ՕՆՆԻԿ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
Թուրքիոյ վարչապետ Ռեճեպ Թայիպ Էրտողանը եւ արտաքին գործոց նախարար Ահմետ Տաւութօղլուն բազմիցս յայտարարել են եւ շարունակում են ամեն առիթ օգտագործելով կրկին ու կրկին յայտարարել, թէ հայերը պիտի Ատրպէյճանին վերադարձնեն «գրաւեալ» տարածքները։ Անշուշտ, նրանք քաջ գիտակցելով, որ այդ տարածքները գրաւեալ չեն, այլ՝ հայ աննման մարտիկների արեան գնով վերանուաճուած, Ատերպէյճանի բռնագրաւումից ազատագրուած հայկական տարածքներ են, այդուհանդերձ, միջազգային բեմերից եւ մամլոյ ասուլիսների ու դիւանագիտական հանդիպումների ժամանակ առիթը բաց չեն թողնում եւ միշտ նոյն յանկերգն են երգում։
Արդեօք «պատմաբան» Տաւութօղլուն չգիտի, որ Ղարաբաղը, հայկական բուն անունով Արցախը, աւելի քան երկու տասնեակ դար առաջ՝ Արտաշիսեան թագաւորութեան օրերից անվիճելի մաս է կազմել Հայաստանին ու հանդիսացել է նրա տասերորդ նահանգը։ Անկասկած որեւէ պատմաբան, յատկապէս թուրք պատմաբան գիտի այս պատմական իրականութիւնը։ Տաւութօղլուն, սակայն, ուղտը նստած կուզեկուզ է ման գալիս. իրեն չիմանալ ձեւանալով՝ խօսում է հայերի կողմից «բռնագրաւուած» տարածքների մասին, միտումնաւոր կերպով մոռանալով, որ մեծագոյն բռնագրաւումը ինքը Թուրքիան է կատարել…
Այստեղ կայ թրքական յատուկ խորամանկութիւն։ Ատերպէյճանը Թուրքիոյ «ազգակիցն ու եղբայրն է» համարում թուրք նախարարը. ուստի, Թուրքիան, ըստ երեւոյթին, պաշտպանում է Ատերպէյճանի՝ «իր ազգակիցների» հողային ամբողջականութիւնը եւ ազգային շահերը։ Խորքի մէջ Թուրքիան մեծ փափախ է դնում Ատրպէյճանի գլխին՝ առ երեւոյթ իրեն ցոյց տալով «բարեկամ», որպէսզի անարգել ու շարունակաբար Ատրպէյճանից ստանայ նաւթն ու գազը։
Արդեօք խեղկատակութիւն չեն Թուրքիոյ նման յայտարարութիւնները։ Թուրքիան ինքը մեծագոյն ցեղասպանն է, զաւթիչն ու բռնագրաւողը։ Նա խօսում է Ատրպէյճանից «գրաւեալ» տարածքների մասին, այն դէպքում, երբ ինքը բռնագրաւման տակ է պահում մի ամբողջ երկիր՝ ամբողջ Արեւմտեան Հայաստանը։ Զաւեշտ չէ՞ սա… Եղերաբախտ Սիամանթոն՝ թրքական եաթաղանի զոհ քանքարաւոր բանաստեղծը, իրաւացիօրէն իր արդար պոռթկումը գրչին յանձնելով բարձրաձայնել է. «Ո՛վ մարդկային արդարութիւն, թող որ ես թքնեմ քու երեսիդ»։
Ժողովրդական ասացուածք է. «Գորտի երեսին թքեցին, ասաց՝ անձրեւ է գալիս»։ Տեսէ՛ք ով է արդարութիւնից խօսում, ցեղասպան ու զաւթիչ Թուրքիան Արցախի ի սկզբանէ հայապատկան եւ արեան գնով վերանուաճուած տարածքները համարում է հայութեան կողմից «բռնագրաւուած», մոռանալով իր ծրագրած ու գործադրած անմարդկային ոճիրը։ Տեսէք ո՛վ է խօսում բռնագրաւման մասին…