Մշտապէս հետեւելով ղարաբաղեան հիմնախնդրի խաղաղ կարգաւորման բանակցային գործընթացին, ուզում ենք վերահաստատել մեր դիրքորոշումն ու ցանկութիւնն առ խաղաղ կարգաւորում: Ով ով, բայց զոհուած ազատամարտիկների հարազատները ամենաշատն են շահագրգռուած խաղաղ կարգաւորմամբ եւ նոր զոհերի ու նոր տառապանքների բացառմամբ: Միեւնոյն ժամանակ, մենք չենք կարող անտարբեր լինել եւ մեր մտահոգութիւնը չարտայայտել այն կապակցութեամբ, թէ ինչպէս են ընթանում այդ բանակցութիւնները եւ ինչ բովանդակութիւն է դրւում «փոխզիջումներ» հասկացութեան մէջ:
Մեր կարծիքն այն է, որ բանակցային գործընթացում շրջանառութեան մէջ դրուած փոխզիջումներ հասկացութիւնն ըստ էութեան միակողմանի զիջումներ է նշանակում, այն էլ՝ ղարաբաղեան կողմից: Փաստօրէն, զիջում ենք միայն մենք, իսկ Ադրբեջանի գլխաւոր փոխզիջումը պատերազմը չվերսկսելն է: Տարօրինակ է, որ պատերազմի վերսկսումը սպառնալիք ու չվերսկսումը իր կողմից փոխզիջում է համարում պատերազմում պարտուած կողմը: Մինչդեռ տրամաբանական կը լինէր, որ սա զիջում լինէր պատերազմում յաղթած ղարաբաղեան կողմի համար: Ընդհանրապէս, շատ աւելի ընկալելի կը լինէր, որ պատերազմի չվերսկսումը ոչ թէ զիջում լինէր, այլ բանակցային գործընթացի պայման, որը վերաբերում է բոլորին: Անտրամաբանական ու ստորացնող են նաեւ Ադրբեջանի միւս «զիջումները», ըստ որոնց Բաքուն մի կերպ համաձայնւում է մեզ վերադարձնել մեզնից խլուելիքի մի չնչին մասը:
Մեզ խորապէս անհանգստացնում է նաեւ այն հանգամանքը, որ ԼՂՀն դուրս է մնացել բանակցային գործընթացից, մինչդեռ բոլորի համար էլ պարզ պիտի լինի, որ այդ գործընթացը կարող է արդիւնաւէտ լինել միայն այն դէպքում, եթէ վերականգնուի լիարժէք բանակցային գործընթացը ԼՂՀի, Ադրբեջանի եւ Հայաստանի մասնակցութեամբ, եւ եթէ ապահովուի նաեւ ղարաբաղա-ադրբեջանական անմիջական երկխօսութիւն: Խորապէս համոզուած ենք, որ ղարաբաղեան կողմը չի կարող որեւէ պարտաւորութիւն ստանձնել առանց իր մասնակցութեան ձեռք բերուած ցանկացած պայմանաւորուածութեան կամ ստորագրուած համաձայնագրի համար: Որքան մենք ենք հասկանում, ղարաբաղեան կողմը ոչ մէկին չի լիազօրել ներկայացնելու իր շահերը եւ վերջնական խօսքը պիտի վերապահի իրեն:
Մեզ շատ է անհանգստացնում նաեւ գաղտնիութեան մթնոլորտը: ԼՂՀի իշխանութիւններին կոչ ենք անում քօղազերծել բանակցային գործընթացը, անկեղծ ու բաց երկխօսութիւն սկսել սեփական ժողովրդի հետ ու խրախուսել հանրային քննարկումներ, քանի որ մեր ճակատագրի մասին որոշում պիտի ընդունենք բոլորս, համայն ժողովուրդը:
Մենք գտնում ենք, որ ղարաբաղեան հիմնախնդրի լուծումը պիտի լինի պատմական ու իրաւական հարթութիւնների վրայ: Հէնց այս, ինչպէս նաեւ անվտանգութեան տեսանկիւնից ենք մենք դիտարկում ազատագրուած տարածքների ճակատագրի հարցը: Մեր դիրքորոշումն այն է, որ մենք մեր պատմական հայրենիքի մի մասն ազատագրել ենք մեզ պարտադրուած պատերազմի ժամանակ: Այդ տարածքների, աւելի ճիշդ՝ մեր հայրենիքի մի մասի վերստին զիջումն անընդունելի է, քանի որ հայրենիքը չեն զիջում: Այդ տարածքները նաեւ մեր անվտանգութեան համակարգի բաղկացուցիչ մասն են, առանց որոնց պատերազմի վերսկսման գայթակղութիւնը Ադրբեջանի համար շատ աւելի մեծ է լինելու, ինչպէս մեծ է լինելու նոր կորուստների, նոր զոհերի ու նոր տառապանքների հաւանականութիւնը յատկապէս մեզ համար: Եւ հէնց նոր պատերազմից, նոր զոհերից ու տառապանքներից խուսափելուն է միտուած մեր այս յայտարարութիւնը:
Նրանք, ովքեր մտադիր են զիջել այդ տարածքները, թող դրանցից քամեն-զատեն մեր զաւակների արիւնը: Մեր զաւակների արիւնը ուրիշին տալու իրաւունք չունենք:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
14 Սեպտեմբերի 2009թ