ԱՐԱ ՊԱՊԵԱՆ
Բաքուի թաթարները եւ նրանց տէրերը՝ Ստամբուլի թուրքերը, պարբերաբար խօսում են Հայաստանի Հանրապետութեան կողմից Ադրբեջանի Հանրապետութեան տարածքի մի մասի, իբր, ռազմակալման (occupation) մասին: Միանգամայն հիմնազուրկ պնդում: Նման պնդման համար հիմքեր են պէտք: Հիմքերից մէկը խնդրոյ առարկայ տարածքի միջազգային իրաւունքով ամրագրուած տիտղոսի առկայութիւնն է:
Այսինքն, որպէսզի Ադրբեջանի տարածքի որեւէ մաս համարուի որեւէ մէկի կողմից ռազմակալուած, անհրաժեշտ է, որ Ադրբեջանն ունենայ եւ վկայակոչի այն միջազգային փաստաթուղթը, որով, այսպէս կոչուած, ռազմակալուած տարածքի վրայ ճանաչուած է եղել Ադրբեջանի Հանրապետութեան տիտղոսը: Սա միջազգային իրաւունքի հիմնարար դրոյթ է, քանի որ միջազգային օրէնքը յստակ է ցանկացած տարածքի պատկանելութիւնը որեւէ պետութեան պայմանաւորուած է միջազգային օրինական փաստաթղթով ամրագրուած տիտղոսով եւ տուեալ տարածքի վրայ հաստատուած գերիշխանութեամբ (sovereignty):
Համառօտակի անդրադառնանք վերջին մի քանի հարիւր տարուայ ընթացքում Լեռնային Ղարաբաղի տարածքի տիտղոսին: Ամասիայի թուրք-պարսկական պայմանագրով 1555թ.ից Լեռնային Ղարաբաղի տարածքի վրայ միջազգայնօրէն ամրագրուած է եղել Պարսկաստանի տիտղոսը: 19րդ դարի սկզբին Հարաւային Կովկասի արեւելեան հատուածն անցաւ Ռուսաստանի կայսրութեանը, ըստ այդմ, 1813թ.ի Գիւլիստանի պայմանագրով Ռուսաստանի տիտղոսն ամրագրուեց Լեռնային Ղարաբաղի վրայ: Անվիճելի է, որ 1813-1918թթ. Ղարաբաղի վրայ (նկատի ունեմ եւ Լեռնային եւ Դաշտային Ղարաբաղը) անվերապահօրէն հաստատուած է եղել Ռուսաստանի կայսրութեան տիտղոսն ու գերիշխանութիւնը:
Բոլշեւիկեան յեղաշրջման պատճառով (1917թ.) Ռուսաստանի կայսրութեան կործանման հետեւանքով Հարաւային Կովկասում թէեւ առաջացաւ քաղաքական անյստակ վիճակ, միջազգային իրաւունքի եւ տարածքի տիտղոսի տեսանկիւնից մինչեւ 1920թ. Յունուարը ամէն ինչ յստակ մնաց, քանի որ մինչեւ 1920թ. Յունուարը միջազգային հանրութիւնը մերժել է ճանաչել հարաւային Կովկասի երեք նորաստեղծ պետութիւնները, հետեւաբար շարունակել ճանաչել Ռուսաստանի կայսրութեան տիտղոսը: Միայն 1920թ. Յունուարից Փարիզի խաղաղութեան վեհաժողովը, յանձինս Գերագոյն խորհրդի (Supreme Council of the Paris Peace Conference) երկրներ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի, ճանաչեց Հարաւային Կովկասի երկրների անկախութիւնը: Ըստ էութեան մինչ այդ՝ 1918թ. Մայիսից մինչեւ 1920թ. Յունուարը, Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հանրապետութիւնները, ժամանակակից լեզուով ասած, միայն ինքնահռչակ հանրապետութիւններ էին:
Կարեւոր է ընդգծել, որ Փարիզի վեհաժողովի ճանաչումը յստակ նախապայման ունէր՝ Հրաւային Կովկասի երկրների սահմանները յետագայում որոշուելու էին Փարիզի վեհաժողովի կողմից: Այստեղ անհրաժեշտ է շեշտել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հանրապետութիւնների հռչակումից (1918թ. Մայիս) մինչեւ նրանց ճանաչման սկիզբը (1920թ. Յունուար) ոչ միայն Ադրբեջանի Հանրապետութեան տիտղոսը ճանաչուած չի եղել Լեռնային Ղարաբաղի վրայ, այլեւ Ադրբեջանի Հանրապետութիւնը երբեւէ Լեռնային Ղարաբաղի վրայ չի իրականացրել լիակատար վերահսկում (effective control): Աւելին, Ղարաբաղը շատ աւելի արդիւնաւէտ վերահսկւում էր տեղում ձեւաւորուած հայկական իշխանութիւնների եւ ուժերի կողմից:
Փարիզի վեհաժողովի ճանաչումից արդէն մէկ ամիս յետոյ՝ 1920թ. Փետրուարի 24ին, նոյն վեհաժողովի Հայաստանի սահմանները որոշող յանձնաժողովը (Commission for the Delimitation of the Boundaries of Armenia) Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Ճապոնիայի ներկայացուցիչների մասնակցութեամբ, արդէն Ազգերի լիգայի խորհրդի անունից, համատեղ զեկոյցով յստակեցրեց Հարաւային կովկասում սահմանազատման (delimitation) սկզբունքը: Այն է՝ Հայաստանի եւ Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները պիտի գծուէին «ի նկատի ունենալով, որպէս սկզբունք, ազգագրական տուեալները» (taking into, in principle, of ethnographical data):
Ի դէպ, Շուշիի 1920թ. Մարտի ջարդերը մեծապէս պայմանաւորուած էին այս որոշումով՝ Կովկասի թաթարները փորձ արեցին թուրքավարի փոխել Լեռնային Ղարաբաղի ժողովրդագրական պատկերը: Սակայն այս որոշմանը վիճակուած չէր իրականութիւն դառնալ, քանի որ արդէն 1920թ. Ապրիլից Ադրբեջանը, իսկ 1920թ. Դեկտեմբերից Հայաստանն օկուպացուեց բոլշեւիկեան 11րդ բանակի կողմից եւ նշեալ պետութիւնները դադարեցին գոյութիւն ունենալուց: Յետագան աւելի է յայտնի՝ նորահաստատ սովետական իշխանութիւնները կուսակցական որոշումով վարչական վերաբաշխումներ արեցին եւ հայաբնակ զգալի տարածքներ, որոնք Փարիզի վեհաժողովի ակզբունքի կիրառման դէպքում անվիճելիօրէն հայաստանեան պիտի լինէին, դրեցին Բաքուի վարչական ենթակայութեան ներքոյ:
Բնական է, որ խօսք լինել չի կարող միջազգայնօրէն ամրագրուած տիտղոսի մասին: Որեւէ կուսակցական որոշում չի կարող իրաւական հետեւանք ստեղծել միջազգային իրաւունքի մէջ եւ ամրագրել որեւէ տարածքի վրայ որեւէ տիտղոս: Նախկին անկախ Վրաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանն իրենք 1920/21թթ.-ից մինչեւ 1924թ. ունէին ռազմակալուած երկրների կարգավիճակ: Յետագայում, (1924թ. Փետրուարից), Սովետական Միութեան ճանաչման հետեւանքով ճանաչուեց այդ երկրների բռնակցումը (annexation): Ըստ այդմ, 1924թ.ից ողջ Հարաւային Կովկասի վրայ, ներառեալ Լեռնային Ղարաբաղը, անվերապահօրէն ճանաչուեց Սովետական Միութեան տիտղոսն ու գերիշխանութիւնը:
1991թ.ին, երբ Ադրբեջանն իրեն անկախ հռչակեց Սովետական Միութիւնից, Լեռնային Ղարաբաղն արդէն փաստացի անկախ էր: Այսինքն, իր վերանկախացումից ի վեր Ադրբեջանի Հանրապետութիւնը Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան տարածքի վրայ մէկ օր իսկ չի իրականացրել լիակատար վերահսկում (effective control): Աւելին, 1991թ. Հոկտեմբերի 18ին Պետական անկախութեան վերականգնման սահմանադրական ակտով նորանկախ Ադրբեջանն իրեն յայտարարելով Ադրբեջանի առաջին հանրապետութեան (1918-1920թթ.) ուղղակի իրաւայաջորդը, ըստ էութեան, նաեւ փաստաթղթային ձեւակերպմամբ չեղեալ յայտարարեց միչեւիսկ այն վարչական կապը, որը գոյութիւն էր ունեցել Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութեան եւ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի միջեւ:
Այսինքն, եթէ ՍՍՀՄ տրոհումից յետոյ նախկին սովետական սոցիալիստական հանրպետութիւնների մեծ մասի տարածքում առաջացան մէկական անկախ երկիր, ապա Ադրբեջանի Սովետական Սոցիալիստան Հանարապետութիւն կոչուած ՍՍՀՄի վարչական միաւորի տարածքում առաջացան երկու պետութիւն՝ Ադրբեջանի Հանրապետութիւնը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը: Ադրբեջանի Հանրապետութիւնը ոտնահարելով ՄԱԿի կանոնադրութեամբ ստանձնած ինքնորոշման սկզբունքը յարգելու պարտաւորութիւնը, անողոք պատերազմ սանձազերծեց իր նորանկախ հարեւանի դէմ եւ խայտառակ պարտութիւն կրեց:
Ի դէպ, 1991թ.ի Դեկտեմբերի 16ին Բրիւսելում Եւրոպական համայնքի (ներկայում Եւրոպական Միութիւն) երկրների արտաքին գործերի նախարարները «արեւելեան Եւրոպայում եւ Խորհրդային Միութեան (տարածքում) նոր պետութիւնների ճանաչման ուղենիշների» վերաբերեալ հռչակագրում «բոլոր սահմանների անձեռնմխելիութեան» նկատմամբ յարգանքը պայմանաւորեց «օրէնքի իշխանութեան, ժողովրդավարութեան եւ մարդկային իրաւունքների» յարգանքով, ինչպէս նաեւ «էթնիկ, ազգային խմբերի եւ փոքրամասնութիւնների իրաւունքների երաշխաւորմամբ»: Մի բան, որոնցից եւ ոչ մէկը չի իրականացուել ադրբեջանական պետութեան կողմից:
Հետեւաբար, երբ մեր հարեւանները խօսում են «օկուպացիայի» մասին, թող բարի լինեն նշել՝ պատմութեան ո՞ր ժամանակահատուածում է Ադրբեջանի Հանրապետութիւնը Լեռնային Ղարաբաղի վրայ իրականացրել լիակատար վերահսկում (effective control) եւ ո՞ր միջազգային փաստաթղթով է Լեռնային Ղարաբաղի վրայ ճանաչուած եղել Ադրբեջանի Հանրապետութեան տիտղոսը: Եթէ չի եղել այդպիսի վիճակ եւ չկայ այդպիսի փաստաթուղթ, իսկ այդպիսիք անկյայտօրէն չկան, ապա ի՞նչ «օկուպացիայի» մասին է խօսքը:
Արա Պապեան, Նախապէս Հայաստանի դեսպան՝ Գանատայի մէջ, այժմ՝ Մոդուս Վիւենդի կեդրոնի ղեկավարն է: