ՍՏԵՓԱՆ ԹՕՓՉԵԱՆ
«Հայաստանը ներկայումս տարածքային ոչ մի յաւակնութիւն չունի Ադրբեջանի նկատմամբ։ Լեռնային Ղարաբաղը որպէս հանրապետութիւն մենք չենք ընդունում եւ ապագայում էլ չենք ընդունի։ Եթէ Լեռնային Ղարաբաղի ռազմական կազմաւորումների հրամանատարութիւնը չհամաձայնուի այս համաձայնագրի պայմաններին, ապա Հայաստանն իր կողմից կը ստիպի ընդունել այդ պայմանները» )1994ի Մարտի 12ին, Մայիսի 1ի զինադադարից առաջ ՀՀ ԳԽ նախագահ Բ. Արարքցեանի պատասխանը Ադրբեջանի ԳԽ նախագահ Գուլիեւին(։
Սխալ է կարծելը, թէ աւանակ պէտք է լինել փողի համը չվայելելու համար։ Ալժիրի մի շուկայում աւանակը կերել է իր գնորդի փողը, երբ վերջինս վաճառողի հետ երկար-բարակ սակարկում էր։ Շրջանային դատարանը չկարողանալով որոշել, ում է պատկանում աւանակը գործը յանձնել է քաղաքային դատարան, որը նոյնպէս չկարողանալով վճիռ արձակել գործը փոխանցել է Գերագոյն դատարան։ Որպէսզի արդար դատավճիռ հանեն երեւի նախ պիտի որոշեն քանի աւանակ է մասնակցել գործարքին մէ՞կ, թէ՞ երեք )«Կոնտակտ», Լ. Ա. 5-11 Հոկտեմբերի, 2007(։
Փողն ուտում են ոչ միայն աւանակները եւ ոչ միայն Ալժիրում։ Ուտում են ամէնուրեք ամենատարբեր հնարներով։ Շատերը, որքան էլ կեղտոտ, անգամ արնաթաթախ փողը լաւ էլ մարսում են։ Եւ հանգիստ կը մարսեն մինչեւ գայ հատուցման ահեղ ժամը։ Այն աւելի ու աւելի կը մօտենայ՝ Արցախի խնդրում թոյլ տուած ամէն մի սխալի հետ։ Քանզի, կրկնենք մի անգամ եւս, Արցախի կորստով կորստեան կը դատապարտուի նաեւ Հայաստանի Հանրապետութիւնը։ Ո՞ր աւանակներն են կերել բանակցութիւններում ի սկզբանէ վաճառքի հանուած Արցախի, աւելացնենք՝ ողջ հայ ժողովրդից կողոպտած, փողը եւ ո՞ր դատարանը պէտք է որոշի, թէ ո՞ւմ է պատկանում այն- այս հարցերը բնաւ էլ հռետորական չեն։ Մերթ թուլանալով, մերթ սրուելով շարունակաբար պտտւում է կորստեան վտանգը։ Մինչդեռ փողակերութեան անյագ մոլութիւնը կողոպտիչներին թոյլ չի տալիս որեւէ վտանգ զգալ։ Ճիշտ ինչպէս կերակրատաշտից անդադար լափող խոզերը գլուխները չեն բարձրացնում, չեն տեսնում, չեն լսում անգամ՝ մսագործի սրուող դանակի ձայնը։
1994ի Մայիսի 4ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում զինադադար կնքելիս ՀՀ ԳԽի նախագահ Բաբկեն Արարքցեանը յստակ պատկերացնելով «գրաւուած» տարածքները խաղաղութիւնով փոխանակելու իր գործարքի էութիւնը աւելացրել է. «Ադրբեջանի ստացածը աւելի քան նիւթական ու շօշափելի է՝ տարածքներ։ Իսկ Հայաստանն ու ՀՀն ստանում են խաղաղութիւն ապաշրջափակում, երկուսն էլ աւելի շուտ տեսական, քան շօշափելի հասկացութիւններ։ Սակայն Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը նուազագոյն երաշխիքների դէպքում անգամ պատրաստ են դիմել խաղաղութեան ռիսկի» )«Փարոս», Լ. Ա., մայիս եց, եփփր(։ ՀՀՇականները «խիզախ» տղերք են եղել եւ մնում ի վնաս Հայաստանի ու հայ ժողովրդի։ Իմանալով հանդերձ, որ կայուն խաղաղութեան եւ ապաշրջափակման երաշխիքներ չկան, հայկական կողմի ռազմական յաջողութիւնների իրադրութիւնում ՀՀ ԳԽ նախագահը դիմում էր նման ազգադաւութեան… Առ այսօր ՀՀՇական )եւ այժմ «գունափոխուած» ՀԱԿականներին( դիւրութեամբ յաջողւում է մոլորեցնել պարզամիտ մարդկանց, ովքեր ակնյայտ փաստերը չեն ուզում տեսնել, գործակալութիւնը չեն ընդունում որպէս գործակալութիւն։ Գոնէ դաւաճանութիւնն ընդունեն որպէս դաւաճանութիւն։ Իսկ փաստերն անպակաս են ահա եւս երկուսը. «Արեւմուտքը Հայաստանում ունի ազդեցութեան բազմաթիւ գործակալներ։ Արեւմուտքը գործուն կերպով կաշառում է հայկական վերնախաւը եւ ձգտում է սեպ խրել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ։ Այդ պատճառով աւելի շատ հակառուսական հրապարակումներ են յայտնւում Հայաստանում… հայկական իշխող վերնախաւը, այդ թւում՝ նախագահ Սերժ Սարգսեանին մօտիկ բարեկամներ եւ այլ քաղաքական գործիչներ, Լեռնային Ղարաբաղի հարցով աշխուժօրէն գործակցում են ամերիկացիների հետ», յայտնել է ռուս քաղաքագէտ Ալեքսանդր Դուկինը շեշտելով, որ ամերիկացիները ԼՂ հարցը կը լուծեն, ինչպէս «լուծեցին» Վրաստանում )«Ասպարէզ», 3 Հոկտեմբեր, 2009(։
Իր յօդուածներից մէկում Յարութ Սասունեանը պատմում է, որ 1995ին, Թաներ Աքչամը Երեւանում որոշել էր ներկայացնել ցեղասպանութեան մասին իր ելոյթի մեղմ տարբերակը։ Կ. Պոլիս վերադառնալուց յետոյ «թրքական ոստիկանութիւնը նրան հարցուփորձ էր արել, ցոյց տալով ելոյթի աւելի կոշտ տարբերակը։ Իր ելոյթի բնագիրը նա յանձնել էր հայ պաշտօնեաներին, ցեղասպանութեան խորհրդաժողովի կազմակերպիչներին, եւ Հայաստանում ինչ-որ մէկը դա հասցրել էր թրքական իշխանութիւններին։ Դոկտ. Աքչամը կարողացել էր գլուխն ազատել թրքական հետախուզութիւնից, ցոյց տալով աւելի մեղմ ճառի պատճէնը» )«Նոր Հայաստան», Լ.ա., Մայիս 14, 2010(։
Հայկական իշխող վերնախաւ սողոսկած գործակալները ՀՀ անկախութեան սկզբից իսկ փութաջանօրէն ծառայել են օտար, աւելին, թշնամի պետութիւններին՝ Թուրքիային եւ Ադրբեջանին։ Աքչամի ելոյթը ապշեցուցիչ արագութեամբ իրենց թուրք տէրերին հասցնելը դրա հաստատումներից է։ Չլինէր յատկապէս ՀՀ առաջին նախագահի իշխանութեան շրջանի պարտուողական-դաւաճանական գործունէութիւնը, Ադրբեջանը ոչ միայն ստիպուած կը լինէր ընդունել Արցախի անկախութիւնը, այլեւ, անհաւանական չէր Հանրապետութեան սահմաններում Շահումեանի ու կորցրած այլ տարածքների ընդգրկումը։
«Ադրբեջանից գրաւուած» տարածքները խաղաղութեան դիմաց, անհեթեթութիւնը առ այսօր մնում է բանակցութիւնների կարեւոր սկզբունք, որից ոչ մի կերպ չեն կարողանում, աւելացնենք՝ չեն կամենում գլուխներն ազատել ՀՀ իշխանութիւնները։ Ս. թ. Մարտի 22ին Դամասկոսում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը ԼՂ հիմնախնդրի կարգաւորման համար Հայաստանի զիջումների մասին «Ալ վաթան» թերթի հարցումին պատասխանել է. «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը տասնամեակների անարդարութիւնն ու ճնշումները փորձեց հանգուցալուծել իրաւական ճանապարհով՝ ԽՍՀՄ օրէնսդրութեան եւ միջազգային իրաւունքի շրջանակներում։ Դրան հակադրուեց բռնի ուժ, այդ ժողովրդին բնաջնջելու փորձ… Անվտանգութիւնն ամրապնդելու համար, Ղարաբաղի շուրջ ձեւաւորուեց անվտանգութեան գօտի։ Այդպէս յաճախ է լինում պատերազմների ժամանակ, բայց պատերազմը մեր նախընտրութիւնը չէր… այդ գօտին մեր կողմից ոչ բնակեցւում եւ ոչ էլ շահագործւում է։ Երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանայ իր ինքնորոշման իրաւունքն իրագործելու իրական հնարաւորութիւն եւ ստեղծուեն անվտանգութեան ու զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտուել Ղարաբաղի շուրջ գտնուող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին, իհարկէ պահպանելով ԼՂն եւ Հայաստանը կապող միջանցքը… «փոխզիջում» հասկացութեան մէջ առանցքային գաղափարը փոխադարձութիւնն է, եւ պէտք է գիտակցել, որ նման իրավիճակներում միակողմանի զիջումները միայն խորացնում են առկայ վտանգներն ու սպառնալիքները»։
«Փոխզիջում-փոխադարձութիւնը» բառային որոշ փոփոխութիւններով )«գրաւուածի» փոխարէն՝ «անվտանգութեան գօտի», «խաղաղութեան» փոխարէն՝ «ինքնորոշման իրաւունք», եւ այլն( էապէս մնում է նոյնը՝ տարածքների նուիրաբերում Ադրբեջանին, Հայաստանի թուացեալ ձեռքբերումների, կամ ինչպէս Բ. Արարքցեանն էր ասում՝ «տեսականը շօշափելիի» փոխարէն։ Ադրբեջանական կողմը հակառակ հայկականի երբեք «փոխզիջման» որեւէ տարբերակ չընդունեց։ Ձեւականօրէն ընդունած միակը՝ ԼՂ «ինքնավարութիւնն» է՝ Ադրբեջանի կազմում, այսինքն՝ ինչպէս վերջերս յայտարարեցին՝ Ստեփանակերտի վրայ անպայման պէտք է ծածանուի Ադրբեջանի դրօշը։
ՀՀ նախագահի փոխզիջման անընդունելի մեկնաբանութիւնը, նաեւ վնասաբեր ու վտանգաւոր խոստում էր պարունակում այսպէս կոչուած՝ «անվտանգութեան» գօտու վերաբերեալ։ Հարցնենք՝ ինչո՞ւ չպէտք է բնակեցուի եւ շահագործուի այն։ Որովհետեւ Ադրբեջանին դուր չի՞ գալիս։ Պատասխանենք՝ ինչպէ՞ս պէտք է բնակեցուի եւ շահագործուի, երբ Արցախի Հանրապետութեան ողջ բնակչութեան թիւը չի անցնում ժամանակակից մի սովորական քաղաքի հազիւ մի շրջանի բնակչութիւն թուից՝ մօտ 140 հազար, երբ վերաբնակեցումն աննշան արդիւնք տուեց, փոխարէնը արցախցիների ահագին զանգուածներ հեռացան կա՛մ օտար երկրներ, կա՛մ տեղափոխուեցին Հայաստան։ Հիմնական պատճառը նոյնն է ինչ Հայաստանի Հանրապետութիւնում՝ չնչին թուաքանակի «վերնախաւի» անյագ փողաճարակութեանը զոհաբերուեց ողջ ժողովրդի տարրական կենսապահովութիւնը։
Թուրքերը հողը էթնիկ ժողովուրդների արիւնով են նուաճում։ Իսկ նուաճուածը իւրացնում են իրենց անշեղ, արագընթաց աճով։ Արցախի վերաբնակեցման խնդ-րում պարտութեան մի մեծ բաժինն էլ ազատագրուած հայապատկան տարածքները չբնակեցնելն ու չշահագործելն է կազմում։ Թէ նման պարտութիւնով, ինչպէ՞ս պէտք է յաղթել մեծաքանակ թշնամուն նոյնպէս «տեսական» հարց է։ Բայց, չնայած դրան, նախորդ պատերազմում յաղթանակով պարծենալով )եւ անուշադրութեան մատնելով տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական, դիւանագիտական եւ այլ պարտութիւնները(, հայկական կողմը վաղուայ հնարաւոր պատերազմում նորից անխուսափելի յաղթանակ է խոստանում։
***
«Երբ Հայոց Տիգրանը իր չորս հարիւր հազարանոց բանակով տեղաւորուելով բլրի վրայ տեսաւ հռոմէացիների բանակը, որը հազիւ տասնչորս հազար էր հաշւուում, ցնծութեամբ ասաց. «նրանք չափազանց շատ են դեսպանութեան համար, բայց չափազանց քիչ ճակատամարտի համար»։ Մինչդեռ, արեւը չհասցրեց բարձրանալ, երբ նա համոզուեց, որ նրանք բաւական էին, որպէսզի ցրեն իր զօրքը հսկայական կորուստներով։ Շատ օրինակներ կարելի է բերել, երբ թուաքանակը բնաւ չի համապատասխանել արիութեանը, դրա համար էլ կարելի է հաւաստիօրէն հաստատել, որ պետութեան մեծութեան համար անհրաժեշտ է ամէնից առաջ ռազմաշունչ ժողովուրդ»։
Ֆրենսիս Բեկոն
Հայոց հզօրագոյն պետական գործչի այս սխալը, բացայայտելով քանակի որոշիչ չլինելը յաղթանակի համար, միաժամանակ դաս է բոլոր նրանց, ովքեր թերագնահատում են թշնամու կարողութիւններն ընդհանրապէս։ Արցախի նախորդ՝ ժողովրդական պատերազմում յաղթանակի դափնիների վրայ հանգստանալը ճակատագրական կարող է լինել։ Վերջին շրջանի զարգացումները նախազգուշացնող են՝ ադրբեջանական քանակը որակական փոփոխութիւնների նշաններ է դրսեւորում։ Ինչպէս ասել է լեգենդար (առասպելական-Խմբ.) զօրավար Արկադի Տէր-Թադեւոսեանը, պատերազմի վերսկսման դէպքում սկզբից յաջողութիւնը կը լինի Ադրբեջանի կողմը իր տեխնիկայի շնորհիւ, ինչը մեծ դեր կարող է խաղալ մարտի դաշտում։ Տեխնիկայի կիրառումից յետոյ միայն կը գայ կենդանի ուժը։ Գուցէ այդ ժամանակ ղարաբաղեան բանակի ոգին առաւելութեան հասնի։
Թշնամու հաւանական յաջողութեան առաջին կարեւոր գրաւականը թուրքադրբեջանական «մի ազգ երկու պետութիւնն» է։ Թուրքիան անում է եւ կ՛անի առաւելագոյնը Հայաստանի վերացումով իր ազգի «ադրբեջանական» մասին, ապա եւ ողջ թիւրքական աշխարհին միանալու համար։ Այդ նպատակը փոքրիշատէ համընկնում է Արեւմուտքի աշխարհաքաղաքական շահերին եւ որոշ հանգամանքներում կարող է եւ գործարկուել։ Թուրքադրբեջանական միասնութեանը Հայաստանը կարող է հակադրել իր բնական դաշնակցութիւնը Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի եւ այլ երկրների հետ։ Սակայն դաշնակիցները սովորաբար սատարում են իրար ոչ թէ առաւելագոյնս, այլ այս կամ այն չափով։ Աւելին, որոշ հանգամանքներում խուսափում են, անգամ ի զօրու չեն լինում օգնել ծանր իրադրութիւնում։
Յունիսի 14-17ին Թուրքիայում անցկացուեցին թուրքադրբեջանական սպաների համատեղ դասընթացներ։ Զուգահեռաբար տեղի ունեցան արդիական զէնքերի համակարգերի ծանօթացման դասընթացներ եւ գրաւեալ Հիւսիսային Կիպրոսում թուրքադրբեջանական «փրկարար զօրավարժութիւններ»։ «Փրկարար», կարդա՝ հնարաւոր պատերազմական իրավիճակում Կիպրոսի բնիկ, իրաւատէր յոյն եւ այլ քրիստոնեայ ժողովուրդների կոտորածներ՝ եկուոր թուրքերին «փրկելու» համար։ Գաղտնիք չէ, որ Թուրքիայի բանակը աշխարհի ամենակազմակերպուած, լաւագոյնս զինուած, խոշորագոյն բանակներից է, եւ հետեւողականօրէն աշխատում է փոխանցել իր ձեռքբերումները ադրբեջանական բանակին։ Մայիսին Թուրքիան 200 միլիոն դոլարի ռազմական օժանդակութիւն տրամադրեց Ադրբեջանին։ Թուրքական եւ ադրբեջանական ընկերութիւնները զինամթերք եւ ռազմական սարքաւորումներ արտադրելու պայմանագրեր ստորագրեցին։ Թուրք մի գնդապետ նշանակուեց Ադրբեջանի պաշտպանութեան նախարարի խորհրդական, ըստ «Զինուորական կրթական, տեխնիկական, գիտական համագործակցութեան» համաձայնագրի։ Թուրք սպաները աշխատում են ադրբեջանական զինուորական հաստատութիւններում եւ միաւորումներում )«Ասպարէզ», 13 Մայիս, 2010 (։
«Երկար ժամանակից ի վեր մենք տառապում ենք յարձակումից, մեր հողերը բռնագրաւուած են։ Մենք պէտք է ամէն պահի պատրաստ լինենք ազատագրելու հողերը բռնագրաւողից», անդադար կրկնում են կեղծարար Ալիեւն ու նրա ենթակաները, սպառնում նոր պատերազմով, սահմանամերձ շրջաններում անընդհատ պահպանում լարուած վիճակը։ Ալիեւը յայտնեց, որ, վերջին եօթ տարում Ադրբեջանի ռազմական ծախսերը աւելանալով 13 անգամ հասել են 2 միլիարդ 150 միլիոն դոլարի. «տարիներ առաջ խնդիր դրեցինք, թէ Ադրբեջանի ռազմական ծախսերը պէտք է գերազանցեն Հայաստանի բոլոր ծախսերը։ Այդ նպատակը արդէն իրականացած է… պիտի շարունակենք հզօրացնել մեր բանակը, գնելով բոլոր անհրաժեշտ սպառազինութիւնները» )«Ասպարէզ», 26 Յունիս, 2010(։
Անպակաս են Ադրբեջանի ռազմատենչութեան դրսեւորումները, հրադադարի անհամար խախտումները. միայն Յունիսի 20 լոյս 21ի գիշերը՝ 284 անգամ, 23ին 220 անգամ։ Եւ այն է՝ Մարտակերտի շրջանի Այգեստան )չայլու( գիւղի մերձակայ, Արցախի պաշտպանութեան բանակի դիրքերից մէկի վրայ Յունիսի 18ի ժամը 23անց 30ին շուրջ քսան հոգիանոց դիւերսիոն խմբի յարձակումից յետոյ, երբ հայկական կողմը տուեց չորս զոհ, չորս վիրաւոր )մէկը մահաքնի մէջ է(, ադրբեջանականը՝ մէկ զոհ։ Սա գոնէ մեզ յայտնի միակ յարձակումն էր, երբ պաշտպանուող հայկական կողմը աւելի շատ զոհ տուեց։ Ինչո՞ւ եւ ինչպէ՞ս։
«Մեր աղբիւրները փոխանցում են, որ տղաները յարձակման պահին ե՛ւ գետնատնակում են եղել, ե՛ւ շրջակայքում։ Յարձակուողները անակնկալի են բերել գետնատնակում գտնուողներին։ Դռնից մտել են եւ միանգամից կրակահերթ բացել բոլորի ուղղութեամբ, մէկն էլ կանգնած է եղել պատուհանի մօտ, որպէսզի կարողանայ վնասազերծել փախուստի փորձ կատարողին։ Մեր տղաներից մէկը, լսելով կրակահերթի ձայնը, կրակ է բացել ադրբեջանցիների ուղղութեամբ, մէկին սպանել, սակայն յաջորդ պահին նրան էլ են տապալել գետնին։ դրսում գտնուող միւս տղաները օգնութեան են հասել, սակայն նրանք էլ տարբեր աստիճանի մարմնական վնասուածքներ են ստացել» )«ժամանակ», Լ.ա., 25 Յունիսի, 2010, էջ 6(։ Ակամայ ծագում է այն պարզ հարցը, որ եթէ անգամ բացարձակ խաւար էր, ոչինչ տեսանելի չէր, գիշերային հսկողութեան յատուկ միջոցներ նոյնիսկ չկային, երբ գիշերային լռութեան մէջ աննշան ձայներն իսկ լսելի են, հայ սահմանապահները, որքան էլ անփորձ էին, մինչ վերջին ճակատագրական վայրկեանները ինչպէ՞ս ոչինչ չեն լսել, ոչինչ չեն զգացել։ Քնա՞ծ են եղել։ Հազիւ մէկն է սթափուել կրակոցների աղմուկից եւ պատասխան կրակ բացել։ Իր հերթին, մինչեւ ո՞ւր կարող էր հասնել սահմանային այդ հատուածի պատասխանատու սպաների անփութութիւնը։ Այս եւ նման հարցերից անկախ, որոշակի է, որ լաւ մարզուած եւ նախապատրաստուած դիւերսիոն խումբը, ունեցել է հետախուզական ճշգրիտ տուեալներ։ Յաջողութիւնով ոգեւորուած թշնամին, նման գործողութիւններ պէտք է որ կրկնի։
Ամերիկեան «Քրիսչըն Սայենս Մոնիթըր»ը վկայակոչելով Ստոկհոլմի համաշխարհային խաղաղութեան հետազօտութեան ինստիտուտի )SIPRI( զեկոյցը տարբեր երկրների ռազմական բիւջէների աճի մասին եւ անդրադառնալով Ադրբեջանի եւ Հայաստանի սպառազինութեան յարաբերութեանը, մասնաւորաբար նշել է. «Հայաստանը աւանդաբար շատ ուժեղ բանակ է ունեցել եւ… ունի նաեւ բարենպաստ աշխարհագրական դիրք» )«Ասպարէզ», 5 Յունիս, 2010(։ Յուլիսի 6ին Ռազմավարական եւ ազգային հետազօտութիւնների հայկական կենտրոնի տնօրէն Ռիչարդ Կիրակոսեանը յայտնել է, թէ հակառակ ռազմական մեծ ծախսերին ադրբեջանական բանակը բարձիթողի վիճակում է, թաղուած կաշառակերութեան մէջ, թոյլ ու բարոյալքուած եւ ռազմական գործողութիւնների վերսկսման պարագային կը պարտուի։
Որքան էլ հայկական պաշտպանական համակարգը դրական են գնահատում թէ՛ հայ, թէ՛ օտարերկրեայ մասնագէտները, ադրբեջանական յարձակումը բացայայտեց լուրջ թերութիւններ, որոնք չվերացնելու դէպքում, հնարաւոր պատերազմում ադրբեջանական կողմը յաջողութիւն կ՛ապահովի, ու հաւանօրէն, ոչ միայն սկզբում։
***
Որքան էլ սեփական ուժերին վստահ լինելը կարեւոր գործօն է, այսուհանդերձ, ադրբեջանական ամէն մի սադրանքից ու ռազմաշունչ յայտարարութիւնից յետոյ հայկական կողմը, հանգստացնող խօսքերի փոխարէն հիմնաւորապէս պէտք է անցնի բանակի վերազինմանը, վերակառուցմանը, կատարելագործմանը։ Քանզի հայկական բանակը նոյնպէս զերծ չէ աւերիչ արատներից։
Այսպէս ահա. 20 տարեկանում ԲՈՒՀն (համալսարան-Խմբ.) աւարտած Հայկ Սարգսեանը «ինքնասպանութիւն» է գործել Արարատի մի զօրամասում։ Դիրքի աւագ, տեղի «հեղինակութիւն» Շիրակ Զուրաբեանը վիրաւորել է, ծեծել, զինուորներին, հեռախօսի լիցքաւորման քարտեր, փողեր շորթել, նրանց «գրաւով» ու խաղաքարտերով ղումարբազութեան դրդել… Նման անհանդուրժելի կանոնախախտումներ խրախուսող գումարտակի վաշտի պատասխանատու Ռաֆիկ Մարգարեանը Հայկին վիրաւորել, ծեծել, հայհոյել է, փոխանցել Զուրաբեանի միասեռական բռնութեան սպառնալիքը։ Շարունակական ծաղրուծանակի տակ, վատառողջ, ղումարբազութիւնից հեռու, կրթուած, շնորհալի Հայկի «ինքնասպանութեան» պատճառ է դարձել այդ վերջին այլանդակ սպառնալիքը։ Ազատ ժամանակ Հայկը գիրք է կարդացել այն էլ՝ ռուսերեն, երբ «Այնտեղ գիրք կարդալը վիրաւորանք է համարուել, ծիծաղելի է եղել»։ Կապիտան Արմէն Պօղոսեանը, Շիրակ Զուրաբեանը, Ռաֆիկ Մարգարեանը կանգնել են դատարանի առաջ։ Պաշտպանը խնդրել է ազատ արձակել, Ռաֆիկ Մարգարեանին, «քանի որ իր պաշտպանեալը դեռ նոր հրամանատար է եւ դեռ շատ անելիք ունի բանակում»։ Այսինքն՝ բանակը քիչ է ապականել, հնարաւորութիւն տան, որ աւելի ապականի։ Աւելացրել է, որ «ամբողջ բանակում բոլորը միմեանց հայհոյանքով ու մականուններով են դիմում» եւ դա նորմալ բան է )տես Էլմիրա Մարտիրոսեանի յօդուածը. «ժամանակ», 11 Յունիսի 2010(։ Եթէ անգամ փաստաբանի ականջները սովոր են նման «փաղաքշական» արտայայտութիւնների, ուստի դրանք արդարացնում է, ապա ինչո՞վ է արդարացնում դրամաշորթութիւնը, կաշառակերութիւնը, ծեծը եւ ամենածանր յանցանքը՝ զինուորին ինքնասպանութեան հասցնելը։ Չի՞ մտածում, թէ այդ նոյն բանակը վաղը, միւս օրը ինչպէ՞ս պիտի պաշտպանի հայրենիքն ու ազգը, նաեւ իրեն ու իր ընտանիքը։ Նման «կանոնակարգո՞վ»։
Բանակը բաւարար քանակի )որակի մասին խօսելն աւելորդ է( ուտելիք չունի, այն էլ, եթէ անգամ հաշուի չառնենք Հայաստանի անմշակ մնացած հողատարածութիւնները, երբ Արցախում ահռելի բարեբեր հողատարածութիւններ պարապ են։ Դրամ են հաւաքել զինուորներից, ուտելիք բերել, լափել, թերասնուող զինուորներին թոյլ չտալով մօտենալ սեղանին, մօտեցողին էլ ծեծել են։ Շիրակը արգելել է, որ ոեւէ զինուոր առանց իր թոյլտուութեան նոյնիսկ իր հարազատների բերած սնունդն ուտի։ Առանձին հարց է, թէ ինչո՞ւ պէտք է հարազատները ստիպուած լինեն երկրի տարբեր ծայրերից ուտելիք շալակած հասցնել այս կամ այն զօրամաս։ Մինչդեռ, բանակը կարող էր լիուլի ապահովուած լինել։ Շատ հասարակ միջոցով՝ սահմանամերձ անմշակ տարածքներում կազմակերպելով ռազմականացուած, բանակին սերտօրէն կապուած կազակական կամ այլ, ասենք՝ իսրայէլեան օրինակով աւաններ։ Այդպիսով իրագործելով թէ՛ պաշտպանութեան հզօրացման, թէ՛ բնակեցման, թէ՛ աշխատանքի, թէ՛ ստրատեգիական անգնահատելի նշանակութիւն ունեցող պարէնամթերքի արտադրութեան խնդիրներ։ Բայց եթէ Արցախի սահմանամերձ տարածքները ՀՀ նախագահի եւ այլ բարձրաստիճան պաշտօնեաների կարծիքով «անվտանգութեան գօտի» են եւ չպէտք է բնակեցուեն ու շահագործուէն, ապա ի՞նչ է մնում անել, փուչ խոստումների փոխարէն դրանք «օրինական» տիրոջը յանձնելուց բացի։
Երբ պատերազմական իրադրութիւնում բառամթերքի «ազատ» գործածութիւնը փոխարինուի զինամթերքի ազատ գործածութեամբ հայհոյուած, կեղեքուած, ծեծուած հայ զինուորները, առաջին իսկ յարմար պահին ինչո՞ւ չպիտի դժոխքն ուղարկեն նման «հրամանատարներին»։ Դժուար չէ պատկերացնել, դրա աղէտալի հետեւանքները։
Ադրբեջանական բանակում արատներ կան, որոնք ժամանակի ընթացքում կը վերացուեն, քանզի թուրքական բանակում դրանք չկան, քանզի Թուրքիան կ՛անի առաւելագոյնը այդ բանակը սեփական մակարդակին եթէ ոչ հասցնելու, ապա մօտեցնելու համար։ Այդ գործն արդէն ընթացքի մէջ է եւ պատերազմը կը սկսուի ոչ թէ ներկայ արատաւոր ադրբեջանական բանակի յարձակումով, այլ երբ այն բաւականաչափ կազմակերպուած կը լինի թուրքականի օրինակով եւ ուժեղացուած թուրք զինուորականներով։
Տիգրան Մեծը պարտուեց ճակատամարտում անտեսելով փոքրաթիւ թշնամու որակը։ Ադրբեջանական բանակի արատները թուարկելը, հաշուի չառնելով սեփականը, պարծենալով ունեցած որակներով ու անտեսելով որակական թափ հաւաքող թշնամու քանակը, կը հասցնի պարտութեան հաւանական պատերազմում։ Փողաճարակութիւնը որպէս ուղիղ ճանապարհ ընտրած վերնախաւի աղէտալի գործունէութիւնն այլ ելք չի խոստանում։
«Անճարակութիւնը որպէս ուղիղ ճանապարհ» էր վերնագրուած Հայաստանի անկախացումից յետոյ գրածս առաջին հրապարակախօսական յօդուածը։ Ինչ էլ փոխուել է երկրում, պետական համակարգի էութիւնը չի փոխուել։ Չփոխուի համակարգը անճարակութիւն-փողաճարակութիւն աղէտալի հիւանդութիւնը կ՛աւարտուի կորստաբեր համաճարակութիւնով։