
ԿԼԵՆՏԷՅԼ.- Օգոստոս 29ին, Հայ կրթական հիմնարկութիւնը (ՀԿՀ) յաջողութեամբ պսակեց իր 60ամեակի տօնակատարութեան բացման ընդունելութեան հաւաքոյթն ու գինու ճաշակումը, Սանդրա եւ Փօլ Քալէմքիարեանների բնակարանում: Ներկայ էին 85ից աւելի հիւրեր՝ վայելելու որակաւոր գինին եւ համադամ ուտելիքներն ու միաժամանակ օգնելու նախավաճառման, հովանաւորելով Նոյեմբեր 6ի տարեդարձի տօնակատարութիւնը: ՀԿՀն այս նախավաճառման հաւաքոյթի հովանաւորութիւններից եւ սեղանների վաճառքից գոյացրեց աւելի քան 185,000 տոլար:
60 ամեակի յանձնախումբի նախագահ Ալ Քաբրալոֆը իր խօսքին մէջ ասաց. «ՀԿՀի վարչութեան ու 60ամեակի յանձնախումբի անունից շնորհակալութիւն եմ յայտնում բոլոր նուիրատուներին ու հովանաւորներին, որոնք առատաձեռնօրէն օժանդակեցին ՀԿՀի 60ամեակի տօնակատարութեանը: Դեռեւս երկու ամիս է մնացել մեր տօնակատարութեանը ու մենք արդէն նուաճել ենք մեր հովանաւորութեան նպատակները: Սա ապացոյցն է այն գերազանց աշխատանքի որ ՀԿՀն կատարել է անցեալ 60 տարիների ընթացքում, եւ շարունակելու է կատարել ապագայում»:
Տարեդարձի տօնակատարութիւնը տեղի է ունենալու Շաբաթ, Նոյեմբեր 6, 2010ին, նորակառոյց «Ritz Carlton/JW Marriott LA Live»ում: Փրոֆ. Ռիչարդ Յովհաննէսեանը մեծարուելու է իր բարձր գնահատանքի արժանի աշխատանքի համար, որպէս UCLA-ի ՀԿՀի Արդի հայոց պատմութեան ամբիոնի վարիչ ու իր բովանդակ կեանքի ընթացքում ՀԿՀին նեցուկ կանգնելու համար:
Նաեւ, Յակոբ ու Մինա Շիրվանեանները մեծարուելու են իրենց բովանդակ կեանքի ընթացքում ՀԿՀի եւ հայ համայնքին իրենց կատարած օժանդակութեանց համար: Հայաստանի հանրապետութեան նախկին վարչապետ դոկտ. Արմէն Սարգսեանը, Լոնդոնից ժամանելով՝ լինելու է գլխաւոր բանախօսը, եւ Նունէ Եսայեանը, յատուկ այս ձեռնարկի համար Հայաստանից ճամբորդելով իր կատարումներով խանդավառելու է երեկոն:
Եթէ ցանկանում էք մասնակցել ՀԿՀի 60ամեակի տօնակատարութեանը՝ Նոյեմբեր 6ին, խնդրում ենք անյապաղ հեռախօսել Դայան Քաբրալոֆին՝ (310) 729-1552 կամ Մելոդի Պետրոսեանին՝ (213) 891-5104 թիւերով, տոմսերի կամ հովանաւորութեան տեղեկութիւնների համար:
(Թղթակցութիւնը հիմնարկութենէն)