ՍՏԵՓԱՆ ԹՕՓՉԵԱՆ
1.
ՀԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահի նախկին առաջին տեղակալ Ալեքսան Կիրակոսեանը պատմել է. «Ով տիրապետում է Շուշիին, նա տիրապետում է Ղարաբաղը։ Ով տիրապետում է Ղարաբաղը, նա տիրապետում է Զանգեզուրը։ Լաչինի, Քելբաջարի մասին խօսք լինել չի կարող։ Զանգելանի մի մասը պէտք է միացուի Հայաստանին։ Աղդամի, Շահումեանի, Գետաշէնի մասին խօսք լինել չի կարող։ Սրանք անվտանգութեան երաշխիքներ են։ Քռի ձախ ափին 200 հայկական գիւղ ունէինք։ Ադրբեջանում 1 միլիոն հայ էր բնակւում։ Ու՞ր են այդ հայերը։ Մենք չկարողացանք քարոզչական պատերազմում ասել, որ այս հողերը մերն են։ Լեւոն Տէր Պետրոսեանը երբ իմացաւ, որ Շուշին ազատագրել ենք, գոյնը գցեց։ Պէտք է Քիւրդամիրն ու Եւլախը եւս ազատագրէինք…», )«Ազգ», 11 Ապրիլ, 2001(։ Այլ հաստատումներ եւս կան, որ ՀՀ նախագահը դէմ է եղել ոչ միայն Շուշիի այլեւ Քելբաջարի ազատագրմանը։ Աւելին, ՀՀ արտգործնախարար Ժ. Լիպարիտեանի հետ պատրաստ էր Քելբաջարը վերադարձնել Ադրբեջանին «խաղաղութեան» փոխարէն )տես իմ «Այդ Գարշ Նիւթը…» յօդուածը՝ «Ասպարէզ», 4 Օգոստոսի, 2010(։
Ահա եւս մի վկայակոչում. «Թեհրանում էր, երբ հրանօթներն սկսեցին դղրդալ Քելբաջարի կիրճերում։ Դատելով նրա շփոթուած արձագանքից՝ նրան չէին տեղեկացրել յարձակման մասին, մինչեւ որ տանկերը մտան Թարթառի կիրճը։ Հէնց որ լուրը նախագահին հասաւ, նա մի զայրացած նամակ կրակեց պաշտպանական ուժերի ղեկավարութեանը… Տէր Պետրոսեանը սկսել էր իր նախագահութիւնը Արեւմուտքին հաճոյանալու վճռականութեամբ՝ Մոսկուային արհամարհելու, Թեհրանից հեռու մնալու եւ ՆԱՏՕի անդամ Թուրքիայի հետ մերձենալու ճանապարհով» )Մ. Մելքոնեան, Ս. Գպրանեան-Մելքոնեան, Աւօ, Մոնթէ Մելքոնեանի կեանքը եւ մահը», Ե. 2007, էջ 348-349(։ Արեւմուտքի կամակատար ՀՀ նախագահը փորձում էր կատարել իր արտասահմանեան տէրերի հրահանգը։ ԱՄՆ Պետդեպարտամենտն էր առաջիններից, որ ապրիլի գին «խիստ բողոք» արձանագրեց. «Միացեալ Նահանգների կառավարութիւնը դատապարտում է այս յարձակումը», կռկռում էր պետական քարտուղար Ուորրեն Քրիստոֆերը՝ մի մարդ, որը հրճուանքով էր լցուել, երբ Թուրքիան յարձակուեց Իրաքեան Քրդստանի վրայ, իսկ Իսրայէլը՝ Լիբանանի։ Յետոյ եւրոպական համայնքը եւ «Միացեալ ազգերի անվտանգութեան խորհուրդը» հետեւեցին նրանց օրինակին» )նոյն տեղում, էջ 347(։
Պաշտօնավարման սկզբից իսկ ԼՏՊ ին յատուկ անսքօղ հակազգային դիրքորոշման «ինքնարդարացման» օրինակներից է ՀՀ Ազգային անվտանգութեան խորհրդի 1998ի Յունուարի 8ի նիստում նրա ելոյթը. «…Հայաստանը, որ Ղարաբաղի գոյութեան միակ երաշխիքն է, ի վիճակի՞ է երկար ժամանակ պահպանել ստատուս քուոն, միաժամանակ ապահովելով իր նորմալ կենսագործունէութիւնը, տնտեսական բարգաւաճումը, ռազմական հզօրութիւնը, ինչպէս նաեւ յաղթահարելով շրջափակումների յարուցած դժուարութիւններն ու դիմագրուելով միջազգային աճող ճնշումները։ Կարող էք ինձ յոռետես համարել, բայց ես չեմ հաւատում նման հրաշքի։ …Ղարաբաղեան հակամարտութեան պատճառով խորացող Հայաստանի քաղաքական մեկուսացումը, շրջափակումները եւ արտասահմանեան ներդրումների բացակայութիւնը։ Քանի դեռ չեն վերացել այդ գործօնները, ինչպիսի իշխանութիւն էլ լինի Հայաստանում, ինչպիսի հանճարեղ մարդիկ էլ գտնուեն կառավարութեան ղեկին, միեւնոյն է, ոչ միայն չի յաջողուելու ապահովել երկրի տնտեսական զարգացման նորմալ ընթացքը, այլեւ հնարաւոր չի լինելու լուծել առկայ սոցիալական խնդիրները»։ Իր նախընտրական ուղերձում եւս )24 Յունուարի, 2008( նա շեշտեց, որ Սերժ Սարգսեանի ընտրութեան պարագայոմ «Չի յաղթահարուելու Հայաստանի քաղաքական եւ տնտեսական մեկուսացումը, մեծանալու է Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման վտանգը»։
Որ ազատագրուած տարածքների զիջումներով Հայաստանի տնտեսութիւնը զարգացնելու անհեթեթ գաղափարը ոչ մի կերպ դուրս չի գալիս նրա եւ իր համախոհ ոչ պակաս «հանճարեղ», ուղեղներից հերթական անգամ հաստատուեց ՀՀՇ 16րդ համագումարում. «Առանց ղարաբաղեան հակամարտութեան եւ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման, Հայաստանը անվտանգութեան, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելաւման հեռանկար չունի, անկախ այն հանգամանքից, թէ ում ձեռքում կը լինի իշխանութեան ղեկը… Քանի դեռ ղարաբաղեան հակամարտութիւնը կարգաւորուած չէ, պատերազմի վտանգը վերացած չի կարելի համարել։ «Փոխզիջման այլընտրանքը պատերազմն է» պնդումը ուժը չի կորցրել եւ երբեք չի կորցնի» )«Հետք» օրաթերթ, Յուլիսի 17, 2010(։
Բազմիցս նշուել է՝ «փոխզիջում» չկայ, քանզի Ադրբեջանը ոչինչ չի զիջում, պահանջում է ողջ ներկայ Արցախը, հերթի է Զանգեզուրը, աւելին՝ շարունակ լկտիօրէն պնդում է, որ Հայաստանի հանրապետութիւնն էլ ադրբեջանական հողերի վրայ «ինքնորոշուած» միաւոր է։ Պատերազմի այլընտրանքն, ուստի, չի կարող անգօ «փոխզիջումը» լինել։ Թրքախոստում խաղաղութիւնը կոտորածն է։ Ուստի անհնար է խաղաղութիւն ստանալ, ողջ Արցախն ու Զանգեզուրն անգամ նուիրելով։ Նրանց բուն նպատակը Հայաստանի դիակի վրայով «մի ազգի» Թուրքադրբեջան մի պետութիւն հիմնելն է։ Նոյն նպատա՞կն է հետապնդում լեւոնական ամբոխների ազգուրաց, «հանճարեղ» կուռքը տարածքներ զիջելու երկարամեայ իր տաղտկալի յանգերգով։ Քաղաքական կուրութիւնը խանգարու՞մ է տեսնել այս բացայայտ վտանգը՝ կարծում ենք, ժողովրդի տուած «քոռ» մականունը լոկ բանահիւսական նշանակութուն չունի, չի կարող չտեսնել։
Որքան հասկանալի է Իլհամ Ալիեւի՝ «Ստատուս քուոն չի կարող շարունակաբար պահպանուել» պնդումը, նոյնքան անհասկանալի պիտի լինէր՝ ԼՏՊն ինչո՞ւ է պնդում նոյնը, ինչո՞վ են տարբերւում Ադրբեջանի ներկայ ղեկավարի եւ Հայաստանի նախկին ղեկավարի համոզմունքները։ Բացառիկ մտաւոր կարողութիւննե՞ր են հարկաւոր, ըմբռնելու, ի՞նչ արժէ ներկայ Արցախի 13 հազար քկմ. հողը, երբ ոչխարն անգամ, այնտեղ արածելիս կը զգայ դրա կենսական նշանակութիւնը։ Տնտեսական զարգացման այդ ի՞նչ արտառոց եղանակ է յայտնագործել «հանճարը»՝ հարստանալ սեփական երկրի բարեբեր տարածքները թշնամիներին նուիրելով։ Ազգուրացութիւնը՞, թէ «ստատուս քուո»ն է խանգարում արդիւնագործել Արցախի տարածքը եւ լուծել սոցիալական հարցերը:
Արմէն Գրիգորեան անունով մի լեւոնական իր «Գենետիկ անհամատեղելիութիւն» գրութիւնում )որին չէինք անդրադառնայ, եթէ ազգուրացութիւն հիւանդութեան բնորոշ ախտանշաններ չդրսեւորեր(, համոզուած, թէ հայ-թուրքական սահմանի բացուելիս Հայաստանը տնտեսական կտրուկ վերելքի եւ բնակչութեան կենսամակարդակի զգալի աճի հնարաւորութիւն կը ստանայ, եզրակացնում է. «…Նորմալ մարդիկ ցանկանում են, որ սահմանն օր առաջ բացուի, իսկ ահա դաշնակները չեն ցանկանում։ Չէ՞ որ սահմանի բացումը մեծ սպառնալիք է Դաշնակցութեան համար. նրանք կարող են խոշոր կորուստներ կրել, թէ «Հայ Դատի» բիզնեսի, թէ օտարերկրեայ յատուկ ծառայութիւնների հետ համագործակցութեան գծով… Ա. Գիւլի այցի ընթացքում թուրքի արիւն խմելու իրենց ցանկութիւնն արտայայտած դաշնակներն իրականում արդէն երկար տարիներ դա իրականացնում են իրենց ցեղակիցների հանդէպ. օրինակներն աւելի քան շատ են» )«Ժամանակ», Լ. Ա., 26 Սեպտեմբերի, 2008(։ Թուրքերը բաց սահմանով գալիս, աշխուժօրէն «զարգացնում» են իրենց բարեկամ Վրաստանի տնտեսութիւնը, բայց «կտրուկ վերելքի» ստուերն իսկ չկայ այնտեղ։ Թէ սահմանը բացուելիս ինչու՞ թուրքերը պիտի զարգացնեն բնաւ էլ ոչ բարեկամ Հայաստանի տնտեսութիւնը՝ միայն լեւոնականները եւ սատանան գիտեն։ Եթէ նախագահութեան թեկնածու ԼՏՊն տականք էր կոչում իրեն չմիացածներին, ուստի պարզ էր, յաղթելուց յետոյ ինչ էր սպասում նրանց, ապա նրանց աննորմալ համարելը «բարեկրթութեան» նշան կարելի է համարել։ Յայտնի է, որ դաշնակները եւ բոլոր «աննորմալ» մարդիկ ոչ թէ չեն ցանկանում բացել սահմանը, այլ դէմ են թուրքական նախապայմաններին, մասնաւորաբար՝ դրա փոխարէն Արցախը մաս առ մաս Թուրքադրբեջանին նուիրելուն։ Որ մարտնչող լեւոնականների «գենետիկական» ատելութեան պատճառը դաշնակցութեան հանդէպ, հայկական տարածքները պաշտպանելն ու պահպանելն է, երեւում է նաեւ հետեւեալ հայատեաց պնդումից, ըստ Ա. Գրիգորեանի, հայի «արիւն խմելու» օրինակներից է «երեք ռազմաճակատները»։ Ծայրայեղ ապականուած, ոճրանիւթ ուղեղ պէտք է ունենալ՝ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի յարձակումներով պարտադրուած երեք ռազմաճակատները հայի «արիւն խմելու» դաշնակցական «սովորոյթի» վերագրելու համար։ Հայաստանի Առաջին հանրապետութեան դաշնակցական կառավարութիւնը ծանրագոյն իրավիճակում չպաշտպանէր ժողովրդին ու երկիրը, այսօր նման մոլագար լեւոնականներ ծնուած չէին լինի եւ իրենց ժահրը չէին թափի ահռելի զոհաբերութիւններով, աներեւակայելի հերոսականութեամբ ժողովրդին իսպառ ոչնչացումից փրկելով սերունդների կեանքի դուռը բացողների վրայ։ Հայի «արիւն խմելու» օրինակ է նաեւ «Բաքու-æեյհան եւ Բաքու-Էրզրում խողովակաշարերին «ջախջախիչ հարուած հասցնելու» մտադրութիւնը։ Այդ գրչակը չի՞ հասկանում, իր ասածի իմաստը, թէ՞ ուղղակի թուրքադրբեջանական քարոզչութիւն իրականացնող մի անարգ գործակալ է։ Այդ նաւթատար խողովակների շնորհիւ Ադրբեջանն արդէն երկու միլիարդ դոլարից աւելի ռազմական բիւջէ ունի Հայաստանի դէմ պատերազմ սանձազերծելու, հայի արեան գետեր հոսեցնելու համար։ Ուրեմն, եթէ Ադրբեջանը պատերազմ սկսի, պայթեցնելը, որպէսզի նաւթուգազի փողերով չարնաքամեն Հայաստանի ժողովուրդը, կը նշանակի թէ Դաշնակցութիւնը հայի արիւն է խմո՞ւմ։ Նման ծախուածների համար Հայ Դատը ընդամէնը «բիզնես» է, քանի որ կազմակերպում է հայերի ցեղասպանութիւնների ընդունման, հետեւանքների վերացման, պահանջատիրութեան գործը։
Այժմ տեսնենք, օտարերկրեայ յատուկ ծառայութիւնների հետ ո՞վ՝ ինչպէ՞ս է համագործակցում։
2.
Մոռանանք «Ազգային գաղափարախօսութիւնը կեղծ քաղաքական կ՛ատեգորիա է» դարակազմիկ մտայղացումը, քանզի այժմ ԼՏՊն իր լեւոնականներով ծուարել է, այսպէս կոչուած՝ Հայ ԱԶԳԱՅԻՆ կոնգրեսում։ Հասկացան, որ աւելի լաւ է «կեղծ ազգային»ը, քան թէ «անկեղծ» հայոց համազգայինը։ Այսուհանդերձ, ով ինչպէս, բայց ԼՏՊն պատմութեան մէջ կը մնայ առնուազն, «Փոխզիջման այլընտրանքը պատերազմն է», «Մեր պաշտպանուածութիւնը մեր անպաշտպանուածութեան մէջ է», «Պատմութիւնը կեղծ գիտութիւն է», «Շոկոթերապիա նշանակում է՝ շոկ՝ թերապիայի միջոցով», «Փող չունէ՞ք, հարեւանից պարտք առէք», եւ այլ անմահ աֆորիզմներով։ Վերջին՝ սոցիալ-տնտեսական խորիմաստ յայտնագործութիւնը, սակայն, փոխադրելով արտաքին յարաբերութիւնների ասպարէզ՝ որոշեց ոչ թէ հարեւանից պարտք առնելով ազգի գոյատեւման փուչ յոյսեր փայփայել, այլ հարեւանին տարածքներ նուիրելով՝ քաջնազարապէս ազգը ռադ անել երկրից ու այս աշխարհից։
Ինչո՞ւ…
«Գոլոս Արմէնիի», 2009ի Հոկտեմբերի 12ի եւ Նոյեմբերի 24ի համարներում տպագրուեցին ԱՄՆի Կենտրոնական հետախուզական վարչութեան եւ ԽՍՀՄ ՊԱԿի հետ Լ. Տէր Պետրոսեանի կապերը բացայայտող երկու յօդուած )«Իմանալով ով է Լեւոնը՝ ես չեմ կարող լռել…», «Թասակներ՝ դեմոկրատ նախագահի համար», հեղինակներ՝ Ա. Վարդանեան եւ Լ. Միքայէլեան, մանրամասներին հետաքրքրասէր ընթերցողը կարող է ծանօթանալ յօդուածների էլեկտրոնային տարաբերակով. http://www.golos.am/index.php?option=comcontent&task= view&id=49541 եւ 51041(։ Կայ նաեւ դրանց հայերեն արձագանգը՝ )«panorama.am», Հոկտեմբերի 24, 2009, www.panorama.am/am/press/2009/10/24/manual/(։
ԵՊՀ Արեւելագիտութեան ֆակուլտետը 1968ին աւարտելուց տարիներ անց ՀՀ ապագայ նախագահին ներգրաւել են ՊԱԿ. «ՊԱԿի գործակալ Լեւոն Յակոբի Տէր Պետրոսեան՝ անձնական համարը ժ-385292, իր ճանապարհն այդ հզօր կառոյցում սկսել է 1977ի Մայիսի 29ին, երբ Կազբեկ գաղտնանունով ՊԱԿի գործակալը, որը ապագայ նախագահին ճանաչում էր համատեղ աշխատանքից, նրան որակեց որպէս ուղղամիտ, շիտակ, լուրջ գիտելիքներով, կոլեկտիւում սիրուած անձնաւորութիւն։ Կազբեկի զեկոյցի հիման վրայ, 1977ի Հոկտեմբերին Հայաստանի ՊԱԿի 1ին բաժնի լիազօր Մ. Յակոբեանը ՊԱԿի ղեկավարութեանն է յանձնում հետեւեալ եզրակացութիւնը. «Տէր-Պետրոսեանին վերաբերող նիւթերը ներկայացնել Մինիստրների խորհրդին կից ՊԱԿի յատուկ կադրերում նրա հաշուակցման վերաբերեալ որոշում ընդունելու համար»։ ԼՏՊի գործում «խորհրդատու» է եղել ՊԱԿի գեներալ Օլեգ Կալուգինը…
Միւնխենում «Հայոց խնդիրների» ինստիտուտի տնօրէն, դոկտոր Էդուարդ Յովհաննիսեանը իր բաց նամակում նշել է. «ՊԱԿի զեկոյցներում պարզ գրուած է, որ դուք խիզախաբար նռնակներ էիք պայթեցնում, եւ պարգեւատրուել էք ջանասիրութեան համար։ Դուք շատ լաւ գիտէիք, թէ որտեղ էք ծառայում եւ յայտարարել էիք, որ պատրաստ էք ՊԱԿի միջոցով ծառայել հայրենիքին։ Այս ամէնը յանցագործութիւն չէ, քանի որ ժամանակն էր այդպիսին։ Ձեր յանցանքը աւելի ծանր է, քանի որ գիտակցաբար էք գործել… Սակայն այս յանցագործութեան ակունքները Հայաստանում չպէտք է փնտռել եւ ոչ էլ ձեր շրջապատում… Դուք՝ պարոն նախագահ, մասոնների օգնութեամբ, փորձում էք ամերիկացնել Հայաստանը, ինչը կործանարար կը լինի մեր հայրենիքի համար։
Սրանով է պայմանաւորուած Դաշնակցութեան նկատմամբ ձեր ատելութիւնը…» )«Ազատամարտ», Օգոստոսի 111-17, 1992(։
)Ծանօթագրում՝ նախավերջին նախադասութեան. «…ուղղակի ապացոյցներ,- կարդում ենք Լ. Միքայէլեանի վերոնշեալ յօդուածում,- մեր տրամադրութեան տակ դեռեւս չունենք… մինչդեռ, եթէ ի մի բերենք տարբեր մարդկանց առանձին վկայութիւնները, օրինակ՝ Խ. Ստամբոլցեանի եւ այլոց հաստատումները՝ ժ. Լիպարիտեանի եւ ԼՏՊի մասոնութեան… բանտարկութիւնից ազատուելուց յետոյ «Փարիզի որոշ շրջանները այցելելու մասին… ապա կը ստեղծուի բաւական յստակ ու ամբողջական պատկեր»(։
ՊԱԿի հետ գործակցութեան փաստը լայնօրէն յայտնի դարձաւ 1992ին, բուռն հակասովետիզմի շրջանում, բայց դա զարմանալիօրէն, բոլորովին չազդեց ԼՏՊի հեղինակութեան վրայ։ Այժմ կարելի էր հանգիստ ընդունել այդ փաստը՝ ՊԱԿի աշխատակիցներ են եղել ՌԴ ներկայ իշխանութիւններում ընդգրկուած շատ գործիչներ, սկսած Վ. Պուտինից, որոնք պաշտպանում են իրենց հայրենիքի շահերը։ ԼՏՊն եւս չէր մեղադրուի, եթէ ՊԱԿի գործակալի իր փորձը ջանադրութեամբ ծառայեցնէր իր երկրի շահերին։ Մինչդեռ այս դէպքում եւս նա գործեց ի վնաս:
Դա պարզւում է, օրինակ, զրուցավար Հմայեակ Յովհաննիսեանի հարցով Օլեգ Կալուգինին. «…Հայ հասարակութեան որոշ ներկայացուցիչներ խօսում են ՊԱԿի հնարաւոր ազդեցութեան մասին նաեւ «Ղարաբաղ» կոմիտէի անդամների վրայ։ Մասնաւորապէս նշում են… Կրիւչկովի իւրայատուկ խնամակալութիւնը դեմոկրատ նախագահի նկատմամբ։ Կրիւչկովը, որն ըստ տրամաբանութեան, պէտք է, որ վատ վերաբերուէր դեմոկրատ նախագահին, զրահապատ մեքենայ է յատկացրել՝ վերջինիս անվտանգութիւնն ապահովելու համար… 1991ին»։ Ի պատասխան՝ գեներալը շեշտել է, որ ՊԱԿը միշտ աշխատել է ճարպկօրէն բանեցնել կուսակցութիւններին, շարժումները, մարդկանց. «Բանտը շատ յարմար վայր է դրա համար… բայց քանի որ ես չունեմ համապատասխան տեղեկատուութիւն, չեմ կարող ոչ հերքել, ոչ էլ հաստատել ձեր յիշատակած վարկածը»։ «…1990ին Հայաստանի դատախազ Վլադիմիր Նազարեանը,- շարունակում է զրուցավարը,- այսօր, իր հրապարակումներում հաստատում է, որ այն ժամանակ «լիդերներ» էին որոնում, որոնք կը կարողանային վերացնել Հայաստանին Լեռնային Ղարաբաղի միացման խնդիրը։ Ասում են, Գորբաչովը հարցրել է… Հայաստանի կոմունիստական լիդերներին՝ կարո՞ղ են դա կատարել։ Երբ նրանք բացառել են այդ հնարաւորութիւնը, Գորբաչովը յայտնել է, որ կը գտնի իրավիճակին տիրապետող մարդկանց», )«Ազատամարտ», Յուլիսի 13-19, 1993(։
Ովքեր մասնակցում էին Իգոր Մուրադեանի եւ Վաչէ Սարուխանեանի նախաձեռնած ղարաբաղեան շարժման ցոյցերին, չէին կարող չնկատել նրանց անսպասելի փոխարինումը «Ղարաբաղ» կոմիտէի միանգամայն նոր խմբով, որի մի քանի անդամներ ներգրաւուած են եղել ՊԱԿում։ Վաչէ Սարուխանեանը յիշում է. «1988ի Փետրուարի 25ին, Կարէն Դեմիրճեանը հեռախօսակցել է Միխայիլ Գորբաչովի հետ, վերջինս հարցրել է.
– Ղարաբաղ կոմիտէի այդ տղաներն իրօք այդքան ուժե՞ղ են։
– Ոչ, Միխայիլ Սերգեւիչ, սակայն նրանց մէջ կան երկուսը, որ իրենց ազգային գաղափարներով մեծ ազդեցութիւն ունեն ժողովրդական լայն զանգուածների վրայ:
Եւ յայտնում է Իգոր Մուրադեանի ու Վաչէ Սարուխանեանի անունները։
– Լաւ, ձեզ մօտ է ժամանում ԽՄԿԿ Կենտկոմի գաղափարախօսութեան հարցերով գլխաւոր վարչութիւնից ընկեր Խարչենկոն, որը կ՛օգնի փոխել առաջնորդներին եւ ցրել հակասովետական տրամադրութիւնները», )«Հայոց Աշխարհ», Մարտի 27, 1998(։
Նրանք «պատուով» կատարեցին այդ գործը:
3.
Հայաստանի յատուկ ծառայութիւնների նախկին աշխատակից Մ. Ա.ն, 1988ին հանդիպելով ՀԽՍՀ ՊԱԿի նախագահ Մարիուս Եուզբաշեանի հետ՝ համոզուել է, որ նա յստակ հասկանում էր՝ «Լեռնային Ղարաբաղ» խաղատախտակի գլխաւոր խաղացողները ոչ թէ Հայաստանն ու Ադրբեջանն են, այլ ԽՍՀՄը եւ ԱՄՆը, եւ չիմանալով նրանց մտադրութիւնները՝ շատ բարդ կը լինի Հայաստանի ճիշդ մարտավարութիւն ընտրելը, իրավիճակի վրայ որեւէ կերպ ազդելու համար։ Կապ ստեղծելով Մոսկուայում ԱՄՆի դեսպանատան հետ, ապա տեղափոխուելով ԱՄՆ, խորհրդակցելով հիմնականում ԿՀՎ աշխատակիցների հետ, Հայաստանի անկախացումից յետոյ վերադառնալով Երեւան, ամերիկեան հետախուզութեան ռեզիդենտ Ռալֆ Լարսենի առաջարկով փորձել է կազմակերպել ԱՄՆ-Հայաստան վստահութեան ստեղծման յարմար անձանց անունները։ Նրանց թւում էր՝ պետ-անվտանգութեան գծով ՀՀ նախագահի գլխաւոր խորհրդականի առաջին տեղակալ Վահան Աւագեանը։ Երկու երկրների միջեւ տեղակատուական եւ օպերատիւ կապեր հաստատելու ընթացքում, «Վահանից տեղեկութիւն էր ստացւում, որ ամերիկացիները եռանդով աշխատում են Լեւոնի հետ, նրան հանդիպում են աւելի ու աւելի շատ մարդիկ։ Ես հասկանում էի, որ ԿՀՎն ուսումնասիրում է Տէր Պետրոսեանին՝ որպէս հաւաքագրման պոտենցիալ օբյեկտ… Գործը հասնում էր անհեթեթութեան. օրինակ, Երեւանում ԱՄՆի դեսպանատան ընդամէնը քարտուղար Ռոզմարի Ֆորսայթը, կարող էր կէսգիշերին զանգել եւ խօսակցութիւն պահանջել նախագահի հետ։ Երբ Լեւոնին զեկուցում էին այդ մասին, նա վրդովուում էր՝ իբր՝ ինչու՞ չեն յայտնել իրեն… Վահանը յստակ հասկանում էր, որ յատուկ ծառայութիւնները իրենց բնոյթի համաձայն կը ձգտեն ուժեղացնել ազդեցութիւնը ԼՏՊի վրայ, եւ վերջինիս վարուելակերպից ու նրա ընդունած որոշումներից աւելի ակնյայտ էր դառնում, որ ամերիկացիները կոնկրետ արդիւնքների են հասնում»։ ԿՀՎականների հետ իմ զրոյցներում, նկատուեց, նշում է Մ. Ա.ն, «…որ ամերիկացիները պատրաստում են բոլոր տարածքների վերադարձ՝ ինչ-որ բանով փոխանակելով… Վահանն ինձ ասաց, որ ինքն էլ նման տեղեկութիւն ունի, եւ աւելացրեց, որ իր տպաւորութեամբ՝ Տէր Պետրոսեանը պատրաստ է յանձնել բոլոր հայկական տարածքները )տես «Գոլոս Արմէնիի», 25.08.09։ Փորձելով նրան հետ պահել այդ մտադրութիւնից, Աւագեանը հարցրել է. «Լեւոն, էս ի՞նչ ես անում…»: «Քո գործը չի», պատասխանել է նա եւ դուրս հրաւիրել առանձնասենեակից, «Գոլոս Արմէնիի», 12. 19. 09)։
Աւելորդ է բացատրել, թէ ինչպիսի՛ վտանգ է ներկայացնում երկրի ղեկավարը, որը ենթարկւում է արտասահմանեան պետութեան յատուկ ծառայութեանը։ Կատարուողի էութեանը տեղեակ Աւագեանը ԼՏՊի եւ նրա շրջապատի համար դարձաւ ծայրայեղ անհանդուրժելի։ Այն ժամանակ արդէն գիտէին, որ քաղաքական աղմկալի մի շարք սպանութիւնների կատարողը Սիրադեղեանի կազմակերպած ՆԳՄ յատուկ ստորաբաժանումն էր։ Վ. Աւագեանը տեղեկատուութեան հոսքում տուեալներ էր ստանում այդ մասին։ 1994ին Վանոն հեռուստատեսութեամբ ելոյթ ունեցաւ՝ Վ. Աւագեանին մեղադրելով Ռուսաստանի օգտին լրտեսութեան մէջ։ Խուսափելով մահուան սպառնալիքից, այդ ժամանակ Մոսկուայում գտնուող Աւագեանը մեկնեց Սոֆիա, Մարտի կէսին մամլոյ ասուլիսով լայն արձագանգ հաղորդեց կատարուածին։ Մ.Ա.ն Նիւ Եորքի ԿՀՎ բաժնի ղեկավարի, ապա Մոսկուայում Ռալֆ Լարսենի միջոցով կարողացել է փրկել Վահանի կեանքը։
1994ի Յուլիսի 15ի հանրահաւաքում, Աշոտ Մանուչարեանի հաւաստումով, հանրապետութեան նախագահի հրահանգով են սպանուել Մարիուս Իւզբաշեանն ու Համբարձում Ղանդիլեանը։ Հայաստանում հազիւ թէ գտնուէր «Ղարաբաղ-2» կոմիտէի ստեղծման, արտասահմանեան յատուկ ծառայութիւնների հետ գործակցող որոշ անդամների մասին, Մարիուս Իւզբաշեանից աւելին իմացող մէկը։ Ուստի, ՊԱԿի եւ ԿՀՎի գործակալ ԼՏՊի ու միւսների համար ամենավտանգաւոր այդ անձը պէտք է վերացուէր։
«Գոլոս Արմէնիի» ներկայ հրապարակումներից յետոյ ո՛չ անձամբ ԼՏՊն, ո՛չ ՀՀՇական ու ՀՀՇամերձ մամուլը հերքման ո՛չ մի փորձ չեն արել։ Որեւէ երկրում նման հրապարակումներ յայտնուէին՝ մեծ աղմուկ կը բարձրանար, բայց ո՛չ Հայաստանում, ո՛չ անգամ Սփիւռքում։ Հայը դարերով վարժուե՞լ է դաւաճանների գոյութեանը. անխուսափելի, միանգամայն «հասկանալի», միանգամայն «բնական» գոյութեանը։ Աւելի եւս՝ «բնական», երբ ազգուրաց դաւաճաններին շրջապատում են յաճախ ահռելի զանգուածներ. չմոռանանք՝ ՀՀ նախագահի վերջին ընտրութիւններում ԼՏՊն ստացաւ աւելի քան 350 հազար ձայն։ Անհնար է անբուժելի լեւոնապաշտութեամբ տառապողներին հասկացնելը, որ իրենց անփոխարինելի կուռքը օտարերկրեայ յատուկ ծառայութիւնների կամակատար է։ Եթէ դա յօրինուածք համարենք, ապա անհասկանալի կը մնայ, թէ ի՞նչն էր դրդում նրան եւ նրա ՀՀՇական զինակիցներին իշխանութիւն նուաճելու առաջին օրուանից առ այսօր յամառօրէն պահանջել Արցախի զոհաբերում Ադրբեջանին, սկսելով ազատագրուած տարածքներից։ Եւ ընդհանրապէս, ինչո՞ւ են ձգտում թուրք-ադրբեջան հարեւանների հետ յարաբերութիւններ հաստատել միակողմանի զիջումներով ի վնաս Հայաստանի եւ հայ ժողովրդի։ Բայց խնդիրը չի սպառւում ՊԱԿի եւ ԿՀՎի հետ նրա առնչութիւններով։ Հետաքրքիր է, օրինակ, երբ է սկսուել եւ ինչքան կը տեւի Իսրայէլի դրօշի տակ նրա պարը, որի մի հատուածի )այդ անգամ անթասակ( ականատեսը Երեւանի Ազատութեան հրապարակում հաւաքուած ժողովուրդն էր։