ՄԻԳԱՆՈՒՇ ՄԵԼՔՈՆԵԱՆ
Պարը ժողովրդների մշակութային կեանքի անբաժան մի մասնիկն է: Սկսած շատ հին ժամանակներից, մարդիկ իրենց զգացումներն ու ապրումները դրսեւորել են շարժումներով: Տարբեր ցեղերի ու ազգութիւնների կրօնական ու աւանդական արարողութիւններին մաս են կազմել անհատական թէ խմբական պարերը: Պարը յաճախ զուգորդւում է երաժշտութեան հետ, ուր երաժշտութեան մեղեդիին համահունչ ու համապատասխան շարժումներով կատարողը մարմնաւորում է ինչ որ խորհուրդ ու պատգամ: Պատմութեան ընթացքին ու նաեւ այսօր պարը մարդկային հաղորդակցութեան, մտքերի ու զգացումների արտայայտութեան միջոց է եղել: Պարը ինչպէս մշակոյթի զանազան ոլորտները, թէ՛ համամարդկային արժէք է եւ թէ միաժամանակ՝ ազգային արժէք: Ազգային մի արժէք, որը խոր արմատներ ունի նաեւ մեր ժողովրդի պատմութեան մէջ:
Հայկական պարը մեր երաժշտութեան, ճարտարապետութեան ու գրականութեան պէս անբաժանելի մասն է մեր հայկական ինքնութեան, որով եւ մենք ներկայանում ենք աշխարհին: Հայկական պարախմբերը, թէ՛ հայրենիքում եւ թէ սփիւռքում, եղել են ու մնում են մեր մշակութային արժէքները հայ թէ օտար հանդիսատեսին ներկայացնող լաւագոյն ներկայացուցիչները: Իր երեխաներին հայկական պարի տալով՝ հայ ծնողը միտել է դաստիարակել արուեստասէր, առողջ մարմնով ու հայեցի ոգով զաւակներ, իսկ մեր սփիւռքեան գաղութները հիմնադրելով ու պահպանելով այս կառոյցները՝ փորձել են վառ պահել հայկական մշակոյթն ու ոգին հայ նոր սերունդների մօտ:
Ահա այս նոյն նպատակով Համազգային Հայ կրթական եւ մշակութային միութիւնը իր համարեա բոլոր մասնաճիւղերում, լինեն դրանք Լիբանանի հայահոծ թէ Պուլկարիոյ փոքրաթիւ հայկական գաղութների տարածքում, հիմնել, պահպանել ու հովանաւորել են հայկական պարախմբեր, որոնք իրենց նպաստն են բերել այդ գաղութների մանուկների ու պատանի-պարմանուհիների հայեցի դաստիարակութեան գործին: Այս յօդուածաշարով մեր արուեստասէր ընթերցողին ենք ներկայացնում «Համազգային»ի Արեւմտեան Ամերիկայի զանազան մասնաճիւղերի պարախմբերը, յուսալով, որ նրանց տքնաջան աշխատանքին ու բարի վաստակին անդրադառնալով՝ պիտի քաջալերենք նուիրեալ պարուսոյցներին, պարախմբի մասնակիցներին ու նրանց ծնողներին:
«ՀԱՄԱԶԳԱՅԻՆ»Ի
ՍԱՆ ՖԵՐՆԱՆՏՕ ՎԱԼԻԻ
«ՆԱՅԻՐԻ» ՊԱՐԱԽՈՒՄԲ
«Նայիրի» պարախումբը իր աշխատանքն սկսել է 2000 թուի Մայիսից, 27աշակերտներով: Ներկայիս պարախմբին մասնակցում են աւելի քան 100՝ հինգից քսանեօթ տարեկան անդամներ: «Նայիրի» պարախումբը անցնող տարիների ընթացքին աւելի քան 100 անգամ բեմ է բարձրացել՝ մեր համայնքում կազմակերպուած զանազան ձեռնարկներին իր մասնակցութիւնը բերելով: Թուով քսան հայկական պարախմբերի մէջ, «Նայիրի» պարախումբը շահել է առաջին պատուաբեր տեղը Գլէնդէյլի 2004 թուին կայացած պարային մրցոյթում: Պարախումբը ամէն տարի կազմակերպում է տարեկան համերգներ շուրջ երկու ժամ տեւողութեամբ: 2009ի տարեկան համերգը տեղի է ունենալու Հոկտեմբերի 11ին, CSUN համալսարանի դահլիճում:
Տարեվերջին պարախումբը այցելելու է Սան Ֆրանսիսկօ, Լուիզիանա եւ Ֆլորիդա քաղաքները, ուր ելոյթներ է ունենալու տեղի հայ համայնքների համար:
«Նայիրի» պարախմբի փորձերը տեղի են ունենում «Ֆերահեան» Ազգային վարժարանում, որը գտնւում է Էնսինօ քաղաքում: Պարախմբի 100 անդամները բաժանուած են 7 խմբերի՝ ըստ տարիքային բաժանումի: Ամէն խումբ ունի իր շաբաթական փորձերը, որոնք կայանում են հետեւեալ կարգով՝
4-7 տարեկանների խումբ, Երկուշաբթի օրերը, երեկոյեան ժամը 4:00-5:00
7-10 տարեկանների խումբ, Երկուշաբթի օրերը, երեկոյեան ժամը 5:00-6:00
11-14 տարեկանների խումբ, Երկուշաբթի օրերը, երեկոյեան ժամը 6:00-7:00
15-18 տարեկանների խումբ, Չորեքշաբթի օրերը, երեկոյեան ժամը 7:00-8:00
18-ից վեր տարիքային խումբ, Չորեքշաբթի օրերը, երեկոյեան ժամը 8:00-9:30
Տղաների խումբ, Ուրբաթ օրերը, երեկոյեան ժամը 5:00-6:00
Տղամարդկանց խումբ, Երկուշաբթի օրերը, երեկոյեան ժամը 7:30-9:00
Պարախմբին մասնակցելու ամսական սակն է 35 տոլար: Յաւելեալ տեղեկութիւնների համար, կարելի է կապուել պարուսոյց տիկին Քաթրին Հայրապետեանին՝ 818-261-6646 հեռախօսահամարով:
Պարախմբի ղեկավար պարուսոյցներն են տիկին Քաթրին Հայրապետեան եւ պրն. Արի Լիպարիտեան, որոնց համառօտ կենսագրութիւնը ներկայացնում ենք ստորեւ.
Քաթրին Հայրապետեան
Ծնուել է 1959 թուին, Իրանի Թեհրան քաղաքում: Նրա սէրը պարի նկատմամբ սկսել է շատ վաղ տարիքից: Արդէն 3 տարեկանում սկսել է յաճախել տեղի տիկին Ելենայի անուան բալէտի դպրոցը, ուր եւ ստացել է իր պարարուեստի կրթութիւնը: 1976 թուին ծնողների հետ փոխադրուել է Քալիֆորնիա, ուր յաճախել է USC համալսարանը՝ մասնագիտանալով լեզուաբանութեան ճիւղում: Այնուհետեւ International Correspondence Schoolում ստացել է հիւրանոցի ղեկավարման մասնագիտութիւն:
1977ից 1997 տարիներին եղել է Համազգայինի «Անի» պարախմբի անդամուհիներից ու մենապարողներից մէկը: Նոյն պարախմբում ծանօթացել է իր ամուսնուն՝ Արա Հայրապետեանի հետ: Ունի երկու զաւակներ, որոնք երկուսն էլ «Նայիրի» պարախմբի անդամներ են: «Նայիրի» պարախմբի կողքին, նա նաեւ դասաւանդել է Փասատինայի «Ախթամար» պարախմբում, Հայ Քոյրերի վարժարանում եւ «Մերտինեան» վարժարանում:
Քաթրինը ունի թուով 75 ինքնուրոյն պարային ստեղծագործութիւններ: Նրա գերագոյն նպատակը, իբրեւ պարուսոյց, հայ մշակոյթի սէրը հայ մանուկների սրտում վառ պահելը եւ հայկական արուեստը օտար հանդիսատեսին ծանօթացնելն է:
Արի Լիպարիտեան
Ծնուել է 1976 թուին, Լոս Անջելըսում: Մանկապարտէզից յաճախել է հայկական դպրոց եւ 1994ին աւարտել է ՀԲԸՄ «Տէմիրճեան» վարժարանը՝ որպէս գերազանցիկ աշակերտ: Յաճախել է Մալիբուի համալսարանը եւ մասնագիտացել թատերական արուեստների ճիւղում: Ուսանողական շրջանին բեմադրել է «Չուերթի պարը» եւ անցնելով Անգլիա՝ իր խմբով ելոյթ է ունեցել Edinborough Dance Festival-ում: Հայկական պարը արդէն 8 տարեկանից սկսեալ կարեւոր մասնիկն է եղել Արիի եւ նրա երկու եղբայրների ու մի քրոջ կեանքի: Սպանական պարը եւ «ֆլամինգօ»ն նա սովորել է Արգենտինայում, երբ իր արգենտինացի մայրը նրան ու քոյր-եղբարներին Արգենտինա էր տարել, որպէսզի նրանք ծանօթանան նաեւ իրենց արգենտինական մշակոյթին: Արին հրաշալի մասնագէտ է հայկական, ռուսական, վրացական, յունական եւ իրլանդական պարերի: Պարել է բազմաթիւ պարախմբերում: Համազգայինի «Անի» պարախմբի մէջ՝ որպէս մենապարող, հանդէս է եկել բազմաթիւ բեմերում, որոնցից կարելի է նշել 1999ին եւ 2001ին Երեւանի օպերայի դահլիճում:
2002ից սկսեալ Արին ղեկավարում է «Նայիրի» պարախմբի տղոց խմբերը: Դրա կողքին նա յաջողակ գործարք ունի Բեւըրլի Հիլզում, մասնակցում է ՀԲԸՄի Արտաւազդ թատերախմբին, զբաղւում է գրելով, «սալսա» եւ «թանկօ» պարելով եւ Ամերիկայի տղամարդկանց «հոքի»ի խմբի անդամակցութեամբ:
«ՀԱՄԱԶԳԱՅԻՆ»Ի
ԼԱ ՔՐԵՍԷՆԹԱՅԻ ՊԱՐԱԽՈՒՄԲ
Համազգայինի Շրջանային վարչութիւնը Լա Քրեսէնթայի հայահոծ գաղութի մշակութային կեանքին նոր թափ տալու եւ բնակչութեան կարիքներին գոհացում տալու նպատակով, անցնող ամիսների ընթացքին ձեռնարկել է Լա Քրեսէնթայի Հայ կենտրոնում մի նոր պարախմբի կազմութեան աշխատանքներին: Ներկայիս պարախումբը փոքրաթիւ է, սակայն աշխատանքի ասպարէզը շատ լայն է եւ աւելի մեծ թուով ծնողների ներգրաւելը ու պարախմբի մասին ծանուցումներ կատարելը պիտի նպաստեն աշխատանքի ծաւալմանը: Շրջանային վարչութեան ներկայացուցիչը պարախմբի մօտ Անիթա Հաւաթեանն է: Վարչութիւնը վստահ է, որ ինչպէս փորձը միւս քաղաքներում է ցոյց տուել, շուտով այս պարախմբի շուրջ եւս պիտի հաւաքուեն համայնքի ծնողները, եւ իրենց զաւակներին այս կենտրոնը ուղարկելով՝ պիտի սատարեն նրանց հայեցի դաստիարակութեանը ու նաեւ առողջ ու ճկուն մարմին ունենալուն:
Նորակազմ պարախումբը ունի իր շաբաթական փորձերը, որոնք կայանում են Հինգշաբթի երեկոները, ժամը 6:30-7:30: Փորձերի ընթացքին երեխաները նախ մարզւում են, վարժեցնում մկանները, ապա սովորում բալետի շարժումներն ու քայլերը, որից յետոյ անցնում են ժողովրդական պարերի շարժումներին ու քայլերին: Պարախմբի ամսական սակն է 30 տոլար:
Յաւելեալ տեղեկութիւնների համար կարելի է կապուել Անիթա Հաւաթեանին՝ 818-723-6775 հեռախօսահամարով:
Պարախմբի ղեկավար պարուսոյցներն են պրն. Սարօ Ասատուրեան եւ օրիորդ Անահիտ Թաքթալեան, որոնց համառօտ կենսագրութիւնը ներկայացնում ենք ստորեւ.
Սարօ Ասատուրեան
Ծնուել է Իրաքի Բաղդադ քաղաքում: 6 տարեկանից սկսել է պարել: Բաղդադի Երիտասարդաց ակումբում եղել է հայկական, արաբական եւ թանկօ պարերի մենակատար: ԱՄՆ փոխադրուելուց յետոյ մասնակցել է Համազգայինի «Անի» պարախմբին, եւ որպէս մենապարող՝ հանդէս է եկել բազմաթիւ բեմերում: «Անի» պարախմբում ստանձնել է նաեւ պարուսոյցի եւ ղեկավարի օգնականի դերերը: Պատիւն է ունեցել մարզուելու Հայաստանի հանրապետութեան բալետի մայեստրօ Նորայր Մեհրաբեանի մօտ: Աջակցել է պարախմբին նաեւ բեմի ետեւի աշխատանքներում, ինչպիսին են պարի հագուստների գծագրումը եւ ձեւաւորումը: «Անի» պարախմբի 30ամեակի նշումից յետոյ հանգստի է կոչուել որպէս պարող, սակայն շարունակել է համագործակցել պարախմբին՝ որպէս ղեկավարի օգնական եւ տղաների պարուսոյց: Նախկինում նոյն Լա Քրեսէնթայի կենտրոնում ղեկավարել է «Լոռի» պարախումբը, որի աշխատանքները դադարել են մէկ տարի առաջ: Այժմ արդէն քանի ամիս է ինչ, Համազգայինի Շրջանային վարչութեան հովանաւորութեամբ վերսկսել են երիտասարդական պարախմբի աշխատանքները: Սարօ Ասատուրեան նաեւ Համազգայինի «Նիկոլ Աղբալեան» մասնաճիւղի «Արենի» պարախմբի պարուսոյց-ղեկավարն է: Ունի շրջպարի յատուկ դասարաններ շաբաթական հինգ օր, հինգ տարբեր կենտրոններում՝ ՀՄԸՄի «Արարատ» մասնաճիւղ, ՀՕՄի «Արազ» եւ «Թալին» մասնաճիւղեր, Ս. Գրիգոր Լուսաւորիչ կաթողիկէ եկեղեցի եւ Վան Նայսի Ս. Պետրոս առաքելական եկեղեցի, ուր յաճախում են շուրջ 150 հայ տիկիններ եւ մարզանքի հետ միատեղ, սովորում են հայկական գեղեցիկ պարերը: Աշակերտների տարիքն է 18-75 տարեկան: Ասատուրեան նաեւ ամսական կարգով Սան Ֆրանսիսկօ է այցելում եւ պարապում տեղի 150 աշակերտների հետ:
Անահիտ Թաքթալեան
Ծնուել է 1979 թուին, Հոլիվուդ քաղաքում: Յաճախել է «Մխիթարեան» եւ ապա «Մարի Մանուկեան» վարժարանները: 7 տարեկանից սկսել է պարել եւ դաշնամուր նուագել: Պարել է նախ «Հելէն Պարի Ստուդիօ»ում եւ 15 տարեկանից Լա Քրեսէնթայի կենտրոնում «Համազգային»ի Սերժ Պոտոյեանի ղեկավարած պարախմբում: Ապագային միացել է Պոտոյեանի «Հայրենիք» պարախմբին եւ եղել է այդ պարախմբի մենապարողներից մէկը: Պարախմբով այցելել եւ ելոյթներ է ունեցել ԱՄՆ զանազան նահանգներում եւ Հայաստանում: Միաժամանակ հետեւել է դաշնամուրի եւ վոկալի իր դասընթացներին:
Պարը Անահիտի կեանքի անբաժանելի մասն է: Նա որոշել է պարուսոյց դառնալ դեռ մանուկ տարիքից, որպէսզի այն առիթը զոր ինքն է ունեցել՝ ծանօթանալու եւ ապրելու մեր մշակոյթով, նաեւ ստեղծի եւ փոխանցի մեր նոր սերունդներին:
Պարախմբերի մասնակցելը ոչ միայն նրան մարզել է ֆիզիկապէս, այլ նրան զինել է համարձակութեամբ, ինքնավստահութեամբ եւ ընկերական լայն շրջանակ է պարգեւել նրան: