«ԱՍՊԱՐԷԶ».- Այս հարցազրոյցը ցարդ չէ տեղադրուած նախագահական կայքէջի վրայ: Աւելին, նախագահի Խօսնակ Արմէն Արզումանեան ճշդում մը հրապարակած է, զոր կը ներկայացնենք առանձին (տես կողքի սիւնակը):

ՀԱՐՑՈՒՄ.- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Der Spiegelի հետ զրոյցում Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած Ցեղասպանութեան մասին ասաց, որ «հայերի դէմ Ցեղասպանութեան մասին խօսք լինել չի կարող»: Ինչո՞ւ Ձեր հարեւանը չի համակերպւում իր անցեալի հետ:
ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍԵԱՆ.- Վերջերս մի յայտարարութիւն էլ արուեց, որ թուրքերը չէին կարող Ցեղասպանութիւն իրագործել, եւ թէ թուրքական պատմութիւնն «արեւի պէս ջինջ ու պայծառ» է: Թուրքերը դէմ են հանդէս գալիս, որ կատարուածը Ցեղասպանութիւն որակուի: Սակայն, դա այն հարցը չէ, որ Անկարան պէտք է որոշի:
Հիմա Էրդողանը նոյնիսկ սպառնում է Թուրքիայում ապօրինի ապրող հազարաւոր հայերի վտարմամբ:
Նման անընդունելի արտայայտութիւններն իմ ազգի մէջ Ցեղասպանութեան յիշողութիւններ են արթնացնում: Ցաւօք, թուրք քաղաքական գործիչների շուրթերից նման յայտարարութիւններն ինձ համար անակնկալ չեն:
ՀԱՐՑՈՒՄ.- Ի՞նչ դիրքորոշում պիտի ցուցաբերի միջազգային հանրութիւնը:
ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍԵԱՆ.- Միջազգային հանրութիւնը պէտք է վճռականօրէն արձագանգի: Ամերիկան, Եւրոպան, նաեւ Գերմանիան, բոլոր պետութիւնները, որոնք ընդգրկուած են հայ-թուրքական մերձեցման այս գործընթացում, պէտք է հրապարակայնօրէն իրենց դիրքորոշումն արտայայտեն: Եթէ բոլոր պետութիւնները Ցեղասպանութիւնն արդէն ճանաչած լինէին, թուրքերն այդպէս չէին արտայայտուի: Յուսադրող է, որ Թուրքիայում բազմաթիւ երիտասարդներ բողոքեցին այդ յայտարարութեան դէմ: Այնտեղ նոր սերունդ է մեծանում, որի կարծիքը քաղաքական ղեկավարութիւնը պէտք է հաշուի առնի:
ՀԱՐՑՈՒՄ.- Ցեղասպանութիւնից անցել է արդէն 95 տարի, ինչո՞ւ է դրա ճանաչումը Հայաստանի համար դեռ այսքան կարեւոր:
ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍԵԱՆ.- Սա պատմական արդարութեան եւ մեր ազգային անվտանգութեան հարց է: Նման սարսափելի իրադարձութեան կրկնութիւնը կանխելու լաւագոյն ճանապարհն այն յստակ դատապարտելն է:
ՀԱՐՑՈՒՄ.- Ձեր նստավայրի պատուհանից երեւում է Հայաստանի խորհրդանիշ Արարատ լեռը: Այսօր նա սահմանի այն կողմում է՝ անհասանելի: Թուրքիան վախենում է տարածքային եւ փոխհատուցման պահանջներից: Դուք Արարատը հե՞տ էք ուզում:
ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍԵԱՆ.- Այն մեզնից ոչ ոք չի կարող խլել. Արարատը մեր սրտերում է: Աշխարհի ցանկացած վայրում ապրող հայի տանը Դուք անպայման կը գտնէք Արարատ լեռան նկարը: Ես համոզուած եմ, որ կը գայ ժամանակ, երբ Արարատը կը լինի մեր երկու ազգերի ոչ թէ բաժանման, այլ փոխըմբռնման խորհրդանիշը: Յստակեցնեմ սակայն հետեւեալը. երբեք Հայաստանի որեւէ պաշտօնատար անձ տարածքային պահանջներ չի ներկայացրել Թուրքիային: Թուրքերն իրենք են դա մեզ վերագրում, գուցէ մեղքի գիտակցումի՞ց:
ՀԱՐՑՈՒՄ.- Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ձեր սահմանները փակ են, Իրանն ու Վրաստանն էլ դժուար հարեւաններ են: Աւելի ճիշտ չէ՞ր լինի Թուրքիայի հետ Ցեղասպանութեան շուրջ անվերջ վիճելու փոխարէն ճեղքել այդ մեկուսացումը:
ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍԵԱՆ.- Մենք Ցեղասպանութեան ճանաչումը չենք կապում սահմանների բացման հետ: Եւ մեր մեղքը չէ, որ մերձեցումը չի կայանում:
Թուրքիան ցանկանում է սահմանի բացումը կապել Լեռնային Ղարաբաղի հարցում առաջխաղացման հետ: Հայերը դիմակայեցին այս տարածքում սանձազերծուած պատերազմում, որին Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ յաւակնում էր Ադրբեջանը:
Թուրքերը մշտապէս մեր կողմից զիջումներ են ուզում: Դա, սակայն, անհնար է: Կարեւորագոյն հարցը Լեռնային Ղարաբաղի բնակչութեան ինքնորոշման իրաւունքի իրացումն է:
Եթէ Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը, կարծում եմ, հաշուած ժամերի ընթացքում կարելի է խնդիրը լուծել: (նախագահի խօսնակի ճշդումը այս բաժնին կը վերաբերի-Խմբ.) Ցաւօք նրանք դեռեւս համարում են, որ պէտք է վերադարձնեն Ղարաբաղը: Իսկ վերադարձնել Ղարաբաղը Ադրբեջանի կազմ նշանակում է կարճ ժամանակահատուածի ընթացքում ամբողջովին հայաթափել Լեռնային Ղարաբաղը:
ՀԱՐՑՈՒՄ.- Ի՞նչ լուծում էք Դուք առաջարկում:
ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍԵԱՆ.- Ինչո՞ւ նախկին Հարաւսլաւիայի երկրները կարողացան անկախութիւն ստանալ: Ուրեմն, ինչո՞ւ Ղարաբաղը չպէտք է ունենայ նոյն իրաւունքները, միթէ՞ միայն այն պատճառով, որ Ադրբեջանը նաւթ ու գազ ունի եւ Թուրքիայի պէս հովանաւոր: Մենք դա արդարացի չենք համարում: