Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակօ Սահակեանի հարցազրոցը «Նեզավիսեմայա գազետա»ի (Ռուսիա) մեկնաբան Եուրի Սիմոնեանի հետ:
ԵՈՒՐԻ ՍԻՄՈՆԵԱՆ.- Վերջին ժամանակներս յաճախակի են դարձել խօսակցութիւնները ադրբեջանա–ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթաց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին վերադարձնելու անհրաժեշտութեան մասին։ Դա ի՞նչ կը տայ։ Ստեփանակերտը բանակցութիւնների սեղանի մօտ վերադառնալուց որքանո՞վ կառուցողական կը դառնայ ադրբեջանական կողմի դիրքորոշումը։
ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՕ ՍԱՀԱԿԵԱՆ.- Ադրբեջանի կողմից կառուցողականութիւն մենք չենք տեսնում։ Իրօք, բանակցային գործընթացին լիարժէք ձեւաչափ տալու անհրաժեշտութեան մասին խօսակցութիւնները շատացել են։ Եւ դա, ճշմարիտ որ, անհրաժեշտ է։ Այն կազմակերպութիւնները, որոնք այսօր միջնորդական առաքելութիւն են կատարում, մասնաւորապէս՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, քանի գնում՝ աւելի յստակ են գիտակցում եւ գալիս այն հետեւութեան, որ առանց բանակցութիւններին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան մասնակցութեան՝ արդիւնքների չեն հասնի։ Մենք մեր յայտարարութիւններում, միջազգային կազմակերպութիւնների հետ, այդ նոյն ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ շփումների ընթացքում մշտապէս ընդգծում ենք բանակցային գործընթացի նախկին ձեւաչափը վերականգնելու անհրաժեշտութիւնը, որին մասնակցեցին մեր ներկայացուցիչները։ Հարցի բնոյթն ինքը պարտաւորեցնում է, որ միջազգային միջնորդական կազմակերպութիւնները բոլոր հնարաւոր մեթոդներն օգտագործեն գործընթացը նախկին հունը վերադարձնելու համար։ Մենք համոզուած ենք, որ դա դիմակայող կողմերին եւ կարգաւորման բուն գործընթացը կը բերի առաւել արգասաւոր եւ առաւել արդիւնաւէտ լուծումների։
ԵՈՒՐԻ ՍԻՄՈՆԵԱՆ.- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ով դեռ վերջերս էլ կտրականապէս մերժում էր Ստեփանակերտի հետ երկխօսութեան հնարաւորութիւնը, մի տեսակ մեղմացրել է իր վերաբերմունքը՝ բերանից թռցնելով, թէ դա, ընդհանրապէս, թոյլատրելի է։ Բայց միաժամանակ նա սաստկացրել է հռետորութիւնը. հիմնախնդիրը խաղաղութեամբ չլուծուի՝ լուծելու ենք ռազմական ուղիով։ Ձեր կարծիքով, որքանո՞վ են լուրջ այդպիսի սպառնալիքները։
ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՕ ՍԱՀԱԿԵԱՆ.- Հարցը լրջութեան մէջ չէ։ Հարցը Ադրբեջանի քաղաքական ղեկավարութեան վարքում կառուցողականութեան բացակայութեան մէջ է։ Երկար ժամանակ ի վեր ադրբեջանական կողմը մէկ պարզունակ գիծ է ցուցադրում։ Մեր կարծիքով, դա է գլխաւոր պատճառը, որ առայսօր բանակցային գործընթացում արդիւնք չկայ, եւ դրա հետ մէկտեղ նաեւ՝ բանակցութիւններին Ղարաբաղի չմասնակցելու հանգամանքը։ Ադրբեջանի նման վարքը, մասնաւորապէս՝ միլիտարիստական (ռազմապաշտ-Խմբ.) յայտարարութիւնները, երկրի ռազմականացումը, ոչ մի չափով չեն կարող նպաստել հակամարտութեան լուծմանը։ Այդ պատճառով մենք ԵԱՀԿ առաքելութեանը եւ այն կազմակերպութիւններին, որոնք ժամանակ առ ժամանակ շփւում են մեզ հետ, մշտապէս կոչ ենք անում, որ նրանք բոլոր հնարաւորութիւններն օգտագործեն, որպէսզի Ադրբեջանը փոխի ոչնչով չարդարացուած ագրեսիւ (յարձակողապաշտ-Խմբ.) վարքը։ Այդպիսի գիծը չի կարող բարձրացնել բանակցային գործընթացի արդիւնաւէտութիւնը։
ԵՈՒՐԻ ՍԻՄՈՆԵԱՆ.- Հակամարտութեան կարգաւորման առանց այն էլ բարդ գործընթացին պատրաստ է միջամտել, իսկ մեծ հաշուով էլ արդէն միջամտում է Թուրքիան՝ Ադրբեջանի ռազմավարական գործընկերը։
ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՕ ՍԱՀԱԿԵԱՆ.- Թուրքիայի գործօնը միշտ է ներկայ եղել տարածաշրջանում։ Անկարայի մասնակցութիւնը տարածաշրջանային գործերին տարբեր ժամանակաշրջանում տարբեր բնոյթ է կրել։ Այսօր Թուրքիան աւելի ակնյայտօրէն է յաւակնում ուղղակի մասնակցութեանը Ղարաբաղի վերաբերեալ բանակցային գործընթացին։ Դա, իհարկէ, անթոյլատրելի է մեզ համար։ Մենք չենք թաքցնում, որ Թուրքիայի մասնակցութիւնը միայն աւելի կը բարդացնի գործընթացը։ Այդ պատճառով մենք նրա մասնակցութեան անհրաժեշտութիւն չենք տեսնում։ Եւ ձեւաչափն էլ փոխելու անհրաժեշտութիւն չենք տեսնում, բացի մեր վերադարձը բանակցութեան սեղանի մօտ։ Վերջ ի վերջոյ, պէտք է յարգել Բուդապեշտեան գագաթնաժողովի որոշումները, որոնց համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացի լիարժէք կողմ է ճանաչուած։
ԵՈՒՐԻ ՍԻՄՈՆԵԱՆ.- Միջնորդները կարգաւորման Մադրիդեան սկզբունքները յայտարարել են բազային (մեկնակէտ-Խմբ.), ինչին կարծես թէ համաձայնել են ե՛ւ Երեւանում, ե՛ւ Բաքւում։ Յետոյ պարզուել է, որ դա ոչ բոլորովին է այդպէս, որ կողմերը պէտք է ինչ–որ լրացումներ ու փոփոխութիւններ ներկայացնեն։ Հիմա Բաքուն եւ Երեւանը մէկը միւսին մեղադրում են այդ շտկումները ներկայացնելը ձգձգելու մէջ։ Այդ ամէնով հանդերձ, հնչեցւում են Լեռնային Ղարաբաղի, այսպէս կոչուած՝ անվտանգութեան գօտու եօթ շրջանները Ադրբեջանին յանձնելու ինչ – որ բանաձեւեր՝ «2 + 3 + 2»։ Մի խօսքով, ամէն ինչ շատ մշուշոտ է եւ խճճուած։ Չէի՞ք պարզեցնի, թէ ինչ է կատարւում իրականում։
ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՕ ՍԱՀԱԿԵԱՆ.- Ոչ միայն Մադրիդեան, այլեւ մնացած բոլոր սկզբունքները, որոնք մշակւում եւ կողմերի քննարկմանն են դրւում, միշտ էլ մշուշոտ ու անհասկանալի են թուալու այն միակ պատճառով, որ դրանք մեզ հետ համատեղ չեն մշակւում։
Մենք յարգում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը, խորապէս երախտապարտ ենք նրան, քանզի գտնում ենք, որ այսօրուայ յարաբերական խաղաղութիւնը ձեռք է բերուել, այդ թւում, նրա աշխատանքի շնորհիւ։ Բայց, յարգելով այդ առաքելութիւնը, մենք միեւնոյն ժամանակ ասում ենք. հիմնախնդրի կարգաւորման ցանկացած սկզբունք ու սխեմա հարկ է մշակել մեզ հետ միասին։ Որպէսզի դրանք կենսագործուեն՝ անհրաժեշտ է ԼՂՀի հետ համաձայնեցնել իւրաքանչիւր փուլում, քանի որ յետագայում անհամաձայնեցուածութիւնը լուրջ հիմնախնդիրներ է ստեղծում։
ԵՈՒՐԻ ՍԻՄՈՆԵԱՆ.- Շրջանները փուլ առ փուլ Ադրբեջանին յանձնելու «սխեմայի» մասին տեղեկատուութեան արտահոսքի հետ միաժամանակ երեւան է եկել նաեւ մէկ ուրիշը՝ ադրբեջանցի փախստականների շուտափոյթ վերադարձի մասին։
Արդեօ՞ք ղարաբաղեան հասարակութիւնը պատրաստ է ընդունել նրանց։
ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՕ ՍԱՀԱԿԵԱՆ.- Մենք շատ յաճախ ենք շօշափում այդ թեման։ Այդ լոյսի ներքոյ ուզում եմ ընդգծել, որ հիմնախնդիրը հարկ է քննարկել համալիր կերպով. եթէ խօսում ենք ադրբեջանցի փախստականների մասին, ապա չպէտք է մոռանանք նաեւ այն կէս միլիոն հայերի մասին, որոնք ստիպուած են եղել լքել բնակութեան հարազատ վայրերը կամ բռնի կերպով վտարուել են այդտեղից։ Այդ պատճառով կոնկրէտ (մասնաւոր-Խմբ.) եւ միայն ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը մեր կողմից ընդունուել չի կարող։ Մենք պատրաստ ենք փախստականների հարցը քննարկել ամբողջութեամբ, այսինքն՝ հայ փախստականների շահերի հաշուառումով։
ԵՈՒՐԻ ՍԻՄՈՆԵԱՆ.- Լեռնային Ղարաբաղի սուղ բիւջէում միջոցներ են գտնուել Շուշիի մզկիթը վերականգնելու համար։ Բայց չէ՞ որ ուրիշ շատ հիմնախնդիրներ կան։
ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՕ ՍԱՀԱԿԵԱՆ.- Մզկիթը մեր հանրապետութեան մշակութային արժէքների մի մասն է, որը մէկ առանձին ժողովրդի չի պատկանում։ Ճիշտ այնպէս, ինչպէս որ մէր եկեղեցին չի կարող պատկանել միայն Ղարաբաղի ժողովրդին։ Մենք գտնում ենք, որ դրանք համամարդկային բնոյթի արժէքներ են։ Համապատասխանաբար էլ՝ այդպիսի վերաբերմունք։ Հնարաւորին չափ էլ աւելի շատ միջոցներ ենք ուղղելու մշակոյթի եւ ճարտարապետութեան յուշարձանների վերականգնմանը՝ անկախ դրանց կրօնական պատկանելութիւնից, լինեն դրանք մահմեդական թէ քրիստոնէական։
ԵՈՒՐԻ ՍԻՄՈՆԵԱՆ.- Դուք ինչպիսի՞ն էք տեսնում Ղարաբաղի ապագան. Հայաստանի կազմու՞մ, թէ՞, այնուամենայնիւ, հանրապետութիւնը երկրորդ հայկական պետութիւնն է լինելու։
ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՕ ՍԱՀԱԿԵԱՆ.- Մենք բաւական երկար ժամանակ պաշտպանում ենք մեր հանրապետութեան անկախութիւնը եւ ապրում ազատ պետութեան գոյակարգով։ Մեր ջանքերն այսօր ուղղուած են այն բանին, որ մեր փաստացի անկախութիւնը ճանաչի միջազգային հանրակցութիւնը։ Դա մեր պետութեան հիմնական քաղաքական գիծն է։
ԵՈՒՐԻ ՍԻՄՈՆԵԱՆ.- Ձեր գլխաւոր նպատակը ԼՂՀ նախագահի պաշտօնում։
ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՕ ՍԱՀԱԿԵԱՆ.- Շատ բան պէտք է անել։ Առաջին հերթին պէտք է լուծել սոցիալ-տնտեսական հարցերը։ Պատերազմն աւերել է մեր տնտեսութիւնը, ոչնչացուել է հանրապետութեան ամբողջ ենթակառուցուածքը։ Այսօր մենք աստիճանաբար վերականգնում ենք տնտեսութիւնը։ Անցեալ տարի, օրինակ, ՀՆԱի աճը կազմել է 13,1%, եւ դա՝ համաշխարհային ճգնաժամի պայմաններում։ Այդ յաջողութիւնը ես հակուած եմ բացատրել իր երկրի նկատմամբ մեր ժողովրդի վերաբերմունքով։ Դէ, իսկ գլխաւոր նպատակս կամ երազանքս այն է, որ մենք հասնենք մեր անկախութեան ճանաչմանը, կեանքի բնականոն պայմաններ ստեղծենք մեր քաղաքացիների համար, որպէսզի ժողովուրդը, որը չորս ու կէս հազար տարի ապրում է իր հողում, հնարաւորութիւն ունենայ աշխատել խաղաղ պայմաններում, երեխաներ մեծացնել, ուրախանալ կեանքով։