«Հայ Պիտի Լինել Եւ Ոչ Թէ Հայ Կոչուել…»
«ԱՍՊԱՐԷԶ».- Այս տարի լրանում է Ձեր հիմնադրած «Սիփան» երգչախմբի 30 տարին։ Ինչպէ՞ս է ստեղծուել այս խումբը։
ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ.- 1978ի Յուլիսին ընտանիքիս հետ հաստատուեցի Լոս Անջելեսում։ Հազիւ մէկ շաբաթ անց հրաւիրուեցի Հալիվուտի Ս. Յովհաննէս եկեղեցի որպէս երգչախմբի ղեկավար։
Ինքս արդէն եկեղեցական երաժշտութեան մեծ փորձ ունէի։ Մինչեւ Միացեալ Նահանգներ հաստատուելը, 18 տարի ղեկավարել եմ Երեւանի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու արհեստավարժ երգիչ-երգչուհիներից կազմուած քառաձայն երգչախումբը։
Իմ յայտնուելուց յետոյ, օրէ-օր սկսեց աճել երգչախմբի անդամների թիւը։
Շուտով պարզ դարձաւ, որ միայն պատարագի երգեցողութեամբ հնարաւոր չէր բաւարարել երգչախմբի անդամների հոգեկան բաւարարութիւն ստանալու ներքին մղմանը։
Ուրեմն՝ անհրաժեշտ էր դուրս գալ եկեղեցու պատերից եւ պատարագներին ու եկեղեցական տօներին մասնակցելուց բացի յայտագիր պատրաստել աշխարհիկ խմբերգերով։
Եւ այսպէս, 1979 թուականի աշնանը ստեղծեցի նաեւ սենեկային նուագախումբ, որը 1980ի նախօրերին հոգեւոր եւ աշխարհիկ երգերով մի քանի ելոյթներ ունեցաւ եկեղեցում։
Այդ ելոյթներից յետոյ, իմ եւ երգչախմբի բոլոր անդամների միաձայն որոշումով երգչախումբը կնքուեց «Սիփան» անունով։
1981 թուականին «Սիփան» երգչախումբը դարձաւ իմ ղեկավարած Հ.Բ.Ը. Միութեան «Սարդարապատ» նորաստեղծ երգի-պարի համոյթի հիմնական կորիզը։ Դժբախտաբար, 1984ի աւարտին, Միութեան անհեռանկար որոշումով դադարեցուեց համոյթի գործունէութիւնը։ Նոյն «բախտին» արժանացաւ նաեւ «Արտաւազդ» թատրոնը։
«Սարդարապատ»ի փակուելուց յետոյ երգչախումբը մնաց ինձ հետ եւ կրկին կրելով «Սիփան» անունը շարունակեց իր գործունէութիւնը առանց որեւէ միութեան կամ կազմակերպութեան հովանաւորութեան։
«ԱՍՊԱՐԷԶ».- Բնական է, որ Ամերիկայում նման հայկական երգչախումբ պիտի գոյանար ոչ արհեստավարժ երգողներից։ Ինչպիսի՞ մասնագիտական եւ կազմակերպչական դժուարութիւնների էք հանդիպել:
ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ.- Ինքնին հասկանալի է, որ «Սիփան» երգչախումբը հիմնականում համալրուեց ոչ արհեստավարժ երգողներից։ Անշուշտ կային նաեւ 5-6 արհեստավարժ երգիչ-երգչուհիներ, որոնց հետ նախկինում աշխատել էի Երեւանում, որոնք էլ դարձան այն հիմնաքարը, որի վրայ կառուցուեց «Սիփան»ի ամրակուռ կառոյցը։
Տարիների փորձով ես գիտեմ, որ չ՛երգող մարդ չկայ։ Այլ հարց է թէ ենթական ինչ աստիճանի լսողութիւն եւ ռիթմի զգացողութիւն ունի։
Ես հաւատում եմ, որ կարելի է մարդու երաժշտական լսողութիւնը զարգացնել, բայց շտկել, զարգացնել ռիթմի զգացողութիւնը՝ գրեթէ անհնար է։ Ռիթմի զգացողութիւնը ծնւում է մարդու հետ, իսկ լսողութիւնը՝ շարունակաբար երաժշտութիւն լսելով կարելի է զարգացնել։
Այսպիսով, եթէ քառաձայն երգչախմբի իւրաքանչիւր խմբի մէջ լինեն մի քանի արհեստավարժ երգողներ, նրանց դասաւորելով ոչ արհեստավարժների կողքին, ժամանակի ընթացքում նրանք կը միաւորուեն ու կը դառնան միաձոյլ միաւոր, մէկ ամբողջութիւն։ Ես հաւատում եմ, որ մարդը աւելի արագ ու ճիշդ է իւրացնում այս կամ այն մեղեդին մարդկային ձայնը լսելով, քան թէ դաշնամուրի եւ կամ այլ գործիքի միջոցով։
Մասնագիտական կարգի որեւէ դժուարութեան չեմ հանդիպել, թէեւ համերգներ եմ տուել երաժշտութեան բոլոր ժանրերում )օփերա, սիմֆոնիկ, սենեկային, ժողգործիքների համոյթ, եւ այլն(։
Մշտապէս ունեցել եմ կազմակերպչական կարգի դժուարութիւններ, որովհետեւ միայնակ եմ գործել, առանց որեւէ միութեան կամ կազմակերպութեան հովանաւորութեան։ Երբէք մշտական, մնայուն փորձատեղի չեմ ունեցել։ Ինչպէս տարիներ շարունակ, այսօր էլ գալիք համերգի փորձերը իմ տանն եմ անցկացնում։ Ապաւինելով մի քանի բարեկամների բարեացակամութեանը, կարողանում եմ ելոյթներից առաջ մի քանի փորձեր անցկացնել այս կամ այն սրահում։
«ԱՍՊԱՐԷԶ».- Ի՞նչն էր ոգեւորում Ձեզ ոչ արհեստավարժ մի խումբ տանել հայրենիք եւ այն ներկայացնել հայրենի խստաբարոյ ունկնդրին։
ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ.- Ըստ իս փոքր-ինչ սխալ հարցադրում է, որովհետեւ ապացուցուած է )օրինակները շա~տ են(, որ որեւէ ոչ արհեստավարժ խումբ )պարախումբ, երգչախումբ, ժողգործիքների նուագախումբ( տարիների անխոնջ աշխատանքով գրեթէ հասնում է արհեստավարժ մակարդակի։ Հենց «Սիփան» երգչախմբի օրինակով կարող եմ ապացուցել ասածս։
Հինգ տարեկան էր «Սիփան»ը, երբ համերգային կատարումով, ամերիկեան սիմֆոնիկ նուագախմբի եւ չորս յայտնի արհեստավարժ մենակատարների հետ երկու անգամ ներկայացրեց Արմէն Տիգրանեանի «Դաւիթ Բէկ» օփերան։ Նոյնը՝ «Անուշ» օփերայի պարագային։
Կը նշանակի, նման մի խումբ, որը «Դաւիթ Բէկ»ի հետ նոյն տարում տասը ելոյթներ էլ է ունեցել )տարբեր ժանրերով(, կարող էր աւելի կամ պակաս չափով համարձակութիւն ունենալ հանդէս գալու «հայրենիքի խստապահանջ հանդիսատէսի» առջեւ, այն էլ երեք անգամ )1990-91, 97 թ.թ.(։
«ԱՍՊԱՐԷԶ».- Եթէ մի օր առանձին ներկայացուէին հայրենի եւ սփիւռքահայ մշակոյթի գործիչները ո՞ր բաժնի մէջ կ՛ուզենայիք լինել։ Ծնուած լինելով Հայաստանում երկար տարիներ է ապրում էք սփիւռքում, այժմ ինչպիսի՞ հայ կարող էք Ձեզ համարել։
ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ.- Միանգամից, աներկբայ. Սփիւռքում ապրող հայ, ոչ թէ սփիւռքցի, կամ հայաստանցի։ Ինձ համար մէ՛կ հայ կայ, մէ՛կ «տեսակի»։ Ինձ համար երկու տեսակի հայ չկայ, տեսա՞կս որն է, ի~նչ է, լոլի՞կ է հայը, որ տեսակ ունենայ։ Եւ ինչ վա~տ է հնչում՝ տեսա~կ…։
Հայը՝ հա՛յ է ամէն տեղ։ Եւ, որ ամէնակարեւորն է՝ ՀԱՅ ՊԻՏԻ ԼԻՆԵԼ ԵՒ ՈՉ ԹԷ ՀԱՅ ԿՈՉՈՒԵԼ…
– Որովհետեւ, հայ լինելը պատիւ է, արժանիք, եւ յետոյ՝ հայ լինել նշանակում է զոհուել, տալ, տանջուել, տառապել հայրենիքի համար։ Կեցութեամբ չէ, որ որոշւում է ենթակայի որ ազգին պատկանելը։ Կարելի է Մոզամբիկում ապրել եւ իսկական հայ լինել, երբեմն էլ աւելի հայ, քան Հայաստանում բնակուողը։
«ԱՍՊԱՐԷԶ».- Նշէք Ձեր մշակութային գործունէութեան ոլորտները։
ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ.- Իմ գործունէութեան շրջագծում ամփոփուած են հայ մշակոյթի երկու կարեւորագոյն ճիւղեր՝ երաժշտութիւն եւ գրականութիւն։ Այս երկու ոլորտներում էլ ես ինձ չափազանց ազատ եմ զգում։ Ինձ մօտ այդ երկու ճիւղերը չեն խանգարում միմեանց, հակառակը՝ օգնում են, լրացնում իրար։ Ես հաւատում եմ, որ երգի մեղեդին պիտի բխի խօսքից, բանաստեղծութիւնից, թէեւ մեր օրերում շատ է պատահում հակառակը. պատրաստի երաժշտութեանը բառեր են յարմարեցնում։
Հայաստանում նման երգի «ստեղծմանը» ռուսերէն լեզուով ԲԱԼՎԱՆԿԱ )գլխարկի կաղապար( էինք ասում։
Պատահում է անշուշտ, երբ մեղեդին ծնւում է ինքնիրեն, նոյնիսկ քնիդ մէջ։ Այդ ժամանակ վեր ես կենում անկողնից, առանց դաշնամուրին մօտենալու նօթագրում ես մեղեդին, իսկ առաւօտեան սկսում ես համապատասխան բառեր որոնել, բայց, ինչպէս սովորաբար պատահում է, չես գտնում քո մեղեդուն համապատասխան բառեր եւ ինքդ ես յօրինում։ Բնականաբար սա աւելի հարազատ է լինում մեղեդուն, քան որեւէ մէկի գրածը։
Գրականութիւնը իմ արեան մէջ է, իմ երակներում, որ ժառանգել եմ իմ հօրից, Կոմիտասի հայրենակից, Կուտինացի )Քէօթահիա( նշանաւոր հայագէտ, պատմաբան, մատենագէտ Յակոբ Անասեանից։
Տպագրւում եմ տասներկու տարեկան հասակից )նոյնիսկ ռուսական մամուլում՝ ռուսերէն լեզուով(։ Գրելը ինձ համար պահանջմունք է, գերագոյն հաճոյք։ Այդ է պատճառը, որ առանց հոնորար ստանալու )սփիւռքեան պայմաններն են այդպէս թելադրում( գրում եմ, որովհետեւ չեմ կարող չգրել, դա իմ կոչումն է )երաժշտութիւնը ի հարկէ աւելի առաջնային է(։ Գրում եմ, որովհետեւ ես մշտապէս ասելիք ունեմ եւ պատգամ։ Կարեւորը ասելիք ունենալն է։
«ԱՍՊԱՐԷԶ».- Ե՞րբ ցանկութիւն առաջացաւ Ձեր մէջ գրելու։
ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ.- Ինչպէս ասացի, գրել սկսել եմ շատ վաղուց։ Ութ տարեկան հասակում թերթատում էի հայրիկիս գրադարանի հարիւրաւոր գրքերը։ Բոլորը հին, հիմնականում վենետիկեան հրատարակութիւններ, որոնք հայրիկս էր բերել Ֆրանսիայից 1936ին՝ արտագաղթի ժամանակ։ Այսօրուայ պէս յիշում եմ թէ ինչպիսի հաճոյքով ու գայթակղութեամբ էի թերթատում «Ազդարարը», մանաւանդ «Թէոդիկի օրացոյցը» եւ այլ բազմաթիւ հին գրքեր ու պարբերականներ։ Արեւմտահայ գրականութեանը ծանօթացայ հայրիկիս գրքերով։ Դրանց շնորհիւ, բոլորովին միայնակ ես տիրապետեցի թէ՛ արեւմտահայերէնին եւ թէ՝ փոքրիշատէ դասական ուղղագրութեանը։
«ԱՍՊԱՐԷԶ».- Կարո՞ղ էք մի քանի գծերով ներկայացնել Ձեր «Ա՛յս եմ ես…» հատորաշարի գրութեան նպատակը։
ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ.- «Ա՛յս եմ ես…» քառահատորը Միացեալ Նահանգներում ծաւալած գործունէութեանս 25 տարուայ հանրագումարն է, երաժշտական, գրական, կատարողական աշխատանքի բացայայտուած հանրագումարը։
Գաղտնիք չէ, որ լրագրերում, ամսագրերում, տարբեր պարբերականներում տպագրուած որեւէ նիւթ, որքան էլ այն արժէքաւոր լինի, դատապարտուած է մոռացութեան։ Գիրքն է, որ մնայուն է։ Հայրիկս իր կենդանութեան օրոք ինձ միշտ յորդորում էր գրքի վերածել ամէն մի նիւթ, յօդուած, պատմուածք, քննադատական, երաժշտագիտական յօդուածներ։
Ի վերջոյ, գիրքն է, որ հանգստաւէտ բազմում է ընթերցողի գրադարակի վրայ ու մշտապէս ուշադրութեան է արժանանում։
«Ա՛յս եմ ես… անուանումն իր մէջ մի տեսակ խնդրանք-պահանջ է եւ ստիպում է ընթերցողին հետաքրքրուել թէ ո՞վ է էս Անասեանը, որ այդքան պարտադրաբար ասում է՝ Ա՛յս եմ ես, բա չիմանա՞նք…։
«ԱՍՊԱՐԷԶ».- Ձեր ընտանեկան մշակութային ենթահողը։
ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ.- Հայ գրականութիւնն ու երաժշտութիւնը մշտապէս տիրապետող են եղել իմ ընտանեկան յարկի տակ։ Հայրս հրաշալի ձայն ունէր։ Հին հայրենասիրական, յեղափոխական երգերը նրանից եմ սովորել։ Իր մահուանից 3-4 ամիս առաջ նրա կատարմամբ ձայնագրեցի մօտ մի տասնեակ երգեր, որոնք հետագայում օգտագործեցի իմ «Ազգային սիւիտ»ում։ Մայրս՝ որբանոցներում մեծացած եւ աւելի հասուն տարիքում Փարիզի Դպրոցասէր Տիկնանց վարժարանն աւարտած այդ հեզաբարոյ կինը գրի, գրականութեան սիրահար էր։ Գրեթէ տասը տարի եղել է գրադարանավարուհի։ Մայրս՝ տիկին Վերժինէն նոյնպէս երգում էր։
Ահա այսպիսի ընտանիքում էլ ծնուեցին զոյգ տղաներս, որոնք 7 տարեկանից սկսեալ սկսեցին երաժշտական դպրոց յաճախել։
«ԱՍՊԱՐԷԶ».- Ընտանիքում մի քանի երաժիշտների գոյութիւնը ինչպիսի՞ անդրադարձ է ունեցել Ձեր վրայ։
ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ.- Իմ ընտանիքում բոլորը երաժիշտներ են։ Կինս՝ Մարիետան երգչուհի է եւ խմբավար։ Աւագ որդիս՝ Արմէնը ճանաչուած ջութակահար է եւ դիրիժոր, իսկ կրտսեր որդիս «ընտանեկան երաժշտանոցում» է թրծուել որպէս երգիչ եւ իմ երգերի լաւագոյն կատարողներից է։
Իմ ստեղծագործական կեանքի մէջ զգալի տեղ են զբաղեցնում իմ ընտանիքի բոլոր անդամները։
«ԱՍՊԱՐԷԶ».- Ձեր պատգամները որպէս երաժիշտ, եւ ապա որպէս հայ, որ կուզէիք փոխանցել մեր ընթերցողներին։
ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ.- Նախ՝ երաժիշտներին, որոնց պարտքը պիտի լինի չհեռանալ ազգային ակունքներից։ Գիտեմ շատ դժուար է չ՛ազդուել օտար, շատ անգամ գրաւիչ, հրապուրիչ երեւոյթներից։ Գիտակցութիւնն է, որ պիտի առաջնորդի մեզ։
Թոյլ եմ տալիս ինձ յորդորել մեր երիտասարդ ընթերցողներին ու երաժշտասէրներին մշտապէս կապուած մնալ հայրենի անաղարտ, մաքուր, զուլալ երաժշտութեան ակունքներին եւ չտարուել վաղանցուկ երեւոյթներով եւ հրապարակները «նուաճած աստղիկներով»։
Հայ լինելու եւ հայ մնալու իրական ճանապարհը իսկական, ճշմարիտ հայ արուեստն է։ Արժանի լինենք մեր մշակոյթի մեծերի յիշատակին։