ԳԱՅԱՆԷ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ «Արմէնիանաու»
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կարճատեւ այցը Հայաստան բազմաթիւ քննարկումների եւ բանավէճերի տեղիք է տուել: Ոմանք գոհ են, որ Քլինթոնը, չնայած բազում յոռետեսական կանխատեսումների, ի վերջոյ այցելեց Ցեղասպանութեան յուշահամալիր, բայց հարցերը դեռ բաց են մնում. ինչու՞ էր դա ընդամէնը մասնաւոր այց, ինչու՞ չմտաւ Ցեղասպանութեան թանգարան եւ, ի վերջոյ, ինչու՞ անձամբ չընդունեց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէնի յուշանուէրները:
Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէն Հայկ Դեմոյեանի գնահատմամբ՝ պէտքարտուղարի այցն «ինքնին պատմական է»:
«Իհարկէ, շատ կ՛ուզէինք, որ այդ այցելութիւնը այլ ձեւաչափով լինէր, այսինքն՝ պրոտոկոլային, որի ընթացքում պարտադիր կը լինէր թէ՛ թանգարան այցելութիւնը եւ թէ՛ յիշատակի ծառուղում ծառ տնկելը, սակայն անգամ մասնաւոր այցը չափազանց կարեւոր եւ պատմական է», «Արմէնիանաուին» ասում է Դեմոյեանը:
Սակայն անգամ մասնաւոր այցի ժամանակ նախատեսուած յուշանուէրներն անձամբ Քլինթոնին յանձնել չի յաջողուել:
Ըստ Դեմոյեանի՝ այցելութեանը նախորդած երեկոյ արդէն ուղարկուել էր մեդալը, քանի որ պետքարտուղարը ցանկութիւն էր յայտնել տեսնել այն (Մերձաւոր Արեւելքի ամերիկեան նպաստամատոյց կոմիտէի կողմից 1920ականներին թողարկուած պատմական մեդալը նախատեսուած է Հայաստանում եւ Մերձաւոր Արեւելքի որբանոցներում իրենց ծառայութիւնը բերած աշխատակիցներին պարգեւատրելու համար): Իսկ լուսանկարը, որում պատկերուած են Գիւմրու ամերիկեան որբանոցի հայ որբերը՝ կանգնած «Ամերիկա, շնորհակալ ենք» դասաւորութեամբ, տրուել է պետքարտուղարի անվտանգութեան աշխատակիցներին, ըստ Դեմոյեանի «անվտանգութեան նկատառումներից ելնելով»:
Սփիւռքում Քլինթօնի այցի շուրջ հնչում են հակասական կարծիքներ, մինչ ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի կարծիքով այն «սպառուած հնարաւորութիւն էր» եւ «ոչ շօշափելի քայլ», Ամերիկայի հայկական համագումարը բարձր է գնահատում պետքարտուղարի քայլը:
«Այս այցը պարուրող գաղտնիութեան, ինչպէս նաեւ որեւէ հրապարակային եւ, առաւել եւս, Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող լիարժէք եւ պաշտօնական յայտարարութեան բացակայութեան պայմաններում, այս պահին, դժբախտաբար, այնպիսի տպաւորութիւն է ստեղծւում, որ այցն ինքնին, իւրայատուկ կարեւորութիւն ունենալով հանդերձ, որեւէ շօշափելի տեղաշարժ չի արձանագրել ԱՄՆի կողմից այս յանցագործութեան պատշաճ քննադատութեան եւ ոգեկոչման ուղղութեամբ: Այս այցն իրաւամբ բաց թողած հնարաւորութիւն է պետքարտուղարի եւ ԱՄՆի համար», ասւում է Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի յայտարարութեան մէջ:
Այնուհանդերձ, Ամերիկայի հայկական համագումարը կարծում է, որ պետքարտուղարի այցը «կը խթանի ճանաչման ջանքերը»:
«Մենք գնահատում ենք այս կարեւոր խորհրդանշական քայլը: Այն ոչ միայն համահունչ է պետքարտուղարի երկարամեայ պետական գործունէութեանը եւ պատմականօրէն Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցում Ամերիկայի դիրքորոշմանը, այլեւ օգնում է մեզ համընդհանուր ճանաչման եւ արդարութեան հասնելու գործում», յայտարարել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Յովնանեանը: