ԵՐԵՒԱՆ.- Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Սամուէլ Ֆարմանեան «Արմէնփրէս» գործակալութեան խնդրանքով մեկնաբանած է ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման շուրջ վերջին զարգացումները: Հայաստանի նախագահի մամլոյ գրասենեակէն տրամադրուած Սամուէլ Ֆարմանեանի հարցազրոյցը կը ներկայացնենք ստորեւ.
«ԱՐՄԷՆՓՐԷՍ».- Ադրբեջանի նախագահը միւնխենեան հանդիպումից մէկ օր առաջ հանդէս եկաւ հերթական ռազմատենչ յայտարարութեամբ, ըստ էութեան, սպառնալով պատերազմով: Ի՞նչ կ՛անի Հայաստանը, եթէ Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապուած լարուածութիւնն իսկապէս աճի:
ՍԱՄՈՒԷԼ ՖԵՐՄԱՆԵԱՆ.- Մենք արդէն առիթ ունեցել ենք նշելու, որ ինչքան էլ նման յայտարարութիւններն արւում են ներքին լսարանի համար, միեւնոյն ժամանակ, դրանք հազիւ թէ բարենպաստ մթնոլորտ են ստեղծում հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացի համար: Ադրբեջանի նախագահի յայտարարութիւնները մէկ անգամ եւս վկայում են Ադրբեջանի ապակառուցողական կեցուածքի մասին:
Լարուածութեան աճը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան շուրջ, ի հարկէ, ամենաանցանկալի ելքն է: Այն ամենաանցակալի իրողութիւնը կը լինի ե՛ւ Լեռնային Ղարաբաղի, ե՛ւ Հայաստանի, ե՛ւ ողջ տարածաշրջանի համար: Բայց Հայաստանի Հանրապետութիւնը չի կարող անտարբեր լինել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագրի հանդէպ, եւ հէնց այդ պատճառով էլ Հայաստանի Հանրապետութեան նախագահը, այլ պաշտօնատար անձինք բազմաթիւ անգամ յայտարարել են, որ մենք պատասխանատու ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգութեան համար:
Աշխարհում կան ընդունուած ձեւեր. նման զարգացումների դէպքում, ենթադրենք, Հայաստանի Հանրապետութիւնը կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը՝ սրանից բխող հետեւանքներով: Երկրորդ՝ Հայաստանի Հանրապետութիւնը կարող է փոխօգնութեան պայմանագիր ստորագրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հետ: Տարբերակներ կան, եւ, ես վստահ եմ, Հայաստանի Հանրապետութիւնը կ՛օգտուի այդ մի քանի տարբերակներից կամ առանձին-առանձին կամ միաժամանակ: Եւ պէտք է նշել, որ Հայաստանի Հանրապետութիւնը մինչ այսօր չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութիւնը միայն ու միայն մի պատճառով՝ որպէսզի դա խոչընդոտ չդառնայ խաղաղ բանակցութիւնների համար: Ու եթէ խաղաղ բանակցութիւններն ընդհատւում են եւ ռազմական գործողութիւններ են սկսւում, ապա ոչինչ չի խանգարում Հայաստանի Հանրապետութեանը ճանաչելու ԼՂի անկախութիւնը:
Սակայն, այսօր իրողութիւնն այն է, որ բանակցային գործընթացը շարունակւում է: Հայաստանը մշտապէս յայտարարել է, որ խնդրի խաղաղ կարգաւորմանն այլընտրանք չի տեսնում: Հայաստանը կարծում է, որ բանակցութիւնների միջոցով հնարաւոր է հասնել խնդրի խաղաղ եւ համապարփակ հանգուցալուծմանը:
«ԱՐՄԷՆՓՐԷՍ».- Միւնխենեան հանդիպումից յետոյ ադրբեջանական որոշ լրատուամիջոցներ տեղեկատուութիւն տարածեցին, թէ իբր միւնխենեան հանդիպման ժամանակ խօսուել է, որ հայերը մինչեւ տարեվերջ կարող են ազատել Քելբաջարի շրջանը, ինչը հնարաւորութիւն կը տայ Թուրքիային վաւերացնելու հայ-թուրքական արձանագրութիւնները, իսկ Ադրբեջանին՝ մեղմելու իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման համատեքստում: Ինչքանո՞վ է դա համապատասխանում իրականութեանը:
ՍԱՄՈՒԷԼ ՖԵՐՄԱՆԵԱՆ.- Հայաստանում մենք արդէն վարժուել ենք այն բանին, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների իւրաքանչիւր հանդիպումից յետոյ «խիստ իրազեկ» աղբիւրները յայտնում են իրականում գոյութիւն չունեցող ինչ-որ քննարկումների ու պայմանաւորուածութիւնների մասին: Դա պարզ ապատեղեկատուութիւն է եւ որեւէ առնչութիւն չունի իրականութեան հետ:
Նման հարց չի քննարկւում, հետեւաբար, նման պայմանաւորուածութիւն լինել չի կարող: Բազմիցս ասուել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացի ու քննարկումների առանցքային հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է: Մնացեալ հարցերն ածանցեալ են: