ՎԱՐԹԻԿ ԲԱԼՈՅԵԱՆ
Մեծն Ջիւանու մահուան 100 ամեակի առիթով Հայաստանում հրատարակուեց Ջիւանու 450 անտիպ երգերի մի շքեղ հատոր, որը մասնագէտների կարծիքով ակադեմիական մակարդակ ունի:
Գրքի հեղինակն է Բանասիրական Գիտութիւնների թեկնածու, բանահաւաք, Ջիւանագէտ-աշուղագէտ,
Հայաստանի վաստակաւոր արտիստ, պրոֆէսոր Թովմաս Պօղոսեանը:
Գիրքը անգնահատելի մի աշխատութիւն է, որին տրուած է մի թանկագին կեանք: Այն խօսում է հեղինակի գիտելիքների ու մեծութեան մասին:
Տասնեակ տարիներ առաջ, երբ մարդիկ իրենց երիտասարդ կեանքն էին վայելում, այս երիտասարդը կեանքին նայում էր պատուհանի ետեւից, փայփայելով ազգի համար կարեւոր ու անհրաժեշտ նպատակների իրականացում, իր հեռաւոր հորիզոնում տեսնելով մի նպատակ, որն էր լոյս ընծայել Ջիւանու հանճարը, ազգին թողնել մի թանկարժէք հարստութիւն:
Նա երբեք չի ափսոսում իր երիտասարդ գեղեցիկ տարիները, որ նուիրել է Ջիւանուն: Վկան այսօրուայ շքեղ հատորն է, որը արդարացրեց Թովմաս Պօղոսեանի երկար տարիների նուիրումն ու աշխատանքը:
Նախ ուզում եմ սկսել կազմից, որը փառաւոր տեսք է տալիս, իսկապէս Ջիւանու աստիճանի ու ակնյայտօրեն խօսւում է հեղինակի բարձրաճաշակութեան մասին: Այսօր նա շնչում է կեանքի բաղձալի համն ու բոյրը, հասկանում
կեանքի նշանակութիւնը, ինչով եւ ինչու է ապրում մարդը: Պարզապէս ապշած ենք այս արուեստագէտի՝ Թովմաս Պօղոսեանի վճռականութեան եւ հզօր ու երկաթեայ կամքի վրայ, այլապէս այս գիրքը չէր կարող լինել կատարեալ: Նրա վճռականութեան շնորհիւ ստեղծուեց մի հզօր եւ կարեւոր կառոյց,
ջիւանու անուան աշուղական դպրոց, որը միակն է ոչ միայն Հայաստանում, սփիւռքում, այլ նաեւ համայն հայութեան մէջ:
Նրա հեռահար նպատակն էր ապագայ սերունդներին դաստիարակել Ջիւանիական գաղափարներով, հայրենասիրութեամբ:
Դպրոցի կարեւորութիւնը այնքան է, որքան ազգի գոյատեւումը: Առանց հիմքի կառոյց չկայ, առանց կառոյցի հայ երգը չի գոյատեւի: Ինչպէս Թովմաս Պօղոսեանն է արտայայտւում «Ջիւանին աշուղական արուեստի Մաշտոցն է մեզանում, մեր մայրենին է», այն պէտք է պահպանել իբրեւ հայ ազգային մշակոյթի կոթող:
Թովմաս Պօղոսեանի շնորհիւ, ընթերցողի սեղանին դրուեց այս սքանչելի աշխատութիւնը, երբեւէ չտպագրուած Ջիւանու երգերը, որոնք դարձան ազգի սեփականութիւնը: Այսօր դա երջանիկ իրականութիւն է:
Ջիւանու այսպիսի մեծածաւալ հատոր դեռ չի հրատարակուել եւ չի հրատարակուի, ինչու…
Ջիւանու ստեղծագործութիւնները հետազօտողներին կարծես թէ չի հետաքրքրել նրա անտիպները մինչ այսօր, ցաւալիօրէն մատնուած են անուշադրութեան: Դեռ այն ժամանակ, երբ Ջիւանին ստեղծագործում էր, կեանքը բաւականին դժուար էր ու սուղ, անհնար էր կարողանալ տպագրել հարիւրաւոր գործեր. յետագայում նրա երգերի քանակը գրեթէ գերազանցեց հազարից: Ջիւանին ազգային երգիչ է, դա էլ եղաւ գլխաւոր պատճառը յետագայում չտպագրուելու եւ արգելք հանդիսացաւ իշխանութիւնների կողմից, իսկ աւելի ուշ չգտնուեց մի լրջախոհ գործիչ, որի համար Ջիւանու կարեւորութիւնը համարուէր իբրեւ ազգային մշակոյթի ամենակարեւոր խթաններից մէկը: Ինչպէս Թովմաս Պողոսեանն է նշում «Ջիւանին մեր ժողովրդի մարգարէն է:
Երբ մարդը վճռականութիւն ունի, նա ոչ մի արգելքի առաջ չի կանգնի: Չեմ զարմանում Թովմաս Պօղոսեանի գործունէութեան, ստեղծածների վրայ, ճանաչելով նրա կարողութիւնները, միայն զարմանալի է, որ այս բոլորի հետ մէկտեղ նա կարողացել է հսկայական ժամանակ տրամադրել այս գործին, կարեւորելով այս գործի դերն ու նշանակութիւնը ազգապահպանման միջոցների շարքում:
Անտիպներ հաւաքել, նրանցից իւրաքանչիւրի մասին տեղեկութիւններ հաւաքել ու նպատակասլաց գործել: Իսկ այդ թանկագին նպատակն էր ազգին հարստութիւն թողնելու բաղձանքը:
Ջիւանու 450 անյայտ երգերի ժողովածուն ընդգրկում է ծանօթագրութիւնների բաժինը, որտեղ ընթերցողը ստանում է բաւականին տեղեկութիւն Ջիւանու ստեղծագործութիւններից, մատենագիտական ցանկը, որը ինքնին մեծ աշխատութիւն է ու վերջապէս յատուկ անունների բառարանը, որը նոյնպէս շատ կարեւոր է գրքի կատարելութեան համար: Ազգի ամենամեծ երջանկութիւնը գրքի ծնունդն է, որքան որ հեղինակի համար կարեւոր է գրքի հրատարակումը, հազարապատիկ անգամ կարեւոր է ազգին՝ ճանաչելու այս Մեծ փիլիսոփային, հանճարին: Ջիւանու հանճարը շատ մեծ է, նրա ստեղծագործութիւնները փիլիսոփայական են, դաստիարակչական, ազգային հայրենասիրական: Դա էլ պատճառ էր անտիպ մնալու: Հեղինակի բացատրութիւնը հետեւեալն է, որ «Ջիւանին մեզ սովորեցնում է ինչպէս ապրել եւ ուր գնալ»: Ջիւանուն պէտք է ճանաչել: Միայն եթէ վերցնելու լինենք բոլոր ժամանակների համար գրուած հանճարեղ «Խելքի աշեցէք» ստեղծագործութիւնը, բաւական է նրա կշիռը չափելու:
Չմեծամտանալով, Ջիւանին իրեն չի համարել բանաստեղծ, մինչդեռ նրա ստեղծագործութիւնների կշիռը անչափելի է ու անգնահատելի: Ջիւանու գրածները յանգով խաղեր են շինած:
Ջիւանու ստեղծագործութիւնների մէջ ակնյայտ է, որ նա մնաց աներեր իր հաւատի ու սիրոյ մէջ, նա հպարտ էր իր հայութեամբ: Ջիւանին ճանաչում էր իր ժողովրդի արժանիքներն ու թերութիւնները:
Նա վշտացող էր իր ժողովրդի ճակատագրի համար: Դա նոյնպէս ակնյայտ է նրա բազմաթիւ ստեղծագործութիւններում: Նրա սրտակէզ ու հոգետանջ թեմաներից է նաեւ գաղթականութիւնը:
Հարկաւոր է այս գործը գնահատել նրբանկատօրէն, հաշուի առնելով Ջիւանուն եւ նրա հանճարը ամբողջութեամբ ճանաչելու անհրաժեշտութիւնը:
Այսպէս խորը ուսումնասիրելով Ջիւանու ստեղծագործութիւնների ողջ կարողութիւնը, հեղինակը մեկնաբանում է հետեւեալը, որ «Ջիւանին այդ ծանր օրերին ապրել է յուսախաբութեան, յուսալքութեան պահեր, կարծես թէ բոլոր դռները փակուած էին, նրա այդ շրջանի երգերը այդպիսի տրամադրութիւններով էին համակուած: Սակայն յուսալքութիւնը տեղի է տալիս, նա կրկին ապաւինում է իր ժողովրդի կենսունակութիւնը նրա հազարամեակների խորքում թաղուած արմատներին»:
Խօսելով Ջիւանու մասին, ուզում եմ նշել Ջիւանագէտի ու Ջիւանու հանճարը մեզ ներկայացնող Մեծ մտաւորականի թովմաս Պօղոսեանի մասին:
2005 թուականին Թովմաս Պօղոսեանը պաշտպանեց Գիտական թեզը, որի ատենախօսութեան թեման էր «Ջիւանու անտիպ ժառանգութիւնը»: Ջիւանու հանճարը մեծ է ու այդ հանճարը հարկաւոր էր ուսումնասիրել խորը եւ լիարժէք:
Ինչպէս հեղինակն է ասել «Ջիւանու անտիպ երգերի հետազօտութիւնը, նաեւ դրանց հրատարակումը կոչուած է պաշտպանելու հայ ազգային երգը դրսեկ, օտարամուտ պղտոր հեղեղից»: Յարգելի ընթերցող, չեմ գովաբանում այս մտաւորականին, այլ հարկ եմ համարում մեծարել նրան, որը կարեւորելով Ջիւանու հանճարը, իր կեանքը նուիրեց այս գործին: Հարկաւոր է խոնարհուել հայ ազգային մշակոյթի ակունքներն ու արժէքները ոչ միայն պահպանելու, այլ նաեւ մանրամասնօրէն ու լիարժէք ուսումնասիրելու համար իր կեանքն ու երանդը նուիրած Թովմաս Պօղոսեանի առաջ:
Ջիւանու արժէքների մէջ խորամուխ լինելն ու հասկանալը, բացատրելն ու ներկայացնելը եւ վերջապէս ժողովրդի դատին յանձնել այսպիսի մի սքանչելի աշխատութիւն, սա արդէն հանճարեղ գործ է՝ Ջիւանուն արժանի: Յանձինս Թովմաս Պօղոսեանի, ունենք մշակոյթի պահապան: Ազգայինն է ազգը պահողը, այն հարկաւոր է կեանքի գնով պահպանել: Ահա եւ ամենակարեւորը, Ջիւանագիտութիւնն ու նրա տարածման սուրբ գործը: Թող բոլոր մարդիկ սնուեն Ջիւանու փիլիսոփայական գաղափարներով ու նրա հայրենասիրական ոգով դաստիարակուեն:
Թովմաս Պօղոսեանին գնահատում եմ ազգային վսեմ արժէքների ամենաբարձր չափանիշերով:
Թովմաս Պօղոսեանին, հայ աշուղական արուեստի նախանձախնդիր պահապանին եւ ջատագովին, հրաշալի մտաւորականին մաղթում եմ Ջիւանիական հանճար:
Փակում եմ իմ սրտից բխած այս ոտանաւորով.
«Թովմաս Պօղոսեան,
Ես կ՛ասէի Թովմաս շնորհալի,
Ահա այս խօսքերն են վայել աւելի,
Ես էլ ինչ ասեմ ազգիդ գովելի:
Մեծարողներ կան ինձնից աւելի,
Սէրն ես վայելում ազգիդ սիրելի,
Քեզ գովերգել է աշուղն անուանի,
Փառաբանել է Մեծ Կինը ազգի:
Ծնել, սնել է հողդ հայրենի,
Գովքդ անում են լեզուով մայրենի,
Խօսք են քեզ ասում քո աստիճանի,
Խօսքին հաւասար Պարոյր Սեւակի:
Սնուել ես խօսքով Մեծն Ջիւանի,
Ծնուել ես երգով հայրենի երկրի,
Էլ ինչ ասեմ ես, փառքդ միշտ ապրի,
Անունդ վայել է Թովմաս շնորհալի: