ՍԱՐՕ ՆԱԶԱՐԵԱՆ
Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների հարցով Օգոստոսի 31ի արձանագրութիւնները որչափ որ բացասական անդրադարձ ունեցան հայութեան մօտ՝ համարուելով համահայկական իմաստով վտանգաւոր ու ազգավնաս գործընթաց, այնուամենայնիւ այն շարունակում է առաւել դրական բնութագրուել թուրքական շրջանակներում, շատերի կողմից նոյնիսկ ողջոյնի արժանանալով: Ակնյայտօրէն թուրքական կողմը բաւարարուած (մինչեւիսկ յաղթական) է զգում իրեն՝ արձանագրութիւններում տեղ գտած մասնաւորաբար այն կէտի համար, որը վերաբերում է երկու երկրների պատմական հարցերի, հիմնականում Հայոց Ցեղասպանութէան փաստի վերաքննման հարցով պատմաբանների միջկառավարական յանձնաժողով ստեղծման:
Արդարեւ, Պոլսում հրատարակուող «Մարմարա» օրաթերթը Սեպտեմբերի 7ի համարում վկայակոչել է թուրքական պատմութեան կաճառի նախկին նախագահ Եուսոֆ Հալաջօղլուին, որն ասել է, թէ, Անկարայի սիրտը հանգիստ է, որովհետեւ աւելի քան «մէկ միլիոն» փաստաթուղթ ունի Հայոց Ցեղասպանութեան փաստը հարցականի տակ դնելու համար: Ինչպէս նշում է թերթը, թուրքական կողմը աւելի շատ շահագրգռուած է ո՛չ թէ սահմանը բացելու, այլ՝ Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ յանձնաժողով ստեղծելու խնդրով, որպէսզի Թուրքիան կարողանայ լրումին հասցնել ուրացման ու մերժման իր վաղեմի քաղաքականութիւնը: Ըստ Հալաջօղլուի, որն անտարակոյս թարգմանն է հանդիսանում նոյն հարցով շահագրգռուած թուրքական լայն շրջանակի, յանձնաժողովի ստեղծումը, պատճառ պիտի դառնայ, որ մինչ այժմ բազմաթիւ երկրների խորհրդարանների կողմից ընդունուած Հայոց Ցեղասպանութեան պնդումները վերանայման ենթարկուեն եւ ցեղասպանութեան ժապաւէնը նորից ծայրէիծայր ցուցադրուի: Եթէ պատմաբանների յանձնաժողովը չկարողանայ յստակ կերպով փաստել, թէ ցեղասպանութիւն է կատարուել, ապա այն ժամանակ հայկական պնդումները պէտք է ամբողջովին աղբաման նետուեն:
Ահա՛, թուրքական նկրտումների բուն էութիւնն ու նպատակը՝ Հայաստանի հետ «բարիդրացիական յարաբերութիւններ հաստատելու» խնդրում: Այդուամենայնիւ, զաւեշտականն այն է, որ Հայաստանի արտաքին գործոց նախարար Էդուարդ Նալբանդեանը չգիտես միամտութեա՞մբ, թէ քաղաքական խակութիւնից ելնելով, յորդորում է հայութեանը, որ «չպէտքէ եզան տակ հորթ փնտրել»:
Թէ՛ արտգործնախարար Նալբանդեանը եւ թէ՛ մանաւանդ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանն ու իր գլխաւորած վարչակազմը ծանրակշիռ պատասխանատուութիւն են կրում այն ահաւոր հետեւանքների համար, որոնք կ՛առաջանան, եթէ երկու երկրների կողմից ստորագրուեն ներկայիս արձանագրութիւնների կէտերով ձեւաւորուած որեւէ համաձայնագիր:
Անգամներ ասուել է, որ Հայաստանը կարող է դիւանագիտական կապեր հաստատել Թուրքիայի հետ, բայց առանց նախապայմանների: Դա,- ինչպէս շեշտել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարէանը՝ մեծագոյն զիջումն է, որ կարող են անել Հայաստանի իշխանութիւնները: «Եթէ պայմաններ պէտք է դնէինք՝ մենք էինք պայման դնողը՝ Ցեղասպանութեան հարցի ճանաչումը Թուրքիոյ կողմից: Եթէ այդ հարցը մենք չենք արծարծում՝ ամենամեծ զիջումն ենք կատարու, ասել է նա: Իսկ ինչ վերաբերում է այնպիսի համաձայնութեան ստորագրմանը, որը միջկառավարական յանձնաժողով ստեղծելով ձգտում է հարցականի տակ առնել Հայոց Ցեղասպանութեան փաստը, Հրանտ Մարգարէանը շեշտել է՝ «Ցաւում եմ, որ մեր նախագահը գնում է մի փաստաթղթի ստորագրման, որի իրաւունքը չունի: Ոչ մի իշխանութիւն իրաւունք չունի Հայոց Ցեղասպանութեան հարցը սակարկութեան նիւթ դարձնել եւ սերունդների հաշուին յայտարարութիւններ անել»:
Մինչ Հայաստանի իշխանութիւնները ձեռնծալ նստել ու սպասում են եկող մի քանի շաբաթներին, որպէսզի աւարտուի արձանագրութիւնների համար ճշտորոշուած խորհրդակցութիւնների եւ ստորագրման ժամկէտը, Թուրքիայի պետական շրջանակները, մասնաւորաբար Թուրքիայի արտաքին գործոց նախարարութիւնը, քարոզչական ու լոբիիստական համատարած աշխատանք են ծաւալել ցոյց տալու աշխարհին, թէ իբր Թուրքիան «խաղաղասիրական» ու «բարիդրացիական» մօտեցումներով ձգտում է մեծացնել «համագործակցութեան» ու «անվտանգութեան» ծաւալները տարածաշրջանում եւ նպաստել հակամարտութիւնների խաղաղ լուծմանը: Այսինքն իրականում, Թուրքիան նպատակադրել է տարածաշրջանում ընդարձակելով իր համաթուրքական ազդեցութիւնն ու քաղաքականութիւնը, ո՛չ միայն լիիրաւօրէն մաս կազմել Մինսկի խմբին եւ անշուշտ հետապնդել, որ Արցախեան հիմնախնդիրը լիարժէքօրէն լուծուի Ադրբեջանի օգտին, այլ նաեւ ամրագրել եւ վաւերական դարձնել Հայաստանի հետ իր ունեցած ներկայիս սահմանները եւ ուղի հարթել ադրբեջանական նաֆթարդիւնաբերութեան լայն շուկաներ ստեղծելու հեռանկարների համար, ինչը կը խթանի նաեւ թուրքական տնտեսութեան հզօրացմանը՝ աշխարհագրական այդ շրջանում:
Սփիւռքի հայութիւնը խանգարում է թուրքական այդ նպատակների իրագործմանը, այսպէս է եզրակացնում «Միլլիէթ»ի մոսկովեան թղթակից՝ æէնք Բաշլամըշը: Իսկ հայկական սփիւռք ասելով, թուրք թղթակիցը իր շեշտը դրել է արձանագրութիւնների նկատմամբ ՀՅ Դդաշնակցութեան որդեգրած դիրքորոշման վրայ, հաւանաբար գիտակցելով, որ Հայ Դատի հետապնդման առաջնային ճակատում մշտապէս պայքարել ու շարունակում է իր պայքարը ՀՅ Դաշնակցութիւնը:
«Հայկական Սփիւռքը բոլորովին դէմ է նախագահ Սերժ Սարգսեանի նոր քաղաքականութեանը: Եթէ Հայաստանը ճանաչի Թուրքիայի այսօրուայ սահմանները, այնուհետեւ հայկական կողմը հողային պահանջատիրութիւն չի կարող ունենալ, ասում են դաշնակցականները». այսպէս է գրել թուրք թղթակիցն ու աւելացրել. «Լոս Անջելոսի «Ասպարէզ» թերթը, որը դաշնակցականների պաշտօնաթերթն է,-թղթակցի բառերով,- կազմակերպեց այս փաստաթղթերը կասեցնելու արշաւը: Ամերիկահայերը պնդում են նաեւ, որ ցեղասպանութեան հատուցման մասին իրենց պահանջների վերջին ժամկէտը 2015 թուականն է, ուստի Թուրքիան մինչեւ այդ թուականը պէտք է ճանաչած լինի Հայոց Ցեղասպանութիւնը»:
Ակներեւաբար, թուրքական շրջանակները փորձում են ցոյց տալ, թէ ամէն ինչ գիտեն հայկական կողմի դիրքորոշումների մասին եւ խաղին մասնակցում են բաց խաղաքարտերով: Դա ամէնեւին էլ կարեւոր չպիտի լինի մեզ համար: Մենք այդ խաղով զբաղուելու ո՛չ ժամանակը եւ ո՛չ էլ կարիքն ունենք: Մեզ հարկաւոր է կարգի բերել մե՛ր տունը, քանի որ մեր առջեւ մնում են հաշուած օրեր ու շաբաթներ:
Մեզ անհրաժեշտ է միատեղել մեր բողոքի ու ցասումի ձայնը՝ Ամերիկայից մինչ Եւրոպա, մինչեւ մերձաւոոր Արեւելք, մինչեւ Հայաստան ու մինչեւ ու՜ր, որ ապրում են հայերը աշխարհով մէկ տարածուած, որպէսզի Երեւանում ձեռնծալ նստած իշխանութիւնները զգաստանան ու անսալով համայն հայութեանը կա՛մ հիմնովին վերափոխութեան ենթարկեն ներկայացուած արձանագրութիւնների ազգավնաս կէտերը եւ կա՛մ կասեցնեն այս վտանգաւոր գործընթացը: Իսկ եթէ նրանք հաշուի չառնեն համաժողովրդական բողոքի ալիքը, անտարակոյս պատմութեան առջեւ խեղդուողը համարուելու են իրենք: Ինչպէս շեշտել է Հրանտ Մարգարեանը. «բոլոր իշխանութիւնները, որ դէմ են կանգնել ժողովրդի կամքին, ոչնչացել են»:
Գլենդէլ,
Սեպտեմբեր 12, 2009 թ.