ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութեան (ՀԵՄ) կողմէ Յունիս- Յուլիս ամիսներուն Հայաստանի մէջ տեղի ունեցած բանակումներուն մասնակցած են աւելի քան 1000 երիտասարդ-ուհիներ, Երկուշաբթի, Օգոստոս 24ին յայտնեց ՀԵՄի վարչութեան անդամ Արթուր Ղազարեան՝ մամլոյ ասուլիսի մը ընթացքին:
«Բանակումների նպատակն է համախմբել դաշնակցական երիտասարդներին եւ անմիջական շփումով հնարաւորութիւն տալ ճանաչել միմեանց, վերհանել երիտասարդական խնդիրները: Բանակումների շրջանակներում անցկացւում են արշաւներ, մտաւորական, մարզական խաղեր, տարբեր թեմաներով դասախօսութիւններ, նաեւ հանդիպումներ են կազմակերպւում արուեստի, մարմնակրթութեան եւ այլ բնագաւառների յայտնի մարդկանց հետ: Նմանատիպ միջոցառումների շնորհիւ երիտասարդութիւնն աւելի շատ է տեղեկանում տարբեր ոլորտներում իրականացուող աշխատանքներին: Երիտասարդները ներկայացնում են իրենց խնդիրները, որոնք մենք հաշուի ենք առնում եւ տարուան ընթացքում փորձում ենք լուծում տալ», ըսաւ Ղազարեան:
Բանակումներուն մասնակցելու համար պարտադիր պայման է ըլլալ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդութեան միութեան անդամ:
Վարչութեան անդամ Կարէն Մնացականեան նշեց, որ այս տարուան ընթացքին ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութիւնը աշխոյժ գործունէութիւն կ՛իրականացնէ:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.