ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ.- Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան արտաքին գործերու նախարարութիւնը հրապարակած է յայտարարութիւն մը, ուր կը հերքէ ատրպեճանական մամուլի մէջ վերջերս լոյս տեսած Արցախի տարածքին ազերիներու գերեզմանները քանդելու մասին տեղեկագրութիւն մը:
Ստորեւ կը հրապարակենք Ղարաբաղի պաշտօնական պատասխանը այդ ստայօդ տեղեկագրութեան:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլխան Պոլուխովը հերթական ճիգերն արեց՝ ղարաբաղեան կողմին ներկայացնելու աննպաստ լոյսի ներքոյ, այս անգամ պնդելով, որ հայերի կողմից աւերուել է ադրբեջանական գերեզմանատուն:
Անմիջապէս նշենք, որ չնմանուելով մեր հարեւաններին, որոնք առ այսօր ամենաբարբարոս մեթոդներով ոչնչացնում են իրենց կողմից վերահսկուող տարածքների հայկական կոթողները, ԼՂՀ իշխանութիւնները Ադրբեջանի կողմից պարտադրուած պատերազմի առաջին իսկ օրից իրենց պահպանութեան տակ են վերցրել ԼՂՀ տարածքի բոլոր մահմեդական յուշարձանները, այդ թւում՝ ադրբեջանական գերեզմանատները, եւ ասուածի մէջ համոզուելու հնարաւորութիւն է ընձեռուել Լեռնային Ղարաբաղ այցելած ինչպէս բազմաթիւ միջազգային, այնպէս էլ ադրբեջանական պատուիրակութիւնների:
Ինչ վերաբերում է, իբր, հայերի կողմից ադրբեջանական գերեզմանատան աւերումը վկայող լուսանկարներին, ապա անզէն աչքով իսկ երեւում է, որ նշուած գերեզմանատան որոշակի աւերումներ կատարուել են իր իսկ՝ Ադրբեջանի կողմից սանձազերծուած պատերազմի ընթացքում իրականացուած մարտական գործողութիւնների հետեւանքով: Ահա հէնց այդ է փորձում շահարկել Պոլուխովը: Ցաւօք, արդէն վաղուց է, ինչ կեղծիքն ու սուտը դարձել են ադրբեջանական քարոզչամեքենայի գործելաոճը: Բոլորի յիշողութեան մէջ թարմ է մնում, թէ ինչպէս էր Հէյդար Ալիեւի անուան հիմնադրամը, որը գտնւում է Ալիեւների ընտանիքի բարձր հովանու ներքոյ, փորձում Կոսովոյում արուած լուսանկարները ներկայացնել իբրեւ Խօջալուի դէպքեր:
Պոլուխովի յայտարարութիւնները կարելի է գնահատել որպէս մի փորձ՝ ստուեր նետելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան վրայ եւ շեղելու միջազգային հանրութեան ուշադրութիւնը Բաքուի իշխանութիւնների կողմից պարբերաբար կազմակերպուող վանդալիզմից, մասնաւորապէս, աւտոմայրուղու շինարարութեան պատրուակով Բաքւում գտնուող առաւելապէս հայկական Նարիմանովի գերեզմանատան աւերումից, կամ էլ օրը ցերեկով Նախիջեւանի Հին æուղայի խաչքարերի ոչնչացումից, որտեղ մարտական գործողութիւններ չեն եղել:
Ի հաւաստումն վերոնշեալի, մէջբերենք մի քաղուածք ԱՄՆ պետդէպարտամենտի ժողովրդավարութեան, մարդու իրաւունքների եւ աշխատանքի բիւրոյի կողմից կրօնական ազատութիւնների մասին վերջերս հրապարակուած միջազգային հաշուետուութիւնից. «Էթնիկ հայերի նկատմամբ թշնամանքը նրանց մեծամասնութեանը ստիպել է լքել երկիրը 1988-1990 թ.թ. ընթացքում, եւ բոլոր հայկական եկեղեցիները, որոնցից շատերն աւերուել են ազգային հողի վրայ (աւելի քան տասնեակ տարիներ առաջ) զանգուածային անկարգութիւնների ժամանակ, մնում են փակ»: