ՍԱՐՕ ՆԱԶԱՐԵԱՆ
Այս անգամ, դարձեալ նահանջը սկսուեց Փարիզից։ «Նահանջը՜, նահանջը՜ Հայերուն», պիտի աղաղակէր Շահան Շահնուրը։
Ցասմնախառն տխրութեամբ մամուլից տեղեկացանք, որ 83 տարի պատնէշի վրայ մնալուց յետոյ, նահանջեց սփիւռքահայ արժէքաւոր թերթերից «Յառաջ» օրաթերթը՝ Փարիզում։ Թերթի բազմավաստակ խմբագիր եւ ականաւոր մտաւորական Արփիկ Միսաքեանը յայտարարեց, որ Մայիսի 31ին լոյս ընծայելով թերթի վերջին համարը՝ որոշել է փաստօրէն վերջ դնել «Յառաջ»ի հրատարակմանը։
Տխրութիւնը անտարակոյս հայ թերթի դադարեցման առթիւ է։ Սփիւռքի հայաշատ գաղթօճախներում հայապահպանման կարեւորագոյն կռուաններից մէկը հանդիսանում են հայկական թերթերն ու լրատուամիջոցները։ Հաստատելով հանդերձ, որ մամուլի եւ լրատուական այլ միջոցների պահպանումն ու գոյատեւումը պահանջում են դրամական կայուն միջոցներ, այնուամենայնիւ, փաստերը ցոյց են տալիս, որ չնայած տնտեսական աշխարհատարած աննպաստ պայմաններին, Սփիւռքը այնքան էլ ողորմելի վիճակում չի գտնւում, որպէսզի չկարողանայ ապահովել ու հոգալ գոնէ մէկ հայատառ թերթի նիւթական կարիքները։ Հարկաւոր է կամք ու կամեցողութիւն։ Միթէ՞ քիչ է Սփիւռքի տարածքով մէկ ապրող հայ մեծահարուստների, գործարարների, ձեռնարկատէրերի, մի խօսքով՝ բարերարների թիւը, ովքեր սակայն, պոլսահայ վաստակաշատ լրագրող ու մտաւորական Ռոպէր Հատտէճեանի բառերով, «ցուցաբերում են ահաւոր անտարբերութիւն»։ Միթէ՞ նրանց համար անհնարին ու անիրագործելի առաջադրանք էր համակարգչային արդիական սարքաւորումներով օժտուած տպարանային յարմարանք ապահովելը «Յառաջ»ի համար։
Թերթի դադարեցման պատճառների թւում Արփիկ Միսաքեանը նշում է տպարանի հնամաշ «Մաթուսաղայից» մնացած եւ անգործածելի դարձած տողաշար մեքենաները եւ դրանց ամէնօրեայ խանգարումները, թերթի ոչ ինքնաբաւ լինելը եւ առեւտրական ծանուցումների բացակայութիւնը։ Արդեօք անհարթելի՞ են այդ դժուարութիւնները։ Նկարագրուած իրավիճակը ձեզ մօտ ցասմնախառն տխրութիւն չի՞ առաջացնում։ Ինձ համար հայկական թերթի դադարեցումը նոյնչափ ցասմնախառն տխութիւն է, որչափ հայկական դպրոցի փակումը Սփիւռքի որեւէ գաղթօճախում։ Չէ՞ որ երկուսն էլ ծառայում մեր լեզուի զարգացմանն ու տարածմանը եւ իրենց նպաստն են բերում հայապահպանման նուիրական գործին։
Շաւարշ Միսաքեանի հիմնած եւ իր վախճանումից յետոյ իր դստեր Արփիկ Միսաքեանի անկոտրում ջանքերով գոյատեւած «Յառաջ» օրաթերթը անգնահատելի ծառայութիւն է մատուցել ո՛չ միայն ֆրանսիահայ ազգային, հասարակական ու մշակութային կեանքի վերելքին, այլ իր հաւասարակշռուած լրատուութեամբ ու լուրջ յօդուածներով իր ուրոյն տեղն է գտել սփիւռքահայ մամուլի համեստ ընտանիքում։ Փաստօրէն, անցնող տասնամեակներին «Յառաջ»ը հանդիսացաւ սփիւռքահայ այն եզակի թերթերից մէկը, որի անպաճոյճ էջերը արդիական ու աչք շլացնող ձեւաւորումներ չունենալով հանդերձ, լեցուն էին բովանդակալից ու արժէքաւոր նիւթերով եւ ընթերցւում էին մեծ հետաքրքրութեամբ։ Թերթին շուրջը համախմբուած փոքրաթիւ աշխատակիցների շնորհիւ, որոնց մի մասը ապրում էր այլ երկրներում, «Յառաջ»ը կարողացաւ իր նպաստը բերել հայ խօսքի տարածմանը ինչպէս Ֆրանսիայում, այնպէս էլ Սփիւռքի այլ գաղթօճախներում։ Այնուամենայնիւ, նուիրական այդ աշխատանքը ըստ արժանւոյն չգնահատուեց։
Ֆրանսիահայ լրագրող ու մտաւորական Յակոբ Արթինեանը տարիներ առաջ ահազանգ էր հնչեցնում, թէ հոգեվարքի մէջ է գտնւում հայախօսութիւնը ֆրանսիահայ գաղթօճախում, ուր «Յառաջ»ի խմբագիր Արփենիկ Միսաքեանի տուեալներով, ապրում է շուրջ կէս միլիոն հայութիւն։ Հայերէնով չարտայայտուող ու հայերէնից հեռու կանգնած «հայկական» որեւէ համայնք, ինչպէ՞ս կարող է արժեւորել եւ գուրգուրանքի առարկայ դարձնել հայատառ թերթը։ «Կը նահանջէ՜ լեզուն, կը նահանջէ՜ լեզուն, կը նահանջէ՜ լեզուն։ Եւ մենք դեռ կը նահանջենք բանիւ եւ գործով, կամայ եւ ակամայ, գիտակցութեամբ եւ անգիտակցութեամբ, մեղա՜յ, մեղա՜յ Արարատին», պիտի յիշեցնէր Շահան Շահնուրը։
Յամենայնդէպս, Յունիսի 1ից լոյս չի տեսնելու «Յառաջ» օրաթերթը։ Իսկ դա առաջին հերթին ահազանգ պիտի համարուի Սփիւռքի հարցերով նախարարութեանը, որի ատեանի կազմում նախարարուհի Հրանուշ Յակոբեանից բացի, ընդգրկուած են սփիւռքահայ հանրայայտ բարերարներ, մամուլի ու մշակոյթի գործիչներ։
Նախարարուհի Յակոբեանը այստեղ՝ Գլէնդէյլում, ինչպէս նաեւ Սփիւռքի այլ վայրերում ունեցած իր ելոյթներում բազմիցս յայտարարեց, թէ նախարարութեան գլխաւոր նպատակներից են հայապահպանումն ու հայոց լեզուի զարգացումն ու տարածումը Սփիւռքում։
Կը յուսանք գործնական հարթակի վրայ տեսնել այդ կարգախօսները։ Ստեղծուած իրավիճակը նկատի ունենալով, աւելորդ է կրկնել, որ այդ յայտարարութիւնների շրջանակում Սփիւռքի հարցերով նախարարութեան համար այժմ մրցահրաւէրային պարտաւորութիւն է համարւում լրջօրէն զբաղուել հայ մամուլի առջեւ ծառացած խնդիրներով, եւ ըստ ամենայնի, նեցուկ կանգնել սփիւռքահայ թերթերին, մասնաւորաբար նրանց կարիքներին վերահասու լինելու առաջադրանքով։ Իսկ ինչ վերաբերում է «Յառաջ» օրաթերթին, մեծապէս ուրախ կը լինէինք, եթէ նախարարութիւնը օգտագործելով իր հնարաւոր բոլոր միջոցները՝ կարողանար տարահամոզել Արփիկ Միսաքեանին, եւ նեցուկ կանգնելով նրան՝ օգնէր թերթի վերահրատարակմանը:
30 Մայիս, 2009