ԿԼԷՆՏԷՅԼ, «Ռատիօլուր».- Լրագրող, քաղաքական մեկնաբան Արմէն Դիլանեան հետեւեալ տեղեկագրութիւնը փոխանցած է «Ռատիօլուր»ին՝ Ճենկիզ Աքթարի անցեալ Շաբաթ օր, Փասատինայի մէջ ունեցած դասախօսութեան եւ մամլոյ ասուլիսին մասին.
«2008 թուականի Դեկտեմբերին հայերից ներողութիւն խնդրելու հրապարակային քարոզարշաւի նախաձեռնող, Ստամբուլի Բահջեսեհիր համալսարանի պրոֆեսէօր, դոկտոր Ճենկիզ Աքթարը անցած շաբաթ Լոս Անջելըսում էր։ Նրան հրաւիրել էր Հայ բարեգործական ընդհանուր միութեան «Ասպետ» կոմիտէն։
Թուրքիայում մտաւորականութիւնը հասկանում է, որ հայ-թուրքական յարաբերութիւնների բարելաւման ու կարգաւորման համար անհրաժեշտ են շփումներ ոչ միայն Հայաստանի, այլեւ սփիւռքահայութեան հետ եւ հէնց սա էր պատճառը, որ դոկտոր Աքթարը ընդունել էր ամերիկահայութեան հետ հանդիպելու առաջարկը։
Իր մտորումներով թուրք գիտնականը նախ հանդէս եկաւ դասախօսութեամբ, որը կարդաց Բարեգործական միութեան «Մանուկեան-Դէմիրճեան» դպրոցում, ապա հայկական լրատուամիջոցների ներկայացուցիչների համար հրաւիրուած ասուլիսի ժամանակ։
«Տարիներ ի վեր հայերի հետ կատարուածն ինձ համար գաղտնիք չէր։ Սակայն Թուրքիայում այդ խնդիրը դարձաւ հանրային քննարկման թեմա համեմատաբար վերջերս, շուրջ 10 տարի առաջ, հիմնականում շնորհիւ Եւրոմիութեանը անդամակցելուն ուղղուած Թուրքիայի քայլերին եւ այդ կապակցութեամբ ներկայացուող պահանջներին, առաջին հերթին խօսքի ազատութեան ապահովման պահանջին։ Երբ ասում ենք խօսքի ազատութիւն՝ նշանակում է, որ արգելուած թեմաները նոյնպէս պէտք է քննարկուեն։ Հայկական աղէտը, անկասկած, այդ տաբուներից մէկն էր, եթէ ոչ ամենագլխաւորը։ Ինչ վերաբերում է այն հարցին, թէ ինչն անձնամբ ինձ դրդեց նախաձեռնել հայերից ներողութիւն խնդրելու արշաւը, ապա միանշանակ դա իմ ընկերոջ՝ Հրանդի (Տինքի) սպանութիւնն էր։ Սա այնպիսի ցնցող բան էր, որ ես հասկացայ, որ պէտք է մի բան անեմ, մի գուցէ նոյնչափ ցնցող, որքան Հրանդի սպանութիւնն էր», բացելով ասուլիսը յայտարարեց դոկտոր Ճենկիզ Աքթարը։
Թուրք մտաւորականը խոստովանեց, որ ներողութիւն հայցելով հայ եղբայրներից ու քոյրերից՝ իրենք արել են ընդամէնը առաջին քայլը։ Պատմական անցեալի մասին եղել են հրապարակումներ, դասախօսութիւններ, եղել են զրոյցներ Թուրքիայի հայաթափուած շրջանների այսօրուան բնակիչների հետ։ Թուրքերը պէտք է իմանան իրենց անցեալը։ Այլ տարբերակ գոյութիւն չունի։
Ըստ Աքթարի, այս արշաւը նա միայնակ չի սկսել։ Ընդհանուր առմամբ՝ այս աշխատանքին այժմ լծուած են շուրջ 360 մտաւորականներ, գիտնականներ, գործարարներ։ Ընդ որում, պատահական մարդ չկայ։ Բոլորը հասարակական կարծիք ու հասարակական տրամադրութիւն ձեւաւորողներ են։ Այդուհանդերձ, նա գիտակցում է, որ իրենք արել են ընդամէնը առաջին քայլը, մինչդեռ պէտք է անցնել շատ երկար ճանապարհ։
«Ռատիօլուր»ի այն հարցին, թէ ի՞նչ են իրենք ակնկալում այդ ճանապարհի վերջում, հաշուի առնելով այն հանգամանքը, որ հայերից շատերի համար, յատկապէս Սփիւռքում, որտեղ նա ելոյթ է ունենում, Ցեղասպանութեան ճանաչումը միայն բարոյական խնդիր չէ, որ հայերը բարձրացնում են նաեւ քաղաքական ու իրաւական պատասխանատուութեան հարցը, դոկտոր Աքթարը նախ նշեց, որ իրենց նախաձեռնութիւնը տեղաւորւում է քաղաքացիական դիւանագիտութեան շրջանակներում։
«Այս արշաւը անգամ լայնածաւալ քաղաքացիական գործողութիւն համարել վաղաժամ է, դա մի խումբ քաղաքացիների գործողութիւն է։ Մենք չգիտենք եւ մեզ համար կարեւոր չէ, թէ ի՛նչ են արել կառավարութիւնն ու պետութիւնը հայկական հարցի վերաբերեալ։ Անհամեմատ աւելի կարեւոր ու էական են այս կարգի գործողութիւնները, որոնք կարող են զանգուածային գիտակցութիւնը տանել որոշակի ուղղութեամբ։ Ես չգիտեմ, թէ արդեօ՞ք օրերից մի օր կառավարութիւնը կամ պաշտօնեաները որեւէ կերպ կ՛արձագանգեն այս ամէնին, չգիտեմ, թէ ի՛նչ կերպ նրանք կը ճանաչեն որեւէ բան, կամ կը սկսեն քննարկել փոխհատուցման ու այլ խնդիրներ։ Բայց ես ուզում եմ, որ պարզ լինի։ Մեր նամակը ստորագրած մարդիկ անհատներ են եւ նրանցից ոչ ոք այս գործողութեամբ որեւէ բան պետութիւնից չէր ակնկալում։ Ես ինքս պետութիւնից ոչինչ չեմ ակնկալում։ Եթէ պետութիւնը ճանապարհային քարտէս կոչուածով, թէ որեւէ այլ կերպ նպաստի շփումներին թուրք հասարակութեան եւ Հայաստանի ու Սփիւռքի հայութեան միջեւ, ապա ես ցանկանում եմ նրանց ամենայն բարիք։ Մենք դա կարեւորում ենք, բայց չենք սպասում, թէ երբ է սկսելու ինչ որ բան անել պետութիւնը։ Եւ հէնց սա՛ է նորոյթը։ Մենք պետութիւնից շատ առաջ ենք ընկել», ասաց Ճենկիզ Աքթար։
Յիշեցնենք, որ ի պատասխան Հայ եղբայրներից ու քոյրերից ներողութիւն հայցող Թուրք մտաւորականների նամակի, Թուրքիայում անմիջապէս ծաւալուեց հակաքարոզչական մի քանի արշաւ, հրապարակուեցին նամակներ, որոնց տակ ստորագրել էր ոչ թէ 30 հազար, այլ 250 հազար մարդ։ Սակայն Ճենկիզ Աքթարը վստահեցրեց ասուլիսի մասնակիցներին, որ դրանք կեղծ ստորագրութիւններով ու կեղծ անուններով նամակներ էին։ Եւ հիմնական պատճառն այն է, որ թուրքերի մեծամասնութիւնն այսօր պարզապէս տեղեակ չէ իր պատմութեանը, նրանցից շատերն անգամ չգիտեն, թէ ովքեր են հայերը։
Փրոֆեսէօր Աքթարը նկատեց, որ թուրքերը մինչեւ 89 թուականը ընդհանրապէս պատկերացում չունէին նաեւ, թէ ովքեր են ադրբեջանցիները։ Եւ այդ տեսակէտից՝ «Մէկ ազգ երկու պետութիւն» կարգախօսը, զոր առաջ քաշեց Հէյտար Ալիեւը, ընդամէնը առաջացնում էր թուրք մտաւորականի ժպիտը։
Յաւելենք, որ ասուլիսի ընթացքում թուրք գիտնականը այդպէս էլ չարտաբերեց Ցեղասպանութիւն եզրոյթը։ Սակայն «Ասպետ» կոմիտէի նախագահ Յարութ Բերքսանլարը վստահեցրեց «Ռատիօլուր»ին, որ «Մանուկեան-Դէմիրճեան» դպրոցում դասախօսութեան ընթացքում, խօսելով անցած դարասկզբին Թուրքիայում տեղի ունեցածի մասին՝ Ճենկիզ Աքթարը երեք անգամ ասել է Ցեղասպանութիւն»։