Ուրբաթ, Մայիս 21ին, Լա Քանիատայի «Congregational» եկեղեցիին մէջ, «Մխիթարեան» դպրոցի 6րդ եւ 7րդ դասարանի աշակերտները ներկայացրին Ալ. Սարուխանի «Մենք հայերէն չենք գիտեր» երգիծախաղը՝ դերուսոյց եւ բեմադրիչ ու հայերէնի վաստակաւոր ուսուցչուհի Արսինէ Շահմելիքեանի ղեկավարութեամբ: Մարինէ Մկրտիչեանի պատրաստած գեղեցիկ յայտագրերով հրաւիրուած էինք երեկոյին:
Անցած դարի արեւմտահայ երգիծանկարիչ եւ երգիծաբան Ալ. Սարուխանի այս գործը կարծես գրուած է բոլոր ժամանակների հայութեան համար: Միշտ էլ ունեցել ենք օտար ափերում ապրելու, գոյատեւելու, մեր ինքնութիւնը փաստելու եւ առաւել՝ ժամանակակից կեանքի հետ քայլ պահելու անհրաժեշտութիւնը: Ո՞րը գերադասել. յանձնուել օտարութեան՝ յաջողակ անձ լինելու համար, մնալ ազգայինի շրջանակներում եւ սահմանափակուել, թէ՝ կատարեալ իւրացնել ազգայինը եւ նետուել կեանքի յորձանուտը՝ զինուած եւ պաշտպանուած, ընդունելով մարդկութեան պատկանող ամէն նորութիւն:
Սարուխանի երգիծախաղը, որ սկսւում է հայ լինելու եւ հայերէն լեզուի պայքարով, նոր սերնդի եւ մեծ հայրիկի միջեւ, ունենում է դրական վերջաբան. շրջագիծը միանում է եւ «Մենք հայերէն չենք գիտեր»ը դառնում է «Մենք հայերէն պէտք է սովորենք»ի:
Թատերախաղի բոլոր մասնակիցները կարծես գլխաւոր դերակատարներ էին: Տիկին Մելինէի (Մէրի Հալէպեան) բնակարանում, որտեղ ընթանում են գործողութիւնները, ներկայ են մեծ հայրը (Կարօ Թերզեան) եւ մեծ մայրը (Լուիզա Ազատեան): Հիւրերը՝ հոգաբարձու Գառնիկը (Յարութ Չորբաջեան) եւ մտաւորական Բանգէտենցը (Քրիս Եղիայեան), ընտանիքի անդամների հետ քննարկում են հայկական հարցեր, թերագնահատում են հայկական դպրոցը, հայ լեզուն: Տիկին Մելինէի զաւակները՝ Թերեզը (Մարիամ Ամրեան) եւ Փիթըրը (Քրիս Չիրօղլեան), յաճախում են համապատասխանաբար հայ եւ օտար վարժարաններ: Դպրոցի տուած պատիժներն անգամ տարբերում են օտարամոլ հայերը. հայկական դպրոցի պատիժն անարդար է: Անգլիացի պարոնի վնաս հասցրած ծեծը, որի համար բժշկուհին (Թամարա Տօրեան) եւ հիւանդապահուհին (Նաթալի Չորբաջեան) նոյնիսկ այցելում են տուն, ոչինչ չի նշանակում. միեւնոյն է, օտարները ճիշդ են: Նոյն կարծիքի են նաեւ բարեկամուհի տիկին Ալիսը (Նայիրի Պօղոսեանը) եւ նրա աղջիկը (Անայիս Եղիայեանը): Հայասէր բարեկամուհի տիկին Անահիտի (Զառա Կույումջեան) եւ տան մեծ հօր՝ Միսաք աղայի յորդորներն անօգուտ են լինում՝ վերակենդանացնելու նրանց ազգային զգացմունքները:
Սակայն, զարմանալիօրէն, անգլիացի դրացի Ճէյմզ Սքոթը (Վարդան Գալուստեան) կարողանում է այս հայերին արթնացնել: Միայն տիկին Անահիտի հայկական վարժարան աւարտած, սահուն անգլերէն խօսող ամուսինը՝ Միքայէլը (Յարութ Չորբաջեան), կարողանում է կարդալ Սքոթի բերած հայերէն նամակը: Անգլիացու հետաքրքրուածութիւնը մեր ժողովրդի նկատմամբ, նրա ներկայութեամբ մայրենի լեզուն չիմանալը սթափեցնում են մեր օտարամոլ հայերին: Երբ տիկին Անահիտը ասում էր՝ ո՞ւմ մայրենի լեզուն զօրաւոր է, միւսները լաւ կը սովորի, նրանք պատասխանում էին, թէ հայերէնը մեռեալ լեզու է: Բեմադրութիւնը եզրափակւում է հետեւեալ ձեւով. փոքրիկ Թերեզը մեր «հայերին» սկսում է հայերէն սովորեցնել:
Միշտ հին ու նոր այս նիւթը վերակենդանացրել էր «Մխիթարեան» դպրոցը: Արսինէն եւ իր աշակերտները տքնաջան աշխատանքով հասցրել էին Սարուխանի գործը բեմական ներկայացման: Երան Չորբաջեանի ձեւաւորած բեմահարթակի վրայ մեր լեզուն էր տողանցում, եւ ինչպէս դպրոցի տնօրէն Յովհ. Խոստեղեանն էր ասում իր պատգամում՝ «Նահապետին երգած հայոց իսկական գարունը կու գայ, երբ մեր լեզուն կը խօսինք, երբ կեանքի շունչը կու տանք մեր շրթունքներով, մեր հոգիներով եւ ապրումով այս գանձին, որ մերն է միայն»:
(Թղթակցութիւնը վարժարանէն)