Ֆալլոսի Պաշտամունքը
ՍՏԵՓԱՆ ԼԻՍԻՑԵԱՆ

Ֆալլոսի պաշտամունքը տարածուած է եղել հայկական լեռնաշխարհի զանազան կողմերում: Քարից շինած ֆալլոսների մի քանի օրինակներ գտնուած են Էջմիածնում, Երեւանում, Դուինում եւ այլ վայրերում (երբեմն պատուանդանով): Դրանցից մի քանիսը տեղափոխուած են Հայաստանի պատմական թանգարանը: Այդ պաշտամունքը տարածուած էր նաեւ Փիւնիկիայում: Նեղոսի հովտում, օրինակ՝ հռչակաւոր փարոսը, Փոքր Ասիայում եւ աւելի արեւմուտք, նոյնպէս եւ մեծ Կովկասի հիւսիսային վայրերում, ընդհանրապէս ընդարձակ տարածութեան վրայ: Ֆալլոսի հետ տրամաբանօրէն զուգորդւում էր բեղմնաւորելու զօրութիւնն ու ամենուրեք նրա պաշտամունքի արարողութիւնների մէջ խիստ ակնբախ կերպով երեւան էր գալիս մի ձգտում ՝ այդ զօրութեան ազդեցութիւնը մարդկանց մօտ ուժեղացնելու եւ նրա միջոցով նաեւ արթնացնելու եւ ուժեղացնելու կանանց մէջ որդեծնութեան ունակութիւնը: Այդ հին սովորութիւններից շատ բնորոշ օրինակներ պահպանուել էին Զանգեզուրում, որտեղ նրանք դեռ շատ ուժեղ էին մինչեւ սովետական կարգերի հաստատուելը: Այդ պաշտամունքի վերապրուկները դեռ նշմարւում են: Այստեղ, շրջանային կենտրոն Սիսիանից (Սիսաւանից, նախկին Ղարաքիլիսայից) մի չորս-հինգ կիլոմետր հեռաւորութեան վրայ դէպի Գորիս տանող խճուղու աջ կողմում մի քարոտ հրապարակի մէջտեղում դուրս է ցցւած մի պորտանման քար: Հայերը այն կոչում են պորտաքար, իսկ թուրքերը՝ գօբայ դաշ: Այդ քարի մակերեսն, ինչպէս եւ նրա շուրջը եղած հրապարակը ողորկուած են բազմաթիւ յաճախորդների այցելութիւնից: Ժամանակին անշուշտ նա աւելի բարձր է եղել, իսկ այժմ միայն այդ ամբողջական ֆալլոսի խղճուկ մնացորդն է պահպանուել, որի վրայ անցեալում չբեր կանայք, պորտով պառկելով, շուռումուռ են եկել, այն հաստատ հաւատքով, որ այդ քարի զօրութեամբ անպատճառ կը յղիանան եւ զաւակ կ՛ունենան: Անցեալում յաճախ կարելի էր տեսնել նաեւ դէպի Ղարաբաղի հրաբխային բարձրավանդակը բարձրացող քոչի ժամանակ թուրք կանանց այդ արարողութիւնը կատարելիս: Պորտի վրայ պտտուելուց յետոյ կանայք երկաթէ մեխեր էին ցցում քարին՝ իրենց ցաւը նրան ամուր գամելով: Հէնց այս երկարատեւ արարողութիւններից քարը մաշուել՝ ողորկուել է:
Քաղուած՝
«ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՀԱՅԵՐԸ»
աշխատասիրութենէն