ելոյթը: Այս տարի արդէն չորրորդ անգամը լինելով՝ Համազգայինի Արեւմտեան Ամերիկայի շրջանային վարչութեան եւ «Մոզայիկ» յանձնախմբի նախաձեռնութեամբ, ի մի են հաւաքուել թուով հինգ խմբեր՝ «Վիզա»ն (VIZA), «Armenian Space Station», «Echocell», «A Splinter» եւ «Armenian Public Radio» խմբերը: Երեկոյի ընթացքին հնչելու են թէ՛ անգլերէն եւ թէ հայերէն երգեր: Այս խմբերը զանազան իրենց ոճի, երաժշտական մօտեցումների ու կատարողականութեան մէջ ունեն մէկ հասարակաց եզր՝ նրանց հայկականութիւնն է: Նրանք ներկայացնում են մեր բազմատարր ու բազմերանգ համայնքը՝ իր զանազան սերունդներով ու անցեալով:
«Մոզայիկ»ի ստեղծման մտայղացումը ծնունդ առաւ 2007 թուին, երբ ժամանակի շրջանային վարչութիւնը մի խումբ երիտասարդ արուեստագէտ ու արուեստասէր անհատների հետ միասնաբար որոշեց իրականացնել Համազգայինի կարեւորագոյն նպատակներից մէկը, որն է՝ ներգրաւել երիտասարդ հայ սերունդը, քաջալերել նրանց ստեղծագործական ոգին եւ ամրապնդել մշակութային ինքնագիտակցութիւնը հայ նոր սերունդների մօտ: «Մոզայիկ»ը անցեալ չորս տարիներում փաստօրէն եղաւ այն բեմը, ուր վեր հանեց մեծ թիւով երիտասարդ արուեստագէտների տաղանդը եւ որտեղից նրանք սկսեցին առնել իրենց հաստատուն քայլերը դէպի հանրածանօթ եւ սիրուած խմբեր դառնալու ներկայ իրականութիւնը:
«Մոզայիկ 4»ի հասոյթը, ինչպէս անցեալ տարիներին, յատկացուելու է երաժշտութեան ասպարէզում ուսանողներին տրամադրուելիք կրթաթոշակներին: «Մոզայիկ 4»ի համերգը հովանաւորել փափաքողները կարող են դիմել www.hamazkayin.net հասցէին, իսկ տոմսերը կարելի է ապահովել www.itsmyseat.com հասցէով: Աշակերտական եւ ուսանողական խմբերին յատկացւում են յատուկ զեղչեր: