Ձեր ուշադրութեանը ներկայացուող յօդուածը առաջին անգամ տպագրուել է Ռազմավարական մշակոյթի հիմնադրամի կայքէջում ս.թ. Մարտի 6ին (Մոսկուա):
Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձութիւնների խոր վերլուծութիւնը դեռ առջեւում է, բայց, այդուհանդերձ, մենք իրաւունք ունենք արդէն այսօր որոշ եզրայանգումներ անելու: Կը ցանկանայինք նախ եւ առաջ անդրադառնալ Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տէր Պետրոսեանի մի վերջնագրային յայտարարութեանը:
Այսպէս. 2008թ. Մարտի 5ին Հայաստանի Սահմանադրական դատարանի նիստում նա պահանջեց կազմակերպել, ոչ աւել ոչ պակաս, «Մարտի մէկի իրադարձութիւնների միջազգային հետաքննութիւն»:
Փորձենք հասկանալ, թէ ի՞նչ կարող է նշանակել «Մարտի մէկի իրադարձութիւնների միջազգային հետաքննութիւնը»:
Մենք արդէն վարժուել ենք, որ Հայաստանի Հանրապետութեան առաջին նախագահը բաւական հեշտութեամբ է գործածում տերմիններ ու հասկացութիւններ, որոնց իրաւական բովանդակութիւնը չի պարզաբանւում: Մինչդեռ որեւէ իրադարձութեան «միջազգային հետաքննութիւն» հասկացութիւնն ունի միանգամայն որոշակի բովանդակութիւն եւ իրագործման կանոնակարգուած ընթացակարգեր:
Նախ՝ դա նշանակում է, որ ՄԱԿի Անվտանգութեան խորհուրդը, որն էլ արտօնում է այդօրինակ «միջազգային հետաքննութիւնները», պէտք է ընդունի, որ տուեալ
իրադարձութիւնը այս կամ այն պետութեան կողմից իր միջազգային պարտաւորութիւնների խախտում է եւ այն անվտանգութեան սպառնալիք է ստեղծում տարածաշրջանում եւ աշխարհում:
Երկրորդ՝ ՄԱԿի հովանու ներքոյ պէտք է ստեղծուի միջազգային յատուկ քննչական մարմին՝ ինքնիշխան պետութիւնում աշխատանքի արտակարգ լիազօրութիւններով օժտուած մի յանձնաժողով:
Երրորդ՝ այդպիսի քննչական յանձնաժողովի գործունէութիւնը ենթադրում է, նախ եւ առաջ, անսահմանափակ լիազօրութիւնների տրամադրում՝ «Մարտի 1ի» գործի անխտիր բոլոր նիւթերը մանրակրկիտ ուսումնասիրելու համար, ներառեալ Հայաստանի ցանկացած քաղաքացու, այդ թւում՝ պաշտօնեաների, ոստիկանութեան, ազգային անվտանգութեան ծառայութեան եւ զինուած ուժերի սպաների, ինչպէս նաեւ պետութեան բարձրագոյն ղեկավարների հարցաքննութիւնների ենթարկելը: Ընդ որում, վերջիններս ցուցմունքներ տալուց հրաժարուելու իրաւունք չեն ունենայ:
Չորրորդ՝ ինչպէս ցոյց է տալիս միջազգային հարուստ փորձը, բազմազգ քննչական խմբի մասնագէտները (քննիչներ, դատախազներ, քրէագէտներ, յատուկ ծառայութիւնների աշխատակիցներ, թարգմանիչներ եւ այլն), ի հեճուկս իրենց տրուած մանդատի, ներկայացնում ու պաշտպանում են իրենց իսկ պետութիւնների շահերը, այսինքն՝ կատարում նրանց քաղաքական պատուէրը: Առհասարակ, հէ՛նց դրա համար էլ ստեղծւում են այդօրինակ յանձնաժողովները: Ըստ այդմ էլ դրանց աշխատանքը, որպէս կանոն, ձգձգւում է այնքան ժամանակ, որքան պահանջւում է քաղաքական պատուէրը մինչեւ վերջ կատարելու համար: Յիշենք, թէ ինչպէս էր 1991ից մինչեւ 1998 թուականը ԵՈՒՆՍՔՕՄը («Միաւորուած Ազգերի Կազմակերպութեան յատուկ յանձնաժողովը») զբաղուած, մասնաւորապէս, Իրաքում գոյութիւն չունեցող միջուկային զէնքի շարունակական որոնումներով, ու թէ ինչպէս նրա աշխատանքի ողջ ընթացքն օգտագործուեց Իրաքի դէմ ամէն տեսակի ճնշումների, նրա անկախութիւնը սահմանափակող ու պետական մեքենան խափանող նորանոր պատժամիջոցների սահմանման ու պահպանման համար:
Ի հարկէ, Հայաստանի Հանրապետութեան առաջին նախագահը, առաջարկելով կազմակերպել «Մարտի մէկի իրադարձութիւնների միջազգային հետաքննութիւն», կարող է եւ չիմանալ այդ տարրական ճշմարտութիւնները, որոնք միջազգային իրաւագէտների եւ ազգային անվտանգութեան գծով մասնագէտների ուսումնասիրութեան առարկան են: Բայց այդ դէպքում մենք իրաւունք ունենք եզրակացնելու, որ Լ. Տէր Պետրոսեանն անտեղեակ եւ անգէտ է այն հարցերում, որոնց մասին ինքն իրեն թոյլ է տալիս հրապարակաւ արտայայտուելու: Իսկ եթէ նա գիտի, թէ ինչի մասին է խօսքը, եւ, այդուամենայնիւ, շարունակում է պնդել իր առաջարկը, ապա հիմնաւորուած կասկածներ են առաջանում անկախ Հայաստանի բուն գաղափարին նրա նուիրուածութեան վերաբերեալ: Առանձնակի մտաւոր ջանքեր չեն պահանջւում՝ պատկերացնելու մեր արտայայտած դատողութիւններին Լ.Տէր Պետրոսեանի ու իր կողմնակիցների արձագանգը. «Իշխանութիւնները վախենում են միջազգային հետաքննութիւնից, ինչն ապացուցում է ընդդիմութեան իրաւացիութիւնը» եւ այլն: Բայց եկէք առանց հիսթերիայի զննենք ՀՀ նախկին նախագահի առաջարկի իրականացման հնարաւոր հետեւանքներն ու էութիւնը:
Գաղտնիք չէ, որ միջազգային կազմակերպութիւններում, որոնց հովանու ներքոյ ստեղծւում են միջազգային քննչական յանձնաժողովները, առաջին ջութակը նուագում է ԱՄՆը եւ իր դաշնակիցները: Եթէ մի պահ պայմանականօրէն պատկերացնենք, թէ նմանօրինակ քննչական մարմին է ստեղծուել Հայաստանի սոյն թուականի Մարտի 1ի իրադարձութիւնների առնչութեամբ, ապա դժուար չէ կռահել, որ միջազգային քննչական խմբում կը գերակշռեն հէնց արեւմտեան երկրների ներկայացուցիչները, որոնք իրենց իւրայատուկ աշխարհաքաղաքական շահերն ու խնդիրներն ունեն տարածաշրջանում: Քննչական խմբի անդամներն օժտուած կը լինեն իրաւաբանական անձեռնմխելիութեամբ Հայաստանի ողջ տարածքում՝ համաձայն Արտօնութիւնների եւ անձեռնմխելիութեան մասին Միացեալ ազգերի հռչակագրի: Միաժամանակ նրանք աշխուժօրէն կը զբաղուեն լրտեսական գործունէութեամբ, ինչպէս դա արել են, օրինակ, հէնց ԵՈՒՆՍՔՕՄի ղեկավարներն ու անդամները եւ հետագայում նոյնիսկ հրապարակաւ յայտարարել այդ մասին: Այսպէս, Washington Post եւ Boston Globe թերթերը, անանուն աղբիւրներ յիշատակելով, յայտնել են, որ ԵՈՒՆՍՔՕՄի ղեկավար Ռիչըրտ Պաթլըրը համագործակցում էր ամերիկեան ԿՀՎի հետ, մասնաւորապէս նպատակ ունենալով էլեքտրոնային լրտեսութիւն հաստատել Իրաքի ռազմական հաղորդուղիների վրայ: Այդ տեղեկութիւնը հաստատեց ԵՈՒՆՍՔՕՄի նախկին անդամ Ռոտ Պարթընը՝ 2005թ. Փետրուարին աւստրալիական հեռուստատեսութեամբ ելոյթ ունենալիս: Հաւաքուած տեղեկատուութիւնը օգտագործուեց Իրաքի դէմ ռմբահարումների գերճշգրիտ ուղղորդման համար:
Որպէսզի աւելի լիարժէք պատկերացնէք, թէ ինչ լիազօրութիւններ են ընձեռւում նմանօրինակ քննչական խմբերին, մի քանի պարբերութիւն մէջբերենք ՄԱԿի Անվտանգութեան խորհրդի թիւ 1595 բանաձեւից, որով հիմնադրուեց «ՄԱԿի միջազգային անկախ քննչական յանձնաժողովը»՝ 2005թ. Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիք Հարիրիի սպանութեան հետաքննութեան գործում «լիբանանեան իշխանութիւններին օժանդակութիւն ցուցաբերելու» նպատակով:
ՄԱԿի Անվտանգութեան խորհուրդը որոշում է, որ սեփական պարտականութիւնների արդիւնաւէտ կատարումն ապահովելու համար Յանձնաժողովը պէտք է.
– լիակատար օժանդակութիւն ստանայ լիբանանեան իշխանութիւնների կողմից, ներառեալ լիակատար հնարաւորութիւն՝ օգտուելու նրանց ունեցած բոլոր այն փաստաթղթերից, վկայութիւններից ու ֆիզիքական տուեալներից եւ ապացոյցներից, որոնք Յանձնաժողովը կը համարի հետաքննութեանն առնչուող.
– լիազօրութիւններ ունենայ՝ հաւաքելու այդ ահաբեկչական գործողութեան հետ կապուած ցանկացած լրացուցիչ տուեալներ ու ապացոյցներ, ինչպէս փաստաթղթային, այնպէս էլ ֆիզիքական, ինչպէս նաեւ հարցաքննութիւններ անցկացնելու Լիբանանի բոլոր այն պաշտօնատար եւ այլ անձանց հետ, որոնց Յանձնաժողովը կը համարի հետաքննութեանն առնչուող.
– օգտուի Լիբանանի ողջ տարածքում տեղաշարժուելու ազատութիւնից, ներառեալ ազատ ելումուտը բոլոր այն վայրեր ու տարածքներ, որոնք Յանձնաժողովը կը համարի հետաքննութեանն առնչուող,
– ստանայ ծառայութիւններ, որոնք անհրաժեշտ են իր գործառոյթների կատարման համար, ինչպէս նաեւ ապահովուի ոչ միայն տարածքներով, անձնակազմով ու գոյքով, այլեւ արտօնութիւններով եւ անձեռնմխելիութեամբ, որոնց իրաւունքը նա ունի, համաձայն Արտօնութիւնների եւ անձեռնմխելիութեան մասին Միացեալ ազգերի հռչակագրի:
2006թ. Փետրուարին արդէն որոշում ընդունուեց Լիբանանի հարցերով Յատուկ դատարանի ստեղծման մասին, իսկ 2007թ. Դեկտեմբերին Լա Հէյը համաձայնեց դառնալ Ռ. Հարիրիի սպանութեան գործով դատավարութեան անցկացման վայրը:
Իսկ այժմ՝ Լ. Տէր Պետրոսեանի առաջարկի ենթադրեալ իրականացման հետեւանքների մասին:
Այդպիսի մարմնի ստեղծման բուն գործընթացը՝ ՄԱԿի Անվտանգութեան խորհրդի օրակարգ տուեալ առաջարկը մտցնելը, այդ միջազգային ատեանում Հայաստանի ներքին խնդրի քննարկումն ու բարձրաձայնումը, մանդատի վերաբերեալ վէճերը եւ այլն, արդէն իսկ սաստիկ հարուած կը լինի Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութեանն ու հեղինակութեանը:
Հայաստանում այդօրինակ խմբի աշխատանքի ընթացքն, իր հերթին, կործանիչ ազդեցութիւն կ’ունենայ Հայաստանի ազգային անվտանգութեան ողջ համակարգի համար, որը, ինչպէս ցոյց տուեցին վերջին իրադարձութիւնները, լուրջ թերութիւններ ունի եւ դեռեւս ձեւաւորման փուլում է: Փաստօրէն նախկին նախագահն առաջարկում է յանձնել Հայաստանի ինքնիշխանութեան կարեւորագոյն մասը՝ նրա արդարադատութեան համակարգը, միջազգային այն ուժերի վերահսկողութեանը, որոնք բացարձակապէս շահագրգռուած չեն հայկական պետութեան ամրապնդման գործում: Եթէ հաշուի առնենք նաեւ հայ-ատրպեճանական հակամարտութեան գործօնը, որը ցանկացած պահի կարող է փոխարկուել Հայաստանի դէմ նոր յարձակումներու, ապա միջազգային այդօրինակ յանձնաժողովի ստեղծումով հայկական անկախ պետականութիւնը, ինչպէս ասում են, կ’երգի կարապի իր երգը: Ըստ երեւոյթին, զուր չէր Լ. Տէր Պետրոսեանը 2008թ. Փետրուարի 22ի իր հաւաքում ներշնչում ունկնդիրներին, թէ «ազատութիւնն այնպիսի արժէք է, որը վեր է անգամ անկախութիւնից, անգամ բոլոր յաղթանակներից, անգամ պետականութիւնից: Ո՞ւմ է պէտք այն պետութիւնը, այն իշխանութիւնը, այն անկախութիւնը, այն յաղթանակը, որը մարդուն չի տալիս ազատութիւն»:
Համադրելով Լ. Տէր Պետրոսեանի այս անիշխանական հայեցակարգը Հայաստանի ազատագրուած տարածքը Ատրպէյճանին յանձնելու եւ այնտեղ միջազգային «խաղաղարարներ» մտցնելու նրա սեւեռուն գաղափարի, Արեւմուտքին ուղղուած՝ Հայաստանի ներքին գործերին անպատկառօրէն միջամտելու նրա շարունակուող կոչերի, ինչպէս նաեւ «Մարտի մէկի իրադարձութիւնների միջազգային հետաքննութեան» վերաբերեալ նրա վերջին առաջարկի հետ, կարելի է ամենայն վստահութեամբ եզրակացնել. Լ. Տէր Պետրոսեանը Հայաստանում ներկայացնում եւ լոպպինկաւորում է համաշխարհային քաղաքականութեան որոշակի հեղինակների շահերը, որոնք ընդհանուր ոչինչ չունեն հայկական պետականութեան եւ հայ ժողովրդի շահերի հետ: Ըստ երեւոյթին, Լ. Տէր Պետրոսեանի նախընտրական եւ յետընտրական ողջ ծրագրի մեխը մարտի 5ին նրա հնչեցրած «իրադարձութիւնների միջազգային հետաքննութիւնն» էր Հայաստանում, ինչի համար էլ հէ՛նց հրահրուեցին սոյն թուականի Մարտի 1ի անկարգութիւնները:
Այդ անիրական, բայց միանգամայն ճանաչելի հեղինակների ծրագրերի իրականացումը մենք յստակ տեսնում ենք Իրաքում, որտեղ, բազմաթիւ վերլուծաբանների կարծիքով, պետականութեան կորուստն ու երկրի փլուզումը լոկ ժամանակի հարց է: Պէտք է նաեւ ընդունել, որ Իրաքում տեղի ունեցած իրադարձութիւնները նախորոշուեցին հէնց վերոյիշեալ ԵՈՒՆՍՔՕՄի յանձնաժողովի աշխատանքով: Բայց եթէ Սատտամ Հիւսէյնի ռեժիմն իսկապէս յանցաւոր էր եւ արժանի միջազգային հանրութեան դատապարտմանը, ապա մեր դէպքում խօսքը վերաբերում է ՀՀ առաջին նախագահի յաւակնութիւններին եւ վնասարար գործունէութեանը, որն անձամբ փորձում է նոյնպիսի կործանիչ հարուածի տակ դնել վերստեղծուած հայկական պետականութիւնը, որն իր քսան տարուց էլ պակաս կենսաժամանակահատուածում անցաւ գոյութեան համար մղուած պատերազմի ու տնտեսական շրջափակման միջով, որն այժմ էլ ենթակայ է տեղեկատուական ու հոգեբանական հզօրագոյն գրոհների եւ թուրք-ատրպեճանական նոր ներխուժման սպառնալիքի: Հետաքրքիր է նաեւ ընդգծել, որ իր նախագահութեան շրջանում Լ. Տէր Պետրոսեանը երբեք «միջազգային հետաքննութեան» հարց չի բարձրացրել, օրինակ, Սումկայիթում, Պաքւում, Կիրովապատում, Գետաշէնում, Մարաղայում եւ հայաբնակ այլ վայրերում ատրպեճանական իշխանութիւնների կազմակերպած հայկական ջարդերի ու կոտորածի առնչութեամբ:
Վերը նկարագրուածը՝ «Մարտի մէկի իրադարձութիւնների միջազգային հետաքննութեան» Լ. Տէր Պետրոսեանի պահանջի ընդամէնը մի քանի հնարաւոր հետեւանքներն են, որոնք, յուսով ենք, երբեք չեն իրականանայ Հայաստանի պարագայում. հայ ժողովուրդը նման բան թոյլ չի տայ:
Միաժամանակ Հայաստանի իշխանութիւնները պէտք է ընդունեն, որ բազմաթիւ այլ սխալների հետ մէկտեղ (սոցիալական եւ քատրային քաղաքականութեան, հասարակայնութեան ձայնը լսելու անկարողութեան եւ այլ հարցերում), թոյլ տուեցին նաեւ ռազմավարական սխալ. այն է՝ իրենց թողտուութեամբ (իսկ երբեմն էլ հովանաւորութեամբ) Հայաստանում, դրսից ցուցաբերուող աջակցութեան շնորհիւ, արմատներ գցեց ու ինքնակազմակերպուեց հզօր հինգերորդ զօրասիւն՝ Լ. Տէր Պետրոսեանի եւ ՀՀՇի գլխաւորութեամբ:
Բուժել այդ հիւանդութիւնն առանց ցաւի, աւա՜ղ, արդէն անհնար է, պահը կորսուած է: Բայց «հիւանդ ատամի» հեռացնելը, ամէն դէպքում, պարտադիր է: