Ուրբաթ, Ապրիլ 23ի երեկոն է: Ահա մի խումբ գրողներ ու գրականութիւնը սիրողներ հաւաքուել են Գլենդէյլի Ս. Աստուածածին եկեղեցու «Ղօղանջ Ոգեկոչման» խաչքարի առջեւ, ծաղիկներ են մատուցում Հայոց Ցեղասպանութեան նահատակների յիշատակին: 1915ի այս նոյն երեկոյեան էր, որ Պոլսի հայ մտաւորականութիւնը ձերբակալուեց եւ աքսորուեց ի մահ: Այս դառն մտածումներով, Քալիֆորնիայի հայ գրողների միութեան նախագահ բանաստեղծ Գրիշ Դաւթեանը ներածական խօսքով մեկնարկում է նահատակ գրողների ստեղծագործութիւնների ընթերցումը. նա կարդում է Դանիէլ Վարուժանի «Առկայծ Ճրագ»ը: Բանաստեղծուհի Ֆիրա Ակեան կարդում է Դ. Վարուժանի «Կարօտի Նամակ»ը: Հրապարակագիր, վետերան Արծրուն Ալեքսանեանը կարդում է Սիամանթոյի «Մահուան տեսիլք»ը: Բանաստեղծ Ալբերտ Գրքաշարեանը կարդում է Սիամանթոյի «Պարը»: Գեղարուեստագէտ Անահիտ Իշխանեանը կարդում է Դ. Վարուժանի «Անդաստան»ը: Արձակագիր Ռուբէն Քէշիշեանը կարդում է Երուխանի «Արեան Ուժը»: Վիպասան Պօղոս Գուբելեանը կարդում է Ռուբէն Սեւակի «Կռունկը»: Բանաստեղծուհի Արաքսը կարդում է Սիամանթոյի «Ափ Մը Մոխիր, Հայրենի Տուն»ը: Արձակագիր Նիկոլա Ստեփանեանը կարդում է Սիամանթոյի «Ես Երգելով Կ՛ուզեմ Մեռնիլ»ը:
Ձեւով պարզ, իմաստով խորունկ այս ձեռնարկով, հայ գրողները հնչեցնում են հայ նահատակների անմեռ խօսքը, մատուցում են որպէս անթառամ ծաղիկներ նրանց փոշիացած աճիւններին:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.