ՆԱՅԻՐԱ ՀԱՅՐՈՒՄԵԱՆ
«Արմէնիանաու»ի թղթակից
«Հայաստանի զարգացմանը խոչընդոտում են չլուծուած ղարաբաղեան հակամարտութիւնը եւ հայ-թուրքական չկարգաւորուած յարաբերութիւնները». նման փաստարկն արդէն մի քանի տարի է՝ Հայաստանում լուրջ բանավէճերի պատճառ է դառնում: Քննարկումները նոր խթան են ստացել անցեալ շաբաթ ՀՀՇ 16րդ համագումարի ժամանակ առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լեւոն Տէր-Պետրոսեանի ելոյթից յետոյ:
Տէր-Պետրոսեանը յայտարարել է, որ «առանց ղարաբաղեան հակամարտութեան եւ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման Հայաստանն անվտանգութեան, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելաւման հեռանկար չունի, անկախ այն հանգամանքից, թէ ում ձեռքում կը լինի իշխանութեան ղեկը: Այս պարզագոյն ճշմարտութեան չգիտակցումն արդէն իսկ յանգեցրել է անշրջելի կորուստների, որոնցից ամենավտանգաւորը վերջին տասներկու տարիների ընթացքում Հայաստանի եւ Ղարաբաղի բնակչութեան թուաքանակի զգալի նուազումն է, ինչի հետեւանքները, շուտափոյթ լուծումներ չգտնելու պարագայում, աղէտալի են լինելու»: Նա քննադատել է քոչարեանական վարչակազմի քաղաքական հաւատամքը, թէ «Հայաստանը դեռ հարիւր տարի էլ կարող է զարգանալ շրջափակումների պայմաններում»՝ ընդգծելով, որ «կ՛ունենանք Հայաստան առանց հայերի»: Տէր-Պետրոսեանը նշել է, որ «հարցերի հարցն, այսպիսով, ժողովրդագրութիւնն է՝ դեմոգրաֆիան եւ ստատուս-քուոյի պահպանման ջատագովների դիրքորոշման ամենաթոյլ կէտն այն է, որ նրանք չունեն այն հարցի պատասխանը, թէ ինչպէս են դադարեցնելու շարունակուող արտագաղթը»: Ընդ որում, նա յայտարարել է, որ ղարաբաղեան կարգաւորման մէջ փոխզիջումներն անխուսափելի են:
Կոնկրէտ ի՞նչ եւ ինչի՞ փոխարէն ստիպուած կը լինենք զիջման գնալ՝ Տէր-Պետրոսեանը չի որոշակիացրել: Պատասխան չկայ նաեւ այն հարցին, թէ ինչպէս կը փոխուի Հայաստանի եւ Ղարաբաղի ժողովրդագրութիւնը, եթէ գնան առաջարկուած փոխզիջումներին:
Հեռուստաընկերութիւնները նախընտրեցին այս հարցերը հասարակական քննարկման չդնել: Իսկ ահա մամուլում, վիրտուալ տարածքում եւ երեւանեան սրճարաններում սկսուեցին բուռն քննարկումներ:
Քաղաքացիների մի մասը, ի թիւս որոնց՝ Լեւոն Տէր-Պետրոսեանի բազմաթիւ աջակիցներ, կարծում են, որ Հայաստանում արտագաղթ առաջացնող խնդիրները կախուած են ոչ միայն ղարաբաղեան հակամարտութիւնից: Դա կեղծուած ընտրութիւններն են, բիզնեսի եւ իշխանութեան սերտաճումը, կախեալ դատական համակարգը, անյարգալից վերաբերմունքը օրէնքի եւ իրաւունքի նկատմամբ եւ մի շարք այլ «համակարգային խափանումներ»: Ինչպէս նշում են լրագրողները, 2007 թ. Սեպտեմբերին ինքը՝ Տէր-Պետրոսեանը, 10ամեայ ընդմիջումից յետոյ իր առաջին ելոյթում յայտարարել էր, որ ղարաբաղեան խնդիրը հնարաւոր է լուծել, եթէ երկրում վերականգնուի սահմանադրական կարգը, օրէնքի եւ իրաւունքի գերակայութիւնը:
«Լրագիր» թերթը նշում է, որ եթէ նախկինում ղարաբաղեան հիմնախնդիրը իշխանութեան համար անգործութեան եւ նոյնիսկ յանցաւոր գործունէութեան արդարացում էր, ապա այժմ դրանով փորձում է արդարանալ ընդդիմութիւնը:
Նոյն Հայ ազգային կոնգրեսում ոչ բոլորն են համակարծիք իրենց առաջնորդի հետ: Օրինակ՝ «Ազատագրուած տարածքների պաշտպանութիւն» նախաձեռնութիւնը, որը համերաշխ է Կոնգրեսի հետ ներքին խնդիրների մասով, դէմ է ղարաբաղեան հիմնախնդրի լուծման փոխզիջումային տարբերակին: Նախաձեռնութեան ղեկավարներից մէկը՝ գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլեանը, համարում է, որ ընդդիմութեանը ոչինչ չի խանգարում տապալել «յանցագործ վարչակարգը» եւ սահմանադրական կարգ հաստատել:
Սակայն, ՀԱԿի համակարգող Լեւոն Զուրաբեանը յայտարարում է, որ նման բարդ արտաքին քաղաքական իրավիճակում, որում այժմ յայտնուել է Հայաստանը, մասամբ չլուծուած ղարաբաղեան հակամարտութեան պատճառով, չպէտք է դիմել յեղափոխական մեթոդների: Հայաստանում ապակայունացումը կարող է աւելի գայթակղել Ադրբեջանին եւ Թուրքիային, կարծում է Զուրաբեանը, եւ նրանք կարող են Ղարաբաղի վրայ նոր գրոհ կազմակերպել:
Ոմանք էլ Տէր-Պետրոսեանի մօտեցումները պրագմատիկ (գործնապաշտ-Խմբ.) են անուանում մեղադրելով միւսներին աւելորդ ռոմանտիզմի (վիպապաշտութեան-Խմբ.) մէջ: «Ռոմանտիկներն» ասում են, որ 1988 թ. Ղարաբաղեան շարժումը նոյնպէս պրագմատիզմով չի սկսուել: Եւ այն, որ Ղարաբաղի 140 հազարանոց բնակչութիւնը դիմակայել է 7միլիոնանոց Ադրբեջանին, նոյնպէս պրագմատիկ բացատրութիւն չունի: Սակայն «պրագմատիկները» շարունակում են պնդել, որ քանի դեռ Ղարաբաղի թէկուզ մի մասը չենք յանձնել, ապա Հայաստանը կը մնայ լիակատար մեկուսացման մէջ:
Բանավէճերը շարունակւում են: