ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
Իմ կարօտը առնացի թող մղկտայ ու անցնի կապոյտի հեռուն, որ իմ հոգին էլ թողած տենչերը իր հին գուցէ ձգտի ու հասնի երազին քո սին… Քո կարօտն էլ թող լացի մրմուռով իր խոր, թող մղկտայ ու անցնի կապոյտի հեռուն, ինչպէս աւուրն է անցնում դառնում իրիկուն… Իրիկուան թուխն է իջնում հետքերիդ վրայ, անցեալի յուշը ջնջում քաղցր ու հեռակայ, թողնում անթեղ ու մոխիր ու մխանք հոգու, վաղընջական հեքիաթի մանրուք ու մրուր… Ճամբէքը դեռ ձգւում են սիրտս ճեղքելով, բայց չեմ հասնում քո տենչին մշուշուած… անթով…
ԱՇԽԱՐՀՔՈՎ
ՄԷԿ ԵՄ ԵՂԵԼ
Որ ծնուել եմ ու ապրում եմ, հրաշալի ցնծառիթ է, աշխարհքով մէկ եմ եղել… Արեւահամ, արեւահոտ կեանքը շահում, հրաշալի կեանք ու գործ է, աշխարհքով մէկ եմ եղել… Որ մարդկութեան այս հաւաքին ես էլ, ես էլ մասնակից եմ, հրաշալի տօնական է, աշխարհքով մէկ եմ եղել… Ցաւերին էլ, հոգսերին էլ, մասնակից եմ, հրաշալի մարդկային է, աշխարհքով մէկ եմ եղել… Իմանում եմ, որ լաւինն եմ, հրաշալի ընտրութիւն է, աշխարհքով մէկ եմ եղել… Չար ու վատին յաղթելու եմ, հրաշալի վեհութիւն է, աշխարհքով մէկ եմ եղել… Որ ապրում եմ իմ գոհութեամբ, սփիւռներից առ հայրենիք, հայրենիքում, հայրենիքով, աշխարհքով մէկ եմ եղել։
ՄՏԱՅՂԱՑՈՅԹ
Անսահման է այս նիւթը, գոյառոյթի բնոյթը, տենչաւորման ձեւոյթը, որ երկնում է ու հասնում, ատոքութեամբ քաղցրանում, դառնում գոյի տարերքը, որի ոգին կրակն է, մտքի, սիրոյ ողջ բերքը…
Ու մտքի մէջ գաղափարից ձեւ է առնում հում նիւթը, դառնում է կեանք ու աշխարհք, դառնում չքնաղ մի հրաշք, եղած-չեղածի հիւթը գաղափարի աշխարհում, հանց կապոյտում մի ապրում, ամբողջութեան դրոյթը… Բայց մականցում է ընդոստ յեղակարծւում տարածքում, չի գիտակցւում չի մուծւում, լուրթ ոլորտում է հունցւում ու կարկառւում է ըմբոստ… Դատողապաշտ մոլո՞ւցք է, թէ պարտադիր բռունցք է, չի տարբերւում, բողբոջւում է բեղմնաւոր, որպէս գոյը սաղմնաւոր, հնութեան մէջ հանց նորոյթ, շարունակուող անձանձրոյթ… Անսահման է այս նիւթը, ոգու, մարմնի բնոյթը, մտքի, սիրոյ համոյթը… Մտքի, սիրոյ բարդոյթը…
ԾՆՐԱԴԻՐ
Երբ աղօթում եմ առ քեզ, գիտեմ, ժամանակդ յաւիտենութիւնն է. մինչդեռ իմ խնդրածը այս կեանքիս վայրկեանի համար է։ Քո յաւիտենութեան դիմաց վայրկեան է մարդկային կեանքը։ Մանկութիւնն է կեանքի մեղրամիսը, թէեւ շտապում եմ մեծանալ։ Մեղրի քաղցրութիւնից է գուցէ որ կոկորդս այրւում է, մանուկ կեանքը վաղաժամ հասունանում է։ Հասունութեամբ եմ հասնում բոլոր նուաճումներիս, որոնց համար տքնում եմ. որոնց արժանանում եմ բախտի բերմամբ, որոնք մատներիս արանքից թափւում են ու կորչում. շա՜տ է վատնումը… Մանկութիւնս մնում է չգերազանցուած, փոքրիկ ցանկութիւններով. ընդամէնը մի քաղցրեղէն. ընդամէնը մի խաղալիք. ուզում եմ բռնել թիթեռին… Ուզում եմ մանկանալ, չեմ կարողանում… Պարգեւիր վերագտնեմ պարզութիւնս, մաքրութիւնս։ Այսքան աշխատում եմ դրամ եմ շահում, կորցնում եմ առողջութիւնս… Ծախսում եմ դրամս վերագտնելու համար առողջութիւնս… Կորցնում եմ դրամս… Այնքան մտահոգւում եմ ապագայով, չեմ ապրում ներկան… Հասնում եմ մահուան, չապրած անցեալը, չճանաչած ներկան ու չգրկած ապագան… Եւ ի՜նչ եմ վաստակում… Ուզում եմ բոլորը սիրեն ինձ… Բայց չեմ յաջողում… Նրանց սէրը իմ ուզելով չի լինում… Իմ սիրելն է լոկ իմ ուզելով… Ինչպէ՞ս սիրեմ բոլորին, որ իմ ուզածով լինի…
ԼՈՒՍՆԱՀԱՉ
Լուսնի բուրվառից երազ է ծորում, միրաժ է կապոյտ. ճահճում փրփուրը մամուռ է ծամում, գէջ է ու տամուկ… Ոսկեշողի մէջ մի ստուեր շարժուեց, լուսնոտ մի բիճ է, մի պերճաղիճ է. մութի ծալքերից հովը ցիր տուեց, աւազ ու խիճ է։ Երկինքը կործուել երկրի վրայ պէծեր է բանտել. պսպղուն աստղեր առկայծ, հեռակայ, տենչերս են լուսեղ։ Իցի՜ւ կռանամ քո կրծքին սիրով ու կայծը փրթի. մեր սրտերի մէջ, ո՜ղջ տիեզերքով եռքը կը յորդի… Ու տատանւում է հորիզոնը բիլ, մրափն է ընկնում. լուսնոտի երա՞զ, թէ կօշմար է շիլ, ծմրում է մթում… Ռեխը դէմ արած լուսնի արծաթին ոռնում է շունը… Հրայրքներս թէժ… Ծոցդ ծիրկաթին… Հեւքդ… Շրշիւ՜նը…
ԳԱՅԼԸ, ԱՂæԻԿ ՈՒ ՏՂԱՅ
ՁԱԳԵՐԸ
Արեւի տակ այս վառ, որ անձրեւ է գալիս, գայլը, մի վայրի մայր, հեռու կապոյտ սարում աղջիկ ձագ է ցնկնում. ձագին ծնունդ տալիս՝ ձագին սիրում, լիզում ու մայրական սիրոյ օրինակ է տալիս։ Սա հաւատ էր մի հին, որ հեռուից էր գալիս, մանկութ մեր օրերին մի երազ էր տալիս։ Բայց թէ արեւ օրում ամպից ձիւն է գալիս հեռու կապոյտ սարում գայլը, մի վայրի մայր, գայլը ծնունդ տալիս, տղայ ձագ է ցնկնում։ Սա հաւատ էր մի սին, որ հեռուից էր գալիս, մանկութ մեր երազին մի իմաստ էր տալիս։ Հովն է սուրում, հեւում, գայլն է ոռնում սարում. մանկութ մեր օրերը սարի կապոյտ հեռւում… Հողմը շաչում համակ փոթորիկ է դառնում, փոշոտ արեւի տակ բոյր ու համբոյր բառնում։ Ու երազ ու իմաստ հիւսւում կապոյտ հեռւում մի անցողիկ ցոլքով մեր անցեալն են ցայում ցրի՜ւ ցնորքների ցանցառ շամանդաղով… Սնոտ հաւատամքով, հնուկ կախարդանքով… Ու մայր գայլը վայրի, հեռու կապոյտ սարում, հետն իր զոյգ ձագերի իր աշխարհն է ապրում։
ԵՐԱԶԱԹԱՓ
Լոյս ու մութ, լոյս ու մութ, մթնշաղ է. երեւում, չի երեւում գիշերը։ Հազիւ անցնում է ճամփան, թեքւում է ոլորանը, հասնում է երազին. այնքան լաւն է, այնքան քաղցր. իրականանում են ցանկութիւնները։ Մութ ու լոյս, մութ ու լոյս, աղջամուղջ է. երեւում, չի երեւում առաւօտը։ Վերջապէս աւելանում է լոյսը, աղջամուղջը հալւում է լոյսի մէջ. երազը անհետանում է։ Կանգ է առնում, վերադառնում է, անցնում է ոլորանը, փնտռում է երազին։ Լուսացել է, երազ չի մնացել…
ԱՄԲՈՂæԱՑՈՒՄ
Հեռուն տատանւում է հորիզոնի գծի վրայ. գիծ է, գիծ չէ, հեռուն է, հեռուն, որ տատանւում է, ծածանւում է մտքիս ու ցանկութեանս առագաստով: Մօտեցիր, որ չմնաս հորիզոնում, որ լինես սրտիս ու աչքերիս մէջ, որպէսզի համօրէն սիրեմ քեզ, համօրէն ճաշակեմ քեզ, որպէս կեանքիս քաղցրութիւնը: Սիրուդ աստղունքը առկայծում են զգացումներիս երկնքում, ջերմութիւնդ ողողել է գրկիս կարօտութիւնը, աչքերիս լճակներում գեղեցկութիւնն է քո գոյութեան, եւ քաղցրութիւնդ ճաշակում եմ շուրթերիս: Խորացիր սրտիս մէջ, որ հասնես սիրուս հաւաստիութեանը, խորացիր, որպէսզի հասունանայ վայելքի համը, համովութիւնը դառնայ բաւարարութեան բալասան, եւ ուռճացող ալիքը փշրելով ընդարմացնի լարումը որոնումներիս, ընդարմացնի լարումը որոնումներիդ: Անդորրի օրհնութեան մէջ է, որ հասնում եմ քեզ, որ հասնում ես ինձ, որ ամբողջանում ենք տիեզերքով: