ՄԱՐԳԱՐԻՏ ՇԱՀԻՆԵԱՆ
«Հայ ժողովուրդի պատմութիւնը իր երգի մէջ է, իսկ երգը յաւերժացնում է ժողովուրդը…»
ԿՈՄԻՏԱՍ
2009 թիւը յոբելինական տարեթիւ է:
Ազգային մշակոյթի հանճարեղ անուններ, որոնց մասին յիշատակելիս՝ հպարտութեամբ է լցւում իւրաքանչիւր բանիմաց հայի հոգին: Այո, հայը կրելով իր մէջ մշակութային հարուստ պատմութիւն ունենալու խոր զգացումը՝ դարերի ըմթացքում ձեռք է բերել գաղափարական իւրատիպ հէնք, որն էլ բացայայտում է նրա ազգային արժանապատուութեան դրսեւորման իմաստը:
Յ. Թումանեան եւ Կոմիտաս: Անուններ, որոնք իրենց գրչով ու մտքով, խօսքով ու երգով կերտեցին հայ ժողովուրդի գրականութեան եւ երաժշտութեան բարձրարժէք կոթողներ: Ստեղծեցին դարերի համար մնայուն, անխաղթ արուեստ, առանց որի անհնարին է պատկերացնել մեր մշակոյթի գանձարանը:
Կոմպոզիտոր, ազգագրագէտ, գիտնական, մանկավարժ, խմբավար, երգիչ, հզօր եռանդի տէր արուեստագէտ Կոմիտասը, իր գաղափարական կուտակումներով շրջադարձային դեր խաղաց երաժշտական պատմութեան զարգացման ճանապարհին: Նրա մեծագոյն վաստակը հայ երաժշտութեան խոր եւ բազմակողմանի ուսումնասիրութիւնն էր, որի վրայ հիմնուելով՝ առաջ քաշեց ինքնուրոյն լինելու կարեւոր թէզը: Կոմիտասը առաջինը յայտնաբերեց ազգային երաժշտարուեստի ինքնատիպութեան յուսալի ակունքները, դրանով իսկ հիմնադրեց ազգային դասական երաժշտութիւնը: Ազգի հաւատարիմ ջատագովը, իր հայրենասէրի նուիրումով եւ հոգատարութեամբ, հաւաքեց հայ գեղջուկ երգերը, մշակեց եւ իր ոգեշունչ կատարմամբ խթանեց ազգային հոգեւոր արժէքների տարածումն ու ճանաչումը:
Կոմիտասի ջանքերով նոր կեանք ապրեց հոգեւոր երաժշտութեան աշխարհը՝ ազգային մշակոյթի հինաւուրց բնագաւառներից մէկը, որը մէկ ու կէս հազարամեակի ընթացքում ենթարկուել էր ժամանակի ու շրջապատի ներգործութեանը: Կոմիտասի առաջնահերթ խնդիրներից էր օտարամուտ գեղգեղանքներից ազատուելը, ազգային ոճի անաղարտ, զուսպ եւ վեհ պարզութիւնը վերականգնելը, որի ակնառու վկայութիւնն է «Պատարագ»ը: Այն իր գեղարուեստական մեծ արժանիքներով, հայ հոգեւոր բազմաձայն երաժշտութեան մշակման կատարեալ նուաճումներից է:
Կոմիտասը՝ որպէս մեներգային եւ խմբերգային դասական երաժշտութեան հիմնադիր, սկզբնաւորեց ազգային կատարողական ոճը: Նա բացայայտեց «մեր ազգային երգին պատկերը տուող զգացմունքների, վարքի-բարքի ճշգրիտ մեկնաբանը» (Կոմիտաս): Նրա մասնագիտական հեղինակաւոր խորհուրդները կարեւոր նշանակութիւն ունեցան ողջ հայ ազգային երգի կատարողական արուեստում: Կոմիտասի 10 պատուիրանները՝ երգեցողութեան արուեստի վերաբերեալ, հանդիսացան այն հիմնաքարը, որով առաջնորդւում է այսօր Երեւանի պետական կոնսերվատորիայի ժողովրդական երգեցողութեան դասարանը՝ փրոֆեսէօր Արազ Ոսկանեանի ղեկավարութեամբ: Կոմիտասի հանրագիտական պատրաստուածութիւնն ու բնատուր ձիրքերը, մանկավարժական ունակութիւնների կատարելութիւնը, ստեղծագործական ուրոյն սկզբունքները, հիմնուած էին հաստատապէս ազգային արուեստի դարաւոր աւանդոյթների վրայ, որոնք իրենց արտայայտման ձեւի մէջ կրում էին ժամանակի առաջադէմ գաղափարներ: Կոմիտասի հզօր հանճարը հայեցի ոգիով եւ մտածելակերպով բեղմնաւորեց ապագան: Կոմիտասի հաւաքական հանճարը հեռատես, կանխազգացող էր, ազգի համար բախտորոշ…
Այսօր, մեր հոգեւոր եւ բարոյագիտակցական առաքելութիւնն է պահպանել սրբօրէն, յիշատակելով նրա փառապանծ անունն ու ազգի համար թողած վաստակը:
Կոմիտասի ծննդեան 140ամեակի նուիրուած յոբելինական համերգը յարգանքի եւ սիրոյ տուրք է եւ խոնարհում՝ Մեծ վարպետի յիշատակին:
2009թ. Նոյեմբերի 1ին (Կիրակի), ժամը 6ին, Հայց. առաքելական եկեղեցւոյ Հիւսիսային Ամեիկայի Արեւմտեան թեմի առաջնորդարանի «Գալայճեան» սրահում տեղի կ՛ունենայ համերգը, որը հովանաւորում է թեմի առաջնորդ Յովնան արք. Տէրտէրեանը:
Համերգի մուտքը հրաւիրատոմսերով է (կարելի է ձեռք բերել՝ (818)-631-4849 հեռ.): Ինչո՞ւ, քանի որ Կոմիտասի արուեստը պատկանում է ժողովուրդին եւ արժանի է անսահման գնահատանքի: Ուստի, գնահատել տոմսակի արժէքը անհնարին է եւ ոչ տեղին…
Համերգի կազմակերպիչն է «Սայեաթ Նովա» հայ երգարուեստի կենտրոնը՝ երգչուհի Մարգարիտ Շաղինեանի ղեկավարութեամբ, որն իր վրայ է վերցնում անհրաժեշտ բոլոր ծախսերը եւ նպատակն իրականացնելու բոլոր հոգածութիւնները:
Եթէ կը լինեն անհատներ կամ կազմակերպութիւններ, որոնք կը կամենան իրենց լուման ներդնել այս սուրբ գործին, ապա կարող են հեռաձայնել կենտրոն եւ ստանալ լրացուցիչ տեղեկութիւններ՝ (818) 631-4849, ե-նամակ՝ sayat-nova-asac@yahoo.com, հասցէ՝ 1421 Corona Dr., Glendale, CA 91205: