ԽՄԲԱԳՐԱՆ «ԱՊԱՌՍԱԺ»Ի
Հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման զարգացումներին զուգընթաց, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կրկին միջազգային քննարկումների կիզակէտում է:
Այսօր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը նշում է իր ազատագրական շարժման 22ամեակը: Շարժում, որ սկիզբ դրեց անկախ հանրապետութեան ստեղծման եւ կայացման գործընթացին: Պայքար, որ իր մէջ մարմնաւորեց այն, որ իւրաքանչիւր ազգ իրաւունք ունենայ ապրելու իր հայրենիքում, ստեղծելու իր ազգային հաւաքական կերպարը, որով եւ համամարդկային բարօրութեան եւ զարգացման մէջ ունենայ իր բաժինը:
Որքան էլ այսօր Ադրբեջանը կամ շահագրգիռ ուժերը փորձեն պատերազմի սպառնալիքով արագացնել Ղարաբաղեան հիմնախնդրի լուծումը հայկական կողմի զիջումների հաշուին, անիրականանալի է: Ղարաբաղի ժողովուրդը վճռել է իր կարգավիճակի հարցը, այսօր խնդիրը Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման գործընթացն է՝ ԼՂՀ տարածքային ամբողջականութեան պահպանման սկզբունքով: Նման հակամարտութեան լուծումը հնարաւոր չէ «յատուկ» ժամանակում տեղաւորել: Եւ շտապողականութիւնը չի կարող բխել հակամարտող կողմերի ընդհանուր շահերից: Այդ շտապողականութեան արդիւնքում կարող է ստեղծուել մի իրավիճակ, որն անդառնալի հետք կարող է թողնել ամբողջ բանակցային գործընթացի վրայ:
Լեռնային Ղարաբաղն այսօր անկախ պետութիւն է եւ այդ անկախութիւնը, որը հիմնուած է իր ժողովրդի վճռականութեամբ եւ զոհողութեան գնով, անսակարկելի իրականութիւն է, որը ենթակայ չէ որեւէ գերտերութեան քմահաճոյքների կամ ինչ որ շահերից ելնելով սակարկման: Վճռականութեան անհրաժեշտութիւնը թելադրում է մեզ սկսուած գործընթացը հասցնել իր տրամաբանական աւարտին: Այսօր կարծում ենք՝ կայ այդ վճռականութիւնը, մնում է այն արտայայտել համայն հայութեան ուժերի զօրաշարժով:
ՀՀ նախագահի լոնդոնեան ելոյթը լայն արձագանգ գտաւ հանրութեան շրջանում, կարծես շատերը կարօտ էին թէ՛ հայ-թուրքական յարաբերութիւնների, թէ՛ Ղարաբաղեան հակամարտութեան հարցերում հայկական կողմի իրական դիրքորոշման յստակ շարադրանքին, չնայած պարզ է, որ նախագահը նոր բան չասեց: Օրինակ՝ նախագահը յստակօրէն չասեց, որ ԼՂՀ ազատագրուած տարածքները ենթակայ չեն վերադարձի: Սակայն կարելի է բնութագրել, որ նախագահի դիրքորոշումների նման յստակեցումը եւ արտայայտումը եւս դրական քայլ է: Մնում է յուսալ, թէ, արդեօ՞ք, կը կարողանայ Հայաստանի հանրապետութիւնը՝ ունենալով համայն հայութեան պատրաստակամութիւնը աջակցելու այդ քաղաքական ուղեգծի գործադրմանը, գործնականօրէն ամրագրել իր կողմից հնչեցրած յստակ մօտեցումները, քանզի միայն այդ դէպքում կարող ենք ստիպել Անկարային եւ Բաքուին ընդունել հայկական կողմի մօտեցումների արդարացիութիւնը:
Ղարաբաղի հակամարտութեան լուծումը պէտք է բխի ժողովրդի շահերից, եւ առանց ժողովրդի համաձայնութեան որեւէ որոշում չի կարող լուծում համարուել: Այս է վկայում Արցախեան ազտագրական պայքարը, որով արցախահայութիւնն արտայայտեց իր կամքը՝ ընդվզելով խորհրդային իշխանութիւնների կողմից բռնութեամբ Ղարաբաղը Ադրբեջանին միացնելու իրողութեան դէմ: Իր անհամաձայնութիւնը վերջնականօրէն արցախահայութիւնը արտայայտեց քսաներկու տարի առաջ՝ իր կողքին ունենալով համայն հայութեան միասնական կամքը, սկիզբ դրեց մի շարժման, որն իր յաղթական աւարտն ունեցաւ՝ ապահովելով ազատ եւ ինքնիշխան պետութիւն: Քսաներկու տարի անց, այսօր եւս պէտք է համայն հայութեան միասնական կամքը կենտրոնացնել յանուն Արցախի միջազգային ճանաչման:
* «Ապառաժ»ը ՀՅԴ Արցախի կազմակերպութեան պաշտօնաթերթն է: