Ռ. ԿՈՐԻՒՆ
Խորիմաստ եւ յուզումնալից մթնոլորտում հետեւում եմ կազմակերպուած յուշերեկոյի ծրագրին, մեր Գլենդէյլ քաղաքի Իրանահայ միութիւնում: Հոծ թիւով ներկաներ, առաւելաբար իրանահայեր, իրենց հայեացքը յառած բեմին՝ խոր լռութեամբ ունկնդրում են յաջորդաբար ներկայացող անձերի ելոյթը: Դահլիճ մուտք գործողի համար արդէն ամէն ինչ պարզւում է, երբ դիմացը, սեղանի վրայ նկատում է նրա շրջանակուած գունաւոր պատկերն ու երկու վառուող մոմեր՝ երկու պահապան հրեշտակների ներկայութիւնը խորհրդանշող:
Այդ խոհուն ու մտածկոտ պատկերը անցեալի շատ յուշեր է արթնացնում: Մտաբերւում է նրա արժանիքները, ներհուն մտաւորականի աշխատանքները, Իրանի հոգեբանութեան բնագաւառում նրա մեծ ներդրումը եւ անվերապահ ծառայութիւնները՝ Թեհրանահայ համայնքին: Նա անբացակայ ներկայութիւն է եղել պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի կազմում՝ երբեմն անդամ, երբեմն՝ նախագահ, երբեմն՝ Ազգային ժողովի ներկայացուցիչ:
Բեղմնաշատ գիտնական անձանց մահը մեծ կորուստ է համարւում, մեծ ցաւ ու կսկիծ է պատճառում, բայց մի այլ տեսակէտից, սփոփանք եւ մխիթարանք է համարւում նրանց թողած յարախօս աւանդը: Դոկտ. Հարմիկ Դաւթեանը, իր տաղանդով եւ մեծ ծառայութեամբ պատիւ էր բերում իւրաքանչիւր հայի:
Արդարեւ, նա հոգեբանութեան ու հոգեբուժութեան բնագաւառում անգնահատելի էր. ի՛նչ է նշանակում լինել աշխարհի հինգ նշանաւոր հոգեբաններից մէկը՝ ակադեմիաների անդամ, գիտական յօդուածների եւ հոգեբանական գրքերի հեղինակ:
Յուշերեկոյի բացումը Լոս Անճելըսի Իրանահայ միութեան նախագահ ՊերճուհիՂեւիեանի կողմից ճիշդ նշուած ժամին ապացոյցն էր ծրագրի կազմակերպուած լինելուն: Ցուցադրուած տեսահոլովակները ազդեցիկ տպաւորութիւն թողեցին ներկաների վրայ: Գրիշ Դաւթեանի խօսքը արժեւորումն էր ակադեմիկոս դոկտ. Հարմիկ Դաւթեանի գիտական եւ հասարակական կեանքի երկար ուղիին, նա ներկայացրեց նրա կենսագրութիւնը եւ կեանքի տարբեր հանգրուանները, յաջողութիւնները եւ պարգեւատրումները՝ Իրանի, Հայաստանի ու միջազգային գիտական կազմակերպութիւնների կողմից:
Դոկտ. Առնոլդ Բեռնարդին հարազատօրէն ներկայացրեց իր 75 տարիների մտերիմ ընկերութեան յուշերը՝ սկսեալ դպրոցական աթոռից: Նա բարձրօրէն վեր հանեց նրա կեանքի տարբեր երեսները՝ մտածելակերպը, խառնուածքը, ազգասիրութիւնը, հայրենասիրութիւնը, ընկերասիրութիւնը, մարդասիրութիւնը: Նա իր բովանդակալից արտայայտութեան մէջ յիշեց այն օրերը, երբ հայրենադարձութեան համար մեր ժողովուրդը գիւղերից շտապել էր քաղաք, հայրենիք մեկնելու համար, նրանք ապրում էին դժուարութիւնների մէջ, եւ նշեց, թէ ինչպէս նրանց բժշկական կարիքները դոկտորի հետ միասնաբար հոգացին առանց ակնկալիքի: Երկուսով եղել են Հայ համալսարանական միութեան հիմնադիրներից:
Սեպուհ Յովհաննիսեանի խօսքը հանգուցեալի գիտական, ազգային եւ հասարակական կեանքի մեծ նուաճումների եւ ձեռքբերումների մասին էր: Գեղարուեստական բաժնի կատարողները՝ Անի Այվազեան՝ դաշնամուրով նուագեց Կոմիտասի «Գարուն ա», Սաքօ Նազարեան՝ երգեց գուսան Աշոտից «Անցայ գնացի» եւ Գալանդերեանից «Մոռանալ-մոռանալ»ը, Ալենուշ Եղնազարի դաշնամուրի ընկերակցութեամբ:
Ռազմիկ Շահգելդեանը արտասանեց Համօ Սահեանից «Կը գամ» բանաստեղծութիւնը եւ ընթերցեց հանգուցեալի դուստր Շաքէի շնորհակալական խօսքը: Գեղարուեստական բաժնի կատարումները յուզիչ եւ տպաւորիչ էին:
Տիկին Հռիփսիկ Դաւթեանը՝ հանգուցեալի այրին, շնորհակալութիւն յայտնեց ծրագրում ելոյթ ունեցողներին եւ Իրանահայ միութեանը՝ այս յուշերեկոն նախաձեռնելու համար, նաեւ պատմեց դոկտ. Հարմիկի հեղինակութեան մասին՝ պարսից եւ հայ մտաւորականութեան ու գիտնականների շրջանակներում:
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:
Փետրուարի 1, 2010
Գլենդէյլ, Լոս Անճելըս