ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԷՍԵԱՆ
Ադրբեջանի հարաւային շրջաններում վերջին օրերին իրավիճակը կտրուկ սրուել է: «Լենքորանում ոչ պաշտանական արտակարգ դրութիւն է տիրում», գրում է ադրբեջանական «Պոլիգոն (Poligon) ինտերնետ- պարբերականը:
Աւելի վաղ ծանուցուել էր, որ այդ շրջանի տարածքում յայտնուել են «ծայրայեղ հաւատացեալներ, որոնք տեղի հոգեւոր սպասաւորներին մեղադրում են իսլամը չյարգելու, արարողութիւնները ոչ ճիշտ անցկացնելու մէջ»: Այդ հողի վրայ արձանագրուել են ծեծկռտուքի փաստեր: Իսկ Մասալիի շրջանում դիմակայութեան հետեւանքով կայ սպանուած: Յանցագործութիւն կատարելու մեղադրանք է առաջադրուել Լենքորան քաղաքի մի քանի բնակչի, որոնք ձերբակալուած են: Նախօրէին ձերբակալուածների հարազատները եւ մտերիմները, շուրջ 200 մարդ, քաղաքի կենտրոնական հատուածում բողոքի ցոյց են կազմակերպել, որը դաժանօրէն ցրուել է: Յատուկ ջոկատայինները ցուցարարների դէմ արցունքաբեր գազ են օգտագործել, ապա ծեծել: Չորս տասնակ մարդ ձերբակալուել է, այդ թւում՝ մի հոգեւորական:
Այդ դէպքից յետոյ է, որ Լենքորանում արտակարգ իրավիճակ է յայտարարուել: Քաղաքի ելումուտքը վերահսկւում է ոստիկանութեան ուժեղացուած կարգախմբերի միջոցով:
«Պոլիգոն»ի վերլուծաբանի հայեացքով, այդ իրադարձութիւնների թիկունքում կանգնած է Իրանը: Դա բացատրւում է նրանով, որ «Ադրբեջանը չափազանց մեծ յոյսեր է կապել Ղարաբաղի հարցում Ռուսաստանից ստանալիք աջակցութեան հետ: Այժմ, երբ այդ յոյսերը չեն արդարանում, Ադրբեջանը մտադիր է վերափոխել արտաքին քաղաքականութեան վեկտորը (ուղղութիւնը-Խմբ.) եւ օժանդակութիւն փնտռել Արեւմուտքում: Իսկ Ադրբեջանում արեւմտեան ազդեցութեան ուժեղացումը սպառնալիք է Իրանի համար»: Ահա թէ ինչու, ըստ վերլուծաբանի, Իրանը «որոշել է կանխարգելիչ քայլեր ձեռնարկել»:
Նոյն աղբիւրը նաեւ ակնարկում է, որ զուգահեռաբար աշխուժացել է նաեւ Ռուսաստանում բնակուող «թալիշական անջատողականութիւնը»: Փաստեր կամ անուններ առայժմ չեն նշւում:
Փոխարէնը ինտերնետ- պարբերականը, յղում անելով «լաւատեղեակ աղբիւրներին», գրում է, որ ընթացիկ շաբաթասկզբից Ադրբեջանը միակողմանիօրէն խստացրել է Իրանի հետ անցուդարձը: Մասնաւորապէս, Աստարայի մաքսակէտում, որտեղից մինչ Լենքորանի դէպքերը օրական շուրջ 2000 մարդ մուտք էր գործում Ադրբեջան, ներկայումս սահմանուել է ոչ աւելի, քան օրական 150-200 մարդու մուտքի քուոտա (նախասահմանուած քանակ, թիւ-Խմբ.):
Այդ պատճառով առաջանում են կուտակումներ: Մարդիկ օրերով չեն կարողանում անցնել մաքսակէտը եւ ստիպուած գիշերում են բաց երկնքի տակ, քանի որ նման դէպքերի համար անհրաժեշտ կառոյցներ չկան:
Ուշագրաւն այն է, որ սահմանափակումը տարածւում է ոչ միայն Իրանի, այլեւ Ադրբեջանի քաղաքացիների վրայ, որոնք Իրանից վերադառնում են հայրենիք կամ ուզում են մեկնել հարեւան երկիր:
Ինչպէս յայտնի է, Իրանը միակողմանիօրէն վերացրել է Ադրբեջանի հետ վիզային ռեժիմը, մինչդեռ պաշտօնական Բաքուն «տեխնիկական բնոյթի պատճառաբանութիւններով» չի շտապում արձագանքել իրանական կողմի նախաձեռնողականութեանը:
Ադրբեջանի հարաւային շրջանների բնակչութեան զգալի մասը էթնիկ թալիշներ են, որոնք լեզուական, մշակութային եւ դաւանաբանական սերտ կապէր ունեն Իրանի հետ: 1993 թ. այդ տեղաշրջանում հռչակուել էր Թալիշ-մուղանեան հանրապետութիւն Ալիքրամ Հումբաթովի գլխաւորութեամբ: Թալիշների ազգային զարթօնքը բռնաճնշուել է: Շարժման ղեկավարների մի մասը վտարանդուել է, միւսն առ այսօր դատապարտուած է երկարաժամկէտ կալանքի:
«Ազգ»
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԷՍԵԱՆ Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան Ազգային Ժողովի պատգամաւոր է: