ԵՐԵՒԱՆ.- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեան, Երեւանի մէջ համախմբուած հայ դիւանագէտներու հաւաքին առջեւ հանդէս եկած է ելոյթով, ներկայացնելով երկրի արտաքին քաղաքականութեան հիմնական ուղղութիւնները:
Այստեղ կը ներկայացնենք նախագահի ելոյթէն ԱՄՆի, Վրաստանի, æաւախքի, Լեռնային Ղարաբաղի ու հայ-թրքական յարաբերութիւններու վերաբերեալ բաժինները:
«Միացեալ Նահանգների հայկական համայնքը մեր երկրները կամրջող բնական օղակ է: Նրանց ջանքերի շնորհիւ Հայաստանն ունի բազմաթիւ բարեկամներ Միացեալ Նահանգների Կոնգրէսում: Տարիներ շարունակ պահպանւում է Հայաստանին յատկացուող նիւթական օգնութեան ծաւալը:
Հայ-ամերիկեան յարաբերութիւնների հարթութեան մէջ վերջին ամիսների ընթացքում առանձին գործօն է եղել նաեւ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման մեր փորձը: Գիտէք, որ կան քննադատներ, ովքեր համարում են, որ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման մեր նախաձեռնութիւնը կանխեց Միացեալ Նահանգների նախագահի կողմից «Ցեղասպանութիւն» բառի գործածումն իր ապրիլքսանչորսեան ուղերձում: Ես ասել եմ եւ ուզում եմ կրկնել. վստահ եմ, որ Միացեալ Նահանգներին մեր գործողութիւնները ոչնչով չխանգարեցին եւ միայն ամերիկեան սկզբնաղբիւրները բաւարար են կատարուածին ճիշդ գնահատական տալու համար, եւ համոզուած եմ, այդ գնահատականը վաղ թէ ուշ տրուելու է:
«Մենք պէտք է լուրջ ջանքեր գործադրենք վիրահայութեանը հնարաւոր աջակցութիւն ցոյց տալու համար: æաւախքի նկատմամբ մեր վարած քաղաքականութեան տրամաբանութիւնը, բովանդակային առումով, պէտք է բխի «ինտէգրում առանց ձուլման» սկզբունքից: Ինտէգրումը, այս դէպքում, պէտք է ենթադրի վիրահայերի Վրաստանի արժանապատիւ, կարող, յարգուած քաղաքացիների համբաւի ամրապնդումը: Կարծում եմ, որ հայերէնը Վրաստանում մարզային լեզու ճանաչելու, Հայկական առաքելական սուրբ եկեղեցու գրանցումն ապահովելու, Վրաստանի հայկական յուշարձանների պահպանմանն ուղղուած քայլերը Վրաստանում միայն նպաստելու են հայ-վրացական բարեկամութեան ամրապնդմանը, փոխվստահութեան մթնոլորտի խորացմանը: Այս բոլոր հարցերում մենք պէտք է լինենք նրբանկատ, բայց հետեւողական եւ սկզբունքային:
«Այժմ անդրադառնամ մեր արտաքին քաղաքականութեան երկու առանցքային խնդիրներին Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման գործընթացին եւ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման մեր նախաձեռնութեանը:
«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորման շուրջ:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդութեամբ Ադրբեջանի հետ մեր բանակցութիւնները ընթանում են տեսանելի եւ միանգամայն հասկանալի տրամաբանութեան շրջանակներում: Գիտէք, որ մենք արդէն ունեցել ենք վեց հանդիպում Ադրբեջանի Նախագահի հետ: Անցեալ տարի նոյեմբերին ստորագրուել է Մայնդորֆեան հռչակագիրը, եղել է Մինսկի խմբի համանախագահ պետութիւնների ղեկավարների համատեղ յայտարարութիւնը, եւ համանախագահները հանրայնացրել են մադրիդեան սկզբունքների հիմնական ուրուագիծը: Ձեզ համար հրապարակուածի մէջ, վստահ եմ, նորութիւն չկար, բայց հանրութիւնն առաջին անգամ էր տեսնում այդ սկզբունքներն ի մի բերուած եւ լսում պաշտօնական աղբիւրներից: Ես շատ կարեւոր եմ համարում այն փաստը, որ դրանցում չկար որեւէ կէտ, որի մասին մենք մեր դիրքորոշումներն ու մօտեցումները ներկայացրած չլինէինք մեր հանրութեանը: Այդ փաստաթղթի հրապարակումը վկայեց, որ մենք երբեք չենք ստել եւ սեփական ժողովրդին մոլորութեան մէջ չենք գցել իրականում բանակցութիւնների սեղանին դրուած հարցերի վերաբերեալ:
Հասկանալի է, որ հրապարակուածի մէջ կային կէտեր, որոնք տարբերւում են, որոշ պարագաներում սկզբունքօրէն, մեր պատկերացրած իդէալական լուծումից: Բայց փաստ է նաեւ, որ բոլոր ներգրաւուած դերակատարներն արդէն քաջ գիտակցում են, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրականացումն ու Լեռնային Ղարաբաղի բազմաշերտ անվտանգութեան երաշխաւորման խնդիրները առանցքային են:
«Ես շատ լաւ հասկանում եմ Հայաստանում եւ Արցախում որոշ շրջանակների կողմից դրսեւորուող անհանգստութեան արմատները: Արցախի հիմնահարցն այն սուրբ խնդիրն է, որի զոհասեղանին իրենց կեանքն են դրել հազարաւոր մեր հայրենակիցներ, որի համար մենք կրել ենք եւ շարունակում ենք կրել դժուարութիւններ, սակայն այն նաեւ մեր պատմութեան ամենահպարտալի էջերից է: Համոզուած եմ իւրաքանչիւր հայ ղեկավար, ով ներգրաւուած է արցախեան հիմնախնդրի լուծման մէջ, քաջ գիտակցում է, որ մեծ պատասխանատուութիւն է կրում իր ժողովրդի, նրա պատմութեան եւ ապագայ սերունդների առջեւ:
«Ցանկացած այլ կարծիք կամ անտեղեակութեան արդիւնք է, կամ մանր սպեկուլեացիա (չարաշահման-խմբ.): Իսկ արցախեան հիմնահարցն այն խնդիրը չէ, որտեղ թոյլատրելի են մանր սպեկուլեացիաները:
Կարեւոր է, որ Դուք էլ բացատրէք բոլորին, առաջին հերթին ձեր հաւատարմագրման երկրների պաշտօնեաներին, որ խնդրի կարգաւորումն օրերի, շաբաթների եւ ամիսների հարց չէ: Բոլորը պէտք է յստակ պատկերացնեն, որ մենք այժմ բանակցում ենք ընդամէնը կարգաւորման հիմնական սկզբունքներից մի քանիսի շուրջ: Նոյնիսկ դրանց շուրջ համաձայնութեան գալու դէպքում բաց են մնում բազմաթիւ այլ սկզբունքներ, իսկ այնուհետեւ բուն համաձայնագիրը, որով պէտք է կարգաւորուեն կիրառման մանրամասները: Դա մեծ աշխատանք պահանջող գործընթաց է:
«Մեր առաջնահերթ խնդիրներն են այս փուլում՝ ապահովել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անվտանգութիւնը բանակցային գործընթացի շրջանում եւ հասնել խնդրի ճիշդ ընկալմանը միջազգային հանրութեան կողմից: Այս հակամարտութեան մէջ հայ ժողովուրդն եղել է գոյատեւման եւ ազատութեան համար պայքարող ժողովրդի դերում, եւ որեւէ մէկը իրաւունք չունի ապրելու իր իրաւունքը արեամբ պաշտպանած Արցախին »ագրեսոր« անուանել: Մեր պատասխանը դրան պէտք է լինի միշտ կտրուկ, վստահ եւ համոզիչ: Յատկապէս ուզում եմ այս խնդրին հրաւիրել Իսլամական կոնֆերանսի անդամ երկրներում հաւատարմագրուած դեսպանների ուշադրութիւնը: Մենք պէտք է ակտիւացնենք մեր ջանքերը ղարաբաղեան հակամարտութեան շուրջ այդ կազմակերպութիւնում ընդունուած եւ ընդունուող բանաձեւերի բացասական ազդեցութիւնը չէզոքացնելու հարցում:
«Հայ-թուրքական յարաբերութիւնների մասին:
«Ինչպէս արդէն գիտէք, երէկ տարածուել է համատեղ յայտարարութիւն հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի վերաբերեալ: Հրապարակուել են նաեւ այն համաձայնեցուած փաստաթղթերը «Արձանագրութիւն երկու երկրների միջեւ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու մասին» եւ «Արձանագրութիւն երկկողմ յարաբերութիւնների զարգացման մասին», որոնք արտացոլում են մինչ օրս ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների ամբողջականութիւնը:
«Անցեալ տարուայ մեր հանդիպման ժամանակ ես ասել եմ, թէ ինչ նպատակներ եմ հետապնդել Թուրքիայի Նախագահին Հայաստան հրաւիրելով: Հայաստանը մօտեցրեց հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման հնարաւորութիւնը: Աւելացան միջազգային հանրութեան տեղեկացուածութիւնն ու պարտաւորուածութիւնը:
«Մենք փորձել ենք արժանապատուօրէն կարգաւորել յարաբերութիւնները մեր հարեւան պետութեան հետ, ինչպէս վայել է 21րդ դարի քաղաքակիրթ աշխարհին:
Համարում եմ, որ այս արձանագրութիւնները տալիս են այդ հնարաւորութիւնը: Երէկ հրապարակուած նախագծերն արտացոլում են երեք առանցքային իրականութիւն
«1. Ինչպէս ես բազմիցս ասել եմ, Թուրքիայի հետ վարած մեր բանակցութիւնները եւ ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները չեն պարունակում Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորման կամ դրա հետ կապուած որեւէ այլ խնդրի հետ կապուած որեւէ նախապայման:
«2. Ինչպէս եւ պնդում էինք, հայ-թուրքական յարաբերութիւնների պատմական հարթութեան հարցերը պէտք է քննարկուեն ոչ թէ պատմաբանների յանձնաժողովի, այլ միջկառավարական յանձնաժողովի ենթայանձնաժողովներից մէկի ձեւաչափով:
«3. Առաջին անգամ անկախ Հայաստանի պատմութեան մէջ կարեւորագոյն միջազգային փաստաթղթերի ստորագրմանը կը նախորդեն հանրային քննարկումներ: Դրանք հնարաւորութիւն կը տան լսելու բոլոր տեսակէտներն ու մօտեցումները:
«Ես կարեւորում եմ այս հարցում բոլորիդ ակտիւութիւնը: Դուք պէտք է ակտիւ դերակատարում ստանձնէք այդ հանրային քննարկումների ընթացքում եւ Հայաստանում, եւ Սփիւռքում: Պէտք է մանրամասնէք եւ բացատրէք նախաստորագրուած արձանագրութիւնների դրոյթները դրական եւ, ինչու՞ չէ, խնդրայարոյց բոլոր բաղադրիչներով:
«Ակնկալում եմ, որ առաջիկայում մենք նաեւ ակտիւ քննարկումներ ենք ունենալու Սփիւռքի հայկական համայնքներում եւ միջազգային հետազօտական կենտրոններում: Այդ առումով, ձեր խնդիրն է նաեւ ապահովել անհրաժեշտ հարթակներ Հայաստանից գործուղուող բանախօսների հանդիպումների եւ ելոյթների համար: