«Համաժողովի յարգելի մասնակիցներ,
Ողջունում եմ բոլորիդ եւ շնորհաւորում Հայկական բժշկական համաշխարհային 10րդ յոբելեանական համաժողովի մեկնարկի կապակցութեամբ: Այս համաժողովը, որին ներկայ են աշխարհի տարբեր երկրներից ժամանած առաջատար հայ բժիշկներ, մէկ անգամ եւս ապացուցում է առկայ խնդիրները համատեղ ուժերով լուծելու մեր ժողովրդի միասնական կամքն ու պատրաստակամութիւնը: Դա արդէն իսկ մեծ ձեռքբերում է եւ արժանի է բարձր գնահատանքի:
Առողջապահութեան ոլորտը առանձնայատուկ կարեւորութիւն ունի Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան համար: Մեր քաղաքացիների առողջութեան պահպանման, ժամանակակից բուժսպասարկման ապահովման խնդիրները մշտապէս գտնւում են իշխանութիւնների ուշադրութեան կենտրոնում: Բժշկութեան մակարդակը հանդիսանում է պետութեան կայացման ու հզօրութեան, ժողովրդի սոցիալական ապահովութեան աստիճանի կարեւոր չափորոշիչներից մէկը: Միաժամանակ պէտք է նշել, որ այդ օրախնդիր հարցերի արդիւնաւէտ լուծումը անհնար է առանց համայն հայութեան, Հայաստանի հանրապետութեան եւ Սփիւռքի հետ սերտ համագործակցութեան, նամանաւանդ հաշուի առնելով այն հանգամանքը, որ բժշկութիւնը հանդիսանում է ամենատինամիք զարգացող ոլորտներից մէկն ամբողջ աշխարհում:
Հէնց այս տեսակէտից էլ կարեւորւում է Հայկական բժշկական համաշխարհային համաժողովի նշանակութիւնը, որը կազմակերպուած է բարձր ներկայացուցչական մակարդակով՝ պետական իշխանութեան մարմինների, հայ ժողովրդի տարբեր հատուածների գիտական շրջանակների մասնակցութեամբ: Վստահ եմ, որ համաժողովը յաջողութեամբ կ՛իրականացնի իր առջեւ դրուած խնդիրները, մեծապէս կը նպաստի այս ոլորտում գործնական կապերի ընդլայնմանն ու խորացմանը՝ ըստ ամենայնի օգտակար լինելով հայրենի բժշկութեան զարգացման գործին:
Համաժողովին մաղթում եմ արդիւնաւէտ աշխատանք, իսկ նրա մասնակիցներին՝ յաջողութիւններ եւ նորանոր նուաճումներ՝ յանուն աշխարհասփիւռ հայութեան բարեկեցութեան ու բարգաւաճ ապագայի»: