ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
…Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դէպքերը վաղուց արդէն եզակի երեւոյթ չեն, սակայն ներկայիս միջադէպն աչքի է զարնւում իր անսքօղ լկտիութեամբ ու ցինիկութեամբ։ Բանն այն է, որ դիվերսիան ձեռնարկուել է Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման յաջորդ օրը։ Հեգնականն այն է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդեանը երեք պետութիւնների ղեկավարների զրոյցը որակել է որպէս կառուցողական եւ օգտակար, որպէս «եւս մէկ կարեւոր փուլ ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման բանակցային գործընթացում»։
Ամէն կասկածից վեր է, որ դիւերսիոն գործողութիւնն ինքնաբերաբար չէր, այլ՝ վաղօրօք պլանաւորուած (ծրագրաւորուած-Խմբ.), քանզի նման գործողութիւններն առանց բարձրագոյն ղեկավարութեան տեղեակութեան չեն ձեռնարկւում։ Հնարաւոր է՝ հակամարտութեան կարգաւորման գործընթացի ներկայիս ընթացքը Բաքուին ձեռք չի տալիս, այդ պատճառով էլ նա վճռել է դիվերսիայի դիմել, որպէսզի ձախողի բանակցութիւնները։ Իսկ միաժամանակ էլ վարկաբեկի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեանը, որը շարունակում է ադրբեջանական իշխանութիւնների քննադատութեանը ենթարկուել բանակցութիւններում արդիւնքների բացակայութեան համար։ Իհարկէ, նկատի են առնւում արդիւնքներ՝ զուտ ադրբեջանական ընկալմամբ, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի յանձնում Բաքուին՝ նրա կարգավիճակը, այսպէս կոչուած՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան հիման վրայ ամրագրումով։ Հակառակ դէպքում … Թէ ինչ կարող է լինել հակառակ դէպքում՝ Ապրիլին իր կառավարութեան նիստում բացատրել է նախագահ Ալիեւը։ Նրա խօսքերով, եթէ բանակցութիւններում ոչ մի յոյս չլինի, ապա դրանք պէտք է դադարեցուեն։
«Դէ, իհարկէ, այդ գործընթացի մէջ նոր փուլ կը սկսուի։ Թէ ինչում կը կայանայ այն՝ առայժմ վաղ է ասել։ Յամենայն դէպս, մենք պատրաստ ենք ցանկացած բեմագրի», յայտարարել է Իլհամ Ալիեւը։
Բացառուած չէ, որ վերջինիս նման դիվերսիաներով Ալիեւն ուզում է իր մտադրութիւնների լրջութիւնը ցուցադրել միջնորդներին։
Կարծում ենք, վաղուց արդէն ժամանակն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենք մտադրութիւնների լրջութիւն ցուցադրեն։ Չէ որ մարտական բախումները շփման գծում, դիպուկահարների պատերազմը, որոնք շարունակում են երիտասարդ կեանքեր կործանել սահմանի երկու կողմերում էլ, Ադրբեջանի կողմից վաղուց են տարւում։ ԼՂՀ իշխանութիւնները բազմիցս են ԵԱՀԿի միջնորդների ուշադրութիւնը հրաւիրել Ադրբեջանի նկատմամբ խիստ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտութեան վրայ, ով բացայայտօրէն պրովոկացիոն (գրգռիչ-Խմբ.) գործողութիւններով տորպեդահարում (ռմբահարել, հրթիռակոծել-Խմբ.) է խաղաղարար գործընթացը եւ ապակայունացնում իրադրութիւնը հակամարտութեան գօտում, դրանով իսկ տարածաշրջանը նոր պատերազմի ռիսկի (վտանգի-Խմբ.) ենթարկում։ Ցաւօք, Մինսկի խմբի համանախագահները մինչ օրս սահմանափակւում են փաստերի արձանագրումով եւ կողմերին կոչ անելով՝ ձեռնպահ մնալ այնպիսի յայտարարութիւններից ու գործողութիւններից, որոնք կարող են պայթեցնել իրադրութիւնը հակամարտութեան գօտում։ Ընդ որում նմանատիպ դիմումները կառուցւում են հաւասարութեան տխրահռչակ սկզբունքով, այլ խօսքով՝ ընդհանուր, անհասցէ բնոյթ են կրում՝ առանց նշելու լարուածութեան մեծացման կոնկրէտ մեղաւորներին, չխօսելով արդէն նրանց նկատմամբ պատժամիջոցների մասին։ Այս հիմնախնդիրը վաղուց գոյութիւն ունի, սակայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անփոփոխ կերպով արդարանում են նրանով, որ իրենք հրադադարի ռեժիմը խախտողների նկատմամբ պատժամիջոցների կիրառման մանդատ (լիազօրուած պարտականութիւն-Խմբ.) չունեն։ Սակայն այս առնչութեամբ տրամաբանական հարց է ծագում. էլ ինչի՞ համար պարբերաբար անցկացնել շփման գծի դիտարկումներ եւ արձանագրել խախտումները, եթէ դրանց յետագայ արգելմանն ուղղուած միջոցներ չպիտի ձեռնարկուեն։ Ըստ էութեան՝ հրադադարի ռեժիմի պահպանման վերաբերեալ դիմումներն ու կոչերը պալիատիւ (կիսամիջոցային) բնոյթ են կրում, որոնք չեն կարող ապահովել անչափ անհրաժեշտ խաղաղութիւնը տարածաշրջանում։ Ինչն էլ ապացուցում է ադրբեջանական կողմի դիւերսիոն գրոհը Յունիսի 18ի լոյս 19ի գիշերը։
Աւելի շուտ, Մինսկի խմբի համանախագահութիւնն այս անգամ էլ պացիֆիստական (խաղաղասիրական-Խմբ.) տիպի ընդհանուր յայտարարութիւնների կը դիմի եւ համապատասխան մանդատը չունենալը կը վկայակոչի։ Այդ դէպքում նրան անհրաժեշտ է այդ հարցը բարձրացնել ԵԱՀԿ ղեկավարութեան առաջ, որպէսզի անհրաժեշտ պատժամիջոցներ ձեռնարկելու լիազօրութիւններ ստանայ։ Առաւել եւս, որ խօսքը գնում է նաեւ ԵԱՀԿի միջնորդութեան հէնց ինստիտուտի վարկի մասին, քանի որ Բաքուն, իր անպատժելիութիւնից օգտուելով, պրովոկացիոն գործողութիւններով բացայայտօրէն մարտահրաւէր է նետում Մինսկի խմբի համանախագահներին՝ ի չիք դարձնելով խաղաղութեան հասնելու նրանց բոլոր ջանքերը։ Մինչեւ որ Ադրբեջանի յանցաւոր գործողութիւններին պատշաճ քաղաքական-իրաւական գնահատական չտրուի, մինչեւ որ նա պատասխանատուութիւն չկրի հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների համար, շփման գծում մարդիկ են զոհուելու։ Յատկապէս երբ «այդ գործընթացում նոր փուլ սկսուի», որի մասին Ադրբեջանի նախագահն է բարբառել…
Լէոնիդ Մարտիրոսեանը «Ազատ Արցախ» կիսապաշտօնական օրաթերթի խմբագիրն է