ԵՐԵՒԱՆ, «Հետք».- Հայաստանի կառավարութեան անդամները այս տարի ո՞ւր պիտի անցնեն իրենց արձակուրդը: «Հետք»ի աշխատակից Ինգա Մարտինեան կը ներկայացնէ իր պրպտումին արդիւնքները.
«Տիգրան Սարգսեան պաշտօնեաներին յորդորել էր տնտեսական ճգնաժամի պատճառով արձակուրդի չմեկնել Հայաստանից դուրս, իսկ հնարաւորութեան դէպքում էլ՝ գնալ Ղարաբաղ: Ինքը՝ վարչապետը, դեռ չի որոշել, թէ որտե՞ղ է հանգիստն անցկացնելու:
18 նախարարներից 4ը որոշել է հանգիստն անցկացնել Հայաստանում:
Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմէն Գէորգեանի հանգիստը բաղկացած է երկու մասից. մի մասն անցկացնելու է Հայաստանում, միւսը՝ արտասահմանում:
Բնապահպանութեան նախարար Արամ Յարութիւնեանը հանգստանալու է Յուլիսի վերջին՝ Սեւանում:
Արդարադատութեան նախարար Գէորգ Դանիէլեանը որոշել է 2-3ական օրեր անցկացնել æերմուկում, Դիլիջանում, Ղարաբաղում:
Կրթութեան նախարար Արմէն Աշոտեանը Յուլիսի 12ից, երկու շաբաթով արձակուրդ է վերցրել: Նա առողջական խնդիրներ ունի եւ բուժում է ստանում Հայաստանում:
– Հանգստի որոշում չկայացրած նախարարները.
Չնայած ամրան աւարտին մնացել է մէկուկէս ամսից էլ քիչ ժամանակ, նախարարների մի մասը դեռ չի կողմնորոշուել ամառային արձակուրդի հարցում: Որոշում չկայացրածներն են՝ առողջապահութեան նախարար Յարութիւն Քուշկեանը, պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը, ֆինանսների նախարար Տիգրան Դաւթեանը, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմէն Մովսիսեանը, արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդեանը, քաղաքաշինութեան նախարար Վարդան Վարդանեանը, սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը եւ գիւղատնտեսութեան նախարար Գերասիմ Ալավերդեանը: Վերջին երեք նախարարները անպայման Հայաստանում են անցկացնելու իրենց հանգիստը:
Էկոնոմիկայի (տնտեսութեան) նախարար Ներսէս Երիցեանը եւ մշակոյթի նախարար Յասմիկ Պօղոսեանը այս ամառ չեն հանգստանալու:
Սպորտի (մարմնակրթութեան) եւ երիտասարդութեան հարցերի նախարար Արթուր Պետրոսեանի պաշտօնավարման 6 ամիսը կը լրանայ Յուլիսի վերջին: Ինչպէս մեզ փոխանցեցին նախարարութեան լրատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, եթէ Արթուր Պետրոսեանը որոշի հանգստանալ, հաւանաբար Օգոստոսին կը մեկնի Բուլղարիա, քանի որ նախարարն այնտեղ որոշ ժամանակ ապրել եւ աշխատել է, ունի տուն եւ բարեկամներ:
– Արձակուրդի տրամադրումը՝ ըստ օրէնսգրքի.
Աշխատանքային օրէնսգիրքը սահմանում է ամէնամեայ արձակուրդ տրամադրելու կարգը: 164 յօդուածում նշւում է, որ աշխատանքի առաջին տարուան համար ամէնամեայ արձակուրդը, որպէս կանոն, տրամադրւում է տուեալ կազմակերպութիւնում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց յետոյ:
Երկրորդ եւ իւրաքանչիւր յաջորդ աշխատանքային տարուան համար, ամէնամեայ արձակուրդը տրամադրւում է աշխատանքային տարուայ ցանկացած ժամանակ՝ ամէնամեայ արձակուրդի տրամադրման հերթականութեանը համապատասխան: Հերթականութեան կարգը սահմանւում է կոլեկտիւ պայմանագրով, իսկ նման պայմանագրի բացակայութեան դէպքում՝ կողմերի համաձայնութեամբ: Այս ամառ, օրէնսդրութեան համաձայն, արձակուրդ չեն կարող ունենալ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորեանը, ում պաշտօնավարման 100 օրը դեռ չի լրացել: Տրանսպորտի (փոխադրութեան) ու կապի նախարար Մանուկ Վարդանեանը եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմէն Երիցեանը եւս աշխատելու են. նրանք նախարար են նշանակուել 2010 թ. Մարտի 15ին:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.