ԵՐԵՒԱՆ.- Նախագահ Սերժ Սարգսեան Հայաստանի առաջին հանրապետութեան անկախութեան տօնին առթիւ հայ ժողովուրդին յղած է ուղերձ, ուր խօսած է Մայիս 28ի սխրանքներու դասերուն մասին:
Մայիս 28էն առաջ «հայը զոհ էր, գաղթական, կապիտալիստ, առեւ-տրական, խմբագիր, զօրավար, բանաստեղծ, շինական, գիտնական եւ այլն։ Նա ամէն ինչ էր, բայց քաղաքականապէս՝ գրեթէ ոչինչ։ Մայիսի 28ին հայը դարձաւ պետութեան քաղաքացի»։
Նախագահը իր ուղերձին մէջ մատնանշած է «Մայիսի 28ի ամենակարեւոր» հինգ դասերը:
«Դաս առաջին. ոչ ոք աշխարհում պարտաւոր չէ կռուել քեզ համար եւ քո փոխարէն։ Քո ընտանիքի, ազգի, երկրի պաշտպանութիւնն անձամբ քո գործն է եւ քո նուիրական պարտքը։ Օտար ուժերին ապաւինելն ու բոլոր յոյսերն այլոց հետ կապելը նշանակում է լինել ոչ իրատես, ի վերջոյ՝ կործանուել։
«Դաս երկրորդ. ոչ ոք պարտաւոր չէ քո փոխարէն հաստատել պետականութիւն։ Ի հարկէ, երկու դէպքում էլ կարող են լինել դաշնակիցնէր, սակայն այդ սխրագործութիւնները դու պարտաւոր ես պատրաստ լինել կատարելու մեն-մենակ։
«Դաս երրորդ. պետական կառոյցներ ձեւաւորած ժողովրդի նկատմամբ կարելի է տանել առանձին յաղթանակներ, բայց անհնար է իրականացնել ցեղասպանութիւն։ Ահա թէ ինչու Արեւելեան Հայաստանի համար մայիսի 28ը նոր ծննդեան օր է։
«Դաս չորրորդ. հայ ժողովուրդն ի վիճակի է լուծել իր առջեւ դրուած ամենաբարդ, երբեմն անհնար եւ երեւակայական թուացող խնդիրները։ Հայ ժողովուրդն ուղղակի անպարտելի է, եթէ աշխարհին ներկայանում է միասնական ճակատով։ Եթէ հայութեան բոլոր հատուածները, բոլոր խաւերն ու քաղաքական ուժերը գործում են համաձայնութեան, փոխլրացման մթնոլորտում, եթէ երկրի ներսում չկայ հինգերորդ շարասիւն, մենք անպարտելի ենք։
«Դաս հինգերորդ. պէտք է հաւատալ հայ ժողովրդի ունակութիւններին, հաւատալ նրա կռուելու, կառուցելու, մտածելու, արարելու մեծ հնարաւորութիւններին։ Այսօր քչերն են յիշում, թէ ինչ յուսահատական տրամադրութիւն էր իշխում Ղարաքիլիսայում հերոսամարտից ընդամէնը մի քանի օր առաջ։ Գաղթականութեան թշուառ տեսարանները խեղճացրել ու բարոյալքել էին նոյնիսկ զինուորներին, որոնք արդէն դիմում էին դասալքութեան։ Իսկ յաղթանակից յետոյ ոմանք չէին հաւատում իրենց աչքերին, չէին հաւատում, որ իրենք յաղթել են։
«Այսօր էլ մեր շուրջ կան մարդիկ, ովքեր չեն հաւատում, թէ Հայաստանը կարող է ունենալ եւրոպական զարգացած երկրին վայել բարեկեցութիւն, օրինապահութիւն, ամենաբարձր չափանիշներին համապատասխանող կրթութիւն, գիտութիւն, առողջապահութիւն, սպորտ եւ այլն։ Մայիսի 28ը մեզ յուշում է, որ թերահաւատութեամբ հեռու չես գնայ, զոհի, թերարժէքութեան բարդոյթով, աշխարհից խռովածի, բողոքաւորի սուգ ու շիւանով հեռու չես գնայ, առանց պետական մտածելակերպի, քաղաքացիական պահանջկոտութեան ու պատրաստակամութեան, առանց քո երկրի հանդէպ մեծ հաւատի հեռու չես գնա։
«Իսկ մենք պատրաստւում ենք շատ հեռու գնալ, որովհետեւ մեր թիկունքում ունենք մայիսի 28, որովհետեւ շատ հեռուից ենք գալիս», յայտնած է նախագահը իր ուղերձին մէջ:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.
Նախագահ Սերժ Սարգսեանը մոռացել է Մայիս 28-ի վեցերորդ եւ հաւանաբար ամենակարեւոր դասը՝
«Երբե՛ք եւ երբե՛ք չհաւատալ եւ չվստահել Թուրքիային: Յատկապէս, չստորագրել որեւէ արձանագրութիւն՝ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման վերաբերեալ, ուր նշւում է, թէ պետական ենթայանձնաժողով պէտք է կազմուի երկու երկրների պատմական հարցերը քննարկելու համար (ընդ որում, փաստօրէն, հարցականի տակ է դրւում Հայոց Ցեղասպանութեան փաստը ) եւ միմեանց ներկայիս սահմանները հաստատելու համար (այլ խօսքով՝ մոռանալու Թուրքիայի կողմից բռնազաթուած մեր հողերը) եւ ղարաբաղեան հարցը կապելու հայ-թուրքական յարաբերութիւններին (ինչի մասին պետական եւ միջազգային բեմերից բազմիցս յորջորջել ու բացէիբաց յայտարարել են Թուրքիայի իշխանութիւնները):
Նախագահը այդ ահագնացող դասը մոռացել, իսկ իր արտգործնախարարը՝ Էդուարդ Նալբանդեանը, Ցիւրիխում արդէն ստորագրել էր այդ արձանագրութիւնը՝ Թուրքիայի խորամանկ արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուի հետ…: